Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1134/02/19

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1134/02/19

Նախագահող դատավոր՝

 Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

 

2021 թվականի հուլիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` իրեն աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իր նախկին պաշտոնում վերականգնելու, 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձը և 01.11.2018 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կարեն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի՝ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և 06.06.2006 թվականին կնքված թիվ 40 աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ թիվ Կ2984-Ա հրամանը (այսուհետ` Հրաման), իրեն վերականգնել իր նախկին` Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնում և պատասխանողից բռնագանձել 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձի գումարը` 3.280.000 դրամի չափով, ինչպես նաև 01.11.2018 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձի գումարը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ. Ասատրյան) (այսուհետ` Դատարան) 29.01.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2020 թվականի որոշմամբ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Հրամանն անվավեր ճանաչելու և հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մերժմանը վերաբերող մասով վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ վճռի եզրափակիչ մասում դրան վերաբերող եզրակացությունը շարադրելով հետևյալ կերպ.
«Հայցը բավարարել մասնակի` հայցվորին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին [Ընկերության] վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակված թիվ Կ2984-Ա հրամանը ճանաչել անվավեր և վերականգնել հայցվորի` մինչև նշված հրամանի արձակումն ունեցած կարգավիճակը (բանկի երբեմնի ղեկավար, ում պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված է)»։ Վերաքննիչ բողոքը՝ հարկադիր պարապուրդի համար հատուցման պահանջին վերաբերող մասով, մերժվել է, այդ մասով Դատարանի 29.01.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 109-րդ, հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատանքային հարաբերությունները դադարում են աշխատանքային պայմանագրի լուծմամբ, որը ձևակերպվում է անհատական իրավական ակտով, բացառությամբ ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքի։ Մինչդեռ 07.08.2018 թվականի թիվ Կ20174-Ա հրամանով Կարեն Խաչատրյանի աշխատանքային հարաբերությունները չեն դադարել, վերջինս շարունակել է զբաղեցնել պլաստիկ քարտերի վարչության պետի հաստիքը։ Բանկի բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով Կարեն Խաչատրյանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է մեկ այլ աշխատողի վրա, ով, սակայն, չի զբաղեցրել Կարեն Խաչատրյանի հաստիքը։ Վերաքննիչ դատարանի նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ բանկի ղեկավարներից յուրաքանչյուրը դադարում է ղեկավար լինելուց ամենամյա արձակուրդ գնալիս կամ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում։

Տվյալ դեպքում 07.08.2018 թվականի թիվ Կ20174-Ա հրամանի արձակումը նպատակ է ունեցել ժամանակավորապես դադարեցնել (կասեցնել) Կարեն Խաչատրյանի՝ որպես պլաստիկ քարտերի վարչության պետի լիազորությունները, հետագայում դրա անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը։ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված նորմի նպատակն է բացառել կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց՝ բանկում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը, ինչը նշանակում է վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների անժամկետ դադարեցում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է. «Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը՝ բեկանել թիվ ԵԴ/1134/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 16.07.2020 թվականին կայացված որոշումը՝ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու՝ հայցը մասնակի բավարարելու մասով։ Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ։ Ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 29.01.2020 թվականի վճռին»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կողմերի միջև 30.06.2006 թվականին կնքված և մի շարք համաձայնագրերով հետագայում փոփոխված թիվ 40 աշխատանքային պայմանագրի (Պայմանագրի) հիման վրա Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է Ընկերության (նախկինում՝ «Հայինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերություն) գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնը (հատոր 1-ին, գ.թ. 40-43, հատոր 2, գ.թ. 36, 41-49).

2) 06.08.2018 թվականին Ընկերության անունից ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում` Կարեն Խաչատրյանի և այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակություններ կատարված լինելու և Ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառված լինելու ենթադրությամբ (հատոր 2, գ.թ. 152-153).

3) Ընկերության վարչության նախագահի կողմից 07.08.2018 թվականին արձակվել է «[Ընկերության] գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և [Ընկերության] գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես պլաստիկ քարտերի վարչության պլաստիկ քարտերի բաժնի պետ Արսեն Ասատրյանի վրա դնելու մասին» թիվ Կ2074-Ա հրամանը, որի համաձայն՝ 08.08.2018 թվականից ժամանակավորապես դադարեցվել է Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը, ներառյալ բոլոր տեսակ լիազորություններն ու իրավասությունները։ Սահմանվել է, որ Կ. Խաչատրյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը կարող է վերացնել Ընկերության վարչության նախագահի հրամանով, երբ վերանա դրա անհրաժեշտությունը (հատոր 1-ին, գ.թ. 44).

4) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Ս. Նավոյանի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության հաղորդման արդյունքում հարուցված թիվ 58218118 քրեական գործով Կարեն Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք (հատոր 2-րդ, գ.թ. 33-35).

5) Ընկերության վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակվել է «Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ Կ2984-Ա հրամանը, որում որպես իրավական հիմքեր վկայակոչվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը, 22-րդ գլխի իրավակարգավորումները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, Ընկերության կանոնադրության 9.3.6 կետը: Որպես փաստական հիմք՝ նշվել է, որ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող գործով 16.10.2018 թվականին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերությունը ճանաչվել է տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, ինչպես նաև որ Կարեն Խաչատրյանի հետ 06.04.2010 թվականին կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը, Կարեն Խաչատրյանը Ընկերության ղեկավար է, իսկ Ընկերությունը կորցրել է վստահությունը վերջինիս նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի հիմքով բանկի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին աշխատանքից ազատելու հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով բանկում ղեկավար համարվող անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և նրա պարտականությունները ժամանակավորապես այլ անձի վրա դնելու մասին իրավական ակտի առկայության պարագայում վերջինիս նկատմամբ, որպես բանկի ղեկավարի, կարող է կիրառվել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը:

 

4.1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կայունությունը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ նույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի (Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման իրավական հիմք է դիտարկում աշխատանքային պայմանագիրը: Ըստ այս նորմի` աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է իրավաբանական փաստ, որը բավարար և անհրաժեշտ նախադրյալ է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար: Օրենքով այս կամ այն իրավահարաբերության ծագման համար անհրաժեշտ և բավարար հիմքերի սահմանումը` ընդհանրապես, և տվյալ դեպքում աշխատանքային իրավահարաբերությունների համար` մասնավորապես, հետապնդում է իրավական կարգավորման ոլորտում որոշակիություն և կանխատեսելիություն ապահովելու իրավաչափ նպատակ:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ մասնավորապես արձանագրելով.

- ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի (ՍԴՈ-1270).

- Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1439).

- (…) Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, որոնցից բխում է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357).

- Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449)։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, կարևորելով իրավական որոշակիության և միևնույն ժամանակ աշխատանքային հարաբերություններում կայունությամբ սկզբունքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատանքային հարաբերությունների ծագումը և դադարումը, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի (մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ, 128-րդ հոդվածներ), հավաստվում է համապատասխան իրավական ակտով՝ աշխատանքային պայմանագիր կամ անհատական իրավական ակտ։ Նման կարգավորումն ինքնանպատակ չէ և ուղղված է որոշակիացնելու գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները՝ ապահովելով հստակություն և կանխատեսելիություն։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քանի դեռ առկա չէ ուժի մեջ մտած համապատասխան իրավական ակտ՝ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ, աշխատանքային հարաբերությունները դադարած համարվել չեն կարող (պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում պայմանագրի լուծման և լուծման ձևակերպման մասով առկա են որոշ առանձնահատկություններ, որոնց մասին տե՛ս Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը)։ Ավելին՝ աշխատանքային պայմանագրի լուծումը ենթադրում է նաև աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարում։ Ուստի Վճռաբեկ դատարանը նաև կարևորում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման մասին իրավական ակտը պետք է զուգորդվի նաև աշխատողի հետ կատարվող վերջնահաշվարկով՝ այդպիսով ազդարարելով աշխատանքային հարաբերությունների դադարումը։

 

4.2. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության իրավունք։

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի իրավունքը, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր մարդու իրավունքը իր ապրուստի համար աշխատանքով վաստակելու հնարավորություն ստանալը, որը նա ազատորեն ընտրում է, կամ որին նա ազատորեն համաձայնում է, և կձեռնարկեն հարկ եղած քայլեր այդ իրավունքի ապահովման համար։

Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի համաձայն՝ կողմերը, որպես իրենց քաղաքականության նպատակ, պարտավորվում են արդյունավետ իրականացման համար նպաստել նաև, որ յուրաքանչյուր ոք ունենա վաստակելու հնարավորություն՝ իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով։

«Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որոշակի աշխատանքի հետ կապված ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որը հիմնված է այդ աշխատանքին հատուկ պահանջների վրա, խտրականություն չի համարվում, իսկ հիշյալ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ այն անձի դեմ ուղղված ցանկացած միջոցառում, որի վերաբերյալ կա հիմնավորված կասկած կամ ապացուցված է, որ նա զբաղվում է պետության անվտանգությունը վտանգող գործունեությամբ, խտրականություն չի համարվում՝ պայմանով, որ տվյալ անձն իրավունք ունենա դիմելու ներպետական պրակտիկային համապատասխան ստեղծված իրավասու մարմնին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով: (...)

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի հիմնական խնդիրը բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:

Նույն հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն՝ բանկի ղեկավար չեն կարող լինել անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն ֆինանսական գործառնությունները, որոնք կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը։

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխով նախատեսվում են բանկային գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները և մասնավորապես նույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում է, որ բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության՝ նույն հոդվածում թվարկված հիմնական տնտեսական նորմատիվները։

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկերի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը` որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բանկային ոլորտի առանձնահատկությունները պայմանավորում են նաև կարգավորման առանձնահատկություններ։ Ուստի պատահական չէ, որ նախ որպես «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի նպատակ՝ սահմանվել է բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելը: Բացի այդ, սահմանվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության մեխանիզմներ բանկերի նկատմամբ, որը ներառում է ինչպես բանկերի և հաճախորդների միջև ծագող հարաբերությունների հետ կապված վերահսկողություն, այնպես էլ բանկերի ներսում ծագող հարաբերություններից բխող վերահսկողություն։ Մասնավորապես, վերջինիս օրինակ է Կենտրոնական բանկի վերահսկողությունը բանկի ղեկավարների նկատմամբ՝ նկատի ունենալով վերջիններիս ազդեցությունը ողջ բանկի գործունեության նկատմամբ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանավորված բանկային ոլորտի առանձնահատկություններով՝ պատահական չէ, որ օրենքով սահմանված են առանձնահատկություններ բանկի ղեկավարների աշխատանքային հարաբերությունների համար։

Այսպես նախ օրենսդիրն ամրագրել է, որ Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ, որը պայմանավորված է բանկի ղեկավարների՝ բանկերի գործունեության վրա ազդեցության աստիճանով և նպատակ ունի վերահսկել բանկի բնականոն գործունեությունը։

Բացի այդ, օրենսդիրը սահմանել է նաև բանկի ղեկավարների լիազորությունների դադարեցման հատուկ հիմքեր, մասնավորապես՝ բանկի ղեկավար չեն կարող լինել անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

Վերոգրյալ կարգավորումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համատեքստում։

Այսպես 11.10.2011 թվականի թիվ ՍԴՈ-991 որոշման մեջ մեկնաբանելով այդ պահին գործող Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված աշխատանքի ընտրության ազատության սահմանադրական ինստիտուտը` ՀՀ սահմանադրական դատարանը հանգել է հետևյալ եզրակացությանը. «Սահմանադրության 32-րդ հոդվածում երաշխավորված աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ, այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ` կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում»:

ՀՀ սահմանադրական դատարանի նշված դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ բանկի ղեկավարը, իր աշխատանքային պարտականությունների բնույթով պայմանավորված, ենթարկվում է ավելի խիստ սահմանափակումների, քան բանկի սովորական աշխատակիցը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման մոտեցումն արդարացված է, քանի որ բանկի ղեկավարը, այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, տիրապետում է այնպիսի տեղեկատվության, գործունեության այնպիսի լծակների, որ վերջինիս կողմից բանկին կամ վերջինիս հաճախորդներին հասցվող վնասը կարող է մի քանի անգամ գերազանցել սովորական աշխատակցի կողմից հասցվող վնասին՝ ընդհուպ վտանգի տակ դնելով բանկի հետագա բնականոն գործունեությունը, գործարար համբավը։

Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները սույն հարաբերության նկատմամբ կիրառելիս պետք է գնահատել ինչպես օրենսդրական նորմով բանկի ղեկավարի իրավունքների սահմանափակման համաչափությունը, այնպես էլ դրանց որոշակիությունն ու կանխատեսելիությունը։

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ «բանկի ղեկավար չեն կարող լինել անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ» նորմը պետք է մեկնաբանել այնպես, որ այն ներառի միայն այնպիսի քրեական գործերը, որոնք առնչվում են տվյալ անձի աշխատանքային գործունեության հետ։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշման հիմքում ընկած է բանկի ղեկավարի՝ բանկի բնականոն գործունեության համար առանցքային նշանակություն ունենալը։ Ուստի եթե բանկի ղեկավարն իր զբաղեցրած պաշտոնից բխող գործառույթների առնչությամբ քրեական գործով ներգրավվում է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, ապա պարտադրել բանկին՝ պահպանել վերջինիս պաշտոնը մինչև վերջնական դատական ակտի կայացումը, ոչ միայն կխաթարի և վտանգի տակ կդնի բանկի բնականոն գործունեությունը, այլ կասկածի տակ կդնի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով որպես օրենքի նպատակ սահմանված դրույթների գոյությունը՝ բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի նպատակը բանկերի, պետության ֆինանսատնտեսական գործունեության և հասարակության շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովումն է։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով բանկի ղեկավար համարվող անձն իր աշխատանքային գործառույթների իրականացման կապակցությամբ քրեական գործով ներգրավվում է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, ապա վերջինս չի կարող շարունակել մնալ բանկի ղեկավար, և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել բանկի կողմից՝ նույն հոդվածի 2-րդ մասի «զ» կետի հիմքով։ Ավելին՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի հիմքով նման անձը կարող է անգամ զրկվել որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոն Ընկերությունում՝ համարվելով բանկի ղեկավար «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։

Ընկերության անունից 06.08.2018 թվականին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում` Կարեն Խաչատրյանի և այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակություններ կատարված լինելու և Ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառված լինելու ենթադրությամբ։

Ընկերության վարչության նախագահի կողմից 07.08.2018 թվականին արձակվել է «Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես պլաստիկ քարտերի վարչության պլաստիկ քարտերի բաժնի պետ Արսեն Ասատրյանի վրա դնելու մասին» թիվ Կ2074-Ա հրամանը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Ս. Նավոյանի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության հաղորդման արդյունքում հարուցված թիվ 58218118 քրեական գործով Կարեն Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և վերջինիս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք։

Ընկերության վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակվել է «Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ Կ2984-Ա հրամանը, որում որպես իրավական հիմք վկայակոչվել է նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը: Որպես փաստական հիմք՝ նաև նշվել է, որ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող գործով 16.10.2018 թվականին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերությունը ճանաչվել է տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, ինչպես նաև որ Կարեն Խաչատրյանը Ընկերության ղեկավար է։

Դատարանը հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ բանկային բնագավառում աշխատանքային հարաբերությունները ենթակա են կարգավորման «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով՝ հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատողի կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող անձանց նկատմամբ: Նկատի ունենալով, որ հայցվոր Կարեն Խաչատրյանը համարվել է բանկի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ, այնուհետև Ընկերության ներկայացրած հաղորդմամբ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, Դատարանը գտել է, որ սույն գործով ենթակա է կիրառման «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը։

Վերաքննիչ դատարանը հաստատած է համարել, որ Հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը Ընկերության ղեկավար համարվել չէր կարող, քանի դեռ նրա պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը վերացված չէր կամ այդ դադարեցման անհրաժեշտությունը վերացած համարելու կամ չհամարելու համար անհրաժեշտ և բավարար փաստական հանգամանքներ չէին ծագել։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բանկի ղեկավարի պաշտոնը փաստացի չվարող անձը չի կարող համարվել բանկի ղեկավար, առավել ևս այն պայմաններում, երբ այդ պաշտոնը փաստացի վարում է մեկ այլ անձ, և այս համոզմունքն ինքնին բավարար է բանկի ղեկավարի պաշտոնը փաստացի չվարող և բանկի ղեկավար չհամարվող անձի նկատմամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «զ» կետը կիրառելի չլինելու մասին հետևության հանգելու համար։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայցվորի նկատմամբ մեղադրանք առաջադրված լինելու փաստը կորցրել է սույն գործով իր ապացուցողական նշանակությունը։

Անդրադառնալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարն Ընկերությունից բռնագանձելու մասին հայցվորի պահանջին՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ սույն գործի փաստերը և Հրամանի անվավերության վերը նշված հետևանքի կիրառելիությունը դեռևս հնարավորություն չեն տալիս արձանագրելու հարկադիր պարապուրդի առկայություն և կայացնելու հայցվորի այդ պահանջը բավարարելու մասին նոր դատական ակտ, և հայցվորն այդ հարցին կարող է անդրադառնալ միայն հետագայում` իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու փաստի հաստատմանը կամ հերքմանը և դրա` աշխատանքային օրենսդրության շրջանակներում կիրառելի հետևանքներին համապատասխան։

 

Սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն որոշման 4.1 կետում ներկայացված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային հարաբերությունները դադարած համարելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտ։ Ավելին՝ նաև անհրաժեշտ է, որ գործատուն վերջնահաշվարկ կատարի աշխատողի հետ։ Ընդ որում, նշվածը կիրառելի է նաև բանկի ղեկավար հանդիսացող աշխատողների նկատմամբ։

Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վիճարկվող հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը Ընկերության ղեկավար համարվել չէր կարող, քանի որ նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցված էին այլ անձի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի բխում աշխատանքային օրենսդրության կարգավորումներից։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Կարեն Խաչատրյանը կդադարեր համարվել Բանկի ղեկավար միայն վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների դադարման կամ այլ հաստիքի վերջինիս տեղափոխման դեպքում, իսկ աշխատանքային հարաբերությունների դադարումն էլ կարող է հաստատվել միայն աշխատանքային հարաբերությունների դադարման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի առկայությամբ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանի դեռ աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրն օրենքով սահմանված կարգով չի լուծվել, և գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման օրը աշխատողի հետ չի կատարել լրիվ վերջնահաշվարկ, աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունները դադարած համարվել չեն կարող:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը բանկի ղեկավար համարվել չէր կարող: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ մինչև Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի Հրամանի ընդունումը Կարեն Խաչատրյանը հանդիսացել է Ընկերության աշխատող և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համարվել է բանկի ղեկավար։

Միևնույն ժամանակ սույն որոշման 4.2 կետում ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Կարեն Խաչատրյանի՝ բանկի ղեկավար հանդիսանալը, Ընկերության հաղորդմամբ հարուցված քրեական գործով վերջինիս մեղադրանք առաջադրելն իր աշխատանքային գործառույթների կատարման կապակցությամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառելի է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված դրույթը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է միայն Ընկերության կողմից՝ Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու և հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մասով Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու մասով։

 

5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորը` Կարեն Խաչատրյանը, վերոնշյալ իրավանորմի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ Ընկերությունը նախապես վճարել է պետական տուրքի գումարը, և վերջինիս վճռաբեկ բողոքը բավարարվում է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, քանի որ օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման՝ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2020 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2020 թվականի վճռին:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/1134/02/19 քաղաքացիական գործով 2021 թվականի հուլիսի 22-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

22.07.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 22-ին գրավոր ընթացակարգով «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` իրեն աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իր նախկին պաշտոնում վերականգնելու, 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձը և 01.11.2018 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման՝ Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2020 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2020 թվականի վճռին:

Վճռաբեկ դատարանի դատավորներ՝ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կարեն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի՝ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և 06.06.2006 թվականին կնքված թիվ 40 աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ թիվ Կ2984-Ա հրամանը (այսուհետ` Հրաման), իրեն վերականգնել իր նախկին` Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնում և պատասխանողից բռնագանձել 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձի գումարը` 3.280.000 դրամի չափով, ինչպես նաև 01.11.2018 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձի գումարը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ. Ասատրյան) (այսուհետ` Դատարան) 29.01.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2020 թվականի որոշմամբ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Հրամանն անվավեր ճանաչելու և հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մերժմանը վերաբերող մասով վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ վճռի եզրափակիչ մասում դրան վերաբերող եզրակացությունը շարադրելով հետևյալ կերպ. «Հայցը բավարարել մասնակի` հայցվորին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին [Ընկերության] վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակված թիվ Կ2984-Ա հրամանը ճանաչել անվավեր և վերականգնել հայցվորի` մինչև նշված հրամանի արձակումն ունեցած կարգավիճակը (բանկի երբեմնի ղեկավար, ում պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված է)»։ Վերաքննիչ բողոքը՝ հարկադիր պարապուրդի համար հատուցման պահանջին վերաբերող մասով, մերժվել է, այդ մասով Դատարանի 29.01.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2.Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 109-րդ, հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատանքային հարաբերությունները դադարում են աշխատանքային պայմանագրի լուծմամբ, որը ձևակերպվում է անհատական իրավական ակտով, բացառությամբ ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքի։ Մինչդեռ 07.08.2018 թվականի թիվ Կ20174-Ա հրամանով Կարեն Խաչատրյանի աշխատանքային հարաբերությունները չեն դադարել, վերջինս շարունակել է զբաղեցնել պլաստիկ քարտերի վարչության պետի հաստիքը։ Բանկի բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով Կարեն Խաչատրյանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է մեկ այլ աշխատողի վրա, ով, սակայն, չի զբաղեցրել Կարեն Խաչատրյանի հաստիքը։ Վերաքննիչ դատարանի նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ բանկի ղեկավարներից յուրաքանչյուրը դադարում է ղեկավար լինելուց ամենամյա արձակուրդ գնալիս կամ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում։

Տվյալ դեպքում 07.08.2018 թվականի թիվ Կ20174-Ա հրամանի արձակումը նպատակ է ունեցել ժամանակավորապես դադարեցնել (կասեցնել) Կարեն Խաչատրյանի՝ որպես պլաստիկ քարտերի վարչության պետի լիազորությունները, հետագայում դրա անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը։ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված նորմի նպատակն է բացառել կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց՝ բանկում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը, ինչը նշանակում է վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների անժամկետ դադարեցում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է. «Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը՝ բեկանել թիվ ԵԴ/1134/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 16.07.2020 թվականին կայացված որոշումը՝ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու՝ հայցը մասնակի բավարարելու մասով։ Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ։ Ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 29.01.2020 թվականի վճռին»:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կողմերի միջև 30.06.2006 թվականին կնքված և մի շարք համաձայնագրերով հետագայում փոփոխված թիվ 40 աշխատանքային պայմանագրի (Պայմանագրի) հիման վրա Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է Ընկերության (նախկինում՝ «Հայինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերություն) գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնը (հատոր 1-ին, գ.թ. 40-43, հատոր 2, գ.թ. 36, 41-49).

2) 06.08.2018 թվականին Ընկերության անունից ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում` Կարեն Խաչատրյանի և այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակություններ կատարված լինելու և Ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառված լինելու ենթադրությամբ (հատոր 2, գ.թ. 152-153).

3) Ընկերության վարչության նախագահի կողմից 07.08.2018 թվականին արձակվել է «[Ընկերության] գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և [Ընկերության] գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես պլաստիկ քարտերի վարչության պլաստիկ քարտերի բաժնի պետ Արսեն Ասատրյանի վրա դնելու մասին» թիվ Կ2074-Ա հրամանը, որի համաձայն՝ 08.08.2018 թվականից ժամանակավորապես դադարեցվել է Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը, ներառյալ բոլոր տեսակ լիազորություններն ու իրավասությունները։ Սահմանվել է, որ Կ. Խաչատրյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը կարող է վերացնել Ընկերության վարչության նախագահի հրամանով, երբ վերանա դրա անհրաժեշտությունը (հատոր 1-ին, գ.թ. 44).

4) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Ս. Նավոյանի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության հաղորդման արդյունքում հարուցված թիվ 58218118 քրեական գործով Կարեն Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք (հատոր 2-րդ, գ.թ. 33-35).

5) Ընկերության վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակվել է «Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ Կ2984-Ա հրամանը, որում որպես իրավական հիմքեր վկայակոչվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը, 22-րդ գլխի իրավակարգավորումները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, Ընկերության կանոնադրության 9.3.6 կետը: Որպես փաստական հիմք՝ նշվել է, որ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող գործով 16.10.2018 թվականին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերությունը ճանաչվել է տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, ինչպես նաև որ Կարեն Խաչատրյանի հետ 06.04.2010 թվականին կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը, Կարեն Խաչատրյանը Ընկերության ղեկավար է, իսկ Ընկերությունը կորցրել է վստահությունը վերջինիս նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 45):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

 

Դատարանը հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ բանկային բնագավառում աշխատանքային հարաբերությունները ենթակա են կարգավորման «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով՝ հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատողի կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող անձանց նկատմամբ: Նկատի ունենալով, որ հայցվոր Կարեն Խաչատրյանը համարվել է բանկի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ, այնուհետև Ընկերության ներկայացրած հաղորդմամբ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, Դատարանը գտել է, որ սույն գործով ենթակա է կիրառման «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը։

Վերաքննիչ դատարանը հաստատած է համարել, որ Հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը Ընկերության ղեկավար համարվել չէր կարող, քանի դեռ նրա պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը վերացված չէր կամ այդ դադարեցման անհրաժեշտությունը վերացած համարելու կամ չհամարելու համար անհրաժեշտ և բավարար փաստական հանգամանքներ չէին ծագել։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բանկի ղեկավարի պաշտոնը փաստացի չվարող անձը չի կարող համարվել բանկի ղեկավար, առավել ևս այն պայմաններում, երբ այդ պաշտոնը փաստացի վարում է մեկ այլ անձ, և այս համոզմունքն ինքնին բավարար է բանկի ղեկավարի պաշտոնը փաստացի չվարող և բանկի ղեկավար չհամարվող անձի նկատմամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «զ» կետը կիրառելի չլինելու մասին հետևության հանգելու համար։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայցվորի նկատմամբ մեղադրանք առաջադրված լինելու փաստը կորցրել է սույն գործով իր ապացուցողական նշանակությունը։

 Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քանի դեռ աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրն օրենքով սահմանված կարգով չի լուծվել, և գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման օրը աշխատողի հետ չի կատարել լրիվ վերջնահաշվարկ, աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունները դադարած համարվել չեն կարող: Վճռաբեկ դատարանն անհիմն է համարել Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը բանկի ղեկավար համարվել չէր կարող: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ մինչև Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի Հրամանի ընդունումը Կարեն Խաչատրյանը հանդիսացել է Ընկերության աշխատող և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համարվել է բանկի ղեկավար։ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառելի է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված դրույթը:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

 

Աշխատողին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրաված լինելու ժամանակահատվածում, նրա լիազորությունների ժամանակավոր դադարեցման պայմաններում, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի իրավակարգավորումը կարո՞ղ է արդյոք աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք հանդիսանալ, եթե այն հիմնված է աշխատողի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված լինելու փաստի վրա:

 

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Խտրականության արգելքն ամրագրող հիմնարար սկզբունքի ձևակերպումը՝ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշների մասով, ի թիվս այլնի, վերաբերում է նաև քրեական հետապնդում հարուցելու փաստին:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է խտրականության արգելքի սկզբունքին՝ արտահայտելով, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

1) «.…պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները» (ՍԴՈ-731),

2) «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից» (ՍԴՈ-881),

3) «.…աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ, այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ` կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում» (ՍԴՈ-991),

4) «.…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ անմեղության կանխավարկածը` համակցված խտրականության արգելքի սկզբունքի հետ, բացառում է օրենքով քրեական հետապնդում հարուցելու հետ կապված այնպիսի սահմանափակումների ամրագրման իրավական հնարավորությունը, որոնք վերաբերում են անձի ընդհանուր կարգավիճակին, այդ թվում` որոշակի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման կամ ծառայությունից ազատվելու իրավունքին, և որոնք անհրաժեշտ չեն քրեական վարույթի իրականացման համար: Հետևապես` նախ` քրեական հետապնդում հարուցելու փաստը որևէ կերպ չի կարող հիմք դառնալ որևէ պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը: Դա նշանակում է, որ նման հիմքով չի կարող արգելափակվել նաև պաշտոնից ազատվելու` անձի իրավունքը:

Այսպիսով, առկա չէ որևէ հիմնավորում` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված լինելու փաստի հիմքով պաշտոն զբաղեցնող անձի` այդ պաշտոնից ածանցվող որևէ իրավունքի սահմանափակման համար: Նշվածը վերաբերելի է ինչպես պետական ծառայության, համայնքային ծառայության, հանրային պաշտոններ զբաղեցնող, այնպես էլ աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց:

 ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով: (...)

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգը և պայմանները:

 Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված են «Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը» համաձայն որի՝ բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բանկի ղեկավար չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշերին.

ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

զ) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը և այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք: Սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ։ 

Բանկի գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միաժամանակ լինել այլ բանկի գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնօրինության անդամ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ անդամներ:

Բանկի գործադիր մարմնի անդամները բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, կարող են կատարել վճարովի այլ աշխատանք միայն բանկի խորհրդի համաձայնությամբ:

Վերոգրյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ պայմանավորված բանկային ոլորտի առանձնահատկություններով՝ օրենքով սահմանված են բանկի ղեկավարների որակավորման կարգը և գործառույթները: Հատկանշական է, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով թեև առկա են դրույթներ, որոնցով սահմանվել է որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակման վերաբերյալ սահմանափակումներ՝ սահմանելով հատուկ պահանջներ և ընթացակարգեր, սակայն օրենսդիրը, հաշվի առնելով բանկային համակարգի հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելու հանգամանքը, այնուամենայնիվ սահմանել է նաև ընդհանուր նորմ բանկային համակարգում բանկի ղեկավար անձանց նկատմամբ ամրագրելով սահմանափակումներ և բանկի ղեկավար լինելու արգելք: Օրենսդիրն ամրագրել է նաև, որ Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ, որը պայմանավորված է բանկի ղեկավարների՝ բանկերի գործունեության վրա ազդեցության աստիճանով և նպատակ ունի վերահսկել բանկի բնականոն գործունեությունը։

Սույն գործով հայցվորի` բանկի ղեկավար հանդիսանալու հանգամանքը և նրա նկատմամբ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի կիրառելիության հարցը դրվել են ինչպես հայցի, այնպես էլ դրա դեմ Ընկերության առարկությունների հիմքում, և Դատարանն էլ հայցը մերժել է հենց հայցվորի նկատմամբ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը կիրառելի լինելու մասին եզրակացության հանգելու արդյունքում:

Ընկերության վարչության նախագահի կողմից 07.08.2018 թվականին արձակված, չվիճարկված, ուժի մեջ մտած և Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատման հրամանի արձակման պահի դրությամբ էլ ուժի մեջ գտնվող թիվ Կ2074-Ա հրամանով հայցվորի պաշտոնավարումը հաջորդ օրվանից ժամանակավորապես դադարեցվել է, ամրագրվել է դրա անհրաժեշտությունը հետագայում վերանալու պարագայում հայցվորի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումն Ընկերության վարչության նախագահի հրամանով վերացվելու հնարավորությունը, և հայցվորի պաշտոնից բխող պարտականությունները ժամանակավորապես դրվել են այլ անձի վրա:

Գտնում ենք, որ հայցվորն իր աշխատանքից ազատման հրամանի արձակման պահին թեկուզև ժամանակավորապես` անորոշ ժամկետով, չի պաշտոնավարել, նրա պարտականությունները կատարել է այլ անձ, իսկ նրա պաշտոնավարման վերականգնումն էլ չէր բացառվել հենց Ընկերության կողմից, այսինքն` Ընկերությունը հայցվորի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցմամբ արդեն իսկ իրականացրել էր Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով հետապնդվող իրավական նպատակը, և դրանով արդեն իսկ կատարմամբ սպառվել էր նշված նորմի կիրառելիության հարցը։

 Հայցվորի պաշտոնավարման դադարեցումը, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատումը պայմանավորված է եղել սոսկ հայցվորին մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված լինելու փաստը հաստատելու կամ հերքելու նպատակով հարուցված քրեական գործի քննության արդյունքներով, որպիսիք դեռևս առկա չէին աշխատանքից ազատման հրամանի արձակման պահին, ընդ որում, այդպիսիք առկա չեն նաև սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության պահին, իսկ սույն գործի քննության ընթացքում էլ Ընկերությունը Դատարանին չի ներկայացրել հայցվորին վերագրվող արարքը նրա կողմից կատարված և դրա արդյունքում իրեն նյութական վնաս պատճառված լինելու մասին ապացույցներ: Դատարանին չեն ներկայացվել վերը նշված քրեական գործի քննության արդյունքում հայցվորի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացված, այն օրինական ուժի մեջ մտած և հայցվորին մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված լինելու փաստը հաստատող ապացույցներ, ուստի սույն որոշման կայացման պահի դրությամբ էլ ապացուցված չէ հայցվորի նկատմամբ Ընկերության վստահության կորստի համար բավարար որևէ փաստի առկայությունը։

Ակնհայտ է, որ Օրենքի 22-րդ հոդվածով սահմանելով չափորոշիչներ բանկի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի համար, օրենսդիրն ի նկատի է ունեցել բանկի ղեկավար պաշտոնում նշանակվելու թեկնածուներին, քանի որ թվարկված սահմանափակումների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ դրանցից յուրաքանչյուրի առկայությունն արգելք է նման պաշտոն զբաղեցնելու համար:

Սակայն միևնույն ժամանակ չի կարող անձը, տվյալ դեպքում աշխատողը լինել և կասկածյալ և մեղադրյալ և դատապարտյալ, իսկ պաշտոնում նշանակված ղեկավարի գիտելիքները Կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին չհամապատասխանող: Արգելք կա նաև բանկում աշխատող որոշ ղեկավար պաշտոններ համատեղելու հարցում, որը ևս կարող է կիրառվել բացառապես համատեղվող պաշտոնում սկզբնապես նշանակվելիս:

Մինչդեռ աշխատանքային պայմանագիրը լուծելիս կիրառման ենթակա են նաև Սահմանադրությամբ, քաղաքացիական և աշխատանքային օրենսդրությամբ աշխատողի համար նախատեսված երաշխիքները:

Այսպիսով, կարծում եմ, որ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի հիմքով աշխատողի հետ չոր կարող լուծվել աշխատանքային պայմանագիրը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը, քանի որ նշված նորմով սահմանված՝ ղեկավար պաշտոնի նշանակվելու արգելքը կարող է արդարացված լինել, եթե ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձը պետք է դրանով խրախուսվի` զբաղեցնելով ավելի բարձր պաշտոն կամ տեղափոխվելով ավելի մեծ պատասխանատվություն ենթադրող համարժեք այլ պաշտոնի: Նման դեպքերում թույլատրելի է քրեական հետապնդում հարուցելու փաստի ուժով ժամանակավորապես ձեռնպահ մնալ այնպիսի խրախուսական միջոցներ կիրառելուց, որոնք կասկածի տակ կդնեն հանցագործությունների բացահայտման հանրային շահը: Սակայն այդ դեպքերում ևս, ելնելով անմեղության կանխավարկածի հրամայական պահանջից՝ չպետք է ամրագրվի պարտադիր կարգով կիրառվող բացարձակ արգելք՝ հատկապես հաշվի առնելով մեղսագրվող արարքի ծանրությունը և անձը բնութագրող, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման ենթակա մյուս բոլոր անհրաժեշտ հանգամանքները:

Տվյալ դեպքում, Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված նորմը չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելը գնահատվի իբրև աշխատանքային պայմանագիրը լուծելու բավարար հիմք: Հակառակ մեկնաբանության պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ անձը, օրինակ, հետագայում արդարացվելու պարագայում չի ունենա իր խախտված իրավունքները վերականգնելու արդյունավետ հնարավորություն, քանի որ կստացվի, որ անկախ մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքից, բոլոր դեպքերում, գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը կհամարվի իրավաչափ: Մինչդեռ ակնհայտ է, որ եթե անձին առաջադրված մեղադրանքը հետագայում չհիմնավորվի, այդ պարագայում պարզ կլինի, որ աշխատանքային պայմանագրի լուծումը այն կատարվելու պահին իրավաչափ չէր, սակայն աշխատողը չի ունեցել այդ պահին իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն:

Վերոգրյալ դատողություններից բխում է , որ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «բանկի ղեկավար չեն կարող լինել» եզրույթը պետք է մեկնաբանվի ոչ թե որպես ղեկավար աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու անվերապահ հնարավորություն, այլ ՝ նման պաշտոն զբաղեցնելու ժամանակավոր արգելք, ինչը և իրականացված է եղել մինչև սույն գործով աշխատանքային վեճի ծագումը: Տվյալ դեպքում, անմեղության կանխավարկածի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքը թույլ չի տալիս աշխատանքային պայմանագրի լուծում այդ հիմքով, քանի որ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ քրեական հետապնդման դադարեցում ոչ արդարացման հիմքով:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով բանկային գործունեության առանձնահատկությունները, պետք է նկատել, որ անձի կասկածյալի կամ մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակ ունենալու դեպքում կիրառելի են ղեկավարի պաշտոնավարման սահմանափակումները, որոնք թույլ կտան խուսափել անձի իրավունքների սահմանադրական երաշխիքների խախտումներից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները հայցը մասնակի բավարարելու մասով բխում են սույն գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

Նման պայմաններում վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Էդ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: