ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3552/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3552/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան | ||
|
2021 թվականի փետրվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դիաննա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դիաննա Մկրտչյանի ընդդեմ Արման Համբարձումյանի, երրորդ անձինք Արմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների` բնակության վայր սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արման Համբարձումյանի ընդդեմ Դիաննա Մկրտչյանի, երրորդ անձինք Արմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների՝ բնակության վայր սահմանելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դիաննա Մկրտչյանը պահանջել է երեխաների բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրը և պատասխանողից բռնագանձել ալիմենտ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արման Համբարձումյանը պահանջել է երեխաների բնակության վայրը որոշել հոր բնակության վայրը:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25․09․2018 թվականի որոշմամբ Արման Համբարձումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.04.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիաննա Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արման Համբարձումյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ, 44-րդ, 49-րդ, 51-րդ հոդվածները, 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ Դատարանն իրավացիորեն գտել է, որ Ալմաստ Համբարձումյանի՝ մոր հետ կապվածության խզումը պայմանավորված է նրա հետ տևական ժամանակ շփման բացակայությամբ և հոր ու նրա ընտանիքի փաստացի խնամքին գտնվելու հանգամանքով, իսկ Արմեն Համբարձումյանը մոր հետ բնակվելիս տվյալ պահին առավել կապվածություն է ստեղծել վերջինիս հետ, որպիսի համոզմունքը Դատարանի մոտ ձևավորվել է դատական նիստում երեխայի վարքագծին հետևելիս:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արման Համբարձումյանը, մշտապես զբաղված լինելով, անձամբ չի իրականացնում երեխաների խնամքն ու դաստիարակությունը, այլ դրանով զբաղվում են երեխաների տատն ու պապը, մինչդեռ մայրն ունի իր երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք երեխաների տատի ու պապի հանդեպ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն իրավաչափ եզրահանգում է արել այն մասին, որ Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի կողմից 07.03.2018 թվականին կազմված եզրակացությունը չի կարող Արմեն Համբարձումյանի՝ հոր հետ կապվածությունը հիմնավորող բավարար ապացույց հանդիսանալ, քանի որ այն անց է կացվել այն ժամանակ, երբ երեխան դեռևս բնակվել է հոր հետ, այնինչ 15.03.2018 թվականից սկսած Արմեն Համբարձումյանը, իսկ 01.06.2018 թվականից սկսած Ալմաստ Համբարձումյանն առ այսօր բնակվում են մոր հետ, որևէ բացասական վերաբերմունք չունեն մոր նկատմամբ և ցանկություն չունեն հոր հետ բնակվելու:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ապացույցները գնահատել է դրանց համակցության մեջ և իրավաչափ եզրահանգում է կատարել երեխաների բնակության վայրը մոր մոտ որոշելու վերաբերյալ, քանի որ հենց դրանով է պայմանավորված երեխաների լավագույն շահը՝ հաշվի առնելով նաև, որ կողմերի միջև դեռևս 25.08.2016 թվականին ձեռք է բերվել նոտարական կարգով վավերացված համաձայնություն, նաև նկատի ունենալով, որ երեխաներից Արմեն Համբարձումյանը՝ սկսած 15.03.2018 թվականից, իսկ Ալմաստ Համբարձումյանը՝ սկսած 01.06.2018 թվականից բնակվում են մոր հետ, իրենց զգում են ապահով, սիրով, հոգատարությամբ և ջերմությամբ պարուրված, չունեն որևէ բանի կարիք, իսկ նրանց կենցաղի հերթական փոփոխությունը կարող է լուրջ հարված հասցնել նրանց հոգեկան զարգացման վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25․09․2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25․04․2018 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի 07.03.2018 թվականի հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացությունները բավականին մանրամասն արտահայտում են երեխաների հոգեկան վիճակը, վերջիններիս հոգեբանական վերաբերմունքը, նրանց հարաբերությունները և կապվածությունը միմյանց և ծնողների հետ, իսկ հայցի բավարարման հիմքում դրված խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացությունները զուրկ են նման հիմնավորումներից և տեղեկություններ են պարունակում միայն երեխաների ծնողների նյութական վիճակի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դատարանը հաշվի չի առել դատական նիստի ընթացքում Ալմաստ Համբարձումյանի՝ հոր հետ մնալու ցանկությունը, այն պատճառաբանությամբ, որ վերջինիս տասը տարին դեռևս չի լրացել, ուստի վերջինիս կարծիքն իր բնակության վայրը որոշելու հարցով էական չէ, ապա նշված մասով Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն նշել է, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ըստ թիվ ԱԲ N 053129 ամուսնալուծության վկայականի՝ Արման Համբարձումյանի և Դիաննա Մկրտչյանի ամուսնությունը 25.08.2016 թվականին լուծվել է (հատոր 1-ին, գ. թ. 11):
2. Համատեղ ամուսնական կյանքում կողմերն ունեցել են երկու երեխա՝ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանին և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանին (հիմք՝ 31.08.2009 թվականի թիվ ԱԲ N 012809 և 28.04.2014 թվականի թիվ ԱԲ N 316623 ծննդյան վկայականները) (հատոր 1-ին, գ. թ. 9-10):
3. Արման Համբարձումյանը 25.08.2016 թվականին նոտարական կարգով հաստատված համաձայնություն է տվել, որպեսզի իր երեխաները՝ Ալմաստ Արմանի Համբարձումյանը և Արմեն Արմանի Համբարձումյանը, գտնվեն Դիաննա Մկրտչյանի խնամքի ներքո (հիմք՝ նոտարական գրանցամատյանում կատարված թիվ 5227 գրանցում) (հատոր 1-ին, գ. թ. 13):
4. ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 18.10.2017 թվականի եզրակացության համաձայն՝ «…հիմնվելով, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.10.2017 թվականին երեխաների դաստիարակությանը հավակնող ծնող՝ Արտաշար գյուղի բնակիչ Դիաննա Թաթուլի Մկրտչյանի կյանքի հետազոտության ակտի վրա, Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխաների տարիքը, երկու երեխաների միմյանց և իրենց մոր հետ կապվածությունը, նպատակահարմար է գտնում Արտաշար գյուղի թիվ 3 փողոցի թիվ 1 փակուղի թիվ 2 տան բնակիչ Դիաննա Թաթուլի Մկրտչյանի անչափահաս երեխաներ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանի և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանի հետագա խնամքն ու դաստիարակությունը թողնել երեխաների մորը՝ Դիաննա Թաթուլի Մկրտչյանին» (հատոր 1-ին, գ. թ.55-55.1):
5. ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.02.2018 թվականի եզրակացության համաձայն՝ «… հիմնվելով Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ 17.10.2017 թվականի՝ երեխաների դաստիարակությանը հավակնող ծնող՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչ Դիաննա Թաթուլի Մկրտչյանի կյանքի հետազոտության ակտի, իր նույն օրվա եզրակացության, ինչպես նաև՝ Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ 05.02.2018 թվականին երեխաների դաստիարակությանը հավակնող ծնող՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Արման Թաթուլի Համբարձումյանի կյանքի հետազոտության ակտի վրա, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխաների տարիքը, երկու երեխաների՝ միմյանց հետ կապվածությունը, ինչպես նաև երեխաների՝ իրենց հոր՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թիվ 1 փողոցի թիվ 77 հասցեում գտնվող բնակելի տան բնակիչ Արման Թաթուլի Համբարձումյանի, երեխաների պապի ու տատի միջև եղած փոխհարաբերությունները, Արման Համբարձումյանի՝ իր երեխաներին խնամելու համար բավարար եկամուտ ունենալու, սակայն տարբեր աշխատանքներով զբաղված ու ծանրաբեռնված լինելու արդյունքում Արման Թաթուլի Համբարձումյանի զբաղվածության և երեխաների խնամքով ու պատշաճ դաստիարակությամբ զբաղվելու համար օբյեկտիվորեն բավարար ժամանակ չունենալու, և արդյունքում՝ երկու երեխաների խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում երեխաների տատի ու պապի զբաղվելու հանգամանքները, երեխաների դաստիարակությանը հավակնող երկու ծնողների կյանքի հետազոտության արդյունքում՝ հանգեց այն եզրակացության, որ այս պայմաններում՝ հաշվի առնելով երկու երեխաների տարիքը և այն փաստը, որ երեխաները այդ տարիքում ավելի շատ մոր խնամքի կարիքն ունեն, ուստի նպատակահարմար է՝ … 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանի և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանի հետագա խնամքը թողնել երեխաների մորը՝ Դիաննա Թաթուլի Մկրտչյանին» (հատոր 1-ին, գ. թ. 174-175)։
6. ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 31.10.2017 թվականի եզրակացության համաձայն՝ «… Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կատարեց Արման Թաթուլի Համբարձումյանի բնակ-կենցաղային պայմանների ուսումնասիրություն և տալիս է նախնական եզրակացություն, որ Արման Թաթուլի Համբարձումյանի բնակարանային պայմանները բավարար են երեխաներ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանին և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանին համապատասխան խնամք և դաստիարակություն ապահովելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները դեռևս 10 տարեկան չեն, նրանց հետ համապատասխան զրույց չի տարվել» (հատոր 1-ին, գ. թ. 59):
7. ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.12.2017 թվականի եզրակացության համաձայն՝ «… Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կատարեց Արման Թաթուլի Համբարձումյանի բնակ-կենցաղային պայմանների ուսումնասիրություն և տալիս է նախնական եզրակացություն, որ Արման Թաթուլի Համբարձումյանի բնակարանային պայմանները բավարար են երեխաներ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանին և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանին համապատասխան խնամքն ու դաստիարակությունը իրականացնելու համար: Միաժամանակ հայտնվում է, որ համաձայն ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ղեկավարի տված տեղեկատվության՝ Դիաննա Թաթուլի Մկրտչյանի բնակարանային պայմանները նույնպես բավարար են երեխաներ՝ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանին և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանին համապատասխան խնամք և դաստիարակություն ապահովելու համար: Հանձնաժողովը գտնում է՝ երկու կողմերն էլ ունեն տնտեսական և ֆինանսական բոլոր պայմանները երեխաների դաստիարակության, խնամքի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները դեռևս 10 տարեկան չեն, նրանց հետ համապատասխան զրույց չի տարվել» (հատոր 1-ին, գ. թ.109):
8. ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 19.01.2018 թվականի եզրակացության համաձայն՝ «… ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կատարեց Արման Թաթուլի Համբարձումյանի և Դիաննա Թաթուլի Մկրտչյանի բնակ-կենցաղային պայմանների ուսումնասիրություն և տալիս է եզրակացություն, որ Արման Թաթուլի Համբարձումյանի և Դիաննա Թաթուլի Մկրտչյանի բնակարանային պայմանները բավարար են: Միաժամանակ հայտնվում է, որ հաշվի առնելով նման հանգամանքներում երեխային խնամքի հանձնելու նմանատիպ այլ նախադեպերը, հանձնաժողովը որոշում է, որ երեխաներ՝ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանի և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանի խնամքը և դաստիարակությունը պետք է իրականացվի մոր՝ Դիաննա Թաթուլի Մկրտչյանի կողմից» (հատոր 1-ին, գ. թ. 172):
9. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի 07.03.2018 թվականի հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացության համաձայն՝ «… Ալմաստ Համբարձումյանն ընդհանուր առմամբ անինքնավստահ է, լարված, տագնապային, միջանձնային հարաբերություններում խուսափում է կոնֆլիկտներից, տագնապում է դրանցից, պասիվ է, ընկերական շրջապատում չի նախընտրում կենտրոնական դիրքեր, գերադասում է լինել որևէ նշանակալից անձի կողքին, ուժեղ հուզական դրական կապ է դրսևորում հոր հանդեպ, վստահում է նրան, դիտարկում է որպես ապահովության աղբյուր, դրսևորում է վախ մոր հանդեպ, մերժում է նրան, մատնանշում է բացասական վերաբերմունք իր հանդեպ, դժվարանում է երազանքներ ունենալ, պատկերացնել ապագան, միայն երազում է արագ մեծանալ: Առաջարկ. համաձայն հոգեախտորոշիչ եզրակացության արդյունքների՝ Համբարձումյան Ալմաստի հետ անհրաժեշտ է իրականացնել հոգեթերապևտիկ աշխատանք, որն ուղղված կլինի նրա մոտ առկա վերը նշված հոգեբանական խնդիրների հաղթահարմանը և դրսևորումների մեղմացմանը, ինչպես նաև մոր հետ կապված սուր հուզական, բացասական արձագանքի հաղթահարմանը» (հատոր 1-ին, գ.թ. 204-207):
10. ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի 07.03.2018 թվականի հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացության համաձայն՝ «… Արմեն Համբարձումյանն ունի թաքնված ագրեսիա, խուսափում է նոր շփումներից՝ հիմնականում վախենալով, որ իրեն կարող են վնասել, տագնապային է, զգուշավոր՝ հատկապես անծանոթների հետ, հուզականորեն լարված է և ունի տագնապայնության բարձր մակարդակ, վախի բարձր մակարդակ, ինչը վկայում է հնարավոր դիսթրեսի մասին, ունի դրական հուզական վերաբերմունք հոր նկատմամբ, մասնավորապես՝ պաշտպանություն է փնտրում նրա մոտ, ցուցաբերում է հուզական ջերմ կապվածություն հոր և քրոջ հանդեպ: Առաջարկ. համաձայն հոգեախտորոշիչ հետազոտության արդյունքների՝ Արմեն Համբարձումյանի հետ անհրաժեշտ է իրականացնել հոգեթերապևտիկ աշխատանք, որն ուղղված կլինի նրա մոտ առկա վերը նշված հոգեբանական խնդիրների հաղթահարմանը և դրսևորումների մեղմացմանը» (հատոր 1-ին, գ.թ. 208-210):
11. 10.04.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Ալմաստ Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ ուզում է հոր հետ մնալ (հիմք՝ 10.04.2018 թվականի դատական նիստի արձանագրության կրիչ) (հատոր 1-ին, գ. թ. 228):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա՞փ է արդյոք ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում դատարանի կողմից երեխայի` ծնողներից մեկի հետ ունեցած կապվածությունը որպես երեխայի լավագույն շահերի բացահայտման միակ չափանիշ դիտարկելը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:
« Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։
Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։ (…)
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ևս արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս, Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարանը) ևս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս, Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ):
Երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է (տե՛ս, Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ): Ավելին, ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս, Mustafa and Armağan Akın v. Turkey գործով Եվրոպական դատարանի 06.04.2010 թվականի վճիռը, 19-րդ կետ):
Բացի այդ, Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո է գտնվում նաև ծնողի` իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքը, և անդամ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում օժանդակելու այդ վերամիավորմանը: Ընդ որում, պետության վերոհիշյալ պոզիտիվ պարտականությունը տարածվում է նաև երեխայի հետ շփվելու և բնակության վայրի վերաբերյալ ծնողների և (կամ) երեխայի ընտանիքի այլ անդամների միջև ծագած վեճերի վրա (տե՛ս, Gluhaković v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը, 56-րդ կետ):
05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ անդրադառնալով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումն սահմանադրաիրավական բովանդակությանը՝ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշման՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավադրույթում «ընդ որում» բառակապակցությունից հետո ամրագրված պայմանները, այն է` «երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունն)» այն նվազագույն պայմաններն են, որոնք ճշգրտում և բացահայտում են վիճարկվող դրույթներում «երեխաների շահերից» հասկացության բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը: Ընդ որում, վերը նշված պայմանները սպառիչ չեն, և երեխայի շահը գնահատելիս օրենսդիրը դատարանների հայեցողությանն է վերապահում նաև այլ պայմաններ հաշվի առնելը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև, առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ, հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան: Հետևաբար ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «երեխաների շահեր» հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ՀՀ ընտանեկան օրենսդրությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.
1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,
2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,
3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը (տե՛ս, Անի Սարգսյանն ընդդեմ Արմեն Փերոյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.
1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,
2) երեխայի տարիքը,
3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,
4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,
5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը՝ հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած՝ երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը բազմիցս վերահաստատել է այն դիրքորոշումը, որ երեխան ունի լսված լինելու իրավունք իրեն վերաբերող հարցերի շուրջ: Մասնավորապես, երբ երեխաները բավականաչափ հասուն են և ունակ են ձևավորելու իրենց սեփական կարծիքը, դատարանները պետք է գնահատեն նրանց տեսակետները և զգացմունքները, ինչպես նաև անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը (տե´ս, N.TS. and Others v. Georgia գործով Եվրոպական դատարանի 02.02.2016 թվականի վճիռը, 72-րդ կետ): Իրավիճակն այլ է, երբ երեխաները դեռ շատ մանկահասակ են և անկարող են արտահայտել իրենց տեսակետը: Մասնավորապես Sahin v. Germany գործով Եվրոպական դատարանի 08.07.2003 թվականի վճռով (§§ 72-75) դատարանը իրավաչափ է համարել հնգամյա երեխային դատարանում չլսելը՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը և հասունությունը: Եվրոպական դատարանը եկել է նման եզրահանգման՝ հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան մասնագետը հանդիպել է երեխային և ծնողներին և ուսումնասիրել է ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները (տե´ս, նաև Petrov and X v. Russia գործով Եվրոպական դատարանի 23.10.2018 թվականի վճիռը, 108-րդ կետ):
Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատարանում երեխայի լսված լինելու խնդրին, գտել է, որ որպես ընդհանուր կանոն՝ ներպետական դատարաններն իրենք են գնահատում ներկայացված ապացույցները, ներառյալ համապատասխան փաստերը պարզելու միջոցները: Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանում երեխային լսելու պարտադիր պահանջ սահմանելը չափազանց ծայրահեղ մոտեցում է և սույն հարցի լուծումը կախված է յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներից՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունությունը (տե´ս, Sahin v. Germany գործով Եվրոպական դատարանի 08.07.2003 թվականի վճիռը, 73-րդ):
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ երեխայի լավագույն շահը պարզելու համար հարկ է հաշվի առնել նաև նրա լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն կարևոր հանգամանքը, որ պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն ապահովելու իր հայացքները ձևակերպելուն ունակ երեխայի համար դրանք ազատորեն արտահայտելու իրավունքի իրացումը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով և թե՛ օրենսդրությամբ երեխային իրավունք է վերապահվել իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս սեփական կարծիքն արտահայտել դատական և այլ մարմիններում։ Այսինքն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը սահմանել է որպես պարտադիր պահանջ, իսկ մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը հաշվի առնելը վերապահել է դատարանի հայեցողությանը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատարանն այս հայեցողական լիազորությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը և հասունությունը, ինչպես նաև գործի հանգամանքները, մասնավորապես՝ արդյոք երեխայի նշված իրավունքն արդեն իսկ իրացվել է համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմինների կողմից (տե՛ս, Նարինե Մելքոնյանն ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի թիվ ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.10.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ երեխայի լսված լինելու սահմանադրական իրավունքը հանդիսանում է երեխայի լավագույն շահը որոշելու կարևորագույն չափանիշներից մեկը: ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իրավասու մարմինները պարտավոր են ապահովել երեխայի մասնակցությունն իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում, տալ դրան պատշաճ կշիռ՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում և հավասարակշռել վերոգրյալ ոչ սպառիչ չափանիշների հետ: Հետևապես, դատարանները կոնկրետ գործի քննության շրջանակներում պարտավոր են պարզել երեխայի լավագույն շահերի գնահատման համապատասխան տարրերը և երեխայի արտահայտած կարծիքին հակասող եզրահանգման գալու դեպքում հիմնավորել, թե ինչու է առաջնայնություն տրվել երեխաների լավագույն շահերի բացահայտման այլ չափանիշներին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը, Դիաննա Մկրտչյանի հայցը բավարարելով, երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջի մասով պատճառաբանել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 18.10.2017 և 06․02․2018 թվականների եզրակացությունների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը նպատակահարմար է գտել երեխաների բնակության վայրը մոր՝ Դիաննա Մկրտչյանի մոտ սահմանել: Ընդ որում, ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06․02․2018 թվականի եզրակացության հիմքում դրվել է Արման Համբարձումյանի զբաղվածությունը, երեխաների խնամքով և պատշաճ դաստիարակությամբ զբաղվելու համար օբյեկտիվորեն բավարար ժամանակ չունենալու, արդյունքում՝ երեխաների խնամքով և դաստիարակությամբ պապի ու տատի զբաղվելու հանգամանքները, երեխաների տարիքը և միմյանց հետ կապվածությունը, երեխաների՝ այս տարիքում ավելի շատ ու հաճախ մայրական խնամքի կարիք ունենալու փաստը: Ալիմենտի բռնագանձման պահանջի մասով, հիմք ընդունելով Արման Համբարձումյանի՝ հողագործությամբ և ստացված բերքի առևտրով զբաղվելու արդյունքում ստացվող եկամուտը, 01.12.2017 թվականին կնքված գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրով իրեն սեփականության իրավունքով պատկանող տրակտորի վարձակալության գումարը և ելնելով երեխաների կենuաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` Դատարանը գտել է, որ սույն գործով ալիմենտի չափը պետք է սահմանել յուրաքանչյուր երեխայի համար ամսական 30.000 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արման Համբարձումյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության` պատճառաբանելով, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղական համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 18.10.2017 թվականի, 05.02.2018 թվականի և 06.02.2018 թվականի հետազոտությունների ակտերով կատարվել են միայն երեխաների մոր՝ Դիաննա Մկրտչյանի կյանքի, կենցաղային պայմանների և նյութական հնարավորությունների վերաբերյալ եզրահանգումներ, նշված հետազոտության ակտերը և հետևաբար եզրակացությունները եզրահանգումներ չեն պարունակում երեխաների հոգեկան-հոգեբանական վիճակի, ծնողներից յուրաքանչյուրի և միմյանց հետ նրանց կապվածության, երեխաների և ծնողների փոխհարաբերությունների բնույթի վերաբերյալ, ինչպես նաև նշված հետազոտություններով պետք է բացահայտվեին այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ծնողի կողմից բարոյական, ֆիզիկական և հոգեբանական առումով առողջ երեխաների խնամք և դաստիարակություն իրականացնելու համար և գտել է, որ գործում առկա ապացույցների հիման վրա Դատարանը պետք է հավասարակշռեր ծնողների իրավունքներն ու անձնական հանգամանքները և երեխաների լավագույն շահերը, մասնավորապես` պարզեր, թե արդյոք ծնողական իրավունքի իրականացման սահմանվող եղանակը դրական ազդեցություն կունենա երեխայի հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա, թե` ոչ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը, երեխայի բնակության վայրը նշված եզրակացությունների հիման վրա մոր բնակության վայրը սահմանելով, խախտել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման պահանջը՝ անտեսելով գործում առկա այլ ապացույցները, մասնավորապես՝ Ալմաստ և Արմեն Համբարձումյանների հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացությունները, որոնք բավականին մանրամասն արտահայտում են երեխաների հոգեկան վիճակը, վերջիններիս հոգեբանական վերաբերմունքը, նրանց հարաբերությունները և կապվածությունը միմյանց և ծնողների հետ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև Ալմաստ Համբարձումյանի տասը տարին չի լրացել և վերջինիս կարծիքը ծնողներից մեկի հետ բնակվելու հարցում չի կարող պարտադիր համարվել, սակայն Դատարանը այդ հանգամանքը համադրելով գործում առկա մյուս ապացույցների հետ կարող էր գալ որոշակի եզրահանգման, մինչդեռ Դատարանն այն համարել է ոչ էական:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի մյուս բոլոր պայմանները: Երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի հիման վրա հարուցված սույն քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր գործում առկա բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել գործում առկա յուրաքանչյուր ապացույց՝ պարզելու համար երեխայի լավագույն շահերը որոշելու բոլոր չափանիշներն ու պայմանները:
Սույն գործի փաստերի համաձայն` համատեղ ամուսնական կյանքում Դիաննա Մկրտչյանն ու Արման Համբարձումյանն ունեցել են երկու երեխա՝ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Արմանի Համբարձումյանին և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Արմանի Համբարձումյանին (հիմք՝ 31.08.2009 թվականի թիվ ԱԲ N 012809 և 28.04.2014 թվականի թիվ ԱԲ N 316623 ծննդյան վկայականները): Արման Համբարձումյանը 25.08.2016 թվականին նոտարական կարգով հաստատված համաձայնություն է տվել, որպեսզի իր երեխաները՝ Ալմաստ Արմանի Համբարձումյանը և Արմեն Արմանի Համբարձումյանը, գտնվեն Դիաննա Մկրտչյանի խնամքի տակ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` անտեսել է ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 18.10.2017 թվականի և 06.02.2018 թվականի եզրակացությունները: Մինչդեռ ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 18.10.2017 թվականի եզրակացությամբ հանձնաժողովը, ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխաների տարիքը, երկու երեխաների միմյանց և իրենց մոր հետ կապվածությունը, նպատակահարմար է գտել 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Համբարձումյանի և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Համբարձումյանի հետագա խնամքը թողնել երեխաների մորը՝ Դիաննա Մկրտչյանին (հատոր 1-ին, գ. թ. 55-55.1)։ Բացի այդ, ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.02.2018 թվականի եզրակացությամբ նշվել է, որ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխաների տարիքը, երկու երեխաների հետ միմյանց կապվածությունը, ինչպես նաև երեխաների հոր՝ Արման Համբարձումյանի, երեխաների պապի ու տատի միջև եղած փոխհարաբերությունները, Արման Համբարձումյանի՝ իր երեխաներին խնամելու համար բավարար եկամուտ ունենալու, սակայն տարբեր աշխատանքներով զբաղված ու ծանրաբեռնված լինելու արդյունքում Արման Համբարձումյանի զբաղվածության և երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու համար օբյեկտիվորեն բավարար ժամանակ չունենալու, և արդյունքում՝ երկու երեխաների խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում՝ երեխաների տատի ու պապի զբաղվելու հանգամանքները, երեխաների դաստիարակությանը հավակնող երկու ծնողների կյանքի հետազոտության արդյունքում՝ հանգել է այն եզրակացության, որ հաշվի առնելով երկու երեխաների տարիքը և այն փաստը, որ երեխաները այդ տարիքում ավելի շատ մոր խնամքի կարիքն ունեն, 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Համբարձումյանի և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Համբարձումյանի հետագա խնամքը թողնել երեխաների մորը՝ Դիաննա Մկրտչյանին (հատոր 1-ին, գ. թ. 174-175):
Ընդհանրացնելով Զարթոնք և Արտաշար համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերոնշյալ եզրակացությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանցով հանձնաժողովները եկել են եզրակացության, որ ինչպես Արման Համբարձումյանը, այնպես էլ Դիաննա Մկրտչյանը ունեն բավարար բնակարանային պայմաններ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով երեխաների բնակության վայրը որոշելու մի շարք չափանիշներ, ինչպիսիք են, օրինակ, երեխաների տարիքը, երկու երեխաների միմյանց և իրենց մոր հետ կապվածությունը, երեխաների հոր՝ Արման Համբարձումյանի, երեխաների պապի ու տատի միջև եղած փոխհարաբերությունները, Արման Համբարձումյանի՝ իր երեխաներին խնամելու համար բավարար եկամուտ ունենալու, սակայն տարբեր աշխատանքներով զբաղված ու ծանրաբեռնված լինելու արդյունքում Արման Համբարձումյանի զբաղվածության և երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու համար օբյեկտիվորեն բավարար ժամանակ չունենալու, և արդյունքում՝ երկու երեխաների խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում՝ երեխաների տատի ու պապի զբաղվելու հանգամանքները՝ հանձնաժողովները եկել են արդարացի եզրակացության, որ երեխաների բնակության վայր պետք է սահմանվի մոր՝ Դիաննա Մկրտչյանի բնակության վայրը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողություններին, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել Ալմաստ և Արմեն Համբարձումյանների հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացությունները՝ չնայած նշված եզրակացությունների՝ երեխաների հոգեկան վիճակը, վերջիններիս հոգեբանական վերաբերմունքը, նրանց հարաբերությունները և կապվածությունը միմյանց և ծնողների հետ բավականին մանրամասն արտահայտելուն, Ալմաստ Համբարձումյանի կարծիքը ծնողներից մեկի հետ բնակվելու հարցում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք ևս անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի 07.03.2018 թվականի հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացության համաձայն՝ «… Ալմաստ Համբարձումյանն ընդհանուր առմամբ անինքնավստահ է, լարված, տագնապային, միջանձնային հարաբերություններում խուսափում է կոնֆլիկտներից, տագնապում է դրանցից, պասիվ է, ընկերական շրջապատում չի նախընտրում կենտրոնական դիրքեր, գերադասում է լինել որևէ նշանակալից անձի կողքին, ուժեղ հուզական դրական կապ է դրսևորում հոր հանդեպ, վստահում է նրան, դիտարկում է որպես ապահովության աղբյուր, դրսևորում է վախ մոր հանդեպ, մերժում է նրան, մատնանշում է բացասական վերաբերմունք իր հանդեպ, դժվարանում է երազանքներ ունենալ, պատկերացնել ապագան, միայն երազում է արագ մեծանալ: Առաջարկ. համաձայն հոգեախտորոշիչ եզրակացության արդյունքների՝ Համբարձումյան Ալմաստի հետ անհրաժեշտ է իրականացնել հոգեթերապևտիկ աշխատանք, որն ուղղված կլինի նրա մոտ առկա վերը նշված հոգեբանական խնդիրների հաղթահարմանը և դրսևորումների մեղմացմանը, ինչպես նաև մոր հետ կապված սուր հուզական, բացասական արձագանքի հաղթահարմանը» (հատոր 1-ին, գ. թ. 204-207):
Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի 07.03.2018 թվականի հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացության համաձայն՝ «…Արմեն Համբարձումյանն ունի թաքնված ագրեսիա, խուսափում է նոր շփումներից՝ հիմնականում վախենալով, որ իրեն կարող են վնասել, տագնապային է, զգուշավոր՝ հատկապես անծանոթների հետ, հուզականորեն լարված է և ունի տագնապայնության բարձր մակարդակ, վախի բարձր մակարդակ, ինչը վկայում է հնարավոր դիսթրեսի մասին, ունի դրական հուզական վերաբերմունք հոր նկատմամբ, մասնավորապես՝ պաշտպանություն է փնտրում նրա մոտ, ցուցաբերում է հուզական ջերմ կապվածություն հոր և քրոջ հանդեպ: Առաջարկ. Համաձայն հոգեախտորոշիչ հետազոտության արդյունքների՝ Արմեն Համբարձումյանի հետ անհրաժեշտ է իրականացնել հոգեթերապևտիկ աշխատանք, որն ուղղված կլինի նրա մոտ առկա վերը նշված հոգեբանական խնդիրների հաղթահարմանը և դրսևորումների մեղմացմանը» (հատոր 1-ին, գ. թ. 208-210):
10.04.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Ալմաստ Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ ուզում է հոր հետ մնալ (հիմք՝ 10.04.2018 թվականի դատական նիստի արձանագրության կրիչ) (հատոր 1-ին, գ. թ. 228):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև վերոնշյալ եզրակացություններն ու Ալմաստ Համբարձումյանի կարծիքը հանդիսանում են երեխաների՝ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Համբարձումյանի և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Համբարձումյանի՝ հոր հետ կապվածությունը վկայող ապացույցներ, այնուամենայնիվ չեն կարող հանդիսանալ երեխաների բնակության վայրը որոշելու միակ չափանիշ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ պարագայում Ալմաստ և Արմեն Համբարձումյանների հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացությունները, տասը տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնելու հիմքով վերջիններիս խնամակալությունը հորը հանձնելու պայմաններում ըստ էության, կխախտվի ծնողի` Դիաննա Մկրտչյանի` այլ անձանց հանդեպ երեխային խնամելու և դաստիարակելու նախապատվության իրավունքը, քանի որ գործում առկա այլ ապացույցներից պարզ է դառնում, որ երեխաների հայրը՝ Արման Համբարձումյանը, զբաղվածության պատճառով երեխաների խնամքով ու պատշաճ դաստիարակությամբ զբաղվելու համար օբյեկտիվորեն բավարար ժամանակ չունի, և արդյունքում՝ երկու երեխաների խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում հոր մոտ եղած ժամանակահատվածում զբաղվել են երեխաների տատն ու պապը:
Վճռաբեկ դատարանը, ելնելով երեխաների լավագույն շահերից և հաշվի առնելով երեխաների կապվածությունը, երեխաների տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը, հետազոտելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, գտնում է, որ ներկայումս անչափահասներ 28.08.2009 թվականին ծնված Ալմաստ Համբարձումյանին և 26.04.2014 թվականին ծնված Արմեն Համբարձումյանին բնակության վայրը մոր՝ Դիաննա Մկրտչյանի հետ սահմանելը բխում է երեխաների լավագույն շահերից: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցը պետք է բավարարվեր, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Արման Համբարձումյանից ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով Դատարանի 25․04․2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն այն փաստարկի մատնանշմամբ, որ հայցը՝ բնակության վայր սահմանելու պահանջի մասով, մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու պարագայում, առարկայազուրկ է դառնում նաև ալիմենտի բռնագանձման պահանջը, այսինքն՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով չի ներկայացվել Դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտման որևէ հիմք կամ այլ հիմնավորում, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի 25․04․2018 թվականի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը՝ առանց անդրադառնալու ալիմենտի բռնագանձման պահանջի մասով հայցի բավարարման հիմնավորվածությանը, այդ կապակցությամբ ըստ էության բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Արման Համբարձումյանից հօգուտ Դիաննա Մկրտչյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2018 թվականի վճռին:
2. Արման Համբարձումյանից հօգուտ Դիաննա Մկրտչյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Միքայելյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան | |
|