Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական 

և վարչական պալատի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1298/02/08

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1298/02/08

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

2021 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանների և Մարինե Հախվերդյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարդան, Վահե, Մարինե, Արմինե, Անի Վարդանյանների` հողամասի օտարման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է համարժեք փոխհատուցմամբ օտարել ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող, Վարդան, Վահե, Արմինե, Անի և Մարինե Վարդանյաններին պատկանող 310-011 և 306-047 ծածկագրերով անշարժ գույքը` 0,932 հեկտար, 0,723 հեկտար, 0,334 հեկտար մակերեսով հողամասերը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Ս. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մատինյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Ն. Հովսեփյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2009 թվականի որոշմամբ Վարդան Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.11.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշման դեմ Վարդան Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանները և Մարինե Հախվերդյանը (ներկայացուցիչ Կարեն Թումանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 14.02.2019 թվականի Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4178/10) գործով վճիռը, որի համաձայն՝ տեղի է ունեցել Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանների և Մարինե Հախվերդյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Արձանագրելով, որ «սույն գործում չի վիճարկվում այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով, ուստի դատարանը պետք է պարզի, թե արդյոք վիճարկվող գույքից զրկելն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել», գտել է, որ «այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ դիմումատուներին, անկախ հանգամանքներից, պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների և ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` իրենց ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար կլինի, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին», եզրահանգել է, որ «Դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել։ Հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ու բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի բաժնետերերի 28.12.2007 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 46 արձանագրության համաձայն՝ ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշմամբ, Վարդան, Մարինե, Վահե, Արմինե, Անի Վարդանյաններին պատկանող 310-011 ծածկագրով 0,932հա, 0,723հա և 306-047 ծածկագրով 0,334հա մակերեսով հողամասերը ենթակա են օգտագործման պետական և հասարակական կարիքների համար: Նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ օտարվող հողամասերի ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ նրա որոշմամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված Ընկերությունը։ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի բաժնետերերի 28.12.2007 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 071228/3 որոշմամբ Ընկերությունն ընտրվել է օտարման ենթակա սեփականության ձեռք բերող (հատոր 1-ին, գ.թ.6-7):

2. Ընկերությունը փոստային ծառայության միջոցով պատասխանողներին ուղարկել է հողերի օտարման պայմանագրերի նախագծերը։ Պատասխանողները օտարման պայմանագրերին չեն արձագանքել։ Ընկերությունը «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով իրականացրել է պատասխանողներին պատկանող հողամասերի շուկայական արժեքի գնահատումը: Համաձայն «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման ԱԳ-N3378 և ԱԳ-N3349 հաշվետվությունների, Վարդան, Մարինե, Վահե, Արմինե, Անի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող 310-011 ծածկագրով 0,932հա, 0,723հա վարելահողի և խոտհարքի շուկայական արժեքը կազմում է 950 հազար դրամ, իսկ 306-047 ծածկագրով 0,334հա վարելահողի արժեքը՝ 163 հազար դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8-17, 28-37)։

3. Ընկերությունը նշված գումարները 15% հավելումով 01.04.2008 թվականին վճարել է Թումանյանի տարածքային նոտար Ս. Մայիլյանի դեպոզիտ հաշվին, որի մասին ծանուցել է պատասխանողներին։ Պատասխանողները դեպոզիտ հանձնված գումարները չեն ստացել, օտարման պայմանագիր չեն կնքել, որի պատճառով Ընկերությունը դիմել է դատարան (հատոր 1-ին, գ.թ. 19)։

4. «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի ուղղված հաշվետվությունների համաձայն` 310-011 ծածկագրով 0,932հա 0,723հա վարելահողի և խոտհարքի շուկայական արժեքը կազմում է 986 հազար դրամ, իսկ 306-047 ծածկագրով 0,334 վարելահողի արժեքը կազմում է 173 հազար դրամ։ Նշված հողերի համարժեք փոխհատուցման գումարը, ներառյալ 15% հավելում, կազմում է համապատասխանաբար 1.133.900 դրամ և 198.950 դրամ (հատոր 1-ին, գ.թ. 68-77)

5. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի վճռով արձանագրել է, որ «սույն գործում չի վիճարկվում այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով, ուստի Դատարանը պետք է պարզի, թե արդյոք վիճարկվող գույքից զրկելն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել», արձանագրել է «այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ դիմումատուներին, անկախ հանգամանքներից, պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների և ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` իրենց ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար կլինի, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին», եզրահանգել է, որ «Դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել։ Հետեւաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ» (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։

Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R(2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է համարժեք փոխհատուցմամբ օտարել ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող 310-011 և 306-047 ծածկագրերով անշարժ գույքը` 0,932 հեկտար, 0,723 հեկտար, 0,334 հեկտար մակերեսով հողամասերը: 

Ընկերության հայցն ընդդեմ Վարդան, Վահե, Արմինե, Անի, Մարինե Վարդանյանների՝ ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող 310-011 և 306-047 ծածկագրերով անշարժ գույքը` 0,932 հեկտար, 0,723 հեկտար, 0,334 հեկտար մակերեսով հողամասերն օտարելու պահանջի մասին, Դատարանի 07.11.2008 թվականի վճռով բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշմամբ Վարդան Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.11.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշման դեմ Վարդան Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանների և Մարինե Հախվերդյանի, թիվ 4178/10 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «44. Սույն գործում չի վիճարկվում այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով, ուստի Դատարանը պետք է պարզի, թե արդյոք վիճարկվող գույքից զրկելն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել», արձանագրել է, «այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ դիմումատուներին, անկախ հանգամանքներից, պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների և ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` իրենց ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար կլինի, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին», գտել է, որ «Դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Վարդանյանն ու Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել դիմումատուների կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4178/10) գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանների և Մարինե Հախվերդյանի խախտված կոնվենցիոն իրավունքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս՝ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը բեկանելու ու գործը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2021 թվական: