ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1698-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1089-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1402-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1089-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251600000 դրամ ընդհանուր գնահատված արժեքով և 1141.1 քառ. մետր ու 1628.3 քառ. մետր դպրոցի մասնաշենքերը և 122 մլն 965 հազ. 185 դրամ կադաստրային արժեքով ու 0.20874 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0256, տրված` 10.09.2021 թ.), 3692.8 քառ. մետր ու 1 մլրդ 251 մլն 744 հազ. դրամ գնահատված արժեքով դպրոցի մասնաշենքը և 592 մլն 493 հազ. 7791 դրամ կադաստրային արժեքով ու 1,00579 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0278, տրված` 10.09.2021 թ.) (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (այսուհետ՝ համալսարան)՝ նպատակային նշանակության օգտագործման համար:».
2) 2-րդ կետում «5 տարում (2019-2023 թթ.) իրականացնել 230.0 մլն դրամի ներդրումներ՝ ուսումնական մասնաշենքերի վերանորոգման և տարածքների բարեկարգման համար» բառերը փոխարինել «3 տարում՝ 2021-2023 թթ. իրականացնել 350.0 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի» բառերով.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համալսարանի հետ համատեղ՝
1) երկամսյա ժամկետում լուծել համալսարանի հետ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 28/008 եռակողմ պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. համալսարանը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում,
բ. սույն որոշման 2-րդ կետով սահմանված ներդրումները չկատարելու կամ մինչև 30 տոկոս կատարելու դեպքում համալսարանը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով,
գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում համալսարանը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 0,5 տոկոսի չափով,
դ. համալսարանը կարող է սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել վերջինիս կողմից հիմնադրված տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներին, ոչ առևտրային և առևտրային ընկերություններին միայն կոմիտեի համաձայնությամբ.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մի մասը հետ վերցնելու և այն Ռուս-հայկական համալսարանում ներդնելու մասին» N 1402-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|