Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6898/02/18

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6898/02/18

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան

 Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2021 թվականի հոկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Էլիպս Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 02.05.2017 թվականին կնքված պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման թիվ «ՇՀԱՊԲՁ-20/1-2» պայմանագրի հիման վրա 16.500.000 ՀՀ դրամի չափով մատակարարված ապրանքների գինը վճարելուն պարտավորեցնելու, ՀՀ պաշտպանության նախարարությունից հօգուտ Ընկերության 2.763.750 ՀՀ դրամ` որպես կողմերի միջև 02.05.2017 թվականին կնքված պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման թիվ «ՇՀԱՊԲՁ-20/1-2» պայմանագրի 7.5 կետով նախատեսված տուժանք բռնագանձելու, տույժերի հաշվարկը մինչև պարտավորության դադարման օրը շարունակելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ Ընկերության՝ 2.376.000 ՀՀ դրամի չափով տուժանք բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնել վճարել իրենց միջև 02.05.2017 թվականին կնքված պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման թիվ «ՇՀԱՊԲՁ-20/1-2» պայմանագրի հիման վրա 16.500.000 ՀՀ դրամի չափով մատակարարված ապրանքների գինը, ՀՀ պաշտպանության նախարարությունից բռնագանձել 2.763.750 ՀՀ դրամ՝ որպես պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման վերաբերյալ իրենց միջև 02.05.2017 թվականին կնքված թիվ «ՇՀԱՊԲՁ-20/1-2» պայմանագրի 7.5 կետով նախատեսված տուժանք և տույժերի հաշվարկը շարունակել մինչև պարտավորության դադարման օրը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պահանջել է «Ընկերությունից բռնագանձել 2.376.000 ՀՀ դրամ, որից 1.650.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրի կատարման ապահովման տուժանք, 643.500 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման համար հաշվարկված տույժ, 52.500 ՀՀ դրամը՝ որպես տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու համար հաշվարկված տուգանք»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2019 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.11.2019 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 27.05.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ Ատոմ Ջանջուղազյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ Կարեն Մեհրաբյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 529-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 10.02.2011 թվականի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 115-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, 345-րդ և 347-րդ հոդվածները, 528-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 352-րդ հոդվածի 1-ին կետը, 448-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 439-րդ հոդվածի 3-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 10.02.2011 թվականի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 95-րդ և 96-րդ կետերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործում առկա փաստերը Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատվելու դեպքում ակնհայտ կդառնար, որ Պայմանագրով նախատեսված ապրանքի հանձնման-ընդունման արձանագրություն առկա չէ, քանի որ 15.000 միավոր բահերը չեն ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ պայմանագրով սահմանված ժամկետի ուշացումով մատակարարված ապրանքի պատասխանատու ստորաբաժանման՝ ՀՀ ԶՈՒ ԻԶՎ ինժեներական սպառազինության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Ա. Մուրադյանի 18.12.2017 թվականի թիվ 1 եզրակացությամբ տրվել է բացասական եզրակացություն, քանի որ մատակարարված բահերը չեն համապատասխանել Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին:

Հակընդդեմ հայցը բավարարելու պայմաններում հիմնավորվում է այն փաստը, որ Ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք և մատակարարումն իրականացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, որի արդյունքում պայմանագիրը չի կատարվել կամ կատարվել է ոչ պատշաճ։ Հետևաբար, Դատարանի կողմից հակընդդեմ հայցի բավարարումն արդեն իսկ բացառում էր սկզբնական հայցը բավարարելու հնարավորությունը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը գրավոր ապացույցների շարքից դուրս է թողել 16.12.2017 թվականի արձանագրությունը, որով Ընկերության տնօրենը տեղեկացվել է պայմանագրին չհամապատասխանող ապրանքներ մատակարարելու վերաբերյալ, 26.03.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/16 որոշումը, որով արձանագրվել է, որ Ընկերության կողմից խախտվել են պայմանագրի 3.1-րդ կետի 3.1.7.1-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, այսինքն՝ մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, այն մատակարարվել է 78 օր ուշացումով, 16.05.2018 թվականի թիվ ԴՎԱ/1715 գրությունը՝ հասցեագրված Ընկերության տնօրենին, որով տեղեկացվել է, որ Ընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում կազմակերպել ՀՀ ՊՆ զորամասի պահեստ մուտքագրված և չընդունված ապրանքի տեղափոխումը նշված տարածքից, ինչի մասին գրավոր պետք է տեղեկացնի ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ին: Դատարանը չի որոշել վերոնշյալ ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության հարցը և չի ուսումնասիրել դրանք գործում առկա բոլոր ապացույցների համակցության մեջ, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Կողմերի միջև 16.12.2017 թվականին ստորագրված ակտով արձանագրվել է, որ մատակարարված բահերի խմբաքանակը տեխնիկական բնութագրով չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին։ Այդ փաստն ընդունվել է Ընկերության կողմից։ Ավելին, Ընկերության կողմից ընդունվել է նաև, որ ապրանքը մատակարարվել է ուշացումով։ Նշված փաստերը հիմք կարող են հանդիսանալ բացառապես մատակարարված ապրանքը չընդունելու կամ պայմանագիրը լուծելու համար, որի համար կողմերը պայմանագրով սահմանել են ընթացակարգ։ Մինչդեռ, չնայած նրան, որ առկա են եղել մատակարարված բահերի թերություններ և կետանցումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված ժամկետներում չի օգտվել պայմանագրով և օրենքով իրեն վերապահված՝ պատճառաբանված կարգով ապրանքի ընդունումը մերժելու կամ նույն հիմքով պայմանագիրը լուծելու իր իրավունքներից։ Նման պայմաններում վերոնշյալ թերությունները և կետանցումները չեն բացառում Պայմանագրի 6.5 կետի ուժով ապրանքն ընդունված համարելու փաստը:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրավաչափ վարքագիծ դրսևորված լինելու վերաբերյալ փաստարկներին, ապա դրանք իրավախոչընդոտող փաստեր չեն և հիմք չեն հայցը մերժելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության ՆՏԱ դեպարտամենտի պետի ՊԺԿ Կ. Կարապետյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ Գնորդ, մի կողմից և «Էլիպս Գրուպ» ՍՊԸ-ն, ի դեմս ընկերության տնօրեն Կ. Մեհրաբյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ Վաճառող, մյուս կողմից, 02.05.2017 թվականին կնքել են պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման թիվ ՇՀԱՊԲՁ-20/1-2 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)։

Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է նույն Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով և գնման ժամանակացույցով նախատեսված ժամկետներում (հավելված 2) Գնորդին կամ նրա կողմից որոշված ստացողին (այսուհետ՝ Ստացող) մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանքներ (այսուհետ՝ Ապրանք), իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել այդ Ապրանքը և վճարել դրա համար (Հավելված 3):

Պայմանագրի 3.1.1 կետի համաձայն` Գնորդն իրավունք ունի Ապրանքը Պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել Ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի։

Պայմանագրի 3.1.2 կետի համաձայն՝ եթե հանձնվել է անպատշաճ որակի՝ Պայմանագրի 1.1 կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք, Գնորդն իրավունք ունի

ա) պահանջել հատուցելու Ապրանքի անպատշաճ որակի լինելու պատճառով իր կատարած ծախսերը,

բ) չընդունել Ապրանքն` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Ապրանքը Պայմանագրին համապատասխանող որակի Ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու Պայմանագրի 7.4 կետով նախատեսված տուգանքը:

գ) հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Ապրանքի համար վճարված գումարը։

Պայմանագրի 3.1.7 կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողը էականորեն խախտել է Պայմանագիրը:

Պայմանագրի 3.1.7.1 կետի համաձայն՝ Վաճառողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա) մատակարարվել է անպատշաճ որակի Ապրանք, որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում.

բ) Ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի։

Պայմանագրի 3.2.4 կետի համաձայն՝ Գնորդը պարտավոր է Ապրանքի քանակի, տեսականու, որակի մասին Պայմանագրի պայմանները խախտելու մասին Վաճառողին ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո՝ ողջամիտ ժամկետում, երբ Պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ՝ ելնելով Ապրանքի բնույթից և նշանակությունից։

Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն՝ Վաճառողը պարտավոր է Գնորդին հանձնել Ապրանքը՝ Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում։

Պայմանագրի 3.4.7 կետի համաձայն՝ Վաճառողը պարտավոր է հետ տանել Գնորդի կողմից Պայմանագրի 3.2.2 կետին համապատասխան պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն, ինչպես նաև հատուցել Ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ Վաճառողին վերադարձնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերը։

Պայմանագրի 6.1 կետի համաձայն՝ Վաճառողն Ապրանքը հանձնում է Գնորդին` Պայմանագրի հավելված 2-ում նշված ծավալներով և ժամկետներում:

Պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Գնորդի և Վաճառողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ, իսկ Պայմանագրի արդյունքը Գնորդին հանձնելու փաստը ֆիքսվում է երկկողմ հաստատված փաստաթղթով` նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը:

Պայմանագրի 6.3 կետի համաձայն՝ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվում է, եթե մատակարարված ապրանքը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդուման արձանագրություն չի ստորագրվում և Գնորդը՝

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված միջոցները.

բ) Վաճառողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Պայմանագրի 6.4 կետի համաձայն՝ Գնորդը հանձնման-ընդունման արձանագրությունը ստանալու պահից հինգօրյա ժամկետում Վաճառողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ Ապրանքը չընդունելու պատճառաբանված մերժումը։

Պայմանագրի 6.5 կետի համաձայն՝ Եթե Գնորդը Պայմանագրի 6.4 կետով սահմանված ժամկետում չի ընդունում Պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված և Պայմանագրի 6.4 կետով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը Գնորդը Վաճառողին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 11-14):

2. Պայմանագրի թիվ 2 և թիվ 3 հավելվածով նախատեսված գնման և վճարման ժամանակացույցի համաձայն՝ 15.000 հատ բահերը, որոնց ընդհանուր գինը կազմում է 16.500.000 ՀՀ դրամ, պետք է գնորդին մատակարարվի 2017 թվականի 3-րդ եռամսյակում (հատոր 1-ին, գ.թ. 15):

3. Պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ թիվ 1 ակտի համաձայն՝ 02.05.2017 թվականին կնքված թիվ ՇՀԱՊԲՁ-20/1-2 գնման պայմանագրի շրջանակներում Ընկերությունը 18.12.2017 թվականին հանձնման-ընդունման նպատակով հանձնեց բահեր՝ 15.000 հատ (հատոր 1-ին, գ.թ. 119):

4. ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից 16.12.2017 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ մուտք եղած բահերն իրենց տեխնիկական բնութագրով էականորեն տարբերվում են պայմանագրով նախատեսված բահերի տեխնիկական բնութագրից (հատոր 1-ին, գ.թ. 18):

5. 18.12.2017 թվականին ՀՀ ԶՈՒ ԻԶՎ ինժեներական սպառազինության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Ա. Մուրադյանի կողմից կազմված եզրակացության համաձայն՝ մատակարարված բահերն էականորեն տարբերվում են պայմանագրի տեխնիկական բնութագրով նշված բահից: Անհամապատասխանություններ կան, բոլոր ապրանքները չեն համապատասխանում տեխնիկական բնութագրերի պահանջներին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տրվել է բացասական եզրակացություն (հատոր 1-ին, գ.թ. 120):

6. ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի 26.03.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/16 որոշման համաձայն՝ խորհուրդը գտել է, որ «Էլիպս Գրուպ» ՍՊԸ-ն թույլ է տվել 02.05.2017 թվականին կնքված ՇՀԱՊԲՁ-20/1-2 ծածկագրով ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագրով նախատեսված պարտավորության խախտում, քանի որ պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված համապատասխան բահերի մատակարարում «Էլիպս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից չի իրականացվել, պայմանագրի թիվ 2 հավելվածով նախատեսված ժամկետում (հատոր 1-ին, գ.թ. 105-118):

7. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի 23.01.2018 թվականի թիվ ԴՎԱ/241 գրության համաձայն՝ Ընկերության կողմից 18.12.2017 թվականին մատակարարված բահերը չեն համապատասխանում Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին։ Պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան բահերի մատակարարում Ընկերության կողմից չի իրականացվել։ Հետևաբար հիմք ընդունելով Պայմանագրի 3.1.7 կետը, 3.1.7.1 կետի «բ» ենթակետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 19.01.2018 թվականին միակողմանի լուծում է ՇՀԱՊԲՁ-20/1-2 ծածկագրով պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 21)։

8. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի 16.05.2018 թվականի թիվ ԴՎԱ/1715 գրության համաձայն՝ Ընկերությանը հայտնվել է, որ 02.05.2017 թվականի Պայմանագիրը միակողմանի և ամբողջական 19.01.2018 թվականին լուծվել է, որի մասին Ընկերությանը տեղեկացվել է 23.01.2018 թվականի թիվ ԴՎԱ/241 գրությամբ: Հետևաբար անհրաժեշտ է եռօրյա ժամկետում կազմակերպել թվով 15.000 միավոր բահերի տեղափոխումը ՀՀ ՊՆ թիվ 13516 զորամասի տարածքից և գրավոր տեղեկացնել ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտին (հատոր 1-ին, գ.թ. 121)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 352-րդ և 528-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որ մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի: Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին (տե՛ս «Ստանդարտ Էներգո» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3094/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր գործով պետք է խստորեն պահպանի քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացույցների ձեռքբերման և գնահատման կանոնները, ինչը բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներից:

Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ու գնահատման դատավարական գործողությունների կարևորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում նույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Պայմանագրով նախատեսված ապրանքն ամբողջ ծավալով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելուց հետո վաճառողի կողմից 18.12.2017 թվականին գնորդին է ներկայացվել մատակարարված ապրանքի մասին իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության երկու օրինակ, թեև նույն օրը կազմվել է մատակարարված բահերը Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու մասին արձանագրություն, սակայն գնորդը պայմանագրի 6.4 կետով սահմանված հնգօրյա ժամկետում պատճառաբանված մերժում վաճառողին չի ներկայացրել, ինչն ինքնին հիմք է պայմանագրի 6.5 կետի համաձայն մատակարարված ապրանքը գնորդի կողմից ընդունված համարելու համար։

Դատարանը, հակընդդեմ հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Պայմանագրի թիվ 2 հավելվածով նախատեսված գնման ժամանակացույցի համաձայն՝ 15.000 հատ բահերը, որոնց ընդհանուր գինը կազմել է 16.500.000 ՀՀ դրամ, պետք է գնորդին մատակարարվեր 2017 թվականի 3-րդ եռամսյակում, մինչդեռ 15.000 հատ բահերը մատակարարվել են 18.12.2017 թվականին, այսինքն՝ Պայմանագրի թիվ 2 հավելվածով նախատեսված գնման ժամանակացույցի խախտմամբ, և մատակարարված բահերը չեն համապատասխանում Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքները, պատճառաբանել է, որ չնայած նրան, որ առկա են եղել մատակարարված բահերի թերություններ և կետանցումներ, այդուհանդերձ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի օգտվել Պայմանագրով և օրենքով իրեն վերապահված՝ ապրանքի ընդունումը մերժելու կամ նույն հիմքով՝ Պայմանագիրը լուծելու իր իրավունքներից, որպիսի պարագայում Պայմանագրի 6.4 կետի և 6.5 կետի ուժով ապրանքը համարվել է ընդունված:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ ապրանքը մատակարարվել է 78 օր ուշացումով և չի համապատասխանել ապրանքի համար սահմանված տեխնիկական պայմաններին, սակայն այդ խախտումները չեն հանգեցրել որևէ հետևանքի այն պատճառով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի դիմել իրավունքի պաշտպանության համապատասխան միջոցի: Իսկ 23.01.2018 թվականին պայմանագիրը միակողմանիորեն լուծելու մասին գրությունը ժամանակավրեպ է և չի կարող ազդել գործի ելքի վրա, քանի որ դեռևս 18.12.2017 թվականից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն իրավունք ուներ պատճառաբանված կերպով մերժելու ապրանքի ընդունումը, ինչը չի կատարել, և ապրանքը Պայմանագրի 6.4 կետով սահմանված 5-օրյա ժամկետն անցնելու փաստի ուժով համարվել է ընդունված: Անդրադառնալով մատակարարված ապրանքը տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու մասին 18.12.2017 թվականի բացասական եզրակացությամբ արձանագրությանը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ապրանքի պատճառաբանված մերժում, քանի որ տեղեկություններ չի պարունակում ապրանքի ընդունումը մերժելու հարցի վերաբերյալ, այլ բնութագրում է ապրանքի որակական և տեխնիկական հատկանիշները, և այն մատակարարին Պայմանագրի 6.4 կետով սահմանված 5-օրյա ժամկետում հանձնած լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Անդրադառնալով ՀՀ ՊՆ ԶՈՒ ԻԶՎ հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից 16.12.2017 թվականին կազմված արձանագրությանը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «անհասկանալի է, թե ապրանքը 18.12.2017թ. մատակարարված լինելու պարագայում ինչպես կարող էր 16.12.2017թ. արձանագրություն կազմվել»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Ընկերության միջև 02.05.2017 թվականին կնքել է պետության կարիքների համար ապրանքների մատակարարման Պայմանագիր, որով վաճառողը պարտավորվել է նույն Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով և գնման ժամանակացույցով նախատեսված ժամկետներում (հավելված 2) գնորդին կամ նրա կողմից որոշված ստացողին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանքներ, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ ապրանքը և վճարել դրա համար (հավելված 3) (1.1 կետ): Պայմանագրի համաձայն` Գնորդն իրավունք ունի Ապրանքը Պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարվելու դեպքում հրաժարվելու Ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի (3.1.1 կետ): Եթե հանձնվել է անպատշաճ որակի՝ Պայմանագրի 1.1 կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք, Գնորդն իրավունք ունի.

ա) պահանջելու հատուցել Ապրանքի անպատշաճ որակի լինելու պատճառով իր կատարած ծախսերը,

բ) չընդունելու Ապրանքն` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Ապրանքը Պայմանագրին համապատասխանող որակի Ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ, և պահանջելու Վաճառողից վճարելու Պայմանագրի 7.4 կետով նախատեսված տուգանքը:

գ) հրաժարվելու Պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնելու Ապրանքի համար վճարված գումարը (3.1.2 կետ):

Գնորդն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողը էականորեն խախտել է Պայմանագիրը (3.1.7 կետ):

Վաճառողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա) մատակարարվել է անպատշաճ որակի Ապրանք, որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում.

բ) Ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի(3.1.7.1 կետ):

Ապրանքի քանակի, տեսականու, որակի մասին Պայմանագրի պայմանները խախտելու մասին Վաճառողին ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո՝ ողջամիտ ժամկետում, երբ Պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ՝ ելնելով Ապրանքի բնույթից և նշանակությունից (3.2.4 կետ):

Վաճառողը պարտավոր է Գնորդին հանձնել Ապրանքը՝ Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում (3.4.1 կետ):

Վաճառողն Ապրանքը հանձնում է Գնորդին` Պայմանագրի հավելված 2-ում նշված ծավալներով և ժամկետներում (6.1 կետ):

Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Գնորդի և Վաճառողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ, իսկ Պայմանագրի արդյունքը Գնորդին հանձնելու փաստը ֆիքսվում է երկկողմ հաստատված փաստաթղթով` նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը (6.2 կետ):

Հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվում է, եթե մատակարարված ապրանքը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդուման արձանագրություն չի ստորագրվում և Գնորդը՝

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված միջոցները.

բ) Վաճառողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ (6.3 կետ):

Գնորդը հանձնման-ընդունման արձանագրությունը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Վաճառողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ Ապրանքը չընդունելու պատճառաբանված մերժումը (6.4 կետ):

Եթե Գնորդը Պայմանագրի 6.4 կետով սահմանված ժամկետում չի ընդունում Պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված և Պայմանագրի 6.4 կետով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը Գնորդը Վաճառողին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը (6.5 կետ):

Պայմանագրի թիվ 2 և թիվ 3 հավելվածով նախատեսված գնման և վճարման ժամանակացույցի համաձայն՝ 15.000 հատ բահերը, որոնց ընդհանուր գինը կազմել է 16.500.000 ՀՀ դրամ, պետք է գնորդին մատակարարվեր 2017 թվականի 3-րդ եռամսյակում:

Պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ թիվ 1 ակտի համաձայն՝ 02.05.2017 թվականին կնքված թիվ ՇՀԱՊԲՁ-20/1-2 գնման պայմանագրի շրջանակներում Ընկերությունը 18.12.2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնման-ընդունման նպատակով հանձնել է 15.000 հատ բահեր։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից 16.12.2017 թվականին կազմվել է արձանագրություն այն մասին, որ մատակարարված 15.000 հատ բահերն իրենց տեխնիկական բնութագրով էականորեն տարբերվում են Պայմանագրով նախատեսված բահերի տեխնիկական բնութագրից, որպիսի փաստը ստորագրությամբ և կնիքով հաստատել է նաև Ընկերության տնօրենը։

ՀՀ ԶՈՒ ԻԶՎ ինժեներական սպառազինության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Ա. Մուրադյանի կողմից 18.12.2017 թվականին տրվել է բացասական եզրակացություն, որի համաձայն՝ մատակարարված բահերը էականորեն տարբերվում են պայմանագրի տեխնիկական բնութագրով նշված բահից. անհամապատասխանություններ կան, բոլոր ապրանքները չեն համապատասխանում տեխնիկական բնութագրերի պահանջներին:

ՀՀ պաշտպանության նախարարության 23.01.2018 թվականի թիվ ԴՎԱ/241 գրության համաձայն՝ Ընկերության կողմից 18.12.2017 թվականին մատակարարված բահերը չեն համապատասխանում Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին։ Պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան բահերի մատակարարում Ընկերության կողմից չի իրականացվել։ Հետևաբար հիմք ընդունելով Պայմանագրի 3.1.7 կետը և 3.1.7.1 կետի «բ» ենթակետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 19.01.2018 թվականին միակողմանի լուծել է ՇՀԱՊԲՁ-20/1-2 ծածկագրով պայմանագիրը։

ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի 26.03.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/16 որոշմամբ արձանագրվել է, որ Ընկերությունը թույլ է տվել 02.05.2017 թվականին կնքված ՇՀԱՊԲՁ-20/1-2 ծածկագրով ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագրով նախատեսված պարտավորության խախտում, քանի որ պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված համապատասխան բահերի մատակարարում «Էլիպս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից չի իրականացվել պայմանագրի թիվ 2 հավելվածով նախատեսված ժամկետում:

ՀՀ պաշտպանության նախարարության 16.05.2018 թվականի թիվ ԴՎԱ/1715 գրության համաձայն՝ Ընկերությանը հայտնվել է, որ 02.05.2017 թվականի Պայմանագիրը 19.01.2018 թվականին միակողմանիորեն և ամբողջովին լուծվել է, որի մասին Ընկերությունը տեղեկացվել է 23.01.2018 թվականի թիվ ԴՎԱ/241 գրությամբ, հետևաբար, անհրաժեշտ է եռօրյա ժամկետում կազմակերպել թվով 15.000 միավոր բահերի տեղափոխումը ՀՀ ՊՆ թիվ 13516 զորամասի տարածքից և գրավոր տեղեկացնել ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտին:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ստորադաս դատարանները, ըստ էության, հանգել են այն հետևության, որ թեև նույն օրը կազմվել է մատակարարված բահերը պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու մասին եզրակացություն, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը Պայմանագրով սահմանված հնգօրյա ժամկետում պատճառաբանված մերժում չի ներկայացրել Ընկերությանը, ինչը մատակարարված ապրանքը գնորդի կողմից ընդունված համարելու հիմք է:

Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության հանձնաժողովի կողմից 16.12.2017 թվականին կազմված արձանագրության բովանդակությունից հետևում է, որ դրանով ՀՀ պաշտպանության նախարարությունը փաստել է, իսկ Ընկերությունն ընդունել է, որ մատակարարված ապրանքը չի համապատասխանում Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին: Միաժամանակ, սույն գործի քննությամբ հաստատվել է այն փաստը, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից չեն ստորագրվել Ընկերության կողմից 18.12.2017 թվականին ներկայացված մատակարարված ապրանքի վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրությունների օրինակները: Ընդ որում, նշված գործողությունները կատարվել են Պայմանագրի 6.4 կետով սահմանված հնգօրյա ժամկետի ընթացքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը Պայմանագրի 6.4 կետով սահմանված «պատճառաբանված մերժում» եզրույթի չափազանց նեղ մեկնաբանության արդյունքում չի անդրադարձել ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության հանձնաժողովի կողմից 16.12.2017 թվականին կազմված արձանագրության ապացուցողական նշանակությանն ընդհանրապես, իսկ Վերաքննիչ դատարանը նշված ապացույցը չի գնահատել մյուս ապացույցների, մասնավորապես ՀՀ ԶՈՒ ԻԶՎ ինժեներական սպառազինության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Ա. Մուրադյանի կողմից 18.12.2017 թվականին տրված բացասական եզրակացության, Ընկերության կողմից 18.12.2017 թվականին ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունների չստորագրված օրինակների հետ համակցության մեջ: Ստորադաս դատարանները, մասնավորապես, քննության առարկա չեն դարձրել այն հարցը, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ապրանքի ընդունումը մերժելը, ըստ էության, չէր կարող դրսևորվել անպատշաճ որակի ապրանք մատակարարված լինելու վերաբերյալ արձանագրություն կազմելով, այդ մասին Ընկերությանը հայտնելով և հանձնման-ընդունման արձանագրության օրինակները չստորագրելով:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության հանձնաժողովի արձանագրությունը ապրանքի մատակարարման ամսաթվից ավելի վաղ թվագրված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիտարկմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցի արժանահավատությունը չի կարող կասկածի տակ դրվել այն դեպքում, երբ մյուս կողմը չի վիճարկել այն:

Հիմք ընդունելով վերոգրյալ եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել 16.12.2017 թվականին կազմված արձանագրության և 18.12.2017 թվականի բացասական եզրակացության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, այն դեպքում, երբ բողոքաբերը պնդել է, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործով վեճի լուծման համար։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքները բացահայտված լինելու պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Անդրադառնալով սույն գործով ներկայացված սկզբնական և հակընդդեմ հայցերի միաժամանակյա բավարարման անհնարինության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, և այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, ապա այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե՝

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:

Հակընդդեմ հայցին ներկայացվող պահանջները թվարկված են առանձնացված կետերով, որոնք տարանջատված չեն «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, ուստի դրանցից թեկուզ մեկի առկայությունը բավարար է հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու համար։ Վերոգրյալից հետևում է, որ հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը կարող է պայմանավորված լինել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված որևէ պայմանով։

Սույն գործով սկզբնական հայցով հայցվորը պահանջել է պատասխանողին պարտավորեցնել վճարելու իրենց միջև կնքված ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքների գինը, պատասխանողից բռնագանձել պայմանագրով նախատեսված տուժանք և տույժերի հաշվարկը շարունակել մինչև պարտավորության դադարման օրը: Հակընդդեմ հայցով հայցվորը պահանջել է հակընդդեմ հայցով պատասխանողից բռնագանձել պայմանագրի կատարման ապահովման տուժանք, պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման համար հաշվարկված տույժ, տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու համար հաշվարկված տուգանք։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցը վարույթ է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով և գործի քննության արդյունքում բավարարել է հակընդդեմ հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն այդ մասով թողնելով օրինական ուժի մեջ, իրավաչափ է համարել Դատարանի նման դիրքորոշումը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը սկզբնական և հակընդդեմ հայցերի առարկաների ուսումնասիրության արդյունքում եզրակացնում է, որ հակընդդեմ հայցի բավարարումը՝ ոչ պատշաճ որակի ապրանքի մատակարարման համար տուգանքի բռնագանձման պահանջի մասով, կարող է բացառել այդպիսի ապրանքի համար վճարում կատարելու մասին հայցապահանջի բավարարումը՝ նկատի ունենալով, որ երկու պահանջների ըստ էության լուծման համար էական նշանակություն ունի պատշաճ որակի ապրանքի մատակարարման փաստը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան