Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-225-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2005-01.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1472
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում (այսուհետ՝ հանրային ծառայությունների ոլորտ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների (այսուհետ` կարգավորման պարտադիր վճարներ) հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը, կարգավորման պարտադիր վճարներ վճարողների շրջանակը, վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը

 

Կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:

Գ Լ ՈՒ Խ  2

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Կարգավորման պարտադիր վճարներ վճարողները

 

Կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ:

Հոդված 4. Վճարողների հաշվառման կարգը

 

Հանձնաժողովը սահմանում է վճարողների հաշվառման կարգը, հաստատում է վճարողների անվանական կազմը յուրաքանչյուր տարվա համար և իրականացնում է վճարողների հաշվառումը:

Հոդված 5. Վճարողների իրավունքները

 

Վճարողներն իրավունք ունեն`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող իրենց հաշվառման վայրի հարկային մարմնի (այսուհետ` հարկային մարմին) և հանձնաժողովի գործողությունները.

բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա կարգավորման պարտադիր վճարի գումարը:

Հոդված 6. Վճարողների պարտականությունները

 

Վճարողները պարտավոր են`

ա) ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարը.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

Հոդված 7. Կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորության դադարումը

 

Վճարողների կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով:

Գ Լ ՈՒ Խ  3

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8.

Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը

1. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ):

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է`

ա) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇը)` հաշվի առնելով սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված կարգով հաշվառման վերցված յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3….. Վn) համար սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված իրացման շրջանառությունները (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3…… ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների.

բ) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿ1, ՏԿ2, ՏԿ3….. ՏԿn).

գ) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3………Դn)՝ որպես յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի և հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) արտադրյալ, որը ներառվում է յուրաքանչյուր վճարողի սակագնում կամ ծառայությունների մատուցման վճարի մեջ (մինչև ավելացված արժեքի հարկի կիրառումը):

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում` հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հաշվարկման և ներկայացման հետ միաժամանակ:

Հոդված 9. Սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկները ներկայացվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին:

Գ Լ ՈՒ Խ  4

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10. Հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները

 

1. Վճարողները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը կարգավորման պարտադիր վճարների հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմին:

Կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի հետ:

2. Նախորդ ժամանակաշրջանների համար ներկայացված կարգավորման պարտադիր վճարի հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակաշրջանների համար պարտավորությունների վերահաշվարկ:

Հոդված 11. Կարգավորման պարտադիր վճարների վճարման կարգը և ժամկետները

 

1. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի մեկ քառորդի չափով վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա երեսունից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

2. Հանրային ծառայությունների ոլորտում մեկից ավելի կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր գործունեության համար առանձին։

3. Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը

 

Սույն օրենքով սահմանված կարգով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի կարգավորման պարտադիր վճարների առաջիկա վճարումների հաշվին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում են դիմումն ստանալու օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում:

Գ Լ ՈՒ Խ  5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 13. Տեղեկատվությունների տրամադրման կարգը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների եռամսյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

2. Սույն հոդվածի առաջին մասի համաձայն՝ ստացված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը երկօրյա ժամկետում տրամադրում է վճարողների հաշվառման վայրի համապատասխան հարկային մարմնին:

Գ Լ ՈՒ Խ  6

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար վճարողից գանձվում է տուգանք՝ դրա հետևանքով չմուծված կարգավորման պարտադիր վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ վճարի ընդհանուր գումարն է:

5. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու համար վճարողներից գանձվում է տուգանք՝ այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված կարգավորման պարտադիր վճարի գումարի 10 տոկոսի չափով:

6. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:

7. Վճարողները պակաս ցույց տրված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի երրորդ-հինգերորդ մասերի համաձայն՝ հաշվարկված տույժերը և տուգանքները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

8. Օրենքով սահմանված կարգով չվճարված կարգավորման պարտադիր վճարի գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` հարկային մարմինների ներկայացրած հայցի հիման վրա:

Գ Լ ՈՒ Խ  7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները սկսում են հաշվարկվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդող տարվանից՝ տվյալ տարվա բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում։

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան
   

2005 թ. դեկտեմբերի 5
Երևան
ՀՕ-225-Ն

 

 

Հավելված
«Հանրային ծառայությունների կարգավորման
պարտադիր վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

Ս Խ Ե Մ Ա

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման

Հաշվառման վերցված վճարողները

Յուրաքանչյուր վճարողի համար տվյալ տարվա սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված արտադրանքի կամ ծառայությունների իրացման շրջանառությունները (առանց ԱԱՀ-ի)

Տեսակարար կշիռը

Յուրաքանչյուր ընկերության կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը

Վ1

ԻՇ1

ԻՇ1 /ԻՇը = ՏԿ1

ՏԿ1 x ՀՊԾ = Դ1

Վ2

ԻՇ2

ԻՇ2 /ԻՇը =ՏԿ2

ՏԿ2 x ՀՊԾ = Դ2

Վ3

ԻՇ3

ԻՇ3 /ԻՇը =ՏԿ3

ՏԿ3 x ՀՊԾ = Դ3

.........

..........

...........

..........

Վn

ԻՇn

ԻՇn /ԻՇը =ՏԿn

ՏԿո x ՀՊԾ = Դո

Ընդամենը

ԻՇը

1

ՀՊԾ