Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-56-Ո-Կ-19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.10.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.10.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ք. Երևան

04 հոկտեմբերի 2021 թ.

ԲԴԽ-56-Ո-Կ-19

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

 

Ս. Միքայելյանի,

Ա. Մխիթարյանի,
 

Վ. Քոչարյանի,

   

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի նախագահ


Հ. Հարությունյանի,

   

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի ներկայացուցիչ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի դատավոր

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի դատավորի

ներկայացուցիչներ

 

Ա. Փաշինյան,

 

 

Գ. Խանդանյանի,

 

 

 

Ա. Ղամբարյանի

Դ. Վարդանյանի

   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

դռնբաց նիստում, քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Ռաֆիկի Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ 01/2021 եզրակացությունը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Պետական ռեգիստր) պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ.Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) հասցեագրված դիմումը:

Հանձնաժողովը 27․04․2021 թվականին կայացրել է թիվ 01/2021 որոշումը՝ ներկայացված դիմումի հիման վրա անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։

Հանձնաժողովի 26․07․2021 թվականի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի (այսուհետ՝ նաև Դատավոր) կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ թիվ 01/2021 եզրակացությունը ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցող մարմինը հայտնել է, որ 04.05.2020 թվականին Արամ Բաբայանը և Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ «Մուշ» ՍՊԸ) իրենց բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։ Պայմանագրի կնքումից հետո՝ 07.05.2020 թվականին, «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից Գագիկ Խանդանյանը կայացրել է որոշում՝ մասնակիցների մասով կանոնադրության փոփոխություն կատարելու (իրեն՝ որպես միակ մասնակից գրանցելու), գործադիր մարմնի ղեկավար Խ.Առաքելյանի լիազորությունները դադարեցնելու, Հ.Ստեփանյանին գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և նշված փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու մասին։ Նույն օրը Գագիկ Խանդանյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա Հ.Ստեփանյանը դիմում է ներկայացրել Պետական ռեգիստր՝ հիշյալ փոփոխությունները գրանցելու նպատակով։ Դիմումի հիման վրա 11.05.2020 թվականին Պետական ռեգիստրում կատարվել է «Մուշ» ՍՊԸ-ի մասնակիցների, կանոնադրության և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն։

25.05.2020 թվականին «Մուշ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ստեփանյանը Պետական ռեգիստր է մուտքագրել մեկ այլ դիմում, որով խնդրել է ի գիտություն ընդունել «Մուշ» ՍՊԸ-ի բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ 12.05.2020 թվականին կնքված պայմանագիրը, որի համաձայն՝ «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից Գագիկ Խանդանյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնվել նույն «Մուշ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ստեփանյանին։

Դատավորների կարգավիճակի և դրանից բխող դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումներ նախատեսված են ինչպես ներպետական օրենսդրությամբ (Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մաս, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս, 159-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ, 7-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածներ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ, 957-րդ հոդվածներ), այնպես էլ միջազգային մի շարք փաստաթղթերով (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 (2002) Կարծիք, 16-րդ, 17-րդ, 37-րդ, 39-րդ պարբերություններ):

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ոչ միայն նախատեսել է հստակ ժամկետ, որի ընթացքում հնարավոր կլինի առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման, այլ տվյալ հնարավորությունը սահմանափակել է անձի՝ հանրային կամ հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու (ընտրվելու) դեպքով։ Օրենսդրական նման կարգավորումներից բխում է, որ առևտրային կազմակերպության մասնակից լինելը ձեռնարկատիրական գործունեություն չի դիտարկվի երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ 1) երբ անձը մասնակից է եղել առևտրային կազմակերպությանը մինչև պաշտոնի նշանակվելը, 2) երբ պաշտոնի նշանակելուց հետո առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն օրենքով սահմանված ժամկետում ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման։

Նման իրավակարգավորումներից հետևում է, որ հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպության մասնակցության արգելքը բացարձակ է, ինչը ենթադրում է, որ անձը պետք է զերծ մնա հնարավոր այնպիսի բոլոր գործողություններից, որոնց շրջանակում կարող է ձևավորվել այնպիսի վարքագիծ, որը կարող է որակվել որպես պետական պաշտոնին զուգահեռ անձի մասնակցության ու ազդեցության պահպանում այլ պաշտոնում մասնակցություն ունենալով կամ այլ կերպ ներգրավված լինելով առևտրային կազմակերպության կողմից կայացվող որոշումներում, ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը։

Անհամատեղելիության պահանջների բովանդակային նշանակությունը հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ երաշխիք սահմանելն է, որի արդյունքում վերջիններս հնարավորություն կունենան պաշտոնի նշանակվելուց կամ ընտրվելուց հետո մեկամսյա ժամկետում վերացնելու իրենց զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի այլ գործունեությունը, դրանով իսկ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց մոտ շահերի բախման իրավիճակները։

Իրավական նման կարգավորումների լույսի ներքո գնահատելով սույն վարույթում էական նշանակություն ունեցող այն փաստը, որ 04.05.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Գագիկ Խանդանյանը ձեռք է բերել «Մուշ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը` Հանձնաժողովն արձանագրել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքները և դրա նկատմամբ կիրառելի իրավական հետևանքները տարբեր են 09.12.2019 թվականին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի փաստական հանգամանքներից, քանի որ նշված վարույթի շրջանակներում պարզված փաստերի համաձայն՝ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈԻԴԻԱ» ՍՊԸ-ն փաստացի գործունեություն չէր իրականացրել 16.02.2009 թվականից, «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ն՝ 13.02.2009 թվականից, իսկ «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ն՝ 01.12.2013 թվականից։ Նշվածով պայմանավորված թեև օրենքի ձևական առումով առկա է եղել խախտում, սակայն անձի հնարավոր ազդեցությունն այդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ բացառվում էր, քանի որ վերջիններս փաստացի գործունեություն չէին իրականացրել։ Մինչդեռ սույն վարույթի շրջանակներում ձեռքբերված և հետազոտված ապացույցները փաստում են, որ «Մուշ» ՍՊԸ-ն 04.05.2020-18.02.2021թթ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է գործունեություն։ Ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է եղել միայն 18.02.2021-24.05.2021թթ. ընկած ժամանակահատվածում (հիմք՝ Պետական եկամուտների կոմիտեի 27.05.2021 թվականի թիվ 01/71-6/32120-2021 գրություն)։

Անհամատեղելիության պահանջի խախտումների առնչությամբ Հանձնաժողովն էական է համարել գնահատել, թե որքանով է պահպանվում պաշտոնատար անձի ազդեցությունն առևտրային կազմակերպության գործունեության վրա, և թե այդ ազդեցությունն ինչպես է դրսևորվում կամ ինչպես կարող է դրսևորվել։

Այս մոտեցումն արտահայտվել է նաև 06.07.2020 թվականին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ թիվ 03/2020 վարույթում։ Նշված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն էական է համարել այն հանգամանքը, որ թեև պաշտոնատար անձն առևտրային կազմակերպությունում իր բաժնեմասը հանձնել էր հավատարմագրային կառավարման, սակայն անձամբ մասնակցել էր ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովին, որի ընթացքում կատարվել էր ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն, ժողովի արձանագրությունը, որպես ժողովի նախագահ, ստորագրել էր պաշտոնատար անձը, միևնույն ժամանակ պաշտոնատար անձի որպես ընկերության միակ մասնակցի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ էին կատարվել ընկերության կանոնադրության մեջ և նշված որոշումը ստորագրվել էր պաշտոնատար անձի կողմից:

Մինչդեռ սույն վարույթի շրջանակներում Հանձնաժողովը գտել է, որ պաշտոնատար անձն առևտրային կազմակերպությունում իր բաժնեմասը ձեռք է բերել պաշտոնավարման ընթացքում և փաստացի ունեցել է կազմակերպության գործունեության վրա անմիջական ազդեցություն։ Մասնավորապես մինչև իրեն պատկանող բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնելը Գագիկ Խանդանյանը հանդես է եկել անձամբ և 07.05.2020 թվականին որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից կայացրել է որոշում նույն ընկերության կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ, որով փաստացի իրականացրել է «Մուշ» ՍՊԸ-ի կառավարմանն ուղղված գործառույթներ։

Բացի այդ, նույնիսկ այն դեպքում, երբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հանձնվել է հավատարմագրային կառավարման, պաշտոնատար անձի հնարավոր ազդեցությունը կոնկրետ առևտրային կազմակերպության գործունեության վրա չի չեզոքացվել, քանի որ Գագիկ Խանդանյանի և «Մուշ» ՍՊԸ-ի միջև 12.05.2020 թվականին կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրով «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից Գագիկ Խանդանյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող «Մուշ» ՍՊԸ-ի բաժնեմասը հանձնել է կառավարչի՝ նույն «Մուշ» ՍՊԸ-ի կառավարմանը, որի անունից հանդես է եկել նույն ընկերության տնօրեն Հ.Ստեփանյանը, ով նշանակվել է Գագիկ Խանդանյանի կողմից։ Ըստ էության, բաժնեմասը միակ սեփականատիրոջ կողմից հավատարմագրային կառավարման է հանձնվել նույն ընկերությանը, ինչը փաստացի վկայում է, որ «Մուշ» ՍՊԸ-ի գործունեության վրա հնարավոր ազդեցությունը պահպանվել է։

Սույն վարույթի շրջանակներում պարզված փաստական հանգամանքների համադրումից և վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից Հանձնաժողովը եզրահանգել է, որ Գագիկ Խանդանյանը, իրականացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ, 7-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված արարքները, իր գործողություններով խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված անհամետեղելիության պահանջները։

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորն իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ ներկայացրել է բացատրություն Հանձնաժողովին՝ հետևյալ հիմնավորումներով.

«Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերից բխում է, որ հանրային ծառայողների, այդ թվում՝ նաև դատավորների համար առևտրային կազմակերպություններում մասնակցությունն արգելված չէ, սակայն այդ դեպքում բաժնեմասն ամբողջությամբ ենթակա է հանձնման հավատարմագրային կառավարման։ Հավատարմագրային կառավարման հասկացությունը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ, 956-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ հավատարմագրային կառավարման պայմանագիրը համարվում է ոչ թե կոնսենսուալ, այլ ռեալ պայմանագիր, այսինքն՝ համարվում է կնքված ոչ թե պայմանագրի երկկողմանի ստորագրման պահից, այլ այն պահից, երբ հանձնվում է կառավարման օբյեկտը։ Կառավարման օբյեկտ կարող է լինել այն գույքը, որը պատկանում է կառավարման հիմնադրին սեփականության իրավունքով։ Կոնսենսուալ պայմանագրերում կողմերի պարտականությունները որպես պայմանագրով սահմանվող հիմնական իրավունքներ և պարտականություններ, շարադրվում են այնպես, որ կարող են կատարվել հետագայում պայմանագրի երկկողմանի ստորագրումից հետո։ Նման դեպքում պայմանագրի ստորագրումը հանգեցնում է պայմանագրի կնքման և կողմերի իրավունքների ու պարտականությունների առաջացման։ Ռեալ պայմանագրերի դեպքում միայն պայմանագրի ստորագրումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, այլ պայմանագիրը համարվում է կնքված, եթե հանձնվում է մյուս կողմին։ Սույն վարույթի շրջանակներում հավատարմագրային կառավարման օբյեկտը համարվել է առևտրային կազմակերպության բաժնեմասը, իսկ բաժնեմասի սեփականատիրոջ փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:

Վկայակոչելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ և 42-րդ հոդվածները, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ և 449-րդ հոդվածները՝ Դատավորը նշել է, որ բաժնեմասի օտարման պայմանագրից ծագող փոփոխությունները, ինչպես նաև դրա հետ կապված կանոնադրության փոփոխությունները ենթակա են պետական գրանցման։ Միայն պետական գրանցման պահից է, որ պետության կողմից ճանաչվում է բաժնեմասի սեփականության իրավունքի անցումը նոր մասնակցին։ Հետևաբար, քանի դեռ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը չի առաջացել, այդ գույքը չի կարող հանձնվել հավատարմագրային կառավարման, իսկ եթե այն չի կարող հանձնվել, ապա նախքան փոփոխությունների պետական գրանցումը հավատարմագրային կառավարման պայմանագիրը չէր կարող օբյեկտիվորեն կնքվել, քանի որ հավատարմագրային կառավարման պայմանագիրը համարվում է ռեալ պայմանագիր և համարվում է կնքված առարկան հանձնելու պահից։

Ավելին, «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից դառնալուց հետո մինչև բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելն ընկած ժամանակահատվածը եղել է ընդամենը հինգ օր, որոնց ընթացքում առավելագույն սեղմ ժամկետներում իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են եղել հավատարմագրային կառավարման հանձնելու համար նախապայմաններ ստեղծելուն։ Նույնը վերաբերում է նաև տնօրենի նշանակման որոշմանը, որը կայացվել է 100 տոկոս մասնակցության փոփոխության հետ։

Դատավորը նշել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումը վերաբերում է այն դեպքերին, երբ բաժնետեր դառնալու ժամանակ արդեն իսկ անձը համարվել է հանրային ծառայող, այդուհանդերձ առանձնահատուկ է այն, որ օրենքը սահմանում է 30 օր հավատարմագրային կառավարման հանձնելու համար, որը նշանակում է, որ օրենսդիրը ևս իրավաչափ է դիտարկում որոշակի ժամանակահատվածի տրամադրումը նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Գագիկ Խանդանյանը նշել է, որ եթե օրենսդիրը թույլատրում է այդ իրավիճակում արդեն իսկ հանրային ծառայության անցած անձին 30 օր իրականացնել ընկերության կառավարում ցանկացած հարցում և ընդունել ցանկացած որոշում, ապա սույն վարույթով գործի դեպքում իրավաչափ չի կարող համարվել տարբերակված մոտեցում դրսևորելն այն իրավիճակների համար, երբ անձը, ընկերության միակ մասնակից դառնալով, անմիջապես ընդունել է որոշումներ տնօրենի և կանոնադրության փոփոխության մասին և գրանցումից հետո բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է հավատարմագրային կառավարման։

Գագիկ Խանդանյանը նշել է նաև, որ բոլոր դեպքերում, անգամ եթե իրավական տեսանկյունից բաժնեմասը հնարավոր լիներ հանձնել կառավարման նախքան մասնակցի փոփոխության գրանցումը, ապա միայն ձևական առումով անհամատեղելիության պահանջները չեն կարող համարվել խախտված, երբ հանրային ծառայողի գործողությունները վկայում են, որ վերջինս ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված որևէ գործողություն փաստացի չի ձեռնարկել, իրականացրել է բոլոր ողջամիտ քայլերն առավելագույն սեղմ ժամկետում բաժնեմասը հանձնելու հավատարմագրային կառավարման, իսկ դրա հանձնումն ընկերության մասնակից դառնալուց հետո, այլ ոչ թե առաջ, կրել է օբյեկտիվ բնույթ։

Վկայակոչելով Հանձնաժողովի 06.03.2020 թվականի թիվ 06/2019 եզրակացությունը՝ Գագիկ Խանդանյանը մեջբերել է, որ նշված եզրակացությունում Հանձնաժողովը պարզաբանել է, որ փաստերն ու իրավակարգավորումները վերլուծելիս անհրաժեշտ է օրենքին անդրադարձ կատարել ձևական և բովանդակային առումով։ Հանձնաժողովը գտել է նաև, որ առկա է օրենքի ձևական խախտում, սակայն ըստ էության օրենքի խախտում առկա չէ, քանի որ ընկերությունները փաստացի գործունեություն չեն իրականացրել։ Հանձնաժողովը նշել է նաև, որ օրենքի պահանջների ձևական խախտման դեպքում օրենքի բովանդակության խախտումից բխող խիստ հետևանքների կիրառումը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը։

Համադրելով երկու վարույթների փաստական հանգամանքները՝ Գագիկ Խանդանյանը նշել է, որ Հանձնաժողովի կողմից տրված մեկնաբանությունների տեսանկյունից ևս, ըստ էության, օրենքի խախտումը սույն վարույթով բացակայում է և խնդրել է ընդունել եզրակացություն՝ անհամատեղելիության պահանջների խախտման բացակայությւսն մասին։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Խանդանյանը 08.01.2016 թվականից նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

2) Մխիթար Սարգսյանը և Արամ Բաբայանը 04.05.2020 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերով պարտավորվել են Գագիկ Խանդանյանին որպես սեփականություն հանձնել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրենց սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասերը (այսուհետ՝ Առուվաճառքի պայմանագրեր)։

3) Բաժնեմասերի գին է սահմանվել 2․300․000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որը Գագիկ Խանդանյանը պարտավորվել է վճարել բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրերի կնքման պահից 60 աշխատանքային օրվա ընթացքում։

4) 07.05.2020 թվականին որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից Գագիկ Խանդանյանը որոշում է կայացրել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ։

Նշված որոշմամբ որոշվել է.

«1. Սահմանել, որ Ընկերության միակ մասնակից է հանդիսանում Գագիկ Ռաֆիկի Խանդանյանը, որին սեփականության իրավունքով պատկանում է Ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի չափով բաժնեմասը:

2. Հաստատել Ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ կապված ընկերության մասնակիցների կազմի փոփոխության հետ:

3. Դադարեցնել Ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)՝ Խաչատուր Հենրիկի Առաքելյանի լիազորությունները:

4. Ընկերության գործադիր մարմնի նոր ղեկավար (տնօրեն) նշանակել Հմայակ Մանվելի Ստեփանյանին (անձնագիր՝ AS0535940, տրված 01.02.2019 թվականին, 006-ի կողմից, հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ավան, Հ.Հովհաննիսյան թաղ., շենք 24/2, բն. 38, ՀԾՀ՝ 2301850293, էլ. փոստ՝ h_stepanyan@list.ru):

5. Դիմել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն), ինչպես նաև Ընկերության կանոնադրության փոփոխությունը և մասնակցի փոփոխության պետական գրանցում կատարելու խնդրանքով:»:

5) 11.05.2020 թվականին Պետական ռեգիստրում կատարվել է «Մուշ» ՍՊԸ-ի մասնակիցների փոփոխություն, որի արդյունքում «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից է գրանցվել Գագիկ Խանդանյանը։

6) 12.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանի և «Մուշ» ՍՊԸ միջև կնքվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով ընկերության միակ մասնակից Գագիկ Խանդանյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող «Մուշ» ՍՊԸ-ի բաժնեմասը հանձնել է կառավարչի՝ «Մուշ» ՍՊԸ-ի կառավարմանը, որի անունից հանդես է եկել ընկերության տնօրեն Հմայակ Ստեփանյանը։

7) 11 մարտի 2021թ-ին կողմերը լուծել են Առուվաճառքի պայմանագրերը այն հիմքով, որ Գագիկ Խանդանյանը չի կատարել բաժնեմասերի դիմաց վճարման պարտականությունը։

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության արդյունքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա` «1) խախտել է անհամատեղելիության պահանջները.»։ Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն Դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») Օրենքի 19-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ Օրենքի 20-րդ գլխով:

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք Դատավորի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի ձեռքբերումն անթույլատրելի է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանության ներքո,

2. արդյո՞ք Դատավորի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի ձեռքբերումն ամեն դեպքում կարող է մեկնաբանվել որպես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն,

3. արդյո՞ք Դատավորի կողմից իրեն պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի կառավարումը և դրա հիման վրա որոշումներ կայացնելը հանդիսանում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքի խախտում,

4. արդյո՞ք Դատավորի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի ձեռքբերումը և դրա կառավարումը հանգեցրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով դատավորի պաշտոնում գործելու անհամատեղելիության պահանջի խախտման:

5. արդյո՞ք Դատավորի կողմից դատավորի պաշտոնում գործելու անհամատեղելիության պահանջի խախտման փաստը հիմք է դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:

Կարևորելով սույն գործի առանձնահատկությունը, Բարձրագույն դատական խորհուրդը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ դատավորների անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին:

Այսպես, Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Վերը նշված նորմը սահմանադրական կարգավիճակ սահմանափակող է, այն, ըստ էության, արգելող նորմ է, սակայն բուն արգելքի համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն միտված է ոչ միայն արդարադատության շահերի բնականոն պաշտպանությանը, այլև դատավորի անկախության ապահովմանը: Հիշյալ արգելքի բացակայության դեպքում դատավորն իր հայեցողությամբ կարող էր օգտվել ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ որևէ այլ պաշտոն կամ վճարովի աշխատանք ընտրելու իրավունքից, ինչը յուրաքանչյուր դեպքում անխուսափելիորեն կստեղծեր շահերի բախման իրավիճակ, ինչն անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ թիվ 893/2017 կարծիքի, CDL-AD(2017)019 (09.10.2017թ.) 10-րդ գլխի 56-րդ կետով սահմանել է, որ՝ «46 -րդ հոդվածը պարունակում է ընդհանուր կանոն, որն արգելում է դատավորներին ներգրավվել որևէ ձեռնարկատիրական գործունեության մեջ կամ զբաղեցնելով պաշտոններ ՀԿ-ներում: Այն պարունակում է նաև մի շարք բացառություններ այս կանոնից, որը ենթադրում է, որ դատավորը կարող է տնօրինել իր հարազատների ունեցվածքը, ներկայացնել նրանց շահերը կամ աշխատել հասարակական կազմակերպություններում, պայմանով, որ դատավորը դա անի առանց փոխհատուցման: 65-րդ հոդվածը կրկնում է այն ընդհանուր կանոնը, համաձայն որի դատավորներին արգելվում է ներգրավվել ձեռնարկատիրական գործունեության մեջ սակայն, կրկին, դրանից հետո ձևակերպվում են մի շարք բացառություններ. դատավորը կարող է լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր, բայց առանց ընկերության կառավարմանը մասնակցելու և ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքի: Բացի դրանից, նրա բաժնեմասը, իր հարազատների բաժնեմասերի հետ միասին, չպետք է գերազանցի 10 տոկոսը, և այս ընկերությունը չպետք է «հաճախ» ներգրավի այնպիսի գործարքներում, որոնք հետագայում կարող են քննության առարկա դառնալ դատավորի կողմից:

 Գործարար լայն շահեր ունեցող դատավորն ավելի խոցելի է ճնշումների նկատմամբ, նույնիսկ եթե նրա ՝ որպես դատավորի պաշտոնը լավ պաշտպանված է օրենքով: (...) Այս տեսանկյունից նախընտրելի կլիներ ավելի պարզ և հստակ կերպով սահմանել կանոնը: Մասնավորապես, ընտրվելով՝ դատավորը պետք է վաճառի իր բաժնետոմսերն և բաժնեմասերը տնտեսվարող սուբյեկտներում կամ առնվազն դրանք տրամադրի հավատարմագրային կառավարման և հրաժարվի ձեռնարկատիրական գործունեության ցանկացած մասնակցությունից, նույնիսկ երբ դրանք վերաբերում են նրա հարազատներին և կատարվում են առանց վարձատրության»:

Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատավորների համար անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ի թիվս այլնի ապահովելու շահերի բախման բացառման հնարավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև ապահովել դատավորների իրական անկախությունը, այնպես էլ հասարակության կողմից դատական իշխանության,որպես այդպիսին ընկալումը: Նշվածի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ Դատավորների անհամատեղելիության պահանջների վերաբերյալ միջազգային փաստաթղթերում սահմանված կարգավորումներին:

Մասնավորապես, Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների 1.3-րդ կետի համաձայն՝ դատավորը ոչ միայն պարտավոր է զերծ մնալ իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի հետ ունեցած իր կոչմանն անհարիր հարաբերություններից և դրանց ազդեցությունից, այլ նաև անկախ մարդու տպավորություն ստեղծել անկողմնակալ դիտորդի մոտ:

Համաձայն նույն սկզբունքների 6.7-րդ կետի՝ դատավորը չպետք է զբաղվի այնպիսի գործողություններով, որոնք անհամատեղելի են դատական պարտականությունների կատարման հետ:

ՄԱԿ-ի հատուկ հաշվետվություն՝ կապված դատավորների և իրավաբանների արտահայտվելու, միավորվելու և խաղաղ հավաքների հետ (2019 թվականի հունիսի 24, Առաջարկություն 107)

Բոլոր անհատները, այդ թվում՝ դատավորները և դատախազներն օգտվում են հիմնարար այս իրավունքներից, որոնք պաշտպանվում են հաշվետվության մեջ նշված փաստաթղթերով։ Խաղաղ միություններ ստեղծելու ազատության իրավունքն իրականացնելիս դատավորները դատախազները պետք է նկատի ունենան իրենց պարտականությունները որպես քաղաքացիական ծառայողներ և խուսափեն այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են անհամատեղելի լինել իրենց պաշտոնի հետ կամ կասկածի տակ դնել նրանց անկախությունն ու անկողմնակալությունը։

 Համաձայն 19.10.2002թ. «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացության 37-րդ կետի՝ դատական գործառույթի հատուկ բնույթը և պաշտոնի արժանապատվությունը պահպանելու և դատավորներին բոլոր տեսակի ճնշումներից պաշտպանելու անհրաժեշտությունը նշանակում է, որ դատավորները պետք է վարվեն այնպես, որպեսզի խուսափեն շահերի բախումից կամ իշխանության չարաշահումից: Նշվածը պարտադրում է, որպեսզի դատավորները ձեռնպահ մնան ցանկացած մասնագիտական գործունեությունից, որը կարող է շեղել իրենց դատական պարտականություններից կամ ստիպել նրանց կողմնապահորեն կատարել այդ պարտականությունները: Որոշ պետություններում դատավորի գործառույթի հետ անհամատեղելիությունը հստակ սահմանվում է դատավորների կանոնադրությամբ, և դատական իշխանության անդամներին արգելվում է իրականացնել մասնագիտական կամ վճարովի գործունեություն: Բացառություններ են արվում կրթական, հետազոտական, գիտական, գրական կամ գեղարվեստական գործունեության համար:

Համաձայն նույն եզրակացության 39-րդ կետի՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (CCJE) գտնում է, որ մասնագիտական վարքագծի կանոնները պետք է սահմանեն այնպիսի պահանջներ, համաձայն որոնց դատավորները պարտավոր են խուսափել ցանկացած գործունեությունից, որը կարող է խաթարել իրենց պաշտոնի արժանապատվությունը և պահպանել հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ` նվազագույնի հասցնելով շահերի բախման ռիսկը: Այդ նպատակով նրանք պետք է ձեռնպահ մնան ցանկացած լրացուցիչ մասնագիտական գործունեությունից, որը կսահմանափակի նրանց անկախությունը և կվտանգի նրանց անաչառությունը: Այս համատեքստում, ԵԴԴԽ- ն հավանություն է տալիս Դատավորների կանոնադրության մասին Եվրոպական խարտիայի այն դրույթին, ըստ որի՝ դատավորների լիազորություններից դուրս գործունեություն ծավալելու նրանց ազատությունը «չի կարող սահմանափակվել, բացառությամբ այն դեպքերի, երբ արտաքին գործունեությունը անհամատեղելի է վստահության, կամ դատավորի անաչառության կամ անկախության, կամ նրա պարտականության`իր առջև դրված հարցերով ողջամիտ ժամկետներում և ուշադիր զբաղվելու համար» (պարբ. 4.2): Եվրոպական խարտիան նաև ճանաչում է դատավորների` մասնագիտական կազմակերպություններին միանալու իրավունքը և արտահայտման իրավունքը` խուսափելու համար «չափազանց կոշտությունից», որը կարող է ստեղծել պատնեշներ հասարակության և դատավորների միջև: Այնուամենայնիվ, էական է, որ դատավորները շարունակեն իրենց աշխատանքային ժամանակի մեծ մասը տրամադրել դատավորի իրենց դերին, ներառյալ հարակից գործունեությունը, և չգայթակղվեն տրամադրել ավելորդ ուշադրություն արտադատական գործունեությանը: Ակնհայտ է, որ նման գործունեությանը չափազանց մեծ ուշադրություն հատկացնելու ռիսկը մեծանում է, եթե դրանք կատարվում են վարձատրությամբ:

Համաձայն նույն եզրակացության 27-րդ և 28-րդ կետերի՝ դատավորները չպետք է մեկուսացվեն այն հասարակությունից, որտեղ ապրում են, քանի որ դատական համակարգը արդյունավետ կգործի միայն այն ժամանակ, երբ դատավորներն իրականությունից մեկուսացած չլինեն: Ավելին, որպես քաղաքացիներ, դատավորներն օգտվում են հիմնարար իրավունքներից և ազատություններից, որոնք պաշտպանվում են, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (կարծիքի ազատություն, կրոնական ազատություն և այլն): Նրանք, հետևաբար, պետք է լինեն ընդհանրապես ազատ՝ իրենց նախընտրած լրացուցիչ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար (27-րդ կետ):

Այնուամենայնիվ, նման գործունեությունը կարող է վտանգել նրանց անաչառությունը կամ երբեմն նույնիսկ անկախությունը: Հետևաբար, անհրաժեշտ է ողջամիտ հավասարակշռություն սահմանել դատավորների` հասարակության մեջ ներգրավվածության աստիճանի և իրենց պարտականությունների կատարման ընթացքում անկախ և անաչառ դիտվելու անհրաժեշտության միջև: Վերջին վերլուծության մեջ միշտ պետք է հարց տալ, թե արդյոք սոցիալական որոշակի համատեքստում և ողջամիտ, իրազեկ դիտորդի աչքում դատավորը զբաղվե՞լ է այնպիսի գործունեությամբ, որն օբյեկտիվորեն կարող է վտանգել իր անկախությունը կամ անաչառությունը:

Վերոգրյալի լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ թեև ներպետական օրենսդրական դրույթներից հետևում է, որ դատավորները իրավունք ունեն ձեռք բերելու գույք՝ այդ թվում առևտրային ընկերությունում բաժնեմասի տեսքով, սակայն այդուհանդերձ վկայակոչված միջազգային փաստաթղթերի բովանդակությունից հետևում է, որ Դատավորի կողմից առևտրային ընկերությունում բաժնեմասի ձեռք բերումը խրախուսելի չէ, քանի որ այդպիսի դեպքերում կասկածի տակ է դրվում ինչպես դատավորի անկախությունը, այնպես էլ դատական իշխանության հեղինակությունը:

Ինչ վերաբերում է ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին, ապա տվյալ դեպքում, ինչպես արձանագրված է վերը, միջազգային իրավական չափանիշներով առավել մեծ նշանակություն է տրվում ոչ թե գործունեության այս կամ այն տեսակին, այլ շահերի բախման երևույթի բացառմանը: Անկախ այն հանգամանքից, թե դատավորն աշխատանքային գործունեության ինչ տեսակով է կապված այս կամ այն առևտրային կազմակերպության կամ մարմնի հետ, շահերի բախման տեսանկյունից այն առաջացնում է անաչառությունը կասկածի տակ դնող օբյեկտիվ հիմքեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիuկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք oգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ uտանալն է: Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածով ըստ էության տրված է նաև «առևտրային կազմակերպություն» հասկացության բնորոշումը, այն է՝ առևտրային կազմակերպություն կարող է համարվել միայն իր գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է:

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-780 որոշմամբ անդրադառնալով «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը նշել է, որ «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության վերաբերյալ դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ այդ հասկացությունն ունի հետևյալ հատկանիշները.

- հանդիսանում է տնտեսական գործունեություն,

- հետապնդում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ,

- իրականացվում է ինքնուրույն և իր ռիսկով,

- իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց,

- ենթակա է պետական գրանցման ( առանձին դեպքերում՝ նաև լիցենզավորման),

- չի ներառում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

- իրականացվում է պարբերաբար:

Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդիրը հնարավորինս ամրագրել է «ձեռնարկատիրական գործունեությունը» բնութագրող նվազագույն հատկանիշները՝ չբացառելով լրացուցիչ հատկանիշների ներառումը:

Վճռաբեկ դատարանը թիվ 3-1161(ՏԴ) քաղաքացիական գործով 2007 թվականի օգոստոսի 1-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի իրավական բովանդակության բացահայտմանը նշել է, որ բաժնետեր քաղաքացու կողմից իր բաժնետոմսերի օտարումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեություն: Քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև՝ ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,

6. այլ առանձնահատուկ հատկանիշներ:

«Ձեռնարկատիրական գործունեության» հասկացության իրավական բովանդակության վերաբերյալ տրված վերոգրյալ մեկնաբանություններից հետևում է, որ անձի կողմից սոսկ բաժնեմասի ձեռքբերումը, որևէ կերպ չի կարող մեկնաբանվել, որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացում:

Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ վերը վկայակոչված իրավական կարգավորումների բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը չի նախատեսել արգելք՝ դատավորի կողմից առևտրային կազմակերպությունում բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ, հետևաբար ուղղակիորեն նախատեսված արգելքի բացակայությունը, ենթադրում է ձեռք բերելու իրավական հնարավորության առկայություն:

Հանձնաժողովի եզրակացությամբ Դատավորի կողմից որպես անհամատեղելիության պահանջների խախտում ներկայացվել է երկու հիմք՝ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու և ձեռնարկատիրական գործունեության իրականացմամբ անհամատեղելիության պահանջի խախտումներ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատավորը 04.05.2020 թվականին Մխիթար Սարգսյանի և Արամ Բաբայանի հետ կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերով որպես սեփականություն ձեռք է բերել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասերը։ 07.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանը, որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից, որոշում է կայացրել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ։

Նշված որոշմամբ որոշվել է.

«1. Սահմանել, որ Ընկերության միակ մասնակից է հանդիսանում Գագիկ Ռաֆիկի Խանդանյանը, որին սեփականության իրավունքով պատկանում է Ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի չափով բաժնեմասը:

2. Հաստատել Ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ կապված ընկերության մասնակիցների կազմի փոփոխության հետ:

3. Դադարեցնել Ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)՝ Խաչատուր Հենրիկի Առաքելյանի լիազորությունները:

4. Ընկերության գործադիր մարմնի նոր ղեկավար (տնօրեն) նշանակել Հմայակ Մանվելի Ստեփանյանին:

5. Դիմել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն), ինչպես նաև Ընկերության կանոնադրության փոփոխությունը և մասնակցի փոփոխության պետական գրանցում կատարելու խնդրանքով:»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումներից հետևում է, որ ի թիվս այլնի առևտրային կազմակերպության մասնակից լինելը (բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման) համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման»:

Համաձայնելով Հանձնաժողովի այն տեսակետի հետ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 10-րդ մասը կարգավորում է մինչև դատավոր նշանակվելը ձեռք բերված բաժնեմասի կառավարման առանձնահատկությունները, որպիսի իրավունքը չի կարող տարածվել դատավոր նշանակվելուց հետո ձեռք բերվող բաժնեմասի նկատմամբ, բայցևայնպես Բարձրագույն դատական խորհուրդը կրկին արձանագրում է, որ ոչ Օրենքում, ոչ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի իրավակարգավումներում չկա որևէ արգելք, որով կսահմանափակվի դատավորների կողմից առևտրային իրավաբանական անձի բաժնեմասի, բաժնետոմսի կամ փայի ձեռքբերումը, ինչից հետևում է, որ օրենսդրության ուղղակի արգելքի բացակայության պայմաններում որևէ կերպ չի կարող սահմանափակվել դատավորի՝ առևտրային կազմակերպությանը մասնակցություն և գույք ունենալու իրավունքները։

Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ նման սահմանափակման բերող որևէ մեկնաբանություն անթույլատրելի է, քանի որ կարող է ուղղակիորեն խախտել դատավորի ժառանգություն կամ նվեր ստանալու քաղաքացիական իրավունքները: Միաժամանակ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ դատավորը այնպիսի միջոցներով կամ ձևով պետք է գույք ձեռք բերի, որոնք անաչառ դիտորդի մոտ չդիտվեն դատավորի կողմից անհամատեղելիության կանոնների սահմանազանցում, իսկ գույքի արժեքը պետք է հասկանալի, այլ ոչ ցնցումային լինի դատավորի եկամուտների մասին հանրային օբյեկտիվ ընկալման տեսանկյունից:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդն իր թիվ 3 (2002) Կարծիքի 37-րդ պարբերությամբ արձանագրել է, որ դատական գործառույթի հատուկ բնույթը և պաշտոնի արժանապատվությունը բարձր պահելու, ինչպես նաև դատավորներին տարբեր տեսակի ճնշումներից պաշտպանելու նպատակով է անհրաժեշտությունը ենթադրում է, որ դատավորներն իրենց պետք է դրսևորեն այնպես, որ խուսափեն շահերի ցանկացած բախումից կամ իշխանության չարաշահումից: Սա նշանակում է, որ դատավորները պետք է խուսափեն մասնագիտական գործունեության այնպիսի ձևերից, որոնք կարող են հեռացնել նրանց իրենց դատական պարտականություններից և ստիպեն կատարել այդ պարտականությունները մասամբ: Որոշ պետություններում դատավորի գործառույթների հետ անհամատեղելիությունը հստակ սահմանվում է դատավորների մասին օրենքով, և դատական համակարգի անդամներին չի թույլատրվում զբաղվել մասնագիտական կամ վճարովի որևէ այլ գործունեությամբ: Բացառությունները վերաբերում են կրթական, հետազոտական, գիտական, գրական կամ արվեստի ոլորտի աշխատանքներին:

Այսինքն, տվյալ դեպքում Դատավորին վերագրվող խախտումը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով, անհիմն է:

Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության մյուս հիմքին, այն է՝ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելուն, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:»։ Օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից ի թիվս այլնի առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելը և/կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը հանդիսանում է դատավորի պաշտոնում գործելու անհամատեղիության հավասարազոր երկու հիմք:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝

«6. Սույն օրենքի իմաստով` առևտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է՝

1) առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինելը.

2) առևտրային կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելը.

3) առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը.

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացի, որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:»։

Այսպիսով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4)-րդ կետը առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու ներքո հասկանում է ցանկացած ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը։

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Նույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի ժողովի, որպես բարձրագույն կառավարման մարմնի լիազորությունների թվին են դասվում ընկերության կանոնադրության և ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը, ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև ընկերության գործադիր մարմնի լիազորություններն առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կառավարիչ) տալու հարցերը։

Միաժամանակ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները և պարտականությունները:

Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն` սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը։

Այսպիսով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ընկերության միակ մասնակցի կողմից ժողովին մասնակցելը, ընկերության կանոնադրության և տնօրենի վերաբերյալ որոշումներ ընդունելը հանդիսանում են առևտրային կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացում։

Ճիշտ է, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից, սակայն Խորհուրդը նպատակահարմար է գտնում Դատավորի կողմից նշված կանոնի ենթադրյալ խախտման հարցին անդրադառնալ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և գործում առկա փաստերի համատեքստում։

Այսպես, տվյալ դեպքում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքը թեև նախատեսել է ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցված լինելու հիմքով ընկերության մասնակից դառնալը, սակայն, ինչպես երևում է գործի նյութերից, 07.05.2020 թվականին որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից Գագիկ Խանդանյանը որոշում է կայացրել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ։

Փաստորեն Դատավորն իր որոշման արդյունքում ինքը իրեն դիտարկել է որպես «Մուշ» ՍՊԸ միակ մասնակից։ Նրա կողմից մինչև որպես մասնակից գրանցումն իրականացրած գործողությունները, մասնավորապես կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելը, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելը, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելը, որևէ մեկի կողմից չի վիճարկվել, գործողությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա պետության կողմից կատարվել են համապատասխան գրանցումները, ինչով պետությունը լեգիտիմացրել է Դատավորի, որպես ընկերության միակ մասնակցի կայացված որոշումները և վերջինիս տվել է ընկերության միակ մասնակցի կարգավիճակ: Ավելին, 12.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանի և «Մուշ» ՍՊԸ միջև կնքվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով ընկերության միակ մասնակից Գագիկ Խանդանյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող «Մուշ» ՍՊԸ-ի բաժնեմասը հանձնել է կառավարչի՝ «Մուշ» ՍՊԸ-ի կառավարմանը, որի անունից հանդես է եկել դատավորի կողմից մինչև որպես ՍՊԸ մասնակից գրանցումը նշանակված ընկերության տնօրեն Հմայակ Ստեփանյանը։

«Նորմատիվ իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

 Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, մասնավորապես իրավական նորմը մեկնաբանվում են ՝

● ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից,

● ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից,

● այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը,

● տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից,

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են համապատասխանաբար՝ անհամատեղելիության պահանջների խախտման մի քանի հիմքեր, մասնավորապես.

- հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում,

- որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում,

- զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

- կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից

Ընդ որում հարկ է նկատել, որ այդ հիմքերը հանդիսանում են ինքնուրույն, միմյանցից անջատ հիմքեր, այսինքն դիտարկվող դրույթի կիրառման համար բավական է ինչպես թվարկված հիմքերից յուրաքանչյուրի՝ առկայությունը առանձին, այնպես էլ դրանց միաժամանակյա առկայությունը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4)-րդ կետը սահմանում է նույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացառություն արձանագրելով՝ «որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը»։

«Որևէ ձևով» եզրույթը սահմանում է արարքի օբյեկտիվ կողմը, այսինքն ինչպիսին կարող է լինել արարքի արտաքին դրսևորումը: Տվյալ դեպքում օրենսդիրը ձևին տալով «որևէ» նախդիրը, արարքի արտաքին դրսևորման համար հատուկ ձև չի սահմանում և ձևի առումով հնարավոր է համարում արարքի ցանկացած դրսևորում: Այլ կերպ ասած, օրենսդիր համար ընդունելի է արարքի օբյեկտիվ կողմի ցանկացած դրսևորում:

Վերոգրյալից ակնհայտ է, որ սույն դեպքում Դատավորը փաստացի ներգրավված է եղել «Մուշ» ՍՊԸ-ի ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացմանը, ինչը հանգեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4)-րդ կետի խախտման:

Կարևորելով սույն գործով կայացվելիք որոշման ազդեցությունը դատական իշխանության ներկայացուցիչների կողմից անհամատեղելիության պահանջների պահպանման առումով, և հասկանալով, որ Խորհրդի կողմից կատարված վերոգրյալ եզրահանգումը կարող է հարցեր առաջացնել, մասնավորապես՝ եթե Դատավորը կարող է բաժնեմաս ձեռք բերել, սակայն չի կարող իր կողմից ձեռք բերված բաժնեմասի նկատմամբ իրավունքը գրանցելու համար կանոնադրություն փոխել և ներկայացնել պետական գրանցման՝ կատարել կառավարչական բնույթի գործողություններ, ապա ինչպես է երաշխավորվում Դատավորի կողմից բաժնեմաս կամ այլ գույք ձեռք բերելու իրավունքը, Խորհուրդը ցանկանում է արձանագրել, որ յուրաքանչյուր գործարք կնքելիս դատավորները, հաշվի առնելով վերջիններիս հատուկ կարգավիճակը և օրենքով այդ կարգավիճակով պայմանավորված սահմանափակումները, պարտավոր են այնպես իրականացնել իրենց գործողությունները, որ դրանք չհանգեցնեն անհամատեղելիության պահանջների խախտման, իսկ եթե չկա նման հնարավորություն՝ զերծ մնան նման գործարքներ կնքելու գայթակղությունից (օրինակ՝ ձեռք չբերեն այնպիսի բաժնեմաս կամ բաժնետոմս, որը անհնար է հանձնել հավատարմագրային կառավարման առանց ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացման, բաժնեմասը կամ բաժնետոմսը ձեռք բերելուց հետո, եթե նույնիսկ այն տալիս է որոշիչ ձայնի իրավունք, իրավունքների գրանցման գործողությունները կատարեն այնպես, որ դա չդիտվի որպես կառավարում։ Ավելի հստակ լինելու համար, քննարկվող դեպքում Դատավորը կարող էր բաժնեմասի ձեռքբերման արդյունքում կանոնադրական փոփոխությունների և տնօրենի փոփոխման վերաբերյալ որոշման կայացումը բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերով դնել նախկին սեփականատերերի վրա և որպես միակ մասնակից գրանցվելուց հետո անմիջապես բաժնեմասը հանձներ հավատարմագրային կառավարման՝ դրանով իսկ բացառելով որևէ գործողություն, որը կարող էր խախտել անհամատեղելիության պահանջները)։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա` «1) խախտել է անհամատեղելիության պահանջները.»։ Նույն հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ ««Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը»։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումները հանրային պաշտոն զբաղեցնող անձի, տվյալ դեպքում դատավորի, կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է միայն «լիազորությունների դադարեցում» օրենսդրական հետևանքը, ուստի Դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման արձանագրումը հիմք է վերջինիս լիազորությունների դադարեցման։

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 2.1-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

   

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

Մ. ՄԱԿՅԱՆ

   

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

   

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

   

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

   

Վ. Քոչարյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

04 հոկտեմբերի 2021 թ.

ԲԴԽ-56-Ո-Կ-19

 

ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

 

 «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով» որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ներկայացված եզրակացության արդյունքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա` «1) խախտել է անհամատեղելիության պահանջները.»։ Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») Օրենքի 19-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ Օրենքի 20-րդ գլխով:

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Հանձնաժողովի եզրակացությամբ Դատավորի կողմից որպես անհամատեղելիության պահանջների խախտում ներկայացվել է երկու հիմք՝ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու և ձեռնարկատիրական գործունեության իրականացմամբ անհամատեղելիության պահանջի խախտումներ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար հարկ է անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. ի՞նչ նպատակ է հետապնդվել Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածում սահմանվելով դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջներ,

2. դատավորը ո՞ր դեպքում է համարվում ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած,

3. դատավորի ո՞ր գործողությունները կարող են որակվել որևէ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավվածություն,

4. դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջի խախտումն ի՞նչ իրավական հետևանք կարող է առաջ բերել:

Առաջին հարցադրման կապակցությամբ կարևոր եմ համարում անդրադառնալ դատավորների անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:

Վերը նշված նորմերը սահմանադրական կարգավիճակ սահմանափակող՝ արգելող նորմեր են և միտված են ոչ միայն արդարադատության շահերի բնականոն պահպանությանը, այլև դատավորի անկախության ապահովմանը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտ է արձանագրել, որ դատավորների համար անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ի թիվս այլնի ապահովելու շահերի բախման բացառման հնարավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև ապահովել դատավորների իրական անկախությունը, այնպես էլ հասարակության կողմից դատական իշխանության՝ որպես այդպիսին ընկալումը: Նշվածի հաշվառմամբ հարկ է անդրադառնալ դատավորների անհամատեղելիության պահանջների վերաբերյալ միջազգային փաստաթղթերում սահմանված կարգավորումներին:

Մասնավորապես Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների 1.3-րդ կետի համաձայն՝ դատավորը ոչ միայն պարտավոր է զերծ մնալ իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի հետ ունեցած իր կոչմանն անհարիր հարաբերություններից և դրանց ազդեցությունից, այլ նաև անկախ մարդու տպավորություն ստեղծել անկողմնակալ դիտորդի մոտ:

Համաձայն նույն սկզբունքների 6.7-րդ կետի՝ դատավորը չպետք է զբաղվի այնպիսի գործողություններով, որոնք անհամատեղելի են դատական պարտականությունների կատարման հետ:

Համաձայն 19.10.2002թ. «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացության 37-րդ կետի՝ դատական գործառույթի հատուկ բնույթը և պաշտոնի արժանապատվությունը պահպանելու և դատավորներին բոլոր տեսակի ճնշումներից պաշտպանելու անհրաժեշտությունը նշանակում է, որ դատավորները պետք է վարվեն այնպես, որպեսզի խուսափեն շահերի բախումից կամ իշխանության չարաշահումից: Նշվածը պարտադրում է, որպեսզի դատավորները ձեռնպահ մնան ցանկացած մասնագիտական գործունեությունից, որը կարող է շեղել իրենց դատական պարտականություններից կամ ստիպել նրանց կողմնապահորեն կատարել այդ պարտականությունները: Համաձայն նույն եզրակացության 39-րդ կետի՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) գտնում է, որ մասնագիտական վարքագծի կանոնները պետք է սահմանեն այնպիսի պահանջներ, որոնց համաձայն դատավորները պարտավոր են խուսափել ցանկացած գործունեությունից, որը կարող է խաթարել իրենց պաշտոնի արժանապատվությունը և պահպանել հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ` նվազագույնի հասցնելով շահերի բախման ռիսկը: Այդ նպատակով նրանք պետք է ձեռնպահ մնան ցանկացած լրացուցիչ մասնագիտական գործունեությունից, որը կսահմանափակի նրանց անկախությունը և կվտանգի նրանց անաչառությունը: Հետևաբար, անհրաժեշտ է ողջամիտ հավասարակշռություն սահմանել դատավորների` հասարակության մեջ ներգրավվածության աստիճանի և իրենց պարտականությունների կատարման ընթացքում անկախ և անաչառ դիտվելու անհրաժեշտության միջև: Վերջին վերլուծության մեջ միշտ պետք է հարց տալ, թե արդյոք սոցիալական որոշակի համատեքստում և ողջամիտ, իրազեկ դիտորդի աչքում դատավորը զբաղվե՞լ է այնպիսի գործունեությամբ, որն օբյեկտիվորեն կարող է վտանգել իր անկախությունը կամ անաչառությունը:

Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ դատավորների գործունեության անհամատեղելիության պահանջներ սահմանելիս օրենսդիրը նպատակ է հետապնդել՝

1. դատավորի գործունեության հետ կապված թույլ չտալ շահերի բախում, բացառել ի պաշտոնե իր լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն,

2. անկողմնակալ դիտորդի մոտ առաջ չբերել դատավորի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածի հարուցում,

3. դատավորին զերծ պահել այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր:

Երկրորդ հարցադրման կապակցությամբ կարևոր է արձանագրել հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Տվյալ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական, իսկ 7-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները։

Նման իրավակարգավորման պայմաններում ակնհայտ է, որ դատավորի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով դասակարգվում է որպես ինքնավար պաշտոն և նրա վրա տարածվում է հանրային ծառայողի իրավական վիճակին և կարգավիճակին վերաբերող դրույթները:

Այդ առումով դատավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած որակելու համար, հարկ է նախապես այդ օրենքի իմաստով բացահայտել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու չափորոշիչները: Նշված օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1. անհատ ձեռնարկատեր լինելը.

2. առանց պետական գրանցման կամ հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում.

3. առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման:

Նշված իրավանորմի 3-րդ կետից բխում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ առկա լինեն միաժամանակ երկու վավերապայմաններ.

1. առևտրային կազմակերպության մասնակից լինել,

2. բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնել:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք, իսկ 7-րդ մասը սահմանում է, որ անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից:

Վճռաբեկ դատարանն իր 22.03.2019թ. թիվ ՎԴ/0602/05/16 որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն օտարում է իր բաժնեմասը, ապա բաժնեմասի օտարման գործարքի հիման վրա ընկերության բաժնեմասը ձեռք բերած անձը համարվում է ընկերության բաժնեմասի սեփականատեր (մասնակից) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից: Փաստորեն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից համարվելու հանգամանքը կախված է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում անձի` որպես ընկերության մասնակից գրանցված լինելու փաստի առկայությունից կամ բացակայությունից»:

Վերոգրյալ իրավական կարգավորումներից և դրանց կապակցությամբ Վճռաբեկ դատարանի տված մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ իրավունքի սուբյեկտը՝ ներառյալ նաև հանրային ծառայողը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի կարգավիճակ է ձեռք բերում ոչ թե բաժնեմասի վերաբերյալ գործարք ձևակերպելու պահից, այլ նրա՝ մասնակցի կարգավիճակի ծագման իրավաբանական փաստն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցելու պահից: Այսինքն, քանի դեռ հանրային ծառայողն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցությունը պետական գրածման չի ենթարկել, նա չի կարող որակվել ընկերության մասնակից՝ անկախ ընկերության բաժնեմասը գնելուն ուղղված իր գործողություններից:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետից բխում է, որ առևտրային կազմակերպությունում հանրային ծառայողի մասնակից լինելն այդ օրենքի իմաստով ինքնին չի կարող որակվել որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, եթե իր մասնակցությունն ընկերությունում հանձնել է հավատարմագրային կառավարման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Նշված իրավանորմից ակնհայտ է դառնում, որ առևտրային կազմակերպությունում հանրային ծառայողի մասնակից լինելու կարգավիճակը ծագում է պետական գրանցման իրադարձության հաջորդ օրը և այդ օրվա դրությամբ իր կողմից որպես ընկերության մասնակցի հավատարմագրային պայմանագիր կնքելը ենթակա է որակման «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված բացառություն և թույլ է տալիս եզրակացնել, որ նման պայմաններում հանրային ծառայողի գործողությունները չի կարող գնահատվել որպես ձեռնարակատիրական գործունեություն:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները համարվում են ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած, եթե նրանք այդ առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկվել են վարչական կամ քրեական պատասխանատվության:

Նշված իրավանորմն ունի իմպերատիվ ուժ, այն ըստ շարադրման որոշակիության աստիճանի հանդիսանում է բացարձակ որոշակի և այդ իրավանորմի հիփոթեզում ամրագրված վավերապայմանները չեն կարող փոփոխության ենթարկվել կամ հիփոթեզում այլ վավերապայմաններ ներառել:

Վերլուծելով նշված իրավանորմի տարրերն՝ ակնհայտ է դառնում, որ դիսպոզիցիայում ամրագրված կանոնը, այն է՝ ծառայողները համարվում են ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած, եթե հանրային ծառայողը ենթարկվել է՝

1. վարչական պատասխանատվության, կամ

2. քրեական պատասխանատվության:

Օրենսդրական նման կառուցակարգից ուղղակի բխեցվում է նաև հանրային ծառայողի կողմից իրավական պաշտպանության ինստիտուտներից օգտվելու իրավական հնարավորությունը, քանի որ ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացն իր մեջ ներառում է նաև դատական պաշտպանության գործիքակազմի կիրառմամբ թե վարչական և թե քրեական հետապնդման վիճարկում: Նման պայմաններում հանրային ծառայողի նկատմամբ վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավական ակտի բացակայության պայմաններում նրան, զուտ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ մասի հիմքով, պատասխանատվության ենթարկելը, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Վերոգրյալ իրավական վերլուծության արդյունքում հարկ է արձանագրել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասը հանդիսանում է ոչ միայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու պահանջի խախտումը սահմանող իրավակարգավորում, այլև՝ հանրային ծառայողի համար երաշխիքային իրավանորմ, որը հնարավորություն է տալիս նրան մինչև հանձնաժողովի և այնուհետև Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր հարցի քննությունը, լիարժեքորեն օգտվել օրենքով սահմանված պաշտպանության՝ ընդհուպ նաև դատական պաշտպանության իրավական հնարավորություններից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը 04.05.2020 թվականին Մխիթար Սարգսյանի և Արամ Բաբայանի հետ կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերով որպես սեփականություն ձեռք է բերել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում վերջիններիս սեփականությսւն իրավունքով պատկանող 100% բաժնեմասերը։ 07.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանը, որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից, որոշում է կայացրել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Այնուհետև պետական ռեգիստրի մարմնում 11.05.2020 թվականին պետական գրանցման է ենթարկվել «Մուշ» ՍՊԸ-ում Գագիկ Խանդանյանի միակ մասնակից լինելը: Այսինքն 11.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանը ձեռք է բերել ընկերության մասնակցի կարգավիճակ, իսկ հաջորդ օրը՝ 12.05.2020 թվականին կնքել է հավատարմագրային կառավարման պայմանագիր: Այսինքն, Գագիկ Խանդանյանի կողմից հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելիս թույլ չի տրվել ժամկետային խախտում, ուստի և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով նա չի հանդիսացել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:

Կարևոր եմ համարում նաև փաստել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջը խախտած լինելու առնչությամբ Գագիկ Խանդանյանը Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով չի ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության:

Նման պայմաններում է, որ հարկ է արձանագրել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով Գագիկ Խանդանյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու Հանձնաժողովի եզրակացությունն անհիմն է և այդ հիմքով նրան պատասխանատվության ենթարկելու եզրակացությունը ենթակա է մերժման:

Անդրադառնալով երրորդ հարցադրմանը` կարևոր եմ համարում անդրադառնալ հետևյալին:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ օրենքի իմաստով` առևտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է՝ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:

Նշված իրավանորմի հիփոթեզում ամրագրված վավերապայմաններից ակնհայտ է դառնում, որ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնել է որակվում առևտրային կազմակերպության՝

1. ներկայացուցչական,

2. կարգադրիչ,

3. կառավարման

գործառույթներում ներգրավված լինելը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդված 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում` 1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ 2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

Վերոգրյալ իրավանորմի վավերապայմանները միմյանցից առանձնացված են ստորակետներով և «կամ» շաղկապով: Նման պայմաններում նշված իրավանորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Քննարկվող պարագայում պարզելու համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ մասի 3-րդ կետի կիրառման իրավական հնարավորությունը հարկ է բացահայտել «որևէ ձևով», «ներկայացուցչական», «կարգադրիչ», «կառավարման» և «ներգրավված լինելը» եզրույթները:

«Որևէ այլ ձևով» եզրույթը սահմանում է արարքի օբյեկտիվ կողմը, այսինքն ինչպիսին կարող է լինել արարքի արտաքին դրսևորումը: Տվյալ դեպքում օրենսդիրը, ձևին տալով «որևէ» նախդիրը, արարքի արտաքին դրսևորման համար հատուկ ձև չի սահմանում և ձևի առումով հնարավոր է համարում արարքի ցանկացած դրսևորում: Այլ կերպ ասած, օրենսդրի համար ընդունելի է արարքի օբյեկտիվ կողմի ցանկացած դրսևորում:

«Ներկայացուցչական» եզրույթը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրավակարգավորման հետ՝ ակնհայտ է դառնում, որ այն ներկայացվողի անունից երրորդ անձանց հետ փոխհարաբերության մեջ ներառվելու իրավական հնարավորությունն է, երբ ներկայացնողը լիազորում է ներկայացուցչին իր անունից հանդես գալ երրորդ անձանց առջև:

«Կարգադրիչ» եզրույթը կորպորատիվ իրավունքում հանդես է գալիս որպես գործառութային լիազորություն, որն իրականացվում է ընկերության իրավազոր մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից և ուղղված է ընկերության ներքին իրավական ակտերի ընդունմամբ ապահովել ընկերության բնականոն գործունեությունը:

«Կառավարման» եզրույթը կորպորատիվ իրավունքում վերաբերում է ընկերության կառավարման մարմիններին: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխը վերաբերում է ընկերության կառավարման մարմիններին, դրանում ներառելով ինչպես ընկերության բարձրագույն կառավարման մարմինն իր լիազորություններով, այնպես էլ գործադիր կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք:

«Ներգրավված լինելը» եզրույթը ևս հանդիսանում է արարքի օբյեկտիվ հատկանիշ և ցույց է տալիս որևէ գործընթացի մեջ ներառված լինելը կամ մասնակցությունը: Ներգրավված լինելը կարող է դրսևորվել ինչպես քանակական, այնպես էլ ժամանակի, անձանց, ձևի և այլ սահմանափակումներով, եթե դրանց վերաբերյալ առկա են կոնկրետ պահանջներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ ընկերության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը որևէ ձևով ներգրավվելը, հարկ է որակել որպես առանց ձևի սահմանափակման ընկերությանը երրորդ անձանց առջև ներկայացնելու, ընկերության բնականոն գործընթացն ապահովելու, կառավարման մարմինների լիազորություններին առնչվող գործառույթներին մասնակցություն ունենալուն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 07.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանը, որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից, որոշում է կայացրել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և կանոնադրության փոփոխությունները գրանցելու համար նոր ղեկավարին իր անունից լիազորել է Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ։

Նշված որոշման մեջ արձանագրել է.

«1. Սահմանել, որ Ընկերության միակ մասնակից է հանդիսանում Գագիկ Ռաֆիկի Խանդանյանը, որին սեփականության իրավունքով պատկանում է Ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի չափով բաժնեմասը:

2. Հաստատել Ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ կապված ընկերության մասնակիցների կազմի փոփոխության հետ:

3. Դադարեցնել Ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)՝ Խաչատուր Հենրիկի Առաքելյանի լիազորությունները:

4. Ընկերության գործադիր մարմնի նոր ղեկավար (տնօրեն) նշանակել Հմայակ Մանվելի Ստեփանյանին (անձնագիր՝ AS0535940, տրված 01.02.2019 թվականին, 006-ի կողմից, հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ավան, Հ.Հովհաննիսյան թաղ., շենք 24/2, բն. 38, ՀԾՀ՝ 2301850293, էլ. փոստ՝ h_stepanyan@list.ru):

5. Դիմել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն), ինչպես նաև Ընկերության կանոնադրության փոփոխությունը և մասնակցի փոփոխության պետական գրանցում կատարելու խնդրանքով:»: Այնուհետև իր անունից լիազորագիր է տվել Հմայակ Մանվելի Ստեփանյանին համապատասխան փոփոխությունները պետական գրանցման ենթարկելու համար դիմել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Նույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի ժողովի, որպես բարձրագույն կառավարման մարմնի լիազորությունների թվին են դասվում ընկերության կանոնադրության և ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը, ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև ընկերության գործադիր մարմնի լիազորություններն առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կառավարիչ) տալու հարցերը։

Միաժամանակ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները և պարտականությունները: Նույն օրենքի 12-րդ հոդվածի ա) կետը սահմանում է, որ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն` սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը։

Ուստի, կարևոր եմ համարում արձանագրել, որ ընկերության ժողով հրավիրելը, ընկերության կանոնադրության և տնօրենի վերաբերյալ որոշումներ ընդունելը հանդիսանում են առևտրային կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացում։

Տվյալ դեպքում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքը թեև նախատեսել է ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցված լինելու հիմքով ընկերության մասնակից դառնալը, սակայն, ինչպես երևում է գործի նյութերից, 07.05.2020 թվականին որպես «Մուշ» ՍՊԸ-ի ընկերության միակ մասնակցի անվան տակ Գագիկ Խանդանյանն որոշում է կայացրել «Մուշ» ՍՊԸ-ի կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելուն լիազորելու վերաբերյալ։

Փաստորեն, Դատավորն իրեն դիտարկել է որպես «Մուշ» ՍՊԸ միակ մասնակից, կատարել է կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ, որոշում է կայացրել գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, «Մուշ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին, իր անունից լիազորագիր է տվել նոր տնօրենին ընդունված որոշումների հիման վրա պետական ռեգիստրի մարմնում կատարել համապատասխան պետական գրանցումներ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են համապատասխանաբար՝ անհամատեղելիության պահանջների խախտման մի քանի հիմքեր, մասնավորապես.

- հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում,

- որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում,

- զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

- կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Ընդ որում հարկ է նկատել, որ այդ հիմքերը հանդիսանում են ինքնուրույն, միմյանցից անջատ, այսինքն դիտարկվող դրույթի կիրառման համար բավական է թվարկված հիմքերից յուրաքանչյուրի առկայությունը:

Վերոգրյալից ակնհայտ է, որ սույն դեպքում Դատավորն իր գործողություններով փաստացի ներգրավվել է «Մուշ» ՍՊԸ-ի ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացմանը, ինչը հանգեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի խախտման:

Այսպիսով, ակնհայտ է, որ Գագիկ Խանդանայի կողմից առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու հիմքով պատասխանատվության ենթարկելու Հանձնաժողովի եզրակացությունը բխում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ մասի 3-րդ կետի դրույթից:

Անդրադառնալով չորրորդ հարցադրմանը՝ կարևոր եմ համարում հետևյալը.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն, հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Նշված իրավանորմն ունի իմպերատիվ բնույթ և որոշակիության աստիճանով հանդիսանում է բացարձակ որոշակի: Նրանում ամրագրված չեն պատասխանատվության ենթարկելու այլընտրանքային տույժի տեսակներ, ինչը սահմանված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու և խախտման բնույթի ու ծանրության աստիճանի հաշվառմամբ կիրառելու նույն օրենքի 149-րդ հոդվածում ամրագրված տույժի տեսակներից որևէ մեկը:

Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջի խախտումն առաջ է բերում բացառապես դատավորի լիազորությունների դադարեցում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա խախտել է անհամատեղելիության պահանջները։ Նույն հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը։

Վերոգրյալ իրավակարգավորումների համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի, տվյալ դեպքում դատավորի, կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է միայն «լիազորությունների դադարեցում» օրենսդրական հետևանքը, ուստի Դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման արձանագրումը հիմք է վերջինիս լիազորությունների դադարեցման համար։

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2021 թվական: