Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/20

Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/20

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան  

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սոֆիա Խաչատրյանի և Սիրվարդ Խաչատրյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանի` Ծառայության 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման դեմ Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են վերացնել Ծառայության 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշումը:

Վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 27.08.2020 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2020 թվականի որոշմամբ Աղավնի Տոլմաջյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի։ Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» 27.08.2020 թվականի որոշումը` Սոֆիա Խաչատրյանի և կատարողական վարույթով պարտապաններ Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին և Սեյրան Խաչատրյանին վերաբերող մասով, վերացվել է, իսկ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժվել է՝ «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» Դատարանի 27.08.2020 թվականի որոշումը այդ մասով թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղավնի Տոլմաջյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համահայցվորները և Ծառայությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչի արդյունքում կայացրել է սխալ որոշում։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ բնակարանը, որտեղից պետք է վտարվի Սիրվարդ Խաչատրյանը, վերջինիս համար վիճահարույց բնակարան է: Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կասկածի տակ է դրել թիվ ԿԴ1/2362/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով բնակարանի նկատմամբ Սիրվարդ Խաչատրյանի բոլոր հավակնությունները քննվել ու պարզվել են։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից առանց հիմնավորումների, ապօրինի կերպով դատավարության կողմին շնորհվել են իրավունքներ, որոնք կասկածի տակ են դնում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը։

Վերաքննիչ դատարանն իր «հիմնավորումների» համար ղեկավարվել է միայն ենթադրություններով, որոնք ոչ մի փաստական հանգամանքով պայմանավորված չեն։ Այդ ենթադրությունները, ողջամտորեն, հակասում են թիվ ԿԴ1/2362/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջին ու պարտադիր կատարման անհրաժեշտությանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Համահայցվորների պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ծառայության աշխատակիցները ցուցաբերելով շտապողականություն խախտել են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, վարույթի ընթացքում չեն կատարել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, չեն բացահայտել գործի բոլոր, այդ թվում՝ տան սեփականատիրոջ օգտին առկա հանգամանքները և 13.08.2020 թվականին կայացրել են ակնհայտ ոչ իրավաչափ որոշում և առանց Սոֆիա Խաչատրյանի համաձայնության որոշել են վերջինիս ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում անչափահաս երեխաներին վտարել այդ տնից և վտարման օր են նշանակել 02.09.2020 թվականը։

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության պատասխանի հիմնավորումները

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.07.2020 թվականին տրված կատարողական թերթի պահանջները կատարելու համար Ծառայությունը, որպես վարչական մարմին, պարտավոր էր հարուցել և կատարել համապատասխան կատարողական գործողություններ։ Դատարանի 27.08.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ կատարողական վարույթներով կայացված որոշումների գործողությունները կասեցվել են:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չբավարարելը ո՞ր դեպքերում հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ կհանգեցնի նրա իրավունքների պաշտպանության անհնարինությանը:

- Օրենսդիրը, իրավունքների պաշտպանության անհնարինություն սահմանելով, նկատի է ունեցել միայն ա՞յդ գործով դատական պաշպանության, թե՞ հայցվորին տրված իրավական պաշպանության բոլոր միջոցների անհնարինությունը:

- Ո՞րն է «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությունը, և ինչպիսի՞ ապացուցողական չափանիշի դեպքում դատարանը կարող է հաստատված համարել հիմնավոր կասկածի առկայությունը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Վերոգրյալ իրավանորմերի և նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե
-առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

-անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ հայտնում է հետևյալը.

Այսպես, Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը՝որպես «երկմտության վիճակ, տարակուսանք» (տե՛ս Հ.Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 61, 351):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվոմ։ Այսինքն՝ «հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անրադառնալ նաև վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, ըստ որի՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, ու հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ը իր մի շարք որոշումներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը, հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 13.08.2020 թվականին կայացվել է «Հարկադիր վտարելու մասին» որոշում, որտեղ նշված է, որ թիվ ԿԴ1/2362/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից։ Հարկադիր գործողությունների սկիզբ է նշանակվել 02.09.2020 թվականի ժամը 11։00-ը (հավելված, գ.թ. 14)։

Համահայցվորների կողմից հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել են կասեցնել հարկադիր կատարումն ապահովող ծառայության 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշման կատարումը, այն է՝ կասեցնել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին վտարելու գործողությունները (հավելված, գ.թ. 11-13)։

Դատարանը 27.08.2020 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «վիճարկվում է բնակարանի հարկադիր վտարման մասին որոշում, ինչով հայցվորները նպատակ են հետապնդում կանխելու ենթադրաբար ոչ իրավաչափ վտարումը, իսկ վարչական ակտի կատարումը կասեցնելու դեպքում վտարումը կարող է իրականացվել և այդ տեսանկյունից հայցվորների իրավունքների պաշտպանությունն անհնարին կդառնա (վտարումը այլևս հնարավոր չի լինի կանխել), հետևաբար, դատարանը գտնում է որ միջնորդությունը պետք է բավարարել»:

Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշմամբ Աղավնի Տոլմաջյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի այն պատճառաբանությամբ, որ « … բնակարանն ազատելու պայմաններում հայցվորն այլևս կորցնում է վտարման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վիճարկվող ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում, այլևս անհնարին և առարկայազուրկ կդառնա ներկայացված ու քննության համար պահպանված հայցով հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունը»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Ծառայության կողմից 13.08.2020 թվականին կայացվել է «Հարկադիր վտարելու մասին» որոշում, որտեղ նշված է, որ թիվ ԿԴ1/2362/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից։ Հարկադիր գործողությունների սկիզբ է նշանակվել 02.09.2020 թվականի ժամը 11։00-ը (հավելված, գ.թ. 14)։

Համահայցվորների կողմից հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել են կասեցնել հարկադիր կատարումն ապահովող ծառայության 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշման կատարումը, այն է՝ կասեցնել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին վտարելու գործողությունները (հավելված, գ.թ. 11-13)։

Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ սույն գործով երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանը 24.09.2020 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի և 11.11.2020 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքում դրել է այն փաստը, որ Դատարան չի ներկայացվել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել Սիրվարդ Խաչատրյանի իրավունքները խախտելու հիմնավոր կասկածը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, վերահաստատել է Դատարանի կողմից տրված մեկնաբանությունը՝ օրինական ուժի մեջ թողնելով Սիրվարդ Խաչատրյանի մասով «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, միաժամանակ նշելով, որ Սիրվարդ Խաչատրյանը «կորցնում է վտարման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանության հնարավորությունը»: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սիրվարդ Խաչատրյանը վարչական ակտը կասեցնելու իր միջնորդությունը հիմնավորել է այնպիսի փաստով, որը դատարանի համար ակնհայտ է, այն է` կատարողական վարույթի ընթացքում իրականացվելիք վտարման գործողությունները չկասեցվելու դեպքում իբրև իր դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ, քանի որ օրենսդիրը սահմանել է այն կանխավարկածը, որ վարչական ակտը պետք է կատարվի, և որոշ բավարար հիմնավորումների և ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը: Իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում Սիրվարդ Խաչատրյանը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայցվորի կողմից չի վկայակոչվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ չի ներկայացվել ապացույց առ այն, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ուստի Վերաքննիչ դատարանը Սիրվարդ Խաչատրյանի մասով բողոքը նույնպես պետք է բավարարեր:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Համահայցվորների ներկայացրած միջնորդությունը 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ անհիմն է, քանի որ վերջիններս չեն ներկայացրել որևէ հիմնավորում և գործի փաստերով ևս չի հաստատվում այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող որոշման կատարումը զգալի վնաս կպատճառեր նրանց կամ անհնարին կդարձներ նրանց իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, կասեցնելով 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշման կատարումը՝ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29102020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 27.08.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

25.06.2021թ.

 քԵրևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով 25.06.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25.06.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սոֆիա Խաչատրյանի և Սիրվարդ Խաչատրյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանի` Ծառայության 13.08.2020 թվականի «Հարկադիր վտարելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման դեմ Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի (Դատարան) 27.08.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու մասով:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Նախևառաջ հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ սույն գործով ի սկզբանե բացակայել է Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական հիմքը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ:

Տվյալ դեպքում Աղավնի Տոլմաջյանն իր վճռաբեկ բողոքում, որպես այն վարույթ ընդունելու հիմք, վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշմամբ և սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Ընդ որում, ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում չի վկայակոչել թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշման և սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի դատական ակտի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի իրար հակասող մեկնաբանությամբ կիրառելու վերաբերյալ, իսկ նշվածին առերևույթ առնչվող բողոքի փաստարկները բնավ չեն հիմնավորում բողոքարկվող դատական ակտով և թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի դատական ակտով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի իրար հակասող մեկնաբանությամբ կիրառելու հանգամանքը:

Թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով 02.09.2020 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Նշված իրավանորմերի ուսումնասիրությունը վկայում է, որ հայցվորի միջնորդությամբ դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը՝ բացառապես այն պարագայում, երբ հիմնավոր կասկածի առկայությամբ հաստատվի հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վտանգը:

Այսինքն՝ ակտի կատարման կասեցման միջնորդությամբ պետք է ներկայացվեն այնպիսի փաստեր և տեղեկություններ, որպիսիք միջնորդության քննության ժամանակ աներկբա կասկած կառաջացնեն վարչական ակտի կատարման արդյունքում հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ:

Հետևապես միջնորդությամբ ներկայացված այնպիսի տեղեկությունները և փաստերը, որոնք ակնհայտ կասկած չեն առաջացնում զգալի վնաս պատճառելու կամ իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վտանգի մասին, այլ կարող են գնահատվել և որակվել միայն գործի ըստ էության քննության արդյունքում, վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման շրջանակներում չեն կարող որակվել որպես նման հետևանքներ առաջանալու վերաբերյալ հիմնավոր կասկածը հիմնավորող փաստեր և տեղեկություններ:

Տվյալ պարագայում հայցվորը, ներկայացնելով վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, չի ներկայացրել որևէ փաստ կամ տեղեկություն, որը վարչական ակտի կատարմամբ իրեն զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հիմնավոր կասկած կառաջացնի»:

Սույն վարչական գործով Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Փաստորեն, վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման հայց ներկայացրած հայցվոր կողմի միջնորդության հիման վրա վարչական դատարանն իրավասու է ընդունելու վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու մասին որոշում: Ընդ որում, նման որոշում կարող է կայացվել, եթե միջնորդության քննությամբ դատարանը եզրակացնում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Սա նշանակում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում դատարանը կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հիմնավոր կասկած հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ:»

 

Գտնում ենք, որ առավել քան ակնհայտ է վերոգրյալ երկու դատական ակտերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասին տրված մեկնաբանությունների իրար հակասելու փաստի բացակայությունը:

Մասնավորապես, թե՛ թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի և թե՛ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումներով նշված իրավանորմին տրվել է միևնույն մեկնաբանությունը, որը հանգում է հետևյալին.

հայցվորի միջնորդությամբ դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումն այն պարագայում միայն, երբ հիմնավոր կասկածի առկայությամբ հաստատվի հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վտանգը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով նախատեսված հիմքով Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը վարույթ չէր կարող ընդունվել, քանի որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է ակնհայտ լիներ, որ թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշմամբ և սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, հետևաբար Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չէին կարող լինել այն վարույթ ընդունելու եզրահանգման գալու համար, առավել ևս նշված բողոքի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ավելին, նշված երկու գործերով դատական ակտերի վերլուծություններից պարզ է դառնում, որ թեև դրանց փաստական հանգամանքները նույնական են, այդուհանդերձ դատարանի եզրահանգումների հիմնավորումների առումով դրանցում առկա են էական տարբերություններ:

Մասնավորապես, սույն գործով հայցվորի միջնորդությամբ ներկայացված փաստարկները վերաբերել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պայմաններից երկրորդին, այն է՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը։ Նշված փաստարկների գնահատման արդյունքում էլ Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ ակնհայտ է, որ սույն գործով վարչական ակտի կասեցումը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երկրորդ պայմանով:

Մինչդեռ թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշման բովանդակությունից հնարավոր չէ նույնիսկ հետևություն անել այն մասին, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կոնկրետ որ պայմանի առկայության հիմքով է հայցվորը միջնորդել կասեցնել վարչական ակտի կատարումը և որ պայմանի առկայության հարցին է անդրադարձել ՀՀ վարչական դատարանն ու դրա քննարկման արդյունքում մերժել այդ գործով հայցվորի միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանը, սակայն, սույն գործով ոչ միայն վարույթ է ընդունել Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը, այլ նաև որոշել է նշված բողոքի հիմքով վերացնել Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Դատարանի 27.08.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու մասով:

Ընդ որում, անտեսելով այն հանգամանքը, որ թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշմամբ և սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու հանգամանքը բացակայում է, իսկ վճռաբեկ բողոքով Վճռաբեկ դատարանի առջև չի բարձրացվել նշված իրավանորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա լինելու հարց, Վճռաբեկ դատարանը, այդուհանդերձ, իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ՝ արձանագրելով հետևյալը. «(...) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե
-
առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

-անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

(...) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

(...) հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

(...) օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ հայտնում է հետևյալը.

Այսպես, Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը՝որպես «երկմտության վիճակ, տարակուսանք» (տե՛ս Հ.Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 61, 351):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ Այսինքն՝ «հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։

(...) «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

(...) քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»:

Ամբողջությամբ համակարծիք ենք Վճռաբեկ դատարանի այն վերլուծության հետ, որ վարչական ակտի կատարումը կասեցնելն օրենսդիրը պայմանավորել է հետևյալ երկու պայմաններից որևէ մեկի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածով.

1) վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի,

2) վարչական ակտի կատարումը անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը։

Միևնույն ժամանակ գտնում ենք, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները որևէ կերպ չեն հակասում Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշմանը:

Այսպես. սույն գործով բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը ևս անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործված «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» և «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթների բովանդակությանը՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը.

«(...) հիշյալ իրավադրույթում օգտագործված «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացվելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի խորը բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը:

Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրադրության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացվելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ տվյալ գործով եզրագծված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքի (իրավունքների) դատական պաշտպանությունը: Այլ կերպ ասած, այս դեպքում «անհնարինություն»-ը վերաբերում է ոչ թե հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանն ընդհանրապես, այլ բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության պահպանված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը:

Ըստ այդմ, վիճարկվող վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ գործով առկա փաստական հանգամանքների պայմաններում, գործի առանձնահատկությունների հաշվառմամբ համապատասխան միջնորդության քննությամբ դատարանի մոտ ձևավորվում է հիմնավոր և ողջամիտ կասկած առ այն, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու դեպքում այդ ակտի կատարումը կարող է հայցվորի համար առաջացնել նախորդիվ մատնանշված հետևանքները»:

Փաստորեն Վերաքննիչ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով ամրագրված սպառիչ հիմքերի վերաբերյալ՝ առավել մանրամասն անդրադառնալով «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» և «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթների բովանդակությանը, որն ամբողջությամբ համահունչ է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը: Հարկ է նկատել, որ նշվածի առնչությամբ թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 02.09.2020 թվականի որոշումը որևէ վերլուծություն չի պարունակում:

Հիմք ընդունելով հենց վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով վարչական ակտի կասեցումը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պայմաններից երկրորդով՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը.

«(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ևս վիճարկվող վարչական ակտի կատարումն այլևս անհնարին կդարձնի Վարչական դատարանում քննության պահպանված հայցի առարկայի շրջանակներում հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունը: Մասնավորապես, հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել վիճահարույց բնակարանից իրեն վտարելու վերաբերյալ Ծառայության վարչական ակտը, իսկ դրա կատարումը սույն իրավիճակում հանգում է վիճարկման հայցով գործի քննության անհնարինությանը, հետևապես և քննության պահպանված հայցով Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանության անհնարինությանը: Այլ կերպ ասած, բնակարանն ազատելու պայմաններում հայցվորն այլևս կորցնում է վտարման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վիճարկվող ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում, այլևս անհնարին և առարկայազուրկ կդառնա ներկայացված ու քննության համար պահպանված հայցով հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունը:

Վերստին ընդգծելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում ամրագրված «անհնարինություն»-ը վերաբերում է ոչ թե հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանն ընդհանրապես, այլ բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության պահպանված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը` Վերաքննիչ դատարանը բանաձևում է, որ հիմնավոր է հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքի պաշտպանության անհնարինության առկայության վերաբերյալ Վարչական դատարանի հետևությունը:

(...) առկա փաստական հանգամանքները վկայում են մինչև գործով վերջնական որոշում կայացվելը վիճարկվող վարչական ակտի կատարման չկասեցմամբ հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանության անհնարինության հնարավոր գոյության մասին: Հետևապես վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելն օբյեկտիվորեն կարող է անհնարին դարձնել հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունը, (...)»:

 

Այսպիսով, գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ինչպես թիվ ՎԴ/5900/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի, այնպես էլ սույն գործով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումները նույնական են, սակայն նույնական չեն այդ դիրքորոշումների և սույն գործով ներկայացված միջնորդությամբ պարունակվող փաստարկների համադրման արդյունքոմ դատարանների մոտ ձևավորված կասկածը հիմնավոր լինելու կամ չլինելու գնահատականը: Մասնավորապես, միևնույն փաստարկների նկատմամբ կիրառելով միևնույն իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը, իսկ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հիմնավոր կասկածի ձևավորման համար հիմքեր առկա չեն: Ընդ որում, ինչպես վերը նշվեց, սույն գործով վարչական ակտի կասեցումը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է միայն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հանգամանքով, հետևաբար բացակայել է «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությանն անդրադառնալու իրավական հիմքը, մինչդեռ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև այդ հարցին՝ եզրահանգում անելով այն մասին, որ նշված եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Թեև գտնում ենք, որ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությանն անդրադառնալու իրավական հիմքը սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմնավորումների հաշվառմամբ բացակայում է, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ մեկնաբանել է նշված եզրույթի բովանդակությունը, հարկ ենք համարում մեր անհամաձայնությունը հայտնել այն մասով, որ վարչական ակտը չկասեցնելու պատճառով հայցվոր կողմի համար բացասական (վնաս պատճառող) հետևանքների վրա հասնելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է միայն հայցվորի վիճակը նյութական իմաստով անհամեմատ ծանրացնելու հանգամանքով: Փաստորեն Վճռաբեկ դատարանն անտեսել է, որ վարչական ակտով հայցվորը կարող է կրել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնաս (տե՛ս, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածը):

 

Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործով վարչական ակտի կասեցումը պայմանավորելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին համանման իրավական դիրքորոշումներով և դրանք համադրելով Սիրվարդ Խաչատրյանի կողմից ներկայացված միջնորդության մեջ պարունակվող փաստարկների հետ Վերաքննիչ դատարանը հանգել է այն հիմնավոր եզրակացության, որ բնակարանն ազատելու պայմաններում հայցվորն այլևս կորցնում է վտարման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը, վիճարկվող ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում այլևս անհնարին և առարկայազուրկ կդառնա ներկայացված ու քննության համար պահպանված հայցով հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունը:

Միևնույն ժամանակ ընդգծելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում ամրագրված «անհնարինություն»-ը վերաբերում է ոչ թե հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանն ընդհանրապես, այլ բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության պահպանված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա փաստական հանգամանքները վկայում են մինչև գործով վերջնական որոշում կայացվելը վիճարկվող վարչական ակտի կատարման չկասեցմամբ հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանության անհնարինության հնարավոր գոյության մասին, հետևապես վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելն օբյեկտիվորեն կարող է անհնարին դարձնել հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունը:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում ամբողջությամբ պատճառաբանել և հիմնավորել է վերոգրյալ եզրահանգումը, իսկ Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, ուստի նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

Դատավոր

Ռ. Հակոբյան

Դատավոր

Գ. Հակոբյան

Դատավոր

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: