ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0731/01/18 | ||||||
Գործ թիվ ԵԴ/0731/01/18 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի հուլիսի 21-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Վազգեն Հովհաննեսի Միքայելյանի պաշտպան Ս.Մինասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հունվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10100116 քրեական գործը:
2016 թվականի հունվարի 7-ին նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10101316 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10107516 քրեական գործը:
2016 թվականի մարտի 30-ին վերոնշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 10107516 համարով։
Նախաքննության մարմնի կողմից Վազգեն Միքայելյանը 2016 թվականի հունիսի 27-ին թիվ 10107516 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և նույն թվականի հունիսի 28-ին հայտարարվել է հետախուզում:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 30-ի որոշմամբ թիվ 10107516 քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով։
1.1. 2016 թվականի մարտի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13130216 քրեական գործը:
2016 թվականի մայիսի 12-ին նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15101546 քրեական գործը, որը նույն թվականի օգոստոսի 8-ին միացվել է թիվ 13130216 քրեական գործին։
Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Վ.Միքայելյանը թիվ 13130216 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ):
1.2. 2018 թվականի մայիսի 24-ին Վ.Միքայելյանը հայտնաբերվել է, և նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշմամբ թիվ 10107516 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
2018 թվականի հունիսի 12-ին թիվ 13130216 քրեական գործը միացվել է թիվ 10107516 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 10107516 համարի ներքո։
Նախաքննության մարմնի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Վ.Միքայելյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել, լրացվել են, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ), 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ):
2018 թվականի հոկտեմբերի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ՝ Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունվարի 30-ի դատավճռով Վ.Միքայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ), 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) նախատեսված հանցանքներում: Վ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) և 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, և մեկ դրվագով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի և 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով յուրաքանչյուր դրվագով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վ.Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
3. Պաշտպան Ա.Հոբոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Միքայելյանի պաշտպան Ս.Մինասյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Վազգեն Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ), 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(…) [Ն]ա (…) ոսկու (…) և (…) կապարի համաձուլվածքից պատրաստված, ընդհանուրը 209.231 ՀՀ դրամ արժողությամբ ձուլակտորը (…) որպես ամբողջությամբ ոսկյա ձուլակտոր գրավադրելու և ստացված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ դիմել է իր ծանոթ Հայկ (…) Ասլանյանին և թաքցնելով իրականությունն ու ձուլակտորը ներկայացնելով որպես 999 հարգի ոսկյա ձուլակտոր՝ վերջինիս խնդրել է իր անվամբ գրավադրել այն (…): Համաձայնության գալով՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Վազգեն Միքայելյանին պատկանող վերոնշյալ ձուլակտորը Հայկ Ասլանյանը գրավադրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (…) մասնաճյուղում, կնքել թիվ (…) վարկային պայմանագիրը, ստացել 880.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ և ամբողջ գումարն անմիջապես փոխանցել Վազգեն Միքայելյանին, ով խաբեությամբ հափշտակել է այն՝ (…) ընկերությանը պատճառելով խոշոր չափի՝ 670.769 ՀՀ դրամի գույքային վնաս:
(…)
Բացի այդ, Վազգեն Միքայելյանը (…) ոսկուց և (…) կապարից պատրաստված, ընդհանուրը՝ 210.500 ՀՀ դրամ արժողությամբ ձուլակտորը (…) որպես ամբողջությամբ ոսկյա ձուլակտոր գրավադրելու և ստացված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ դիմել է Սևան (…) Չիլինգարյանին և թաքցնելով իրականությունն ու ձուլակտորը ներկայացնելով որպես 999 հարգի ոսկյա ձուլակտոր՝ վերջինիս խնդրել է իր անվամբ գրավադրել այն (…): Համաձայնության գալով՝ Վազգեն Միքայելյանին պատկանող վերոնշյալ ձուլակտորը Սևան Չիլինգարյանը 2015 թվականի սեպտեմբերի 17-ին գրավ է դրել «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (…) մասնաճյուղում, կնքել թիվ (…) վարկային պայմանագիրը, բանկի կողմից տրամադրված 858.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ վերցրել է Վազգեն Միքայելյանը և խաբեությամբ հափշտակել այն՝ (…) ընկերությանը պատճառելով խոշոր չափի՝ 647.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
(…)
Բացի այդ, Վազգեն Միքայելյանը խարդախությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին(…) ոսկուց և արծաթից պատրաստված ընդհանուրը 27.190 ՀՀ դրամ արժողությամբ ապարանջանը «Կրեդոֆինանս ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (…) մասնաճյուղում գրավադրել է որպես (…) ամբողջությամբ ոսկյա ապարանջան, խաբեությամբ կնքել թիվ (…) վարկային պայմանագիրը և ստանալով 284.100 ՀՀ դրամ գումարի չափով վարկ՝ հափշտակել է այն՝ (…) ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 256.910 ՀՀ դրամի գույքային վնաս:
(…)
Բացի այդ, Վազգեն Միքայելյանը, խարդախությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին (…) ոսկուց և արծաթից պատրաստված, ընդհանուրը 37.920 ՀՀ դրամ արժողությամբ շղթան «Կրեդոֆինանս ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (…) մասնաճյուղում գրավադրել է որպես (…) ամբողջությամբ ոսկյա շղթա, խաբեությամբ կնքել թիվ (…) վարկային պայմանագիրը և ստանալով 584.400 ՀՀ դրամ գումարի չափով վարկ՝ հափշտակել է այն՝ (…) ընկերությանը պատճառելով խոշոր չափի՝ 546.480 ՀՀ դրամի գույքային վնաս:
(…)
Այնուհետև, Վազգեն Միքայելյանը, խարդախությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին(…) ոսկուց և արծաթից պատրաստված ընդհանուրը 16.025 ՀՀ դրամ արժողությամբ շղթան «Կրեդոֆինանս ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (…) մասնաճյուղում գրավադրել է որպես (…) ամբողջությամբ ոսկյա շղթա, խաբեությամբ կնքել թիվ (…) վարկային պայմանագիրը և ստանալով 164.200 ՀՀ դրամ գումարի չափով վարկ՝ հափշտակել է այն՝ (…) ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 148.175 ՀՀ դրամի գույքային վնաս:
(…)
Այնուհետև, Վազգեն Միքայելյանը (…) 14.400 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից թևնոցը, (…) 16.400 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից թևնոցը, (…) փաստացի 24.300 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից շղթան, (…) 23.350 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից շղթան «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության (…) մասնաճյուղում որպես ոսկյա զարդեր գրավադրելու և ստացված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով Ալբերտ (…) Հարությունյանի հետ, դիմել են իրենց ծանոթ Գևորգ (…) Հարությունյանին և թաքցնելով իրականությունն ու զարդերը ներկայացնելով որպես ոսկյա զարդեր՝ վերջինիս խնդրել են իր անվամբ գրավադրել դրանք (…)։ Համոզելով վերջինիս և ստանալով նրա համաձայնությունը՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին Վազգեն Միքայելյանին և Ալբերտ Հարությունյանին պատկանող վերոնշյալ զարդերը Գևորգ Հարությունյանը գրավադրել է (…) «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության (…) մասնաճյուղում, կնքել է (…) վարկավորման և ոսկյա իրերի գրավի պայմանագիրը, ստացել է 545.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ և ամբողջ գումարն անմիջապես փոխանցել է Վազգեն Միքայելյանին և Ալբերտ Հարությունյանին, ովքեր խաբեությամբ հափշտակել են նշված գումարը և (…) ընկերությանը պատճառել խոշոր չափերով գույքային վնաս։
(…)
Բացի այդ, Վազգեն Միքայելյանը (…) 20.600 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից շղթան, (…) 22.400 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից շղթան, (…) 15.100 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և (…) արծաթի համաձուլվածքից թևնոցը «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության (…) մասնաճյուղում որպես ոսկյա զարդեր գրավադրելու և ստացված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով Ալբերտ (…) Հարությունյանի հետ, դիմել են իրենց ծանոթ Գևորգ (…) Հարությունյանին և թաքցնելով իրականությունն ու զարդերը ներկայացնելով որպես ոսկյա զարդեր՝ վերջինիս խնդրել են իր անվամբ գրավադրել դրանք (…)։ Համոզելով վերջինիս և ստանալով նրա համաձայնությունը՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին Վազգեն Միքայելյանին և Ալբերտ Հարությունյանին պատկանող վերոնշյալ զարդերը Գևորգ Հարությունյանը գրավադրել է (…) «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության (…) մասնաճյուղում և կնքել է (…) վարկավորման և ոսկյա իրերի գրավի պայմանագիրը, ստացել է 385.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ և ամբողջ գումարն անմիջապես փոխանցել է Վազգեն Միքայելյանին ու Ալբերտ Հարությունյանին, ովքեր խաբեությամբ հափշտակել են նշված գումարը և (…) ընկերությանը պատճառել են զգալի չափերով գույքային վնաս։
(…)
Այնուհետև, Վազգեն Միքայելյանը (…) 22.000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, (…) արծաթի համաձուլվածքից և ոսկու բարակ շերտի նստեցմամբ պատրաստված շղթան ու (…) 12.000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, (…) արծաթի համաձուլվածքից և ոսկու բարակ շերտի նստեցմամբ պատրաստված թևնոցը «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության (…) մասնաճյուղում որպես ոսկյա զարդ գրավադրելու և ստացված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով Ալբերտ (…) Հարությունյանի հետ, կրկին դիմել են իրենց ծանոթ Գևորգ (…) Հարությունյանին ու թաքցնելով իրականությունը՝ զարդերը ներկայացնելով որպես ոսկյա զարդեր, վերջինիս խնդրել են իր անվամբ գրավադրել դրանք (…)։ Համոզելով վերջինիս և ստանալով նրա համաձայնությունը՝ 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Վազգեն Միքայելյանին ու Ալբերտ Հարությունյանին պատկանող վերոնշյալ զարդերը Գևորգ Հարությունյանը գրավադրել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա 19 հասցեում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության (…) մասնաճյուղում և կնքել է (…) վարկավորման ու ոսկյա իրերի գրավի պայմանագիրը, ստացել է 268.800 ՀՀ դրամ գումարի չափով վարկ և ամբողջ գումարն անմիջապես փոխանցել է Վազգեն Միքայելյանին ու Ալբերտ Հարությունյանին, ովքեր խաբեությամբ հափշտակել են նշված գումարը՝ (…) ընկերությանը պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։
(…)
Դրանից բացի, Վազգեն Միքայելյանը (…) 6.000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և պղինձ-ցինկ համաձուլվածքից պատրաստված շղթան և (…) 6.000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով, ոսկու խառնուրդի նստեցված շերտով և պղինձ-ցինկ համաձուլվածքից պատրաստված շղթան «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության (…) մասնաճյուղում որպես ոսկյա զարդեր գրավադրելու և ստացված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով Ալբերտ (…) Հարությունյանի հետ, կրկին դիմել են իրենց ծանոթ Գևորգ (…) Հարությունյանին և թաքցնելով իրականությունն ու զարդերը ներկայացնելով որպես ոսկյա զարդեր՝ վերջինիս խնդրել են իր անվամբ գրավադրել դրանք (…)։ Համոզելով վերջինիս և ստանալով նրա համաձայնությունը՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ին Վազգեն Միքայելյանին և Ալբերտ Հարությունյանին պատկանող վերոնշյալ զարդերը Գևորգ Հարությունյանը գրավադրել է (…) «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության (…) մասնաճյուղում և կնքել է (…) վարկավորման և ոսկյա իրերի գրավի պայմանագիրը, ստացել է 512.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ և ամբողջ գումարն անմիջապես փոխանցել է Վազգեն Միքայելյանին և Ալբերտ Հարությունյանին, ովքեր խաբեությամբ հափշտակել են գումարը՝ (…) ընկերությանը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս»1:
6. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճռում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի համաձայն լինելու հանգամանքն ու հանգելով եզրակացության, որ մեղադրանքը, որի հետ համաձայնվեց ամբաստանյալը, հիմնավորված է և հաստատվում է քրեական գործով հավաքված ապացույցներով, գտնում է, որ ամբաստանյալ Վ.Միքայելյանը կատարել է հանցանքներ` նախատեսված 2 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 3 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 2 դրվագով 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 2 դրվագով 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որոնցով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի:
(…)
Նկատի ունենալով, որ ամբաստանյալի կողմից դիտավորությամբ կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումն ու քրեական գործի նյութերի համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի կասեցվել, այսինքն` ամբաստանյալը կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություններ, նրա կատարած հանցանքների ավարտված լինելու օրվանից անցել է երկու տարի և առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Միքայելյանի նկատմամբ պետք է դադարեցվի 2 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, ու նա պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից այդ արարքների կատարման համար` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով (…)»2:
7․ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վազգեն Միքայելյանի նկատմամբ պատիժներ նշանակելու, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը նրա կողմից ռեալ կրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից բավարար չափով հիմնավորված են:
(...)
Անդրադառնալով Վազգեն Միքայելյանի նկատմամբ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի, սեպտեմբերի 9-ի և 17-ի դրվագներով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական կողմի բարձրացված հարցին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վազգեն Միքայելյանին 2015 թվականի սեպտեմբերի 1-ի, սեպտեմբերի 9-ի և 17-ի դրվագներով մեղսագրված արարքներով վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է նոր կատարված միջին ծանրության հանցագործություններով, որոնցից վերջինը կատարվել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին։
Ինչ վերաբերում է պաշտպանի վկայակոչած ՀՀ Վճռաբեկ դատարանի Կ.Հարությունյանի վերաբերյալ գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշմանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կ.Հարությունյանի գործի և սույն գործի փաստերի միջև առկա է էական տարբերություն, հետևաբար այն կիրառելի չէ սույն գործի փաստերի նկատմամբ։ Մասնավորապես՝ Կ.Հարությունյանի գործով վաղեմության ժամկետի ընդհատման հարցը քննարկվել է նույն անձի վերաբերյալ տարբեր վարույթներում քննվող քրեական գործերի փաստի տեսանկյունից։ Մինչդեռ սույն դեպքում Վազգեն Միքայելյանին նույն գործով մեղսագրվում է մեկից ավելի այդ թվում նաև՝ պաշտպանի կողմից վկայակոչած վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատած հանցանքների կատարում, որոնք Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտով համարվել են հաստատված և Վազգեն Միքայելյանի մեղավորության հարցը տվյալ դեպքում չի վիճարկվում։
Հիմք ընդունելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վազգեն Միքայելյանին 2015 թվականի սեպտեմբերի 1-ի, սեպտեմբերի 9-ի և 17-ի դրվագներով մեղսագրվող արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները հիմնազուրկ են (...)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը, վկայակոչելով վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ օրենսդրական նորմերը, նշել է, որ սույն քրեական գործի նյութերի համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված չի եղել, և Վ.Միքայելյանին մեղսագրված ենթադրյալ հանցանքներից երեք դրվագներով (բողոքը ներկայացնելու օրվա դրությամբ արդեն բոլոր դրվագներով) լրացել են անձին ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները:
8.1. Բացի այդ, բողոքի հեղինակի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը չի հետևել Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, և իր որոշմամբ արձանագրելով, որ Վ.Միքայելյանին 2015 թվականի սեպտեմբերի 1-ի, 9-ի և 17-ի դրվագներով մեղսագրված արարքներով վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է նոր կատարված միջին ծանրության հանցագործություններով, որոնցից վերջինը կատարվել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին՝ խախտել է անձի անմեղության կանխավարկածը, քանի որ Վ.Միքայելյանի նկատմամբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետևաբար վերջինս չի կարող համարվել նոր հանցանք կատարած անձ:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը, Վ.Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների բոլոր դրվագներով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները.
(...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»4։
14. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում5։
15. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Վ.Միքայելյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(...)
2) խոշոր չափերով,
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված արարքները միջին ծանրության հանցագործություններ են, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Վ.Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության երեք դրվագները կատարել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին, 9-ին և 17-ին, նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության երկու դրվագները՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին և 27-ին, իսկ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության երկու դրվագները՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 4-ին6:
Միաժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2016 թվականի հունիսի 27-ին Վ.Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) ներգրավվել է որպես մեղադրյալ7, և նրա նկատմամբ քննությունից թաքնվելու և գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով նույն թվականի հունիսի 28-ին հայտարարվել է հետախուզում8, իսկ 2016 թվականի հունիսի 30-ին քրեական գործով վարույթը կասեցվել է9: Այնուհետև՝ 2018 թվականի մայիսի 21-ին վերջինս մեկ այլ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ)10: 2018 թվականի մայիսի 24-ին Վ.Միքայելյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել11, և քրեական գործով կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել է12:
16.1. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ), 178-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) որակված՝ Վ.Միքայելյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հունվարի 30-ին13, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2020 թվականի սեպտեմբերի 22-ին14: Նշված որոշման դեմ ամբաստանյալ Վ.Միքայելյանի պաշտպան Ս.Մինասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ15:
17. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Միքայելյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության երեք դրվագների համար 2015 թվականի սեպտեմբերի 1-ից, 9-ից և 17-ից հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքը նախ ընդհատվել է Վ.Միքայելյանի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 26-ին, 27-ին և նոյեմբերի 4-ին կատարված միջին ծանրության հանցագործությունների կատարման փաստով, ապա կասեցվել՝ մեղադրյալի քննությունից խուսափելու հիմքով և շարունակվել՝ նրա հայտնաբերման պահից: Հետևաբար, Վ.Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ) մեղսագրված արարքների՝ որպես միջին ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը պետք է հաշվարկել 2015 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2016 թվականի հունիսի 28-ը, ապա շարունակել 2018 թվականի մայիսի 24-ից, որպիսի պայմաններում այն լրանում է 2022 թվականին: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ) քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելը եղել է իրավաչափ:
17.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Վ.Միքայելյանին 2015 թվականի սեպտեմբերի 1-ի, 9-ի և 17-ի դրվագներով մեղսագրված արարքներով վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է նոր կատարված միջին ծանրության հանցագործություններով, խախտել է անձի անմեղության կանխավարկածը և անտեսել Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ առնչությամբ ևս Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր և իրավաչափ են: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, ըստ որի՝ բողոքաբերի վկայակոչած գործի և սույն գործի միջև առկա է էական տարբերություն. Կարեն Հարությունյանի16 գործով վաղեմության ժամկետի ընդհատման հարցը քննարկվել է նույն անձի վերաբերյալ տարբեր վարույթներով քննվող քրեական գործերի փաստի տեսանկյունից, մինչդեռ սույն դեպքում Վ.Միքայելյանին նույն գործով մեղսագրվող մի քանի արարքների կատարման փաստը քննարկվել և հաստատվել է միաժամանակ՝ նույն վարույթի շրջանակում:
18. Անդրադառնալով Վ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ) վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում Վ.Միքայելյանը քննությունից ընդհանուր առմամբ խուսափել է 3 օր17, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա և դրան գումարած՝ քննությունից խուսափելու 3-օրյա ժամկետը լրանալու օրվա՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Վ.Միքայելյանին հիշյալ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ) քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
19. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100- ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) կիրառելի է Վ.Միքայելյանի նկատմամբ: Մասնավորապես, Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել`
1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.
(…)
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց»։
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»։
Վերոնշյալ իրավադրույթների հաշվառմամբ և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Վ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (երկու դրվագ) քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեք դրվագով նշանակված պատիժները կապված չեն ազատությունից զրկելու հետ և չեն գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա ամբաստանյալ Վ.Միքայելյանին պետք է ազատել նշանակված պատժի կրումից:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Վ.Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վազգեն Հովհաննեսի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեք դրվագով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ երկու դրվագով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանել և փոփոխել:
2. Ամբաստանյալ Վազգեն Հովհաննեսի Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ երկու դրվագով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա Վազգեն Հովհաննեսի Միքայելյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեք դրվագով նշանակված՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ տուգանք և 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից:
4. Ամբաստանյալ Վազգեն Հովհաննեսի Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 79-83:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 14, թերթեր 90-91:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 16, թերթեր 78-79:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։
5 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։
6 Տե ՛ս սույն որոշման 5-րդ կետը:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 43-45:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 53-55:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 64-74:
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 214-217:
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 94:
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 101-102:
13 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշումը:
17 Տե՛ս սույն որոշման 1.1-րդ և 1.2-րդ կետերը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|