ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
Սույն օրենքը կարգավորում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետությունում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերություններն անասնաբուժության բնագավառում:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
կենդանիներ՝ ցամաքային և ջրային կաթնասունների ու թռչունների (գյուղատնտեսական, ընտանի կենդանիներ ու թռչուններ, մորթատու գազաններ, լաբորատոր կենդանիներ, ազատ և անազատ պայմաններում պահպանվող ջրային, վայրի, դեկորատիվ կենդանիներ ու թռչուններ), սողունների, երկկենցաղների, ձկների, խեցգետնակերպերի, կակղամորթերի, խխունջների բոլոր տեսակները, բեղմնավորված ձկնկիթ, մեղու, շերամ ու դեկորատիվ այլ միջատներ, կենդանիների սերմնահեղուկ, սաղմ, զիգոտ, ինկուբացիոն ձու.
անասնաբուժություն՝ բնագավառ, որն իրականացնում է կենդանիների հիվանդությունների կանխման, վերացման, ախտորոշման և հիվանդ կենդանիների բուժման համալիր միջոցառումներ, իրագործում է պետական վերահսկողություն կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության, վերամշակման, տեղափոխման, իրացման, անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների, կերերի և լրացակերերի տեղական արտադրության, դրանց ներմուծման և արտահանման, կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից Հայաստանի Հանրապետության տարածքի պահպանության նկատմամբ.
անասնաբուժական գործունեություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեություն, որը նպատակաուղղված է կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը, բնակչությանը կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություններից պաշտպանմանը, անասնահամաճարակային իրավիճակների կանխմանը, բարորակ կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի ստացմանը.
կենդանական ծագման մթերք՝ ցամաքային և ջրային կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների սպանդից ստացված մթերք՝ մսեղիք, միս ու սպանդային ենթամթերք (ներքին պարենքիմատոզ օրգաններ, ուղեղ, լեզու, հալած ճարպ), կաթ և չփաթեթավորված կաթնամթերք, ձուկ և չփաթեթավորված ձկնամթերք, ձկնկիթ, խեցգետնակերպեր, կակղամորթեր, ցամաքային և ջրային անողնաշարավորներ, ձու, մեղր, որոնք սպառվում են բնակչության կողմից և օգտագործվում են նաև որպես պարենային հումք.
կենդանական ծագման հումք՝ կենդանիների սպանդից ստացված ներզատիչ գեղձեր, աղիք, կաշի, մորթի, մազ (բուրդ, խոզան, փետուր, աղվամազ), եղջյուր, սմբակ, ոսկոր, չվերամշակված ճարպ, լեղի, արյուն, մեղրամոմ, մոմաթերթ, մեղվի թույն, օձի թույն, տեխնիկական ալբումին, կազեին, ժելատին, որսորդական հաղթանշաններ և այլն, որոնք օգտագործվում են վերամշակումից հետո.
անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ` անասնաբուժասանիտարական հաշվառված ձևաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), որոնք հաստատում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների առողջական վիճակը, կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի ծագումը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից և կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը.
անասնաբուժասանիտարական փորձաքննություն՝ կենդանիների հիվանդությունների նկատմամբ կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի ու լրացակերերի ախտորոշիչ և անասնաբուժասանիտարական պիտանելիության գնահատման նպատակով անասնաբուժասանիտարական կանոններին և նորմերին համապատասխան կատարվող հատուկ հետազոտություններ.
անասնաբուժական դեղամիջոցներ՝ կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման համար նախատեսված կենսապատրաստուկներ՝ պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ, իմուն և գերիմուն շիճուկներ, մանրէական աճեցվածքներ և մանրէական տարատեսակներ, բուսական, քիմիադեղագործական նյութեր, պատրաստուկներ.
անասնաբուժական միջոցներ՝ անասնաբուժական գործունեության համար անհրաժեշտ սարքեր, գործիքներ, սարքավորումներ, անասնաբուժական հատուկ տրանսպորտ, տեխնիկա.
կերեր` բուսական և կենդանական, ինչպես նաև հանքային ծագման արտադրանք, որն օգտագործվում է կենդանիների կերակրման համար.
լրացակերեր՝ կենդանիների կերակրման համար նախատեսված սպիտակուցների, ամինաթթուների, վիտամինների, մակրո և միկրոտարրերի, ֆերմենտային պատրաստուկների, կերային խմորիչների, ճարպանյութերի նորմավորված պարունակությամբ կերային հավելումներ.
կարանտինային հիվանդություններ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններ, որոնց դեմ պայքարը պահանջում է կարանտինի սահմանում, և որոնք կարող են լուրջ վնաս պատճառել կենդանիների առողջությանը, իջեցնել կենդանական ծագում ունեցող մթերքի ու հումքի որակը.
կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ՝ հիվանդություններ, որոնք ունեն արագորեն տարածվելու, ընդարձակ տարածքներ ընդգրկելու և մեծ տնտեսական վնասներ հասցնելու հատկություն (դասվում են Համաշխարհային համաճարակային բյուրոյի կողմից սահմանված հիվանդությունների «Ա» խմբի ցանկին).
պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդություններ՝ լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկում ընդգրկված հիվանդություններ, որոնց բացահայտման կամ կասկածի դեպքերն անհապաղ հաղորդվում են անասնաբուժական համապատասխան մարմիններին.
կենդանիների կարանտին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տարածքային կառավարման մարմինների կողմից կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկումները վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը կանխող, ինչպես նաև այդ ընթացքում սույն օրենքով նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ժամանակավոր սահմանափակումներ ու լրացուցիչ պարտականություններ սահմանող ռեժիմային գործունեություն.
անասնահամաճարակ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների համեմատաբար կարճ ժամկետում արագ տարածվելու և զգալի տարածքներ գրավելու իրադրություն, որը բնորոշվում է ընթացքի անընդհատությամբ ու դրսևորման պարբերականությամբ.
սահմանային հսկիչ անասնաբուժական կետ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում գործող անասնաբուժական պետական տեսչության ստորաբաժանում, որն իրականացնում է պետական սահմանում կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի ներմուծման ու արտահանման ժամանակ անասնաբուժասանիտարական հսկողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանություն օտարերկրյա պետություններից կենդանիների հիվանդությունների ներթափանցումից.
անասնաբուժական ծառայություն՝ կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման, բուժման, վերացման միջոցառումներ, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննություն ու անասնաբուժական այլ կարգի ծառայություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք.
անասնաբուժական պետական տեսչություն` լիազորված մարմնի կառուցվածքում գործող անասնաբուժական ստորաբաժանում, որն իրականացնում է վերահսկողություն անասնաբուժության բնագավառի օրենսդրության պահանջների կատարման և կարանտինի իրականացման նկատմամբ.
կենդանիների գրանցում՝ գրանցումներ, որոնք արվում են անասնաբուժական ծառայության կողմից պահվող հատուկ գրքերում՝ կառավարության հաստատած կարգով, գյուղատնտեսական կենդանիներին` խոշոր և մանր եղջերավոր անասուններին, խոզերին, ձիերին, վերաբերող տեղեկությունների՝ մասնավորապես, դրանց սպանդի, անկման կամ կորուստների, գնման կամ այլ իրացման գործընթացի մասին.
կենդանիների համարակալում՝ գյուղատնտեսական կենդանիների ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնել կենդանիներին:
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. | Անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5. | Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
1) այդ բնագավառում պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի սահմանումը.
3) կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի սահմանումը.
4) կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգի սահմանումը.
5) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի սահմանումը.
6) կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի սահմանումը.
7) մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի սահմանումը.
8) գյուղատնտեսական կենդանիների արտահանման ու ներկրման կարգի սահմանումը.
9) կենդանական ծագման հումքի և մթերքի արտահանման ու ներկրման կարգի սահմանումը.
10) անասնաբուժական դեղամիջոցների արտահանման ու ներկրման կարգի սահմանումը.
11) կերերի և լրացակերերի արտահանման ու ներկրման կարգի սահմանումը.
12) անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման կարգի սահմանումը.
13) վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգի սահմանումը.
14) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգի սահմանումը.
15) անասնաբուժական պետական վերահսկողության իրականացման կարգի սահմանումը.
16) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկի հաստատումը.
17) կարանտինի սահմանումը և չեղյալ հայտարարումը` երկու և ավելի մարզերում անասնահամաճարակի բռնկման դեպքում.
18) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր, պարտադիր ծանուցման ինֆեկցիոն ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վերացման նպատակային ծրագրերի հաստատումը.
19) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:
Հոդված 6. | Անասնաբուժության բնագավառում լիազորված մարմնի իրավասությունները |
Անասնաբուժության բնագավառում լիազորված մարմինը համակարգում և վերահսկում է անասնաբուժական ծառայության գործունեությունը, ամրապնդում դրա նյութատեխնիկական բազան:
Լիազորված մարմինը`
1) վերահսկողություն է իրականացնում անասնաբուժական գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ.
2) գնահատում, կանխորոշում է անասնահամաճարակային իրավիճակը.
3) հաստատում է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները.
4) վերլուծում է կենդանիների հիվանդացածության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառները, համապատասխան միջոցառումներ է իրականացնում այդ երևույթների կանխարգելման նպատակով.
5) ուսումնասիրում և վերլուծում է կենդանական ծագման մթերքի ու հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, անասնաբուժական միջոցների, կերերի և լրացակերերի արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները.
6) հաստատում է անասնաբուժական ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի օրինակելի ձևերը.
7) հաստատում է անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձևը.
8) ընդունում է հրահանգներ, գերատեսչական նորմատիվ ակտեր.
9) համագործակցում է միջազգային, միջպետական կազմակերպությունների հետ.
10) ապահովում է առողջապահական և այլ պետական մարմինների հետ համագործակցությունը.
11) ներդնում է գիտական նվաճումները և նոր տեխնոլոգիաները.
12) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 7. | Անասնաբուժության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները |
Տարածքային կառավարման մարմինը մարզի տարածքում`
1) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
2) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում, սահմանում և չեղյալ է հայտարարում կարանտինը.
3) աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս:
Հոդված 8. | Անասնաբուժական ծառայության հիմնական խնդիրները |
Անասնաբուժական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են՝
1) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը.
2) կենդանիների պաշտպանությունը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից՝ ապահովելով հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր, ախտորոշիչ, անասնաբուժասանիտարական և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
3) կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի արտադրության, վերամշակման ընթացքում, շուկաներում, կենդանական ծագման մթերքի և հումքի իրացման կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության ապահովումը.
4) կենդանիների սերոմոնիտորինգի՝ շիճուկաբանական հետազոտության վերլուծության աշխատանքների իրականացումը.
5) կենդանիների հիվանդացության ու հիվանդություններից անկումների պատճառների բացահայտումը, նմանատիպ երևույթների կանխարգելման նպատակով խորհրդատվության մատուցումը:
Հոդված 9. | Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները |
Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝
1) բուժելու հիվանդ կենդանիներին.
2) կատարելու կենդանիների արհեստական սերմնավորում.
3) տրամադրելու համապատասխան նմուշի ստորագրված ու կնքված անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ.
4) անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի պիտանելիության հավաստման համար ունենալու դրոշմակնիքներ և անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներ.
5) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու խորհրդատվություն՝ կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Հոդված 10. | Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`
1) կազմակերպել և իրականացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ նախատեսված անասնաբուժական համապատասխան միջոցառումներ.
2) իրականացնել կլինիկական, լաբորատոր (վիրուսաբանական, մանրէաբանական, կենսաքիմիական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական, հյուսվածքաբանական, մակաբուծաբանական) և այլ թեստեր` կենդանիների հիվանդությունների ախտորոշման համար.
3) կառավարության սահմանած կարգով իրականացնել կենդանական ծագման մթերքի ու հումքի, կերերի և լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննություն և արդյունքները գրանցել անասնաբուժասանիտարական փորձաքննության համապատասխան ձևի գրանցամատյանում.
4) ունենալ կնիք` անասնաբուժական ծառայությանը սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը հաստատելու համար.
5) տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն առողջապահական և այլ պետական մարմիններին մարդկանց ու կենդանիների համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման մասին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
2. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական ու առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 11. | Անասնաբուժական պետական վերահսկողությունը |
Անասնաբուժական պետական վերահսկողությունը կազմակերպչական և իրավական միջոցառումների համակցություն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հակաանասնահամաճարակային հարկադիր միջոցառումների կազմակերպման, իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով: Անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացվում է նաև կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման և վերամշակման ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող և երկրից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաև կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող նյութերի ու առարկաների նկատմամբ:
Հոդված 12. | Անասնաբուժական պետական տեսչության գործունեությունը |
Անասնաբուժական պետական տեսչությունը վերահսկում է`
1) մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությանն ուղղված անասնաբուժական ծառայությունների գործընթացները.
2) անասնաբուժական ծառայության գործունեությունը.
3) կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերացման հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը.
4) կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և լրացակերերի ներմուծումը և արտահանումը.
5) կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննության, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, վերամշակման, տեղափոխման, պահպանման, իրացման, ինչպես նաև դրանց և կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման համապատասխանությունը հակաանասնահամաճարակային կանոններին, անասնաբուժասանիտարական կանոններին և նորմերին.
6) գյուղատնտեսական կենդանիների համարակալման և գրանցման գործընթացները.
7) կենդանիների վերարտադրողության պահպանմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների և արհեստական սերմնավորման գործընթացները.
8) կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների, շինարարության ու շահագործման զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանումը.
9) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխության գործընթացները, արտահանող երկրի տված անասնաբուժական համապատասխան փաստաթղթերի ստուգումը.
10) այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացումը:
Հոդված 13. | Անասնաբուժական պետական տեսուչի իրավունքները |
Անասնաբուժական պետական տեսուչն իրավունք ունի`
1) անասնաբուժական ծառայությունից պահանջելու տեղեկատվություն իրենց կողմից սպասարկվող տարածքների անասնահամաճարակային իրավիճակի, իրականացվող անասնաբուժական միջոցառումների մասին.
2) կատարելու ստուգումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական պետական վերահսկողության կարգի համաձայն.
3) անասնաբուժական բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալու պարտադիր կատարման համար առաջադրանքներ և հետևելու դրանց իրականացմանը.
4) օրենքով սահմանված կարգով նշանակելու վարչական տույժեր և տուգանքներ.
5) ստուգելու և վերլուծելու հակաանասնահամաճարակային կանոնների, անասնաբուժասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը անասնապահության վայրերում, սպանդանոցներում, մսի, կաթի, ձկան և ջրային կենդանիների մշակման, վերամշակման, կենդանական ծագման այլ մթերքի և հումքի, կերերի ու լրացակերերի արտադրության կազմակերպություններում, իրացման կետերում, պահեստներում.
6) ստուգելու և վերլուծելու հակաանասնահամաճարակային կանոնների, անասնաբուժասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը անասնաբուժական դեղամիջոցների, կերերի, լրացակերերի արտադրության, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացներում, բացահայտելու Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող ներմուծված ու հայրենական արտադրության անասնաբուժական դեղամիջոցների, լրացակերերի որակը և օգտագործման արդյունավետությունը՝ բացառելով պետական գրանցում չունեցող, ինչպես նաև անորակ անասնաբուժական դեղամիջոցների, լրացակերերի իրացումը.
7) ստուգելու հանրապետության շուկաների տեղանքում, կենդանական ծագման մթերք և հումք իրացնող կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության գործընթացը և դրա իրականացման համար համապատասխան պայմանների առկայությունը, արգելելու անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի պահանջներին չհամապատասխանող կենդանական ծագման մթերքի և հումքի իրացումը, իսկ անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված կենդանական ծագման մթերքը և հումքը, կերերը և լրացակերերը ուղարկելու օգտահանման (տեխնիկական վերամշակում) կամ ոչնչացման:
Հոդված 14. | Անասնաբուժական պետական տեսուչի պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Անասնաբուժական պետական տեսուչը պարտավոր է`
1) պահպանել ֆիզիկական և իրավաբանական անձանց օրենքով սահմանված իրավունքները.
2) չխոչընդոտել ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն աշխատանքին.
3) չհրապարակել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին օրենսդրությամբ գաղտնիք համարվող տեղեկություններ.
4) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային հսկիչ անասնաբուժական կետում զննել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և արտահանվող կենդանիներին, ստուգել ներմուծվող և արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի ու հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների համապատասխանությունը ներկայացվող փաստաթղթերին, անասնաբուժասանիտարական փորձաքննության համար սահմանված կարգով վերցնել փորձանմուշներ:
2. Անասնաբուժական պետական տեսուչն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 15. | Անասնաբուժական պետական կարգավորման գործառույթների ֆինանսավորումը |
1. Անասնաբուժության բնագավառում անասնաբուժական ծառայության ֆինանսավորումը կարող է իրականացվել պետական բյուջեի միջոցներով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում չընդգրկված կենդանիների մյուս վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանն ու վերացմանն ուղղված անասնաբուժական ծառայության գործունեությունը վճարովի ծառայություն է:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 16. | Կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման համալիրում ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները |
Կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման նպատակով կենդանիներ, կենդանական ծագման մթերք ու հումք, կերեր ու լրացակերեր, անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծող և արտահանող, կենդանիների պահպանմամբ, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և լրացակերերի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխությամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են՝
1) ապահովել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վարակիչ օջախի վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
2) կենդանիներ, կենդանական ծագման մթերք և հումք, կերեր ու լրացակերեր, անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծել և արտահանել կամ դրանց տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքին և միջազգային անասնաբուժական օրենսդրության պահանջներին համապատասխան.
3) կենդանիներ, կենդանական ծագման մթերք և հումք, անասնաբուժական դեղամիջոցներ, կերեր և լրացակերեր ներմուծել, արտահանել ու երկրի տարածքում դրանց տեղափոխումն իրականացնել միայն անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ.
4) Հայաստանի Հանրապետություն ներկրել կենդանիներ, կենդանական ծագման մթերք և հումք, կերեր, լրացակերեր, անասնաբուժական դեղամիջոցներ ու անասնաբուժական միջոցներ, եթե ներկայացվեն արտահանող երկրում դրանց գրանցումը և օգտագործումը հաստատող համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.
5) Հայաստանի Հանրապետություն ազատ շրջանառության համար ներմուծվող կենդանիներին կանխարգելիչ կարանտինում պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
6) անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին.
7) թույլ տալ և աջակցել անասնաբույժներին զննելու կենդանիներին, պատվաստել դրանց, ինչպես նաև կատարել արյան հետազոտություն և այլ թեստեր, հակաանասնահամաճարակային ու անասնաբուժական կանխարգելիչ այլ միջոցառումներ.
8) կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում.
9) ներմուծել և արտահանել, արտադրել, պահպանել, վերամշակել և իրացնել միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման մթերք ու հումք, կերեր, լրացակերեր.
10) առանց անասնաբույժի գրավոր համաձայնության՝ բացառել կենդանիների սպանդը և սպանդից գոյացած մսեղիքի, սպանդային մյուս մթերքների և հումքի իրացումը.
11) կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և լրացակերերի տեղափոխումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17. | Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների օջախների վերացման միջոցառումները |
1. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների կասկածի դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հիվանդության տարածումը կանխելու համար:
2. Անասնաբուժական ծառայությունը պարտավոր է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշումը հաստատել լիազորված մարմնի միջոցով՝ լաբորատոր հետազոտության ուղարկելով ախտաբանական նմուշներ:
3. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշումը հաստատվելուց հետո սահմանվում է կարանտին, և համապատասխան կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվում հիվանդության վերացման և տարածումը կանխելու նպատակով: Կարանտինի սահմանման դեպքում դրվում է լրիվ կամ մասնակի արգելք, որի ընթացքում կարանտինային գոտում կարող են սահմանափակվել կամ դադարեցվել կենդանիների, մարդկանց, հասարակական տրանսպորտի տեղաշարժը, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի տեղափոխումը:
4. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերացման միջոցառումների համալիրում, հաշվի առնելով հիվանդության հարուցիչի ախտածնությունը և վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի աշխարհագրական դիրքը և բնական այլ պայմանները, որոշվում են`
1) վարակի օջախի տարածքի սահմանները.
2) վարակի օջախի շուրջը 3 կմ շառավղով պաշտպանվող շրջակայքի սահմանները.
3) պաշտպանվող շրջակայքի շուրջը վերահսկվող 10 կմ շառավղով տարածքի սահմանները:
5. Նշված տարածքներում (այսուհետ` կարանտինային գոտի) իրականացվում են հակաանասնահամաճարակային հետևյալ միջոցառումները`
1) եթե կարանտինային գոտին ներառում է երկու սահմանակից մարզերի տարածքները, ապա հիվանդության վերացման միջոցառումները պլանավորվում և իրականացվում են համատեղ՝ երկու մարզերի անասնաբուժական ծառայությունների կողմից, իսկ եթե անասնահամաճարակը ընդգրկել է երեք և ավելի մարզեր, հիվանդության վերացման միջոցառումների իրականացումը կազմակերպում է լիազորված մարմինը.
2) եթե կենդանիների վերը նշված ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչը վտանգավոր է նաև մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ.
3) լիազորված մարմինը լրացուցիչ միջոցառումներ` կարանտինի ժամկետի երկարաձգում, համայնքների ու մարզերի տարածքում հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցների երթուղիների արգելք, երթուղափոփոխություն իրականացնելու առաջարկություններով պետք է դիմի տարածքային պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության և այլ ուժեր ու միջոցներ, որոնք համապատասխան միջոցառման մասին պետք է որոշում կայացնեն 24 ժամվա ընթացքում.
4) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հաստատումից հետո սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքներում վարակի օջախի վերացման վերաբերյալ անասնաբուժական ծառայության մասնագետի կարգադրությունները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար.
5) անասնաբուժական ծառայության մասնագետը կարող է պարտադրել սպանդանոցներում, կենդանական ծագման մթերք և հումք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնների համաձայն՝ սանիտարական հարկադիր սպանդի ենթարկել կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդ կենդանիներին կամ վերամշակել դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը, որոնց վերացման ու հետագա տարածումը կանխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահանջվում է իրականացնել համապատասխան միջոցառումներ.
6) եթե կենդանիների վարակիչ հիվանդության վերացման կամ դրա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է ոչնչացնել անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիներին, դրանց սաղմերը, մորթին, կաշին, մսեղիքը, սպանդի մնացորդները կամ կենդանական ծագման այլ մթերք ու հումք, ապա ֆիզիկական և իրավաբանական անձինք, անասնաբուժական ծառայության մասնագետի գրավոր ցուցումների համաձայն, դրանք ոչնչացնում են թաղման, այրման կամ օգտահանման եղանակներով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 18. | Կենդանիների համարակալումն ու գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական կենդանիների գրանցման և համարակալման գործընթացը կատարվում է կառավարության սահմանած կարգով:
2. Անասնաբուժական ծառայությունը պարտավոր է գրանցման գրքերում մուտքագրել համարակալված կենդանիների անհատական տվյալների, շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկությունները, դրանց մասին կազմել ամենամսյա, ամփոփ հաշվետվություններ և ներկայացնել լիազորված մարմին՝ կառավարության սահմանած կարգի համաձայն:
3. Կենդանիների գրանցման, պահանջվող ձևերի, գրանցման գրքերի և կենդանիների անձնագրերի տպագրման, կենդանիների ականջների պիտակավորման գործընթացի, պիտակավորման համար անհրաժեշտ սարքավորումների, տարբերակող պիտակների ձեռքբերման, ստացված տվյալների մշակման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (26 հոկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-16):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.06.2014, ՀՕ-137-Ն | 09.08.2014, ՀՕ-202-Ն | |
19.03.2012, ՀՕ-81-Ն | 28.04.2012, ՀՕ-202-Ն | |
13.04.2011, ՀՕ-116-Ն | 21.05.2011, ՀՕ-202-Ն | |
08.12.2010, ՀՕ-236-Ն | 01.01.2011, ՀՕ-202-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|