ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ/0127/01/19 | ||||||
Գործ թիվ ՍԴ/0127/01/19 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի հուլիսի 9-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Ռազմիկի Իսրայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 6-ի որոշման դեմ պաշտպաններ Լ.Մարգարյանի, Շ.Բրեյդիի, Ե.Մարգարյանի և Ա.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 41100608 քրեական գործը:
2008 թվականի մարտի 3-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Անդրանիկ Իսրայելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը Ա.Իսրայելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 26-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Ա.Իսրայելյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
2019 թվականի հունվարի 18-ին Ա.Իսրայելյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 19-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:
2019 թվականի հունվարի 19-ին նախաքննության մարմնի որոշմամբ Ա.Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Իսրայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2019 թվականի օգոստոսի 21-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ա.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:
2019 թվականի օգոստոսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով Ա.Իսրայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Իսրայելյանի ձերբակալված լինելու ժամկետը` 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ է թողնվել կրելու ազատազրկում` 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։
3. Պաշտպան Լ.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել պաշտպաններ Լ.Մարգարյանը, Շ.Բրեյդին, Ե.Մարգարյանը և Ա.Մարտիրոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Անդրանիկ Իսրայելյանը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 2-ին1:
6. Ա.Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, 2007 թվականի հոկտեմբերից ենթակա լինելով պարտադիր զինվորական ծառայության, հաշվառման վայրի` Կապանի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի որոշմամբ 02.03.2006 թվականին պիտանի է ճանաչվել զինծառայության համար խաղաղ պայմաններում և 13.11.2007 թվականին գրավոր ծանուցվել ծառայության մեկնելու համար զինկոմիսարիատ ներկայանալու մասին, սակայն անհարգելի պատճառով չի ներկայացել և չունենալով այդ ծառայությունից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքեր, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2007 թվականի աշնանային զորակոչից (…)»2:
7. 2021 թվականի մայիսի 27-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Իսրայելյանի և պաշտպաններ Լ.Մարգարյանի, Շ.Բրեյդիի, Ե.Մարգարյանի ու Ա.Մարտիրոսյանի միջնորդությունը, որով վերջիններս խնդրել են ամբաստանյալի նկատմամբ կիրառել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» 2021 թվականի մայիսի 6-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) և վերջինիս վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ։
Բողոքի հեղինակները գտել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, քանի որ խախտվել են ամբաստանյալ Ա.Իսրայելյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մի շարք իրավունքներ, ինչպես նաև փաստարկել, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթը, համաձայն որի՝ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Բողոք բերած անձինք նշել են, որ 27 տարին լրանալուց հետո ամբաստանյալը չէր կարող անցնել այլընտրանքային ծառայության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված միակ նորմը, որը կիրառելի էր վերջինիս հանդեպ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին գումար մուտքագրելու մասին էր, ինչի արդյունքում էլ նա զրկվել է նույն գումարը ՀՀ պետական բյուջեի մեկ այլ հաշվեհամարի ուղղելու հնարավորությունից։
Բացի այդ, բողոքի հեղինակները փաստարկել են, որ Ա.Իսրայելյանը զրկվել է քաղաքացիական պարտականություններն այլընտրանքային սկզբունքով կատարելու հնարավորությունից։
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 7-ի որոշումը և քրեական գործի վարույթը կարճել՝ Ա.Իսրայելյանին արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով նրա անմեղությունը, իսկ, այնուամենայնիվ, վերջինիս մեղավորությունը հաստատված համարելու պարագայում՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերների կողմից ըստ էության բարձրացվել է երկու իրավական հարց՝ վերաբերող ամբաստանյալ Ա.Իսրայելյանի մեղավորությանը և նրա նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը։ Սակայն, հիմք ընդունելով ամբաստանյալի և պաշտպանների կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված՝ ամբաստանյալի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու միջնորդությունը4, և դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները5` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից։
10.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
(…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի (…) 13-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Համաներման մասին օրենքի6 1-ին հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենքը կարգավորում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները (…)»:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ` «1. Համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաև չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով:
2. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ:
(...)»:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «3) Սույն օրենքի կատարումը վերապահել՝
(...)
3) Վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ. (...)»:
⚖12. Համաներման մասին օրենքի ընդունման` որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]ամաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես՝ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (…) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով՝ հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (…)»7:
12.1 Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։ Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել8:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` 2007 թվականի հոկտեմբերից ենթակա լինելով պարտադիր զինվորական ծառայության, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2007 թվականի աշնանային զորակոչից9:
Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով Ա.Իսրայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով10։
Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 2020 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ11:
Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Իսրայելյանի և պաշտպաններ Լ.Մարգարյանի, Շ.Բրեյդիի, Ե.Մարգարյանի և Ա.Մարտիրոսյանի միջնորդությունը` ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու խնդրանքով12:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`
ա) Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ամբաստանյալ Ա.Իսրայելյանի 27 տարին եղել է լրացած13,
բ) ամբաստանյալ Ա.Իսրայելյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն14,
գ) ամբաստանյալ Ա.Իսրայելյանն ու պաշտպանները միջնորդել են Ա.Իսրայելյանի նկատմամբ կիրառել Համաներման մասին օրենքը15,
դ) բացակայում են Համաներման մասին օրենքն Ա.Իսրայելյանի նկատմամբ կիրառելու սահմանափակումները։
Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ ամբաստանյալ Ա.Իսրայելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նրա 27 տարին եղել է լրացած, ինչպես նաև վերջինս համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ համաներման կիրառման հիմքով։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները և բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:
15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:
16. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 7-ի և Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 6-ի դատական ակտերը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի ուժով ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման։
17. Նշված պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերների` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկներին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Անդրանիկ Ռազմիկի Իսրայելյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 6-ի որոշումը բեկանել:
2. «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» 2021 թվականի մայիսի 6-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Անդրանիկ Ռազմիկի Իսրայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
3. Անդրանիկ Ռազմիկի Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 2։
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 178-180:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 117-118։
4 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
5 ՏեԲս Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։
6 Ընդունվել է 2021 թվականի մայիսի 6-ին, մտել ուժի մեջ՝ 2021 թվականի մայիսի 19-ին։
7 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Թադևոս Գևորգյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը։
8 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արտակ Գևորգյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0065/01/17 որոշման 12.1-րդ կետերը։
9 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
10 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
11 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:
12 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: