Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.09.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0073/01/17

Գործ թիվ ԵԷԴ/0073/01/17

Նախագահող դատավոր՝  Ա. Մնացականյան

Դատավորներ՝

 Ա. Ազարյան

 Մ. Արղամանյան

      

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի սեպտեմբերի 3-ին

ք. Երևանում

  

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աբրահամ Սարգսի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12158317 քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

2017 թվականի փետրվարի 13-ին Աբրահամ Սարգսի Աբրահամյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Ա.Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝  2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Ա.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

2017 թվականի օգոստոսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով Ա.Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով։ Ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Տուժողի իրավահաջորդ Գայանե Բաբախանյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն. Ա.Աբրահամյանից հօգուտ Գ.Բաբախանյանի բռնագանձվել է 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում: Մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության՝ Գ.Բաբախանյանին իրավունք վերապահելով հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով։

3. Ամբաստանյալ Ա.Աբրահամյանի պաշտպան Ա.Ջուվանովայի և տուժողի իրավահաջորդ Գ.Բաբախանյանի ներկայացուցիչ Դ.Ղազարյանի  վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Ամբաստանյալ Ա.Աբրահամյանի պաշտպան Ա.Ջուվանովան և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Դ.Ղազարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ։ Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշումներով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Դ.Ղազարյանի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ պաշտպան Ա.Ջուվանովայի բողոքն ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Աբրահամ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով այն բանի համար, որ. «(…) նա 2017 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 01-ի սահմաններում, դանակով երկու անգամ հարվածել է Սամվել Ռաֆիկի Սահակյանի ձախ ազդրի, հետույքային ձախ շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունվարի 11-ին արձանագրային որոշմամբ մերժել է դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը2:

7. Պաշտպան Ա.Ջուվանովան Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում, ի թիվս այլնի, նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով Ա.Աբրահամյանի միջնորդությունը՝ դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ, վերջինիս զրկել է օրենքով սահմանված նվազագույն պատիժ ստանալու իրավունքից, որի արդյունքում Ա.Աբրահամյանն իր ունեցած հիվանդությունների և դրական բնութագրի պարագայում ստացել է անհամեմատ ծանր պատիժ3։

8. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ Աբրահամ Աբրահամյանի միջնորդությունը, նրան զրկել է օրենքով սահմանված նվազագույն պատիժ ստանալու իրավունքից: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը վերաքննիչ բողոքներում չի վիճարկվում, հետևաբար` Առաջին ատյանի դատարանը չէր կարող ղեկավարվել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում պատիժ նշանակվելու կանոններով (…)»4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարաններն Ա.Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ եկել են սխալ եզրահանգման, ինչի արդյունքում խախտվել են վերջինիս մի շարք իրավունքներ: 

9.1. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը, մերժելով Ա.Աբրահամյանի միջնորդությունը՝ դատական  քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ, վերջինիս զրկել է օրենքով սահմանված նվազագույն պատիժ ստանալու իրավունքից, որի արդյունքում Ա.Աբրահամյանն իր ունեցած հիվանդությունների և դրական բնութագրի պայմաններում ստացել է անհամեմատ ծանր պատիժ:

9.2. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ քրեական գործով առկա են եղել բավարար հիմքեր, որպեսզի ամբաստանյալի նկատմամբ նշանակվեր նվազագույն պատիժ, ուստի մեղմացման տեսանկյունից պատիժը ենթակա է վերանայման: Բացի այդ, ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահմանելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին, ինչպես նաև ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված սկզբունքները:

Բողոքաբերը նշել է նաև, որ Ա.Աբրահամյանի նկատմամբ կիրառելի են «էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի դրույթները և նշանակված պատիժը 9 ամսով ենթակա է կրճատման, ինչի արդյունքում Ա.Աբրահամյանը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք կունենա։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 6-ի որոշումը, Ա.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակել նվազագույն պատիժ և այն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքի հիմքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները»:

Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Պողոսյանի և մյուսների գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ. «(...) [Վ]երաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում։ Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին` արդյոք վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին և պատճառաբանել դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ իր եզրահանգումները։

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ պետք է անդրադառնա բողոքի հիմքերին։ Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, (...)։ Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով։

Ինչ վերաբերում է բողոքի հիմնավորումներին անդրադառնալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին (...)5»:

13. ՀՀ  քրեական  դատավարության  օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է6:

Վճռաբեկ դատարանը Էրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը7։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի (մինչ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՕ-200-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «1. (…) [Ա]մբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

(…)

4. Դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը մերժելու դեպքում կայացնում է որոշում (…)»:

14.1. Անդրադառնալով դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ որոշման «անմիջական բողոքարկումը» լուրջ վտանգ կարող է ներկայացնել գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի իրացման տեսանկյունից: Հետևաբար, այդպիսի որոշումը ենթակա է «հետաձգված բողոքարկման»` գործով վարույթն եզրափակող դատական ակտի բողոքարկման շրջանակներում, ինչով էլ պարտադիր պետք է երաշխավորված լինի դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը8:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունվարի 11-ին արձանագրային որոշմամբ մերժել է դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը9,

- Պաշտպան Ա.Ջուվանովան Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում, ի թիվս այլնի, նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով Ա.Աբրահամյանի միջնորդությունը՝ դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ, վերջինիս զրկել է օրենքով սահմանված նվազագույն պատիժ ստանալու իրավունքից, որի արդյունքում Ա.Աբրահամյանն իր ունեցած հիվանդությունների և դրական բնութագրի պարագայում ստացել է անհամեմատ ծանր պատիժ10,

- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի մայիսի 6-ի որոշմամբ ընդունելի չի համարել պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ Ա.Աբրահամյանի միջնորդությունը, նրան զրկել է օրենքով սահմանված նվազագույն պատիժ ստանալու իրավունքից: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը վերաքննիչ բողոքներում չի վիճարկվում, հետևաբար` Առաջին ատյանի դատարանը չէր կարող ղեկավարվել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում պատիժ նշանակելու կանոններով11:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14.1-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի պատճառաբանական մասում անդրադարձ է կատարել Առաջին ատյանի դատարանի կողմից դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքի հիմքին, սակայն, ըստ էության, քննարկման առարկա չի դարձրել դրա առնչությամբ պաշտպանի վերաքննիչ բողոքի հիմնավորումները, որոնք ողջամտորեն կարող էին ազդել գործի ելքի վրա։ Ավելին, Վերաքննիչ դատարանը, հակասելով ինքն իրեն, արձանագրել է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը պաշտպանը վերաքննիչ բողոքում չի վիճարկել:

16.1. Բացի այդ, հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը վերաքննիչ բողոքներում չվիճարկվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը չէր կարող ղեկավարվել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում պատիժ նշանակելու կանոններով, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ, քանի որ ստորադաս դատարանի մատնանշած վերոգրյալ երկու հանգամանքների միջև բացակայում է պատճառահետևանքային կապը։

16.2. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին: 

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքի հիմքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է բողոքաբերի` սույն որոշման 9.2-րդ կետում նշված փաստարկների կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, քանի որ դրանք կարող են քննարկման առարկա դարձվել միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Հետևաբար, նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է քննության առնի պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքը` դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Ա.Աբրահամյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Աբրահամ Սարգսի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի  6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Ամբաստանյալ Աբրահամ Սարգսի Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

____________________________________

1  Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 146-148։

2  Տե՛ս քրեական գործ, հատոր 5, դատական նիստի արձանագրություն։

Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 1-8։

4  Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 82-99։

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Պողոսյանի և մյուսների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշման 14-15-րդ կետերը:

6  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:

7  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը:

Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գևորգ Ալեքյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ՇԴ/0109/06/19 որոշումը:

9  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

10  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

11  Տե՛ս ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան