Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0034/11/19

Գործ թիվ ՇԴ/0034/11/19

Նախագահող դատավոր՝  Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 

2021 թվականի օգոստոսի 6-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ դիմող Հենրիկ Զարիֆյանի ներկայացուցիչ ՄՄուրադյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակիցների գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով հաստատել Հենրիկ Զարիֆյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված նրա իրավունքների խախտման փաստը և այն վերացնելու պարտավորություն սահմանել դատախազության և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համար:

Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանի բողոքը մերժել է:

2 Վերոնշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ թողել է առանց քննության։

3 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշվել է հետևյալը «(...) [Ք]ննարկելով սույն բողոքը՝ դատարանը թեև արձանագրում է, որ ներկա պահին Հենրիկ Զարիֆյանի նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթն իրականացնող քննիչի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով և Հենրիկ Սիմոնի Զարիֆյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացվել է, այնուամենայնիվ դատարանը գտնում է, որ բողոքարկվող ՀՀ կադաստրի կոմիտեի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ, այլ կերպ՝ փաստաբանի կողմից բարձրացված հարցի քննությունը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կամ որևէ այլ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական օրենսդրության իրավակարգավորումների շրջանակից:

Նշված պատճառաբանություններից ելնելով և չանդրադառնալով ներկայացված բողոքի հիմքերին` դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է մերժման: (…)»1:

5 Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՇԴ/0034/11/19 որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ընդունած որոշումների կամ գործողությունների դատական բողոքարկման հնարավորություն, իսկ դիմողի կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված հարցը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված շրջանակներից: (…)

(…) [Ն]կատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի պահանջները, այն է` վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող Հենրիկ Զարիֆյանի ներկայացուցիչ Մամիկոն Մուրադյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության: (…)»2։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը, մեջբերելով, ի թիվս այլնի, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք իրավանորմեր, ինչպես նաև վկայակոչելով մի շարք միջազգային իրավական ակտեր, նշել է, որ սույն գործով նախաքննության ընթացքում թույլ են տրվել ՀԶարիֆյանի իրավունքների խախտումներ, ինչի արդյունքում վերջինս շուրջ 12 օր գտնվել է ապօրինի անազատության մեջ։

Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանի կողմից իր ներկայացված բողոքն առանց քննության թողնելու հետևանքով ՀԶարիֆյանը զրկվել է դատական պաշտպանության իր հիմնարար իրավունքն իրացնելու հնարավորությունից։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանել և հաստատել ՀԶարիֆյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

9. ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

10. Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառույթային տարանջատվածության մասին Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում3։

Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) «վերաքննությունը», որը ծագում է լատիներեն «appelarel» բառից և թարգմանաբար նշանակում է բողոքարկում, իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Նշվածը՝ որպես վերաքննիչ դատարանի հիմնական գործառույթ, ամրագրվեց նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով՝ հստակեցնելով վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը։

Նման պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտը։ Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից(…)»4։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ մերժելով դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանի բողոքը, գտել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ և փաստաբանի կողմից բարձրացված հարցի քննությունը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական օրենսդրության իրավակարգավորումների շրջանակից5։

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ընդունած որոշումների կամ գործողությունների դատական բողոքարկման հնարավորություն, իսկ դիմողի կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված հարցը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված շրջանակներից, հետևաբար՝ դիմողի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի պահանջները, մասնավորապես՝ վերաքննիչ բողոք բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, ուստի վերջինիս վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության6։

12 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը և իրավաչափությունը, Մ.Մուրադյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն նույն հիմքով, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր ըստ էության քննարկել նրա բողոքը։ Նման պայմաններում, ՄՄուրադյանի՝ բողոք բերելու իրավասության առնչությամբ Առաջին ատյանի դատարանի փաստարկը ստուգման չի ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից այն դեպքում, երբ այդ դատարանի գործառույթն էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը։ Արդյունքում խախտվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, անհամաչափորեն սահմանափակվել անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, և վերջինս զրկվել է բողոք բերելու իրավասության բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի փաստարկը վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բողոքարկման իրավասություն չունենալու հիմքով դիմողի ներկայացուցիչ ՄՄուրադյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ։

13. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Հենրիկ Զարիֆյանի ներկայացուցիչ Մ.Մուրադյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_______________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-34:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 54-57:

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 15-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

6 Տե՛սույն որոշման 5-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: