Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՆԴ/0061/01/16

Գործ թիվ ԵԱՆԴ/0061/01/16

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի օգոստոսի 27-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արտակ Գավրուշայի Գալստյանի և նրա պաշտպան Ս.Սարգսյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 59103216 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Արտակ Գավրուշայի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գալստյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի նոյեմբերի 25-ին Ա.Գալստյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2016 թվականի դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել Ա.Գալստյանի վերաբերյալ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մարտի 17-ի որոշմամբ մերժել է դատական քննության ընթացքում Ա.Գալստյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին:

3. Ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

5. Ա.Գալստյանը 2019 թվականի հուլիսի 3-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կիրառման ենթակա դրույթի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

6. ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող:

7. Որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը՝ Ա.Գալստյանը և վերջինիս պաշտպան Ս.Սարգսյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

8. 2020 թվականի մարտի 24-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վկայակոչելով Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (…):

(…) [Ն]կատի ունենալով, որ պաշտպան Ս.Սարգսյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Դատարանի դատաքննության ընթացքում կայացված` կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշումն, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով և չի կարող լինել վերաքննության առարկա, գտնում են, որ այն Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննության առնվել չի կարող (…)»1:

10. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ (…)»2:

11. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողել է անփոփոխ, միաժամանակ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի, և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել դրա այլընտրանքային խափանման միջոց գրավով` գրավի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը3:

12. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի դատավճռով Ա.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անպարտ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է4: Նշված դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ մերժվել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ5։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետը բացառում է դատական քննության ընթացքում դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունը, սխալ է մեկնաբանել վերոնշյալ դրույթը, ինչի արդյունքում Ա.Գալստյանին զրկել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանի կողմից անփոփոխ թողնելու մասին որոշման վերաքննիչ բողոքարկման իրավունքից, իսկ Վճռաբեկ դատարանն էլ չի արձանագրել Ա.Գալստյանի իրավունքի խախտումը և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

14. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը, խնդրել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշումներն ու գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը վերանայելու համար:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանդրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

(…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (…) դր[ա] ուժի մեջ մտնելու պահից (…)»։

18. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

19. Սույն գործի նյութերից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը գործի դատական քննության փուլում 2018 թվականի մարտի 17-ի որոշմամբ մերժել է Ա.Գալստյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին6,

- Նշված որոշման դեմ պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի ցանկում7,

- Ա.Գալստյանը 2019 թվականի հուլիսի 3-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը8: ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող9:

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը վերանայելու հիմք է։

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը հիմք է Ա.Գալստյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումը և այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը բեկանելու համար:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3-րդ կամ 426.4-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

23. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»10:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թեև Առաջին ատյանի դատարանի՝ գործի դատական քննության փուլում Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում ոչ իրավաչափորեն թողնվել է առանց քննության11, սակայն դրա իրավական հետևանքները սույն որոշումը կայացնելու պահի դրությամբ չեզոքացվել են։

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Գալստյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով12: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Ա.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, Ա.Գալստյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է13:

Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի պայմաններում, բողոքարկվող դատական ակտերով թույլ տրված խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ Ա.Գալստյանը չի շարունակում կրել և 2018 թվականի հունիսի 22-ից գտնվում է ազատության մեջ։ Հետևաբար, դատական ակտերի բեկանումն իրավական առումով անիրագործելի է, նշված դատական ակտերի բեկանումը կհանգեցնի իրավական անորոշության, քանի որ դրանք եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահի դրությամբ կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

25. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշումը հիմք չէ Ա.Գալստյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումը և այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը բեկանելու համար։

26. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշման վերանայման արդյունքում Ա.Գալստյանի և նրա պաշտպան Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Արտակ Գավրուշայի Գալստյանի և նրա պաշտպան Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________

1 Տե'ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

2 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման 4.6.-րդ կետը:

3 Տե'ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

4 Տե'ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը:

5 Տե'ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործը։

6 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը:

8 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը։

9 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը։

10 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

11 Տե'ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը:

12 Տե'ս սույն որոշման 11-րդ կետը։

13 Տե'ս սույն որոշման 12-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան