Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

  ԵԿԴ/0045/01/09
                

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հուլիսի 2-ին

ք. Երևանում

      

գրավոր ընթացակարգով քննության առնելով Մյասնիկ Ժորայի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ Մ.Մալխասյանի պաշտպան Հ.Արսենյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

                

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը։

2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 2008 թվականի փետրվարի 24-ին հարուցված 58200608 քրեական գործը` միացվել է թիվ 62202608 քրեական գործին ու նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

2008 թվականի մարտի 2-ին Մյասնիկ Ժորայի Մալխասյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու կասկածանքով, և նույն օրը ձերբակալվել է:

2008 թվականի մարտի 5-ին Մ.Մալխասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Մ.Մալխասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

2008 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Մ.Մալխասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ` 62215908 համարով և 2008 թվականի դեկտեմբերի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևանի քրեական դատարան:

1.1. 2009 թվականի մարտի 31-ին մեղադրանքի կողմը որոշում է կայացրել Մ.Մալխասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նույն որոշմամբ Մ.Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով։

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Մ.Մալխասյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Նույն որոշմամբ Մ.Մալխասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, և ըստ ընդդատության փոխանցվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

1.2. Գործի դատաքննության ընթացքում մեղադրողը հայտարարել է Մ.Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին1:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Մ.Մալխասյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-316 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում: Մ.Մալխասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2009 թվականի հունիսի 19-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը և նա ազատվել է պատժի կրումից:

3. Ամբաստանյալ Մ.Մալխասյանի պաշտպաններ Ռ.Գրիգորյանի և Հ.Արսենյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Ամբաստանյալ Մ.Մալխասյանի, նրա պաշտպաններ Ռ.Գրիգորյանի և Հ.Արսենյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2020 թվականի օգոստոսի 25-ին Մ.Մալխասյանի պաշտպան Հ.Արսենյանը հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոււնիսի 16-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Մյասնիկ Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 38-316 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրում, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում:

Մ.Մալխասյանը, Ալ.Արզումանյանը, Հ.Հակոբյանը, Ս.Միքայելյանը, Շ.Հարությունյանը, Գ.Ոսկերչյանը, Ս.Սիրունյանը, Ն.Փաշինյանը, Խ.Սուքիասյանը, Հ.Հովհաննիսյանը, Վ.Մանուկյանը և մյուսները, երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:

Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց նոր զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում` Մ.Մալխասյանը և մյուսները, տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների:

Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամները ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:

Մ.Մալխասյանը, նյութապես շահագրգռելով, Ապարան քաղաքից ու հարակից գյուղերից հավաքագրել է մարդկանց նոր խմբեր և ապահովել նրանց տեղափոխումն ու մասնակցությունը զանգվածային միջոցառումներին, անմիջականորեն ղեկավարել և առաջնորդել նրանց: Օգտագործելով ԵԿՄ անդամների շրջանում ունեցած իր ազդեցությունը` վերջիններիս հորդորել է միանալ իրենց, ընդհուպ նաև` կռիվ տալ իշխանությունների հետ:

Զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, 2008թ. փետրվարի 26-ին կամ 27-ին, իրեն պատկանող ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենայով վարորդի` Ա.Շահինյանի հետ Ազատության հրապարակ է փոխադրել մետաղյա ձողեր և փայտե մահակներ, որոնք վերջինս նրա հրահանգով թաքցրել է հրապարակում տեղակայված Ապարան» անվամբ վրանում: 

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկատվությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք` Մ.Մալխասյանի և զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով, հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ընդ որում Մ.Մալխասյանն անձամբ է ղեկավարել ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները` հրահանգելով չընկրկել և թույլ չտալ նրանց մուտք գործել հրապարակ:

Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները, Մ.Մալխասյանին և վերոնշյալ մյուս հանցակիցների ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, Վ.Մանուկյանի և այլոց կազմակերպմամբ հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով` դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու հրահանգներ են տվել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենքեր, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր` Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ: Մ.Մալխասյանն էլ, մերթընդմերթ դիմելով հավաքվածներին, հորդորել է պայքարել, զինվել ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով, պայքարել ամեն գնով` ընդհուպ շենքերի հրկիզումների միջոցով:

Արդյունքում` 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր.Լուսավորիչ, Մ.Մաշտոց, Լեո և Հ.Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով` կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ Ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 ՀՀ դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 ՀՀ դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 ՀՀ դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 ՀՀ դրամի վնաս:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ:

Զինված հարձակումներ և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո (…)»2։

7. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկաներ հարցաքննել Ռազմիկ Պետրոսյանին, Գևորգ Գևորգյանին, Հռիփսիմե Ադամյանին, Վահագն Մովսիսյանին, Հրաչ Ալոյանին, Ալեքսան Ավետիսյանին, Մյասնիկ Հովհաննիսյանին, Վահան Կայսերյանին, Սամվել Վարդանյանին3, ինչը դատարանի կողմից մերժվել է4:

7.1. Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարվել, որ Մ.Մալխասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ uարքեր գործադրելով և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով5:

7.2. Առաջին ատյանի դատարանն իր կողմից հաստատված հանգամանքների հիմքում դրել է. վկաներ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներ՝ Մելիք Արզումանյանի, Ալբերտ Հարությունյանի, ԵԿՄ վարչության հերթապահներ՝ Արայիկ և Գուրգեն Հարությունյանների, վկաներ՝ Գրիգոր Եղիազարյանի, Վարդգես Թադևոսյանի, Կարեն Համբարձումյանի, Հենրիկ Հարթենյանի, Հմայակ Գալստյանի, Գագիկ Ավդալյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, Մ.Մալխասյանին բերման և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունները, ապացույց ճանաչված և քրեական գործի նյութերին կցված՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հատվածներ պատկերող լազերային տեսասկավառակները, դրանք վերարտադրելու և զննելու վերաբերյալ կազմված արձանագրությունները, տեսաձայնագրային փորձաքննության թիվ 17250901 եզրակացությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունները, դրանց կից լուսանկարչական հավելվածները, սառը զենքի փորձաքննությունների թիվ 633 և 492 եզրակացությունները, դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 07050803 եզրակացությունը, դատահետքաբանական, հրդեհատեխնիկական, ձգաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննությունների եզրակացությունները, դեպքի վայրից առգրավված իրերի զննության արձանագրությունը, նյութագիտական փորձաքննության թիվ 08-0142, սառը զենքի փորձաքննության թիվ 479, դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 07100803, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 357 եզրակացությունները, պայթյունատեխնիկական փորձաքննության թիվ 12960803 եզրակացությունը, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննությունների եզրակացությունները, դատաձգաբանական, դատահետքաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննությունների եզրակացությունները, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 09220803 և 09320802 եզրակացությունները, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 09310802 եզրակացությունը, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննության թիվ 09410802, 09320802, 09400802 եզրակացությունները, իրեղեն ապացույց՝ պաշտպանիչ միջոցների զննության արձանագրությունները և քրեական գործի այլ նյութերը6։

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ արձանագրել է, «(…)  Վերաքննիչ դատարանը, գործով ձեռք բերված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` յուրաքանչյուր ապացույցի վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու և ապացույցների ձեռք բերման աղբյուրներն ստուգելու միջոցով, հանգում է այն հետևության, որ հանցանք գործելու մեջ Մյասնիկ Մալխասյանի մեղավորությունը հաստատվել է գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ձեռք բերված ապացույցներով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է։

(…)

Վերաքննիչ դատարանը, գործում եղած ապացույցներով վերանայելով Մ.Մալխասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ գործով նյութական կամ դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տրվել, դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ, որը հիմք կարող է հանդիսանալ դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու համար, հետևաբար պաշտպաններ Ռ.Գրիգորյանի և Հ.Արսենյանի վերաքննիչ բողոքները պետք է մերժել` դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ (…)»7:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը նշել է, որ թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Մասնավորապես, թույլ են տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայով (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվեցիա), ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք նորմերի խախտումներ: Ըստ բողոքաբերի՝ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները: Նշված հոդվածների պահանջները խախտվել են ինչպես 2008 թվականի մարտի 1-ին խաղաղ հանրահավաքի հարկադիր դադարեցմամբ, այնպես էլ այն դադարեցնելուց առաջ և հետո դրան մասնակցած անձանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներ հարուցելով: Գործի վարույթի կարճման համար հիմքերի առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը, կայացրել է մեղադրական դատավճիռ, իսկ Վերաքննիչ դատարանն այն թողել է օրինական ուժի մեջ:

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված, ինչպես նաև դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ Մ.Մալխասյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը: Եթե դատարանը նույնիսկ հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի շրջակա տարածքում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց որոշ մասը մոտակա շինհրապարակից փայտյա, մետաղյա կոնստրուկցիաներ են պոկել, տրանսպորատային միջոցներ են տեղաշարժել, շրջել, դրանցով բարիկադներ կառուցել, միայն այն հանգամանքը, որ հանրահավաքին գտնվողներից ոմանք բռնություն են գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, դեռևս չի նշանակում, որ կատարվածը մեխանիկորեն կարելի է որակել իբրև զանգվածային անկարգություններ: Մինչդեռ սույն քրեական գործով հետազոտված նյութերով հիմնավորված է հակառակը:

Ըստ բողոքաբերի՝ Մ.Մալխասյանը չէր կարող կազմակերպել զանգվածային անկարգություններ, քանի որ նա չի հանդիսացել անգամ Երևանում օրեր շարունակ տեղի ունեցող հանրահավաքների կազմակերպիչ, նա որևէ գործողություն չի ձեռնարկել անգամ ցուցարարների կողմից ոստիկանների ապօրինի հարձակումներից պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Դատավճռից հստակ չի երևում, մեղսագրված արարքը գնահատվել է որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, թե կազմակերպված խմբի կողմից կատարված, թե յուրաքանչյուր ոք այն առանձին-առանձին է կազմակերպել:

Բողոքաբերը նշել է նաև, որ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաների, ինչպես նաև մնացած վկաների նախաքննության ընթացքում տված, դատարանում հրապարակված ցուցմունքների, ինչպես նաև հետազոտված այլ ապացույցների  ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Մալխասյանը որևէ մեկի չի խնդրել, չի պարտադրել, հանձնարարել կամ համոզել իրականացնել բռնություններ, ջարդեր, հրկիզումներ կամ այլ գործողություններ, որոնք հնարավոր է գնահատել որպես զանգվածային անկարգություններ: Մ.Մալխասյանը չի կատարել նաև որևէ գործողություն, որը կարող էր նպաստել դրանց կատարմանը: Ըստ բողոքաբերի՝ 2008 թվականի մարտի 1-ին Մ.Մալխասյանը Մյասնիկյանի արձանին հարող տարածք է եկել այն ժամանակ, երբ ցուցարարների կողմից արդեն կառուցված են եղել բարիկադներ, պաշտպանության նպատակով մոտակա շինհրապարակից պոկված են եղել տարբեր առարկաներ: Այսինքն, Մ.Մալխասյանը որպես կազմակերպիչ» ներկայացվող անձ անտեղյակ է եղել, թե որտեղ է հավաքվել ժողովուրդը և որտեղ պետք է տեղի ունենա հանրահավաքը:

Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաuտական հանգամանքների մաuին դատական ակտում շարադրված  հետևությունները չեն համապատաuխանում հետազոտված ապացույցներին: Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Մալխասյանի մեղքը` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ապացուցված է համարել վկաներ` Գրիգոր Եղիազարյանի, Մկրտիչ Արմենակյանի, Վարդգես Թադևոսյանի, Կարեն Համբարձումյանի, Արայիկ և Գուրգեն Հարությունյանների, Մելիք Արզումանյանի և Ալբերտ Հարությունյանի ցուցմունքներով: Սակայն, ըստ բողոքաբերի՝ հիշյալ վկաների ցուցմունքների` դատավճռում ներկայացված հատվածների վերլուծությունն անգամ հիմնավորում է, որ անգամ այդ կեղծ ու շինծու ապացույցներով Մ.Մալխասյանը որևէ քրեորեն պատժելի արարք չի կատարել:

Բողոքաբերը փաստել է նաև, որ Առաջին ատյանի դատարանում որպես վկաներ հարցաքննվել են նաև Հենրիկ Հարթենյանը, Հմայակ Գալստյանը և Գագիկ Ավդալյանը, որոնք հրաժարվելով իրենց նախաքննական ցուցմունքներից, դատարանին ներկայացրել են, որ դրանք իրենցից կորզվել են բռնության և ծեծի արդյունքում: Հիշյալ վկաները դատարանում հարցաքննվելով տվել են ճշմարտացի` Մ.Մալխասյանին արդարացնող ցուցմունքներ: Սակայն դատարանը, հիշյալ անձանց նախաքննական ցուցմունքների օգտագործումը որպես ապացույց ճանաչելով անթույլատրելի, չի գնահատել նաև նրանց դատաքննական ցուցմունքները:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Մ.Մալխասյանի վերաբերյալ կայացված դատավճռի հիմքում դրվել են մի շարք ապացույցներ, որոնք չէին կարող օգտագործվել որպես այդպիսին և դրվել մեղադրանքի հիմքում: Մասնվորապես, դատաքննությամբ հրապարակված դեպքի վայրի զննության արձանագրությունները կազմված են քրեական դատավարության օրենսգրքի պահանջների և զննության կատարման կարգի կոպիտ և էական խախտումներով: Դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է՝ Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրել և հարցաքննել վկաների, որոնց ցուցմունքները էական նշանակություն կունենային առաջադրված մեղադրանքը հերքելու և Մ.Մալխասյանի անմեղությունը հաստատելու համար:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը, առաջադրված մեղադրանքում Մյասնիկ Մալխասյանին արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

 

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ8:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախ և առաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը9։

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

12.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»10:

12.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»11:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (…)»:

13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով12 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ13,

- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»14,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին15,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն16,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին17,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները18:

13.2. Միևնույն ժամանակ, անդրադառնալով նկարագրված իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների ամբողջությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրել է նաև, որ՝

ա) առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել19,

բ) առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները 20,

գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետևաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»21,

դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար՝ անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար22։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ՄՄալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 38-316 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և մյուսները տարբեր միջոցներով՝ իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008 թվականի փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ հավաքված բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների, որոնց արդյունքում, սկզբում՝ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, Ազատության հրապարակում, բազմության մի ստվար զանգված, հանրավտանգ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ այնուհետև Մ.Մալխասյանի և այլոց կողմից հավաքագրված այլ անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենք, և այլ առարկաներ, և 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում ու Երևան քաղաքի տարբեր վայրերում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին23,

- Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկաներ հարցաքննել Ռազմիկ Պետրոսյանին, Գևորգ Գևորգյանին, Հռիփսիմե Ադամյանին, Վահագն Մովսիսյանին, Հրաչ Ալոյանին, Ալեքսան Ավետիսյանին, Մյասնիկ Հովհաննիսյանին, Վահան Կայսերյանին, Սամվել Վարդանյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է24։ Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարել, որ Մ.Մալխասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ uարքեր գործադրելով և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով25,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ քրեական գործի քննության նախորդ փուլերի ընթացքում նյութական և դատավարական նորմերի էական խախտումներ թույլ չեն տրվել26:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանները, Մ.Մալխասյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվել են ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա։ Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ստորադաս դատարանները Մ.Մալխասյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ այն դեպքում, երբ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մասնավորապես, սույն գործով ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալների ծավալի՝ ուղղակի և անուղղակի ապացույցների ամբողջության համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Մ.Մալխասյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցների` ՀՀ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներն են:

Վերոգրյալի հետ մեկտեղ, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Մ.Մալխասյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Այսինքն՝ բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու վկաներ Ռազմիկ Պետրոսյանին, Գևորգ Գևորգյանին, Հռիփսիմե Ադամյանին, Վահագն Մովսիսյանին, Հրաչ Ալոյանին, Ալեքսան Ավետիսյանին, Մյասնիկ Հովհաննիսյանին, Վահան Կայսերյանին, Սամվել Վարդանյանին և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կարող էին կասկածի տակ դնել ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորել դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշած վարկածը։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, առերևույթ ստվերում են գործով ձեռքբերված ապացուցողական զամբյուղի լիարժեքությունն ու վկայում Մ.Մալխասյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքների խախտման մասին։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալի համատեքստում սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի իրավական ռեժիմով վճռաբեկ բողոքը քննության առնելու պայմաններում, չի անդրադառնում 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ՝ ապացուցողական զամբյուղում ներառված փաստական տվյալների վերաբերյալ արդեն իսկ տրված գնահատականներին։

16. Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով սույն գործով Մ.Մալխասյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների ամբողջությանը, սույն որոշման 13.2-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ մի կողմից` նկատի ունենալով, որ Մ.Մալխասյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով, մյուս կողմից` հաշվի առնելով այդ մեղադրանքի հաստատման համար սույն գործով ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալների ծավալը, այդ թվում` անուղղակի ապացույցների ամբողջությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թույլ տրված խախտումները վերացնելու, ապացույցները ողջ ծավալով համակողմանի հետազոտման ենթարկելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։

17. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Մյասնիկ Ժորայի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է գնահատման ենթարկի գործով ձեռքբերված ապացույցների ծավալը, այդ թվում՝ անդրադառնալով նաև դրանց հետ փոխկապակցված` սույն որոշման 9-րդ կետում նշված բողոքաբերի փաստարկներին և գործի լուծման համար Մյասնիկ Մալխասյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարության հարցում հանգի վերջնական հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

   

Ո Ր Ո Շ Ե Ց

     

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Մյասնիկ Ժորայի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 3-5։

2  Տե'ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 173-330։

3  Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 305-306։

4  Տե՛ս քրեական գործ, հատոր 8, դատական նիստի լազերային սկավառակը, դատական նիստի արձանագրությունը, թերթեր 312-314:

5  Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 359-362։

6  Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 362-365։

7  Տե'ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 68-92։

8  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

9  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

10  Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

11  Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

12  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

13  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետերը, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետերը:

14  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետերը:

15  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետը, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետը, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետը:

16  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topić v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետը։

17  Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետը։

18  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետը, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետը, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետը։

19  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233։

20  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 248։

21  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ 44841/08 և 63701/09, կետ 123, Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, կետ 234։

22  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով վճիռը, կետ 132, Jhangiryan v. Armenia գործով վճիռը, կետ 126, ինչպես նաև Hakobyan and Others v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:

23  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

24  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

25  Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը։

26  Տե'ս սույն որոշման 8-րդ կետը։

    

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան