Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3231/05/17

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3231/05/17

Նախագահող դատավոր՝

Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

Կ. Մաթևոսյան

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Բոյախչյանի ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Բոյախչյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի 16.02.2017 թվականի թիվ 025 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի 09.11.2017 թվականի որոշմամբ սույն գործով պատասխանող ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնը փոխարինվել է իրավահաջորդով՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 07.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.02.2019 թվականի որոշմամբ սույն գործով պատասխանող ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը փոխարինվել է իրավահաջորդով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնով (այսուհետ` Տեսչական մարմին):

Վերաքննիչ դատարանի 14.03.2019 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ներկայացուցիչ՝ Էդգար Խուրշուդյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 245-րդ, 251-րդ, 252-րդ և 279-րդ հոդվածները, «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական մարմնի կողմից գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոցներն օրենսդրի կողմից սպառիչ սահմանված չեն, դրանք կարող են լինել ինչպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, վարչական պատասխանատվություն ենթարկվող անձի բացատրությունները, տուժողի, վկաների ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությունը, այնպես էլ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները հաստատող ցանկացած այլ փաստաթղթեր, որոնց ներքին համոզմունքով գնահատման միջոցով վարչական մարմինը հաստատված է համարում իրավախախտման առկայությունը, ինչպես նաև տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է բաց թողնել և իրացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերը: Գրանցման ենթակա է յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող (ներառյալ՝ յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող) գրանցման հավաստագրի իրավատեր։ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանը՝ որպես լիցենզավորման ենթակա դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտ, պարտավոր էր պահպանել իրավական ակտերով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները, այն է՝ վաճառել և բաց թողնել միայն Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և պիտանիության ժամկետի մեջ գտնվող դեղերը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայաստանի Հանրապետությունում դեղի գրանցումը ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցամատյանում թվարկված բոլոր ցուցանիշների վերաբերյալ տվյալների ամրագրում, իսկ գրանցված դեղ ներմուծելը, պահպանելը կամ իրացնելը՝ դեղերի ռեեստրում ամրագրված բոլոր ցուցանիշներին համապատասխանող արդեն իսկ գրանցված դեղերի ներմուծում, պահպանում կամ իրացում։ Տվյալ դեպքում «Անտիգրիպին» երիցուկ թիվ 10 դեղի՝ փորձաքննության համար ներկայացված նմուշը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տարբերակին, առկա է բաղադրության անհամապատասխանություն, օժանդակ նյութերի քանակական և որակական տարբերություն։ Փորձանմուշում առկա է «դոկուզատ նատրիում» օժանդակ նյութը, որը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի բաղադրության մեջ։ «Լիրիկա» 150մգ, թիվ 14 դեղը գրանցված չէ՝ առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ անհամապատասխանություն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է Պֆայզեր ՀՍՊ Քորփորեյշն, 235, Իստ 42-րդ փող., Նյու-Յորք, 10017 (ԱՄՆ), իսկ ներկայացված դեղինը՝ Пфайзер Инк, США։

Վերոգրյալից հետևում է, որ հայցվորը նույնիսկ գրանցամատյանում գրանցված դեղերի հետ չի համեմատել և ստուգել՝ արդյոք վիճարկվող դեղերն իրենց հիմնական հատկանիշներով առկա են գրանցամատյանում, թե՝ ոչ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են հետևել դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական բոլոր նորմերին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի պետի 14.12.2016 թվականի թիվ 139 որոշման համաձայն` «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանը` որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր պահպանելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 146-149):

2 ՀՀ առողջապահության նախարարի 25.01.2017 թվականի թիվ 125-Ա հրամանի 1-ին կետի համաձայն` Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեում գործող «ԼԻՎԱ» ՍՊԸ-ին պատկանող «ԼԻՎԱՖԱՐՄ» դեղատան գործունեության համապատասխանությունը՝ բժշկական օգնության և սպասարկման ոլորտում լիցենզավորումը կանոնակարգող իրավական ակտերի, սպասարկման կանոնների և նորմերի պահանջներին պարզելու նպատակով, հարուցվել է վարչական վարույթ և Դավիթ Սայամյանին և Աղասի Ֆռանգյանին հանձնարարվել է 2017 թվականի հունվարի 25-ից 27-ը, վերջինիս բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայով(ներով) նշված գործունեության հասցեում(ներում) կատարել զննում (հատոր 1-ին, գ.թ. 72-73)։

3 26.01.2017 թվականի զննման արձանագրության համաձայն` 25.01.2017 թվականից մինչև 26.01.2017 թվականն իրականացվել է զննում՝ ք. Երևան, Մամիկոնյանց փողոց, 2-րդ շենք թիվ 65ա հասցեում գործող «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ում և զննման արդյունքներով պարզվել է, որ դեղատնային կրպակում առկա են եղել, ի թիվս այլնի, նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցման և օրինական ներմուծման տեսանկյունից կասկած հարուցող «Անտիգրիպին» երիցուկի, սերիա` 37310415, ժամկետ` 04.2018 թվական, դրոշմապիտակով` Գ0500689735, N 10, 1 տուփ և «Լիրիկա» 150 մգ., N 14, սերիա` M92947, ժամկետ` 10.2018 թվական, դրոշմապիտակ` Գ0495202354, 7 դեղապատիճ դեղերը, որոնք փորձաքննության նպատակով վերցվել են աշխատանքային խմբի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 141-142):

4 «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 13.02.2017 թվականին տրված թիվ 0114023317 եզրակացության համաձայն` «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի դեղատնից հայտնաբերված «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետը` 04.2018 թվական) դեղի սերիան բացակայում է ներմուծման փորձաքննության տվյալների բազայում, դեղը գրանցված չէ, փորձաքննության համար ներկայացված նմուշը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տարբերակին` առկա է բաղադրության անհամապատասխանություն, օժանդակ նյութերի քանակական և որակական տարբերություն։ Փորձանմուշում առկա է «դոկուզատ նատրիում» օժանդակ նյութը, որը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի բաղադրության մեջ, չեն համապատասխանում ստորև ներկայացված օժանդակ նյութերի քանակները։ «Լիրիկա» 150մգ., N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետը` 10.2018 թվական) դեղի սերիան բացակայում է ներմուծման փորձաքննության տվյալների բազայում, դեղը գրանցված չէ, գրանցման հավաստագրի իրավատիրոջ անհամապատասխանության կետով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի գրանցված հավաստագրի իրավատերն է Պֆայզեր Հ.Ս.Պ. Քորփորեյշըն, 235, Իստ 42-րդ փ., Նյու-Յորք, 10017 (ԱՄՆ), իսկ ներկայացված դեղինը` Пфайзер Инк, США (հատոր 1-ին, գ.թ. 106-109)։

5 «Վարչական իրավախախտման վերաբերյալ» 13.02.2017 թվականի թիվ 018 արձանագրության համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի դեղերի և դեղագործական գործունեության վերահսկողության բաժնի դեղագետները, ՀՀ առողջապահության նախարարի 26.01.2017 թվականի թիվ 125-Ա հրամանի հիման վրա` Երևանի Մամիկոնյանց փողոցի 2-րդ շենքի թիվ 65ա հասցեում գործող «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային կրպակում 26.01.2017 թվականին իրականացված զննման արդյունքում պարզել են, որ դեղատնային կրպակի վաճառքի սրահում առկա են եղել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օրինական ներմուծված լինելու տեսակետից կասկած հարուցող 9 անվանում դեղեր, որոնք փորձաքննության նպատակով ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետ` 04.2018 թվական), 1 տուփ և «Լիրիկա» 150 մգ, N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետ` 10.2018 թվական), 7 դեղապատիճ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն: Վերը նշվածով խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, որի համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանը 14.12.2016 թվականին ենթարկվել է վարչական տույժի՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու դեպքում վարչական տույժի միջոցներ նշանակելուց հետո, կիրառվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 22-րդ մասը (հատոր 1-ին, գ.թ. 112-113)։

6 ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի պետի 16.02.2017 թվականի թիվ 025 որոշման համաձայն` «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանը` որպես իրավախախտում թույլ տված անձ, վարչական տույժի միջոցներ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկին կատարելու համար, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված 2 անվանում դեղեր իրացնելու նպատակով պահպանելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 22-րդ մասով, ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով` 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 153-156):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝

- արդյո՞ք դեղատնային գործունեության իրականացնող սուբյեկտը կրում է իրացվող դեղերի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը ստուգելու պարտականություն:

 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորություններն այդ ոլորտում:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

 1) դեղ` դեղաբանական և (կամ) իմունաբանական և (կամ) նյութափոխանակային ակտիվությամբ օժտված մարդկային և (կամ) կենդանական և (կամ) բուսական և (կամ) քիմիական և (կամ) կենսատեխնոլոգիական ծագման միջոց՝ համապատասխան դեղաչափով և դեղաձևով, անհրաժեշտ փաթեթավորմամբ և մակնշմամբ, որը նախատեսված է կիրառել մարդկանց և կենդանիների հիվանդությունները բուժելու, կանխարգելելու և (կամ) օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները փոփոխելու, վերականգնելու, կարգավորելու համար կամ ներմուծվում է մարդու և կենդանու օրգանիզմ հիվանդությունը ախտորոշելու նպատակով.

20) դեղերի շրջանառություն` դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում.

21) դեղերի շրջանառության սուբյեկտներ` դեղերի շրջանառության որևէ փուլն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր.

39) գրանցամատյան` Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցում ստացած դեղերի ռեգիստր.

40) գրանցման հավաստագիր` Հայաստանի Հանրապետությունում դեղի՝ օրենքով սահմանված կարգով գրանցում ստանալու փաստը հաստատող պաշտոնական փաստաթուղթ։

44) դեղատնային գործունեություն` նույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գրանցման ժամանակ հաստատվում են դեղի առաջնային և (կամ) արտաքին փաթեթը, պիտակը, մակնիշը (այդ թվում` գունավոր պատկերների տեսքով), բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընդհանուր բնութագիրը), օգտագործման հրահանգը (ներդիր-թերթիկը) և որակի հատկորոշիչները (սպեցիֆիկացիաները)։

 Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է դեղի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության կարգը` սահմանելով նոր, վերարտադրված դեղերի, կենսանմանակների, դեղերի համակցությունների, հոմեոպաթային, կենսաբանական դեղերի, ներառյալ` արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական, ռադիոակտիվ, անասնաբուժական դեղերի (ներառյալ` դեղանյութեր պարունակող անասնակերերի), բուսական դեղերի (այդ թվում` սպառողական փաթեթներում փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումքի), մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար նախատեսված հիվանդությունների հարուցիչներին, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկների և հակապարազիտային դեղերի գրանցման, վերագրանցման և հավաստագրի ժամկետի երկարաձգման համար իրականացվող փորձաքննության եզրակացության ձևը, փորձաքննություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած միջազգային մասնագիտական կազմակերպության փաստաթղթի պահանջներին համապատասխան:

Նույն հոդվածի 22-րդ մասի համաձայն՝ դեղի գրանցման հավաստագրի իրավատերը օրենքով նախատեսված պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի համար և պարտավոր է Լիազոր մարմնին անհապաղ գրավոր հայտնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ և (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել և (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում, ներառյալ` արտադրանքի կիրառման արգելքի կամ սահմանափակման մասին որևէ երկրի իրավասու մարմնի տվյալները: (...)

 «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Նույն մասում նշված արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Շրջանառության դադարեցման և հետկանչի ծախսերը կրում է գրանցման հավաստագրի իրավատերը կամ մատակարարը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 25.04.2001 թվականի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» թիվ 347 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը (այսուհետ նաև՝ Կարգ) (ուժը կորցրել է 30.03.2019 թվականին), որը 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 15.12.2016 թվականին ուժը կորցրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, սահմանում է դեղերի գրանցման, գրանցման մերժման և գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը և կարգը:

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:

Կարգի 4-րդ կետի համաձայն՝ դեղերի գրանցումը, գրանցման մերժումը և անվավեր ճանաչումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետև` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, (...)):

Կարգի 7-րդ կետի համաձայն՝ դեղերի պետական գրանցումը կատարվում է դեղերի որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա (...):

Կարգի 8-րդ կետի համաձայն՝ դեղերը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության եզրակացության հիման վրա:

Կարգի 15-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղը գրանցվելու մասին որոշման հիման վրա 10 օրացուցային օրվա ընթացքում դիմորդին տրվում է դեղի գրանցման հավաստագիր: Գրանցման հավաստագրի ձևը և նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Կարգի 16-րդ կետի համաձայն՝ դեղի պետական գրանցման վերաբերյալ որոշման համաձայն դեղի գրանցման հավաստագրի տրամադրումից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում):

Կարգի 18-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման ժամկետը 5 տարի է, որի ավարտից հետո դեղը կարող է նորից գրանցվել նույն կարգի համաձայն:

Կարգի 19-րդ կետի համաձայն՝ պետական գրանցում անցած դեղերի բաղադրության, արտադրության տեխնոլոգիայի, միջազգային չպատենտավորված անվանումների փոփոխությունների, ինչպես նաև նոր հատկությունների, օգտագործման նոր ցուցումների հայտնաբերման դեպքում կատարվում է դրանց պետական նոր գրանցում:

Կարգի 20-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաստատում է գրանցված դեղերի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը:

Կարգի 22-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի, ինչպես նաև դրանց գրանցումն անվավեր ճանաչելու մասին տեղեկատվությունը: Գրանցված դեղերի մասին տեղեկությունները ընդգրկվում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) և պարբերաբար հրատարակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ դեղը մարդու և կենդանու հիվանդությունների բուժման, ախտորոշման, կանխարգելման, անզգայացման, հղիության կանխման համար նախատեսված կենսաբանական ակտիվությամբ օժտված կշռաչափված միջոց է, որն ստացվել է մեկ կամ մի քանի դեղանյութերի և օժանդակ նյութերի հիման վրա, ունի ստանդարտ բաղադրություն, անփոփոխ անվանում, անհրաժեշտ դեղաչափ, դեղաձև և ձևավորում: Դեղը բնութագրող հիմնական հատկանիշներն են՝ արդյունավետությունը՝ դեղի սպասվելիք դրական ազդեցության դրսևորման աստիճանի բնութագիրը, անվտանգությունը` առողջությանը վնասելու հնարավոր անթույլատրելի ռիսկի բացակայությունը, և որակը` համապատասխանությունը դեղագրքային պահանջներին և/կամ որակի հատկորոշիչներին (սպեցիֆիկացիաներին): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միայն նշված հատկանիշների միաժամանակյա առկայության պայմաններում դեղը կարող է ծառայել իր նպատակին և պատշաճորեն կիրառվել գործնականում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարևորությունը և առանձնահատուկ դերը բնակչության համար՝ օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը և այլ գործողություններ՝ դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով, դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը, ինչպես նաև սահմանել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտում: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերոնշյալը բխում է հանրապետության առողջապահության այնպիսի սկզբունքներից, ինչպիսին են՝ պետական պատասխանատվությունը բնակչության առողջության համար և անվտանգ, արդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի ապահովումը:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Դեղերի պետական գրանցումը մի քանի փուլերից բաղկացած վարչական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս խուսափելու և բնակչությանը զերծ պահելու անորակ, անարդյունավետ կամ քիչ արդյունավետ, վտանգավոր և կեղծ դեղերի կիրառումից: Այլ կերպ ասած՝ դեղերի գրանցումը արտադրանքի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման համակարգի հիմքն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեղերի գրանցման, գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը և կարգը սահմանված են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Դեղերի գրանցումը (բացառությամբ Կարգով նախատեսված դեպքերի) կատարում է ՀՀ առողջապահության նախարարությունը, որի վերաբերյալ որոշումն ընդունվում է դեղերի որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների բավարար արդյունքների հիման վրա: Այսինքն՝ դեղերը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունվում է ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության եզրակացության հիման վրա:

Այսպիսով՝ փորձաքննության արդյունքների, դեղաբանական խորհրդի եզրակացության, ինչպես նաև դիմորդի կողմից պետական տուրքը սահմանված կարգով և չափով վճարվելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացվում է դեղի գրանցման վերաբերյալ որոշում, և հայտատուին տրվում է դեղի պետական գրանցման հավաստագիր, իսկ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող փաստաթուղթ համարվող Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում): Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեգիստրը) հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով, որում նշվում են դեղի առևտրային անվանումը, միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձևը, դեղաչափը և թողարկման ձևը (փաթեթավորումը), արտադրողը, երկիրը, գրանցման ժամկետը, բաց թողնման կարգը, գրանցման հավաստագրի իրավատերը և այլ տեղեկություններ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ գրանցված դեղի անվտանգության, արդյունավետության, որակի համար պատասխանատվություն է կրում դեղի գրանցման հավաստագրի իրավատերը և պարտավոր է ներկայացնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ և/կամ փոփոխություն, որոնք հայտնաբերվել և/կամ կատարվել են հետգրանցումային շրջանում: Դեղի պետական գրանցման և գրանցման հավաստագրի իրավատիրոջ հետ մշտական կապի պայմաններում ստեղծվում է տվյալների համակարգ, որն օգտագործվում է դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի պաշտոնական տեղեկատվության, ներկրման ու գովազդի հսկողության, շրջանառվող դեղերի տեսչական հսկողության ապահովման, ինչպես նաև դեղի անվտանգության մշտադիտարկման համար: Գրանցման ընդունված փաստաթղթերը և նմուշը հիմք են հանրապետությունում դեղերի շրջանառության բոլոր փուլերում դեղերի նույնականացման, որակի հսկողության և/կամ տեղեկատվության համար: Ըստ այդմ, ներկրվող դեղերի նմուշները համեմատվում և ստուգվում են պետական գրանցում ստացած նմուշների հետ, որը հնարավորություն է տալիս երկրի շուկան զերծ պահելու չգրանցված, անորակ և կեղծված դեղերի ներթափանցումից և շրջանառությունից:

Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվում է դեղերի նմուշների նույնականացում պետական գրանցում ունեցող դեղերի նմուշների հետ, ստուգվում են ապրանքաուղեկից փաստաթղթերը, դրանց և նմուշների համապատասխանությունը: Այնուհետև՝ փաստաթղթային ուսումնասիրության և նույնականացման արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում որակի հսկման լաբորատորիայում ընտրված նմուշների լաբորատոր փորձաքննություն կատարելու մասին: Այն դեպքերում, երբ փաստաթղթային փորձաքննությունների, դեղի նմուշների նույնականացման և լաբորատոր փորձաքննության արդյունքները լինում են դրական, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տվյալ դեղի համար տրվում է ներմուծման հավաստագիր, իսկ այն դեպքերում, երբ փորձաքննությունների արդյունքները բացասական են (օրինակ՝ եթե ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չունի), տվյալ դեղի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը մերժվում է:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներմուծվող դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը կարող է հաստատվել միայն ներմուծվող դեղերի և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) պետական գրանցում ունեցող դեղերի՝ ներառյալ վերջինիս բոլոր վավերապայմանների համապատասխանության պայմաններում: Հետևաբար՝ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում ունենալու փաստը պարզելու համար անհրաժեշտ է համեմատել ներմուծվող դեղի և Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի՝ գրանցամատյանում նշված տեղեկությունները: Այլ կերպ ասած, եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում չունի, իսկ եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներմուծվող դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելը փաստելու համար անհրաժեշտ է ներմուծվող դեղի բոլոր վավերապայմանների համապատասխանությունը դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վավերապայմաններին, որոնցից մեկն էլ հանդիսանում է դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ վավերապայմանը (այլ տեղեկություններ): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դեղի վերոնշյալ վավերապայմանների գրանցումն ինքնանպատակ չէ, և ինչպես արդեն վերը նշվեց, այն կարևոր նշանակություն ունի դեղի որակի, անվտանգության ու արդյունավետության տեսանկյունից, քանի որ դրանով է նաև պայմանավորված դեղերի որակին ներկայացվող երաշխիքների պահպանության հարցը և դեղի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է դիտարկել դեղերի շրջանառության հետ կապված բոլոր հարաբերությունները, այդ թվում նաև դեղերի իրացման գործընթացը։

Դեղերի շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է դեղերի շրջանառության սուբյեկտ, քանի որ նույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացնում է դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում։ Այսինքն՝ օրենսդրի կողմից դեղերի շրջանառություն իրականացնող սուբյեկտների շարքում են դասվել նաև դեղատնային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։

Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել միայն այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, իսկ ինչպես արդեն արձանագրվել է դեղերի գրանցման, գրանցման մերժման և գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը և կարգը սահմանված են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է իրացնել չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է իրացնել միայն օրենքով սահմանված կարգով դեղերի ռեգիստրում գրանցված դեղերը, իսկ գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր և այլն:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենսդրի կողմից նման խիստ մոտեցումը պետական լիազոր մարմնի կողմից և դեղերի ցանկացած շրջանառություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ հսկողության իրականացումն ուղղված է կեղծ և որակի ստանդարտներին չհամապատասխանող (անորակ) դեղերի շրջանառությունը կանխարգելելուն, ինչպես նաև անձանց կյանքն և առողջությունը վնասելու հնարավոր անթույլատրելի ռիսկերից խուսափելուն։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դեղատնային գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող ցանկացած սուբյեկտ նույն կերպ, ինչպես, որ դեղերի ցանկացած շրջանառություն իրականացնող սուբյեկտ, կրում է պարտականություն ձեռքբերելու, պահպանելու, իրացնելու, բաց թողնելու բացառապես այն դեղերը, որոնք գրանցված են դեղերի ռեգիստրում՝ միաժամանակ հաշվի առնելով և ստուգելով դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող, գրանցման հավաստագրի իրավատեր և այլն։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գագիկ Բոյախչյանի վիճարկման հայցի հիման վրա՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի 16.02.2017 թվականի թիվ 025 որոշումը։

Դատարանը բավարարել է Գագիկ Բոյախչյանի հայցը՝ պատճառաբանելով, որ վիճարկվող որոշման մեջ նշված «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետ` 04.2018 թվական) և «Լիրիկա» 150 մգ, N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետ` 10.2018 թվական) դեղերը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 25-Ն հրամանով հաստատված` դեղերի պետական ռեեստրում առկա համանուն դեղերի հետ առերևույթ՝ իրենց հիմնական հատկանիշներով համընկնում են: Դատարանը հաշվի է առել այն, որ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ն դեղերի շրջանառության մեջ չի հանդիսացել ներմուծում իրականացնող սուբյեկտ, որը զբաղվել է դեղատնից դեղերի իրացմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետություն դեղերը և (կամ) դեղանյութերը կարող են ներմուծվել ու արտահանվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման կամ արտահանման հավաստագրի հիման վրա, որոնք տրամադրվելու ժամանակ, ի թիվս այլնի, ստուգվում է (այդ թվում` փորձաքննությունների միջոցով) նաև դեղերի և դեղանյութերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման առկայությունը, իսկ Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման հավաստագիրը տրվում է մինչև համապատասխան մաքսային հայտարարագիրը ներկայացնելը: Դատարանը գտել է, որ հայցվորի` որպես դեղատան միջոցով դեղերի առևտրի գործունեություն իրականացնող սուբյեկտի մոտ, կարող էր առկա լինել ողջամիտ համոզմունք առ այն, որ ինքը Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք է բերել և իրացման նպատակով դեղատանը պահպանել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր։

Դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հայցվորը` դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում ստուգելուց բացի, այլ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում` փորձաքննության ներկայացնելու պարտավորություն չի կրել։ Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Հայցվորին վերագրվող արարքի կատարման մեջ բացակայում է վերջինիս մեղավորությունը, ինչը պայմանավորված է ինչպես այն հանգամանքով, որ «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետ` 04.2018 թվական) և «Լիրիկա» 150 մգ, N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետ` 10.2018 թվական) դեղերը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 25-Ն հրամանով հաստատված` դեղերի պետական ռեեստրում առկա համանուն դեղերի հետ առերևույթ` իրենց հիմնական հատկանիշներով համընկնման հանգամանքով պայմանավորված` կարող էր առկա լինել դրանք Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր համարելու առումով ողջամիտ համոզմունք, այնպես էլ այն հանգամանքով, որ դեղերի վրա համապատասխան դրոշմապիտակների առկայությունը փաստում է, որ այդ դեղերը Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել օրինական ճանապարհով, այսինքն՝ առկա են եղել դրանց համապատասխանության ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ դրանց բացակայությունը կհանգեցներ այդ դեղերի ներմուծումն արգելելուն, այսինքն` անձն օբյեկտիվորեն զրկված է եղել իր գործողությունների հակաիրավական բնույթը գիտակցելու հնարավորությունից, իսկ մեղքի բացակայությունը հանգեցնում է զանցակազմի բացակայության։

Վերաքննիչ դատարանը, մերժելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները։

Սույն գործի փաստերից հետևում է, որ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ում զննման արդյունքում հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետությունում գրանցման և օրինական ներմուծման տեսանկյունից կասկած հարուցող դեղեր, որոնցից՝ «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետ` 04.2018 թվական) դեղի սերիան բացակայում է ներմուծման փորձաքննության տվյալների բազայում, դեղը գրանցված չէ, փորձաքննության համար ներկայացված նմուշը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տարբերակին` առկա է բաղադրության անհամապատասխանություն, օժանդակ նյութերի քանակական և որակական տարբերություն։ Մասնավորապես՝ փորձանմուշում առկա է «Դոկուզատ նատրիում» օժանդակ նյութը, որը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի բաղադրության մեջ, ինչպես նաև չեն համապատասխանում օժանդակ նյութերի քանակները։ Իսկ «Լիրիկա» 150մգ., N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետը` 10.2018 թվական) դեղի սերիան բացակայում է ներմուծման փորձաքննության տվյալների բազայում, դեղը գրանցված չէ, գրանցման հավաստագրի իրավատիրոջ անհամապատասխանության կետով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի գրանցված հավաստագրի իրավատերն է Պֆայզեր Հ.Ս.Պ. Քորփորեյշըն, 235, Իսկ 42-րդ փ., Նյու-Յորք, 10017 (ԱՄՆ), իսկ ներկայացված դեղինը` Пфайзер Инк, США։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպիսով` «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ն որպես դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտ, որը, ի թիվս այլնի, իրականացնում է նաև դեղերի իրացում, իրավունք ունի իրացնելու միայն Հայաստանի Հանրապետության դեղերի պետական ռեգիստրում գրանցված դեղերը, իսկ ինչպես արդեն նշվել է գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեղերի շրջանառություն իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ կրում է պարտականություն ստուգելու և հավաստիանալու շրջանառվող դեղի՝ օրենքով սահմանված կարգով գրանցված համարվելու բոլոր չափորոշիչների համապատասխանությունը։

Մինչդեռ և´ Դատարանը, և´ Վերաքննիչ դատարանը եկել են այն եզրահանգման, որ քանի որ հայցվորը զբաղվում է դեղատնային գործունեությամբ և հանդիսանում է դեղեր իրացնող, ապա վերջինս կարող էր ողջամիտ համոզմունք ունենալ, որ վերոնշյալ դեղերը գրանցված են և Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել օրինական ճանապարհով, ուստիև հայցվորը որևէ այլ պարտականություն չի ունեցել։ Այսինքն՝ ստորադաս ատյանները գտել են, որ արձանագրված իրավախախտման մեջ բացակայում է հայցվորի մեղքը, քանի որ «Լիվաֆարմ» ՍՊԸ-ն չի հանդիսանում դեղեր ներմուծող և ընդամենը իրացրել է դեղերի պետական ռեեստրում առկա համանուն դեղերի հետ առերևույթ` իրենց հիմնական հատկանիշներով համընկնող դեղեր։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես արդեն վերը նշվեց, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեգիստրը) հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով, որում նշվում են դեղի առևտրային անվանումը, միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձևը, դեղաչափը և թողարկման ձևը (փաթեթավորումը), արտադրողը, երկիրը, գրանցման ժամկետը, բաց թողնման կարգը, գրանցման հավաստագրի իրավատերը և այլ տեղեկություններ: «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ն դեղերի պահպանման և մանրածախ իրացման կամ բաց թողնման յուրաքանչյուր գործընթացում ոչ թե պետք է բավարարվեր ուղղակի ստուգելով տվյալ դեղերի առկայությունը դեղերի գրանցամատյանում, այլ կրում էր պարտականություն համեմատելու իր մոտ առկա յուրաքանչյուր դեղի չափորոշիչները պետական գրանցամատյանում առկա համանուն դեղի հետ և հավաստիանալու դրանց նույնականության հարցում։ Այսինքն՝ պետք է ստուգվեին իրացվող դեղի առևտրային անվանումը, միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձևը, դեղաչափը և թողարկման ձևը (փաթեթավորումը), արտադրողը, երկիրը, գրանցման ժամկետը, բաց թողնման կարգը, գրանցման հավաստագրի իրավատերը, քանի որ վերջինիս թույլատրվում է իրացնել միայն օրենքով սահմանված կարգով դեղերի ռեգիստրում գրանցված դեղերը, իսկ գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր և այլն։

ՀՀ առողջապահության նախարարի 12.07.2016 թվականի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 09-ի թիվ 09-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն հրամանով (ուժի մեջ է մտել 04.08.2016 թվականին և ուժը կորցրել է 27.03.2017 թվականին) հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)` համաձայն հավելվածի: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն հրամանը

ՀՀ առողջապահության նախարարի 12.07.2016 թվականի թիվ 25-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի) 310 համարի տակ նշված է` առևտրային անվանումը` «Անտիգրիպին», միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումը` պարացետամոլ, քլորֆենամին, (քլորֆենամին մալեատ), ասկորբինաթթու, (paracetamol, chlorphenamine (chlorphenamine maleate), ascorbic acid), դեղաձևը` դեղափոշի ներքին ընդունման լուծույթի երիցուկի համով, դեղաչափը և թողարկման ձևը (փաթեթավորումը)` 500մգ+10մգ+200մգ 5գ փաթեթիկներ (6,10), արտադրողը` Նատուր Պրոդուկտ Ֆարմա Սպ զօօ, փ Պոդստոցզիսկո 30, 07-300 Օստրով Մազովիեցկա, երկիրը` Լեհաստան, դեղերի ATC1 ծածկագիրը և/կամ տեսակային պատկանելությունը` N02BE51, գրանցման հավաստագրի համարը` 15323, գրանցման ժամկետը` 04.02.2016-04.02.2021 թվականը, բացթողման կարգը` ԱԴ, գրանցման հավաստագրի իրավատերը` ՎԱԼԵԱՆՏ ՍՊԸ, Շաբոլովկա փ 31, շ 5, 115162, Մոսկվա, Ռուսաստան:

Թիվ 1783 գրանցման հավաստագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գրանցված է հետևյալ դեղը՝ արտադրանքի անվանումը` Լիրիկա (Lyrica), դեղաչափը 150 մգ, դեղաձևը` դեղապատիճներ կոշտ, միջազգային համընդհանուր անվանումը, ակտիվ բաղադրատարր(եր)-ի քանակը` պրեգաբալին (pregabalin), փաթեթավորումը, թողարկման ձևը` բլիստերներում (14/1x14/,56/4x14/), արտադրողը` Պֆայզեր Մանուֆակչըրինգ Դոյչլանդ ԳմբՀ, Բետրիեբշտատե Ֆրայբուրգ, Մուսվալդալե 1, 79090 Ֆրայբուրգ, երկիրը` Գերմանիա, դեղերի ATC1 ծածկագիրը և/կամ տեսակային պատկանելությունը` N03AX16, գրանցման հավաստագրի համարը` 14633, գրանցման ժամկետը` 03.07.2015-03.07.2020 թվականը, բացթողման կարգը` Դ, գրանցման հավաստագրի իրավատերը` Պֆայզեր ՀՍՊ Քորփորեյշըն, 235, Իստ 42-րդ փ, Նյու-Յորք, 10017, ԱՄՆ։

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 13.02.2017 թվականին տրված թիվ 0114023317 եզրակացությամբ արձանագրվել է, որ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի դեղատնից հայտնաբերված. «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետը` 04.2018 թվական) դեղի սերիան բացակայում է ներմուծման փորձաքննության տվյալների բազայում, դեղը գրանցված չէ, փորձաքննության համար ներկայացված նմուշը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տարբերակին` առկա է բաղադրության անհամապատասխանություն, օժանդակ նյութերի քանակական և որակական տարբերություն։ Փորձանմուշում առկա է «Դոկուզատ նատրիում» օժանդակ նյութը, որը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի բաղադրության մեջ։ Չեն համապատասխանում ստորև ներկայացված օժանդակ նյութերի քանակները։ «Լիրիկա» 150մգ., N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետը` 10.2018 թվական) դեղի սերիան բացակայում է ներմուծման փորձաքննության տվյալների բազայում, դեղը գրանցված չէ, գրանցման հավաստագրի իրավատիրոջ անհամապատասխանության կետով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի գրանցված հավաստագրի իրավատերն է Պֆայզեր Հ.Ս.Պ. Քորփորեյշըն, 235, Իստ 42-րդ փ., Նյու-Յորք, 10017 (ԱՄՆ), իսկ ներկայացված դեղինը` Пфайзер Инк, США։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձաքննության արդյունքում պարզվածը, այն, որ իրացվող դեղերը գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում, մի դեպքում ( «Անտիգրիպին» երիցուկի N 10 (սերիա` 37310415, պիտանելիության ժամկետը` 04.2018 թվական)) առկա է դեղի բաղադրության անհամապատասխանություն, օժանդակ նյութերի քանակական և որակական տարբերություն, «Դոկուզատ նատրիում» օժանդակ նյութը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի բաղադրության մեջ, մյուս դեպքում՝ («Լիրիկա» 150մգ., N 14 (սերիա` M92947, պիտանելիության ժամկետը` 10.2018 թվական) առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ անհամապատասխանություն։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում դեղի գրանցման վավերապայմանների ուսումնասիրությունից պարզ է, որ իսկապես վերոնշյալ դեղերի վավերապայմաններում առկա են անհամապատասխանություններ, որն էլ հիմք է հանդիսացել պետական լիազոր մարմնի կողմից «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի` մինչև 10 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Նույն հոդվածի 22-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-21-րդ մասերով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ն զբաղվելով դեղատնային գործունեությամբ՝ իրացրել է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր, որի հիմքով էլ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի պետի 14.12.2016 թվականի թիվ 139 որոշմամբ «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական տույժի: Հետևաբար «ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանի նկատմամբ վարչական տույժի միջոցներ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկին կատարելու համար, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված 2 անվանում դեղեր իրացնելու նպատակով պահպանելու համար վերջինիս նկատմամբ կիրառվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 22-րդ մասը:

Վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմնի կողմից վարչական վարույթն իրականացվել է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, վարչական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ և բավարար ապացույցները` ապահովելով գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և բացահայտումը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) հիմքերը բացակայում են:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Գագիկ Բոյախչյանն ազատված է պետական տուրքի վճարելու պարտականությունից, մինչդեռ հայցադիմումի համար Գագիկ Բոյախչյանը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Բոյախչյանի կողմից հայցադիմումի համար վճարված 4.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից վճարված՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված 10.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար սահմանված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները՝ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 1403.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Գագիկ Բոյախչյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի 16.02.2017 թվականի թիվ 025 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: