Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.09.2021
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի

Երևան 

N 263-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 190-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը և 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել ապրանքային շուկաների որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 190-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման կարգավորումները տարածվում են մինչև որոշման ուժի մեջ մտնելը սկսված և իրականացվող ոլորտային ուսումնասիրությունների նկատմամբ։

5. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ տարածվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 190-Ն որոշման կարգավորումները։

6. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետի կիրառման շրջանակում հիմք են ընդունվում նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների ամրագրման վերաբերյալ ընդունված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումները։

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի 2021 թվականի

սեպտեմբերի 28-ի N 263-Ն որոշման

ԿԱՐԳ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկաների որոշման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված իմաստով:

3. Ապրանքային շուկաների որոշման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը.

1) ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածի որոշում,

2) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշում,

3) ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների որոշում,

4) ապրանքային շուկայի սուբյեկտների կազմի որոշում,

5) ապրանքային շուկայի ծավալի և տնտեսավարող սուբյեկտների՝ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժինների որոշում։

4. Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի առկայությունը որոշվում է Օրենքի 7-րդ հոդվածով և Հանձնաժողովի տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությամբ և կարգով։

5. Ապրանքային շուկաների որոշման նպատակով որպես տեղեկատվություն օգտագործվում են.

1) պաշտոնական վիճակագրության տվյալները.

2) հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվությունը.

3) ուսումնասիրության նպատակով տնտեսավարող սուբյեկտի տրամադրած տվյալները.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ տվյալ ապրանքն իրացնողի կամ ձեռք բերողի (ներառյալ ընտրողական հարցման արդյունքում ստացված տեղեկատվությունը) կողմից տրամադրված տեղեկատվությունը.

5) տնտեսագիտական հետազոտությունների և ապրանքագիտական փորձաքննությունների արդյունքները, մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև առանձին մասնագետների և փորձագետների եզրակացությունները.

6) գերատեսչական և անկախ տեղեկատվական կենտրոնների և ծառայությունների տվյալները.

7) սպառողների և արտադրողների միավորումների տվյալները.

8) զանգվածային լրատվության միջոցների հաղորդումները.

9) Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև այլ պետությունների մրցակցության պաշտպանության մարմինների, մրցակցության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները և այլ տվյալներ.

10) մարքեթինգային, սոցիոլոգիական ուսումնասիրությունների, ընտրողական հարցումների և տնտեսավարող սուբյեկտների, քաղաքացիների, հասարակական միավորումների հարցման տվյալները.

11) պետական ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ չափորոշիչները.

12) այլ աղբյուրների, այդ թվում՝ շուկայի մասնակիցների ներկայացրած տվյալները:

 

ԳԼՈՒԽ 2

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը որոշվում է ըստ ուսումնասիրության նպատակի և ապրանքային շուկայի առանձնահատկությունների:

7. Ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը կազմում է.

1) առնվազն 6 ամիս,

2) ապրանքային շուկայի գործունեության ժամանակահատվածը, եթե այն կազմում է 6 ամսից պակաս (օրինակ՝ նոր ապրանքային շուկաների դեպքում),

3) առնվազն 1 տարի, եթե համապատասխան ապրանքի իրացումը կամ ձեռքբերումն ունի ընդգծված սեզոնային բնույթ:

 

ԳԼՈՒԽ 3

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

8. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը, այսինքն՝ միևնույն ապրանքային շուկայում շրջանառվող փոխարինող չունեցող ապրանքի կամ փոխադարձ փոխարինելի ապրանքների հայտնաբերման գործընթացը ներառում է.

1) ապրանքի նախնական որոշում,

2) ապրանքի՝ սպառման գործընթացում կամ արտադրական նպատակներով օգտագործման ընթացքում ձեռքբերողի ընտրությունը որոշող հատկանիշների (ըստ գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշների) և տվյալ ապրանքի համար փոխադարձ փոխարինելի ապրանքների բացահայտում,

3) տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջության որոշում։

9. Սույն կարգի 8-րդ կետի իրականացման արդյունքում Հանձնաժողովը որոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները։

10. Հանձնաժողովը ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշման համար, անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառել «Հիպոթետիկ մոնոպոլիստի թեստ»-ը կամ ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները որոշելու համար կիրառելի այլ մեթոդներ կամ մոտեցումներ։

11. Փոխադարձ փոխարինելի ապրանքների հայտնաբերման մեթոդների ընտրությունը կախված է շուկայի առանձնահատկություններից, ուսումնասիրության ժամկետներից, տեղեկատվության հասանելիությունից, ուսումնասիրության հրատապությունից և այլ չափանիշներից:

 

ԳԼՈՒԽ 4

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

12. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելու գործընթացը ներառում է.

1) ապրանքների և փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման, իրացման կամ արտադրման աշխարհագրական սահմանների նախնական որոշում,

2) ձեռքբերողի, իրացնողի կամ արտադրողի կողմից տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման, իրացման կամ արտադրման տնտեսապես հնարավոր և նպատակահարմար պայմանների և տվյալ տարածքից դուրս այդ հնարավորության և նպատակահարմարության բացակայության բացահայտում,

3) դիտարկվող ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների վերջնական որոշում:

13. Սույն կարգի 12-րդ կետի իրականացման արդյունքում Հանձնաժողովը որոշում է ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները։

14. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների որոշման համար, անհրաժեշտության դեպքում, կարող են կիրառվել «Հիպոթետիկ մոնոպոլիստի թեստ»-ը կամ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելու համար կիրառելի այլ մեթոդներ կամ մոտեցումներ։

15. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների որոշման մեթոդների ընտրությունը կախված է շուկայի առանձնահատկություններից, ուսումնասիրության ժամկետներից, տեղեկատվության հասանելիությունից, ուսումնասիրության հրատապությունից և այլ չափանիշներից:

 

ԳԼՈՒԽ 5

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

16. Ապրանքային շուկայի սուբյեկտների կազմում ընդգրկվում են տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներն իրացնողը, արտադրողը կամ ձեռք բերողը:

17. Ապրանքային շուկայի որոշման ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա որոշվում են դիտարկվող ապրանքային շուկայում գործող և տվյալ ուսումնասիրության համար անհրաժեշտ տնտեսավարող սուբյեկտները։

18. Ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների կազմի որոշումից հետո, անհրաժեշտության դեպքում, պարզվում է տնտեսավարող սուբյեկտների միմյանց միջև անձանց խմբին պատկանելիությունը։

 

ԳԼՈՒԽ 6

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼԻ ԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

19. Ապրանքային շուկայի ծավալի և շուկայում տնտեսավարող սուբյեկտների ունեցած մասնաբաժինների հաշվարկման հիմնական ցուցանիշ է հանդիսանում դիտարկվող ապրանքային շուկայի իրացման կամ ձեռքբերման ծավալը:

20. Ապրանքային շուկայի ծավալը և տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները հաշվարկվում են իրացման կամ ձեռքբերման տեսանկյունից՝ հաշվի առնելով ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների գործունեության առանձնահատկությունները, տնտեսավարող սուբյեկտների քանակը, գործունեության կամ իրավահարաբերությունների բնույթը։

21. Ոլորտային առանձնահատկություններից ելնելով՝ ապրանքային շուկայի ծավալը և տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինը դիտարկվող ապրանքային շուկայում մրցակցության տեսանկյունից ավելի ճշգրիտ բնութագրելու նպատակով որպես ածանցյալ ցուցանիշներ կարող են կիրառվել ներմուծումների, եկամուտների, արտադրության, փոխադրումների, ռեսուրսների, պահուստների, արտադրական հզորությունների, ըստ կնքված պայմանագրերի ապրանքների ծավալները և այլն:

22. Ապրանքային շուկայի ծավալը որոշվում է բնեղեն արտահայտությամբ, եթե ապրանքային շուկայում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը հնարավոր է հաշվարկել չափման միևնույն միավորի միջոցով։ Ելնելով ապրանքային շուկայի առանձնահատկություններից՝ շուկայի ծավալը կարող է որոշվել արժեքային (դրամական) արտահայտությամբ։

23. Ապրանքային շուկայի ծավալը որոշվում է.

1) ըստ իրացնողների՝ որպես դիտարկվող ապրանքային շուկայում գործող իրացնողների կողմից տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման ծավալների հանրագումար (ընդ որում, չի թույլատրվում միևնույն ապրանքի վերահաշվարկը),

2) ըստ ձեռք բերողների՝ որպես դիտարկվող ապրանքային շուկայում գործող ձեռք բերողների կողմից տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման ծավալների հանրագումար։

24. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսով։

25. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է որոշել կենտրոնացվածության աստիճանը։ Ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը որոշելու համար, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովը կարող է օգտագործել հետևյալ ցուցանիշները.

1) շուկայական կենտրոնացվածության գործակից (CR) - տվյալ շուկայում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժինների գումարը (արտահայտված տոկոսներով),

2) Հերֆինդալ-Հիրշմանի շուկայական կենտրոնացվածության ցուցիչ (HHI) - տվյալ ապրանքային շուկայում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժինների քառակուսիների գումարը (արտահայտված տոկոսներով),

3) ապրանքային շուկայի առաջատար տնտեսավարող սուբյեկտների անհավասարության գործակիցը (Լինդայի ցուցիչը),

4) շուկայական կենտրոնացվածության այլ ցուցանիշներ:

 

ԳԼՈՒԽ 7

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

26. Հանձնաժողովի կողմից տվյալ ապրանքային շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի տվյալների հիման վրա կայացվող ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմաններն ամրագրվում են Հանձնաժողովի որոշման եզրափակիչ մասում։

27. Այն ապրանքային շուկայում, որի վերաբերյալ Հանձնաժողովի որոշմամբ ամրագրվել են ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմաններ, նոր ուսումնասիրության դեպքում հիմք են ընդունվում Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, եթե ապրանքային շուկայի ուսումնասիրությամբ չի հիմնավորվել ապրանքատեսակային և աշխարհագրական նոր սահմանների ամրագրման անհրաժեշտությունը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: