Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-188-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1318
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 134-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 134. Անշարժ և շարժական գույքը



1. Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

2. Շարժական գույք է համարվում անշարժ չհամարվող գույքը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 170-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` 
 

«Հոդված 170. Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները

 

1. Սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`

1) կառուցապատման.

2) գույքի օգտագործման.

3) սերվիտուտի.

4) գրավի:

2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները սույն օրենսգրքի 278 հոդվածով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ սեփականատիրոջ խախտումներից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 188-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 188. Ինքնակամ կառույցը



1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

2. Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված է այդ կառույցը:

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային սեփականության իրավունքը:

3. Ինքնակամ կառույցը կարող է քանդվել հողամասի սեփականատիրոջ կողմից:
Ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

4. Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում՝ Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

5. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

6. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

7. Հողամասի սեփականատերը կամ նրանից հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերողը կրում է ինքնակամ կառույցի, շինարարության անվտանգ օգտագործման և շահագործման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև քանդման ռիսկը և ծախսերը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 202-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 202. Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ

 

1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա:

2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:

4. Այն հողամասերը, որոնց օգտագործելն իրենց սահմանված նպատակային և գործառնական նշանակությունից այլ նպատակներով արգելված կամ սահմանափակված է, որոշվում են օրենքով:

5. Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

6. Հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:

7. Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող հողամասի վրա կատարված ինքնակամ կառույց իրականացնելու հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 188 հոդվածին համապատասխան:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 204-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
 

«Հոդված 204. Հողամասի սեփականատիրոջ կողմից դրա վրա շենքեր, շինություններ կառուցելը

 

Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների (202 հոդվածի 4-րդ կետ) պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, այլ անձանց թույլ տալ շինարարություն կատարելու իր հողամասում:»:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2041 -րդ հոդվածով`

«Հոդված 2041. Հողամասի կառուցապատման իրավունքը



1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:

2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի իրավահաջորդության կարգով:

3. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատողի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

4. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

5. Կառուցապատման իրավունքը, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ, տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին:

6. Կառուցապատման իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի և այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման:

7. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 209-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 «Հոդված 209. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն օտարելիս

 

1. Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:

2. Արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Սույն մասով սահմանված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:

3. Ստորաբաժանված շենքի, շինության մեջ առանձին տարածքի օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Այս դեպքում ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:»:

Հոդված 9. Օրենսգրքի 222-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «դրա» բառից հետո լրացնել «գործառնական» բառով.

բ) 2-րդ կետը «հանձնել» բառից հետո լրացնել «անհատույց օգտագործման կամ» բառերով.

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Բնակելի տների և բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը՝ արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության, իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 

 

«Հոդված 224. Բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը




1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

2. Բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերն իրավունք չունի առանձին օտարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իր բաժինը, ինչպես նաև կատարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին հանձնելուն հանգեցնող այլ գործողություններ, բացառությամբ սույն հոդվածով և սույն օրենսգրքի 270 հոդվածով սահմանված դեպքերի:

3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:

4. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը:

5. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում բնակարանի, ոչ բնակելի տարածքների և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվում շենքի, շինության շահագործման ակտը սահմանված կարգով ձևակերպելուց հետո:

6. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում հողամասի, բնակարանի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:»:
 

Հոդված 11. Օրենսգրքի 225-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 225. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը


1. Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:

Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):

2. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

3. Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

4. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից:

Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
 

«Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը



1. Գրավատուն իրավունք ունի օգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:

Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով և հիմքերով:

Մինչև գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:

4. Գրավառուն իրավունք ունի օգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա օգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:»:

Հոդված 13. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «գրավ դրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառվելու դեպքում» բառերը փոխարինել «գրավ դրված գույքը սույն օրենսգրքի 250 հոդվածով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 249-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը

 

1. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

 1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:

Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:

Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:»:

 

Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2491 -րդ հոդվածով՝

 

«Հոդված 2491. Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը


 

1. Սույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:

Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու վերաբերյալ թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 256-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 256. Իրավունքի գրավը



1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան օտարման ենթակա իրավունքն է, այդ թվում՝ տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ արտադրական կոոպերատիվի փայահավաք կապիտալում մասնակցության իրավունքը, պահանջի և այլ օտարման ենթակա իրավունքները:

2. Ժամկետով տրված իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչև դրա գործողության ժամկետի ավարտը:

3. Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից:

4. Արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 258-րդ հոդվածը «նշաններով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գրավատուի մոտ թողնված գրավի առարկան, որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 260-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 260. Հիփոթեքի հասկացությունը



Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի գրավը:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 262-265-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«Հոդված 262. Հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը

 


1. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը:

2. Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով և այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:

Եթե հիփոթեքի առարկան գրավատուին պատկանող իրավունքն է, ապա պայմանագրում պետք է նկարագրվի այդ իրավունքի ծագման հիմքը, ինչպես նաև անշարժ գույքը, որին վերաբերում է այդ իրավունքը և այդ իրավունքը գրանցած պետական մարմինը:

3. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը:

Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը և մյուս անհրաժեշտ պայմանները:

4. Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաս առ մաս, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատասխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:

5. Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:


Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձևը



1. Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:

2. Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:

3. Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք և ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով:


Հոդված 264. Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը

 


1.  Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:

2. Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:

Հոդված 265. Հողամասի հիփոթեքի սահմանափակումները


 

1. Հիփոթեքի պայմանագրով կարող են գրավ դրվել միայն քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը: Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաև այդ հողամասում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա:

2. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 266-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենսգրքի 267-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 267. Գրավ դրված հողամասում գրավատուի կողմից շենքեր և շինություններ կառուցելը


 

Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցելու շենքեր և շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի և շինությունների վրա ևս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով:»:

 

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2671 -րդ հոդվածով՝

 

«Հոդված 2671. Կառուցապատման իրավունքի հիփոթեքը

 

Կառուցապատման իրավունքի հիփոթեքի դեպքում գրավատուն իրավունք ունի իրականացնելու կառուցապատման իր իրավունքը:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 268-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«Հոդված 268. Այն հողամասի հիփոթեքը, որի վրա կան երրորդ անձանց իրավունքներ


 

1. Եթե հիփոթեքը սահմանվել է այն հողամասի նկատմամբ, որը ծանրաբեռնված է այլ անձի կառուցապատման իրավունքով, ապա կառուցապատման իրավունք ունեցող անձը պահպանում է օրենքով կամ պայմանագրով սահմանված կառուցապատման իր իրավունքները և պարտավորությունները նույն ծավալներով և ժամկետով:

2. Հողամասի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու դեպքում հողամասը ձեռք բերողին, իրավունքներից բացի, անցնում են այն պարտականությունները, որոնք կառուցապատողի հանդեպ ուներ գրավատուն:»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 270-272-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«Հոդված 270. Բազմաբնակարան շենքերի բնակարանների հիփոթեքը



1. Բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

2. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

3. Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա:

4. Սույն հոդվածով սահմանված ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասը և բաժնի մասը սեփականության իրավունքով ձեռք բերված բոլոր շինությունների տարածքների մակերեսի հարաբերությունն է շենքի բոլոր շինությունների տարածքների ընդհանուր մակերեսների գումարին` արտահայտված տոկոսով:


Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի և շինությունների հիփոթեքը



1. Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, այն արդիականացնելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում հողամասով, անավարտ շինարարությամբ և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:

2. Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելու, վերակառուցելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում կառուցապատման իրավունքով և կառուցապատողին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:
 

Հոդված 272. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը



1. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելը հիմք չէ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց վտարելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց և այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) սեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը:

3. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում մինչև հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

4. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում հիփոթեքի պայմանագիր կնքելուց հետո կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա են վտարման սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 564-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 «Հոդված 564. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիս

 

1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

2. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամասի այն մասի սեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

3. Վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի օգտագործման համար օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:

Այդպիսի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն օգտագործման իրավունք է ձեռք բերում հողամասի համապատասխան մասի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 565-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենսգրքի 612-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 612. Վարձակալության պայմանագրի ժամկետը


 

1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:

3. Օրենքով կարող են սահմանվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրի առավելագույն ժամկետներ: Եթե պայմանագրում վարձակալության ժամկետը որոշված չէ, և կողմերից որևէ մեկը մինչև օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալը չի հրաժարվել պայմանագրից, ապա առավելագույն ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը դադարում է:

Օրենքով սահմանված առավելագույն ժամկետը գերազանցող ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը համարվում է առավելագույն ժամկետին հավասար ժամկետով կնքված:»:

 

Հոդված 28. Օրենսգրքի 619-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
 
«Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում
 

  

1. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:»:

 

Հոդված 29. Օրենսգրքի 664-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 664. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պահպանվելը բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելիս



 

Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ վարձակալության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր սեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 675-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը

 

 

1. Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:

2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`

1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.

2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:

3. Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքում կամ դատական կարգով`

1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում.

2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 699-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 699. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դադարումը



1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարում է փոխառու քաղաքացու մահվամբ կամ փոխառու իրավաբանական անձի լուծարմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարում է սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքերում:»:

 

Հոդված 32. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում սույն օրենքի պահանջներին:

Պայմանագրերի առանձին տեսակների կնքման կարգն ու ձևը կիրառվում են այն պայմանագրերի նկատմամբ, որոնց կնքման առաջարկությունն արվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Պայմանագրերի առանձին տեսակների բովանդակությունը սահմանող սույն օրենքի նորմերը կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի նկատմամբ:

Պայմանագրի կողմերի համար պայմանագրերի առանձին տեսակների լուծման հիմքերի, հետևանքների և կարգի մասին` օրենքի պարտադիր նորմերը կիրառվում են նաև այն պայմանագրերի նկատմամբ, որոնք շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` անկախ դրանց կնքման տարվանից, ամսվանից և ամսաթվից:

Պետության կամ համայնքի հետ քաղաքացու և իրավաբանական անձի քաղաքացիական իրավահարաբերություններում սույն օրենքով սահմանված մեղմացնող դրույթները հետադարձ ուժ չունեն:

2. Եթե անձը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով:

3. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված նորմը կիրառվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերի նկատմամբ:

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
  

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 2
Երևան
ՀՕ-188-Ն