ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 89-Ն
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2019 թ. փետրվարի 15
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքեր են համարվում՝
1) 26 տարին լրացած քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.
2) քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարկետում տրված լինելու (որի վերջնաժամկետը համընկնում է քաղաքացու 26 տարին լրանալու հետ) և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն և որպես նշված տարկետման հիմք ընդունված պայմաններ չհանդիսացող նոր նշանակալի նվաճումներ ունենալու, ինչպես նաև զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին հանդես գալու հանգամանքները.
3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:
(2-րդ կետը լրաց. 29.04.21 N 661-Ն, փոփ. 28.07.21 N 1214-Ն, խմբ. 14.10.21 N 1684-Ն)
3. Սույն կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում (այսուհետ՝ համապատասխան բնագավառներ) պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:
4. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված՝
1) պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա, կամ՝
2) գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառների հեղինակավոր մասնագետների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների անհատական կամ կոլեկտիվ միջնորդությունների (այսուհետ՝ միջնորդություն) հիման վրա:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը կամ միջնորդությունը պետք է ներառեն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված բացառիկ դեպքերի հիմնավորումները, իսկ եթե առկա են այդ հիմնավորումները հաստատող փաստաթղթեր, ապա դիմումին կամ միջնորդությանը կցվում են նաև այդ փաստաթղթերը, ընդ որում, միջնորդությանը պարտադիր կցվում է քաղաքացու գրավոր համաձայնությունը՝ իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Դիմումը կամ միջնորդությունը կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ստացված դիմումը կամ միջնորդությունը սահմանված կարգով գրանցվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում, որի մասին 3-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց): Սույն կարգի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված դիմումը կամ միջնորդությունը ենթակա չէ հետագա ընթացքավորման և մերժվում է՝ դրա մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու պատճառը:
6. Ստացված դիմումի կամ միջնորդության շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից կարող է առաջարկվել դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ ներկայացնելու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմաններին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում ստացված դիմումը կամ միջնորդությունը քննարկվում է դիմումը կամ միջնորդությունն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը կամ միջնորդությունը կարող է մերժվել՝ եթե քաղաքացին չի բավարարում սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմանները, այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու հիմքերը:
7. Ստացված դիմումի կամ միջնորդության քննարկման շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկումը (քվեարկությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ սահմանված կարգով: Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմին, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմին և դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին:
(հավելվածը լրաց. 29.04.21 N 661-Ն, փոփ. 28.07.21 N 1214-Ն, խմբ. 14.10.21 N 1684-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.05.2024, N 706-Ն | 27.05.2024, N 89-Ն | |
14.10.2021, N 1684-Ն | 16.10.2021, N 89-Ն | |
28.07.2021, N 1214-Ն | 29.07.2021, N 89-Ն | |
29.04.2021, N 661-Ն | 01.05.2021, N 89-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|