Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2021-18.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1355-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված միջոցառման 4-րդ կետի 5-րդ ենթակետի շրջանակներում վճարված լրացուցիչ պետական տուրքի գումարի չափով օժանդակության տրամադրման ընթացակարգը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:

3.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը։

(3.1-ին կետը լրաց. 16.10.20 N 1690-Լ)

3.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 19-ը հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետի շրջանակներում օժանդակության տրամադրման ընթացակարգը։

(3.2-րդ կետը լրաց. 11.02.21 N 170-Լ)

4. Սույն միջոցառման 4-րդ կետի 1-ին, 1.1-ին և 2-րդ ենթակետերի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ 4-րդ կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

(4-րդ կետը լրաց. 16.09.20 N 1526-Լ, 16.10.20 N 1690-Լ, փոփ. 11.02.21 N 170-Լ, 30.09.21 N 1614-Լ)

5. Սույն որոշման հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ծագած հարաբերությունների վրա։

(5-րդ կետը լրաց. 30.09.21 N 1614-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ, ինչպես նաև խաղողի սառնարանային պահպանությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

(1-ին կետը լրաց. 16.09.20 N 1526-Լ)

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի և դրանց մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ, ինչպես նաև խաղողի սառնարանային պահպանությամբ և արտահանմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

ա. ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ, բացառությամբ վերամշակման նպատակով խաղող մթերող տնտեսավարող սուբյեկտների.

բ. դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ.

2) 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի վերադարձման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզից 500 տոննան գերազանցող քանակությամբ խաղող մթերող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ,

բ. առնվազն 500 տոննա խաղողը գնել են 1 կիլոգրամն առնվազն 190 դրամով.

4) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտի 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունք ձեռք բերած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակության տրամադրման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ,

5) Վայոց ձորի մարզից 600 տոննան գերազանցող քանակությամբ Արենի տեսակի խաղող մթերող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ,

բ. առնվազն 600 տոննա խաղողը գնել են 1 կիլոգրամն առնվազն 230 դրամով:

(3-րդ կետը լրաց. 16.09.20 N 1526-Լ, 08.10.20 N 1654-Լ, 16.10.20 N 1690-Լ, փոփ. 19.11.20 N 1814-Լ, լրաց. 11.02.21 N 170-Լ, փոփ., լրաց. 30.09.21 N 1614-Լ)

4. Օժանդակության տրամադրման ձևերը և դրանց պայմանները հետևյալն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերի տրամադրման պայմաններն են՝

ա. վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,

բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը,

գ. ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,

դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս.

1.1) Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նպատակային վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրով սահմանված ընթացակարգով և պահանջներով, իսկ վարկերի տրամադրման պայմանները հետևյալն են՝

ա. վարկերը տրամադրվում են դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,

բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.5 մլրդ դրամը,

գ. ունեն առավելագույնը 9 ամիս մարման ժամկետ,

դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից չի գերազանցում 6 ամիսը.

2) Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի վերամշակում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի տրամադրման պայմաններն են՝

ա. լիզինգը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ մինչև 14, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,

բ. լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը.

3) լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին 2019 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված 12 ամիս ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 15 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ.

5) 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է օժանդակություն.

6) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզից՝ առնվազն 500 տոննա քանակությունը նվազագույնը 190 դրամով խաղող մթերող (գնող) տնտեսավարող սուբյեկտին դրա մասով մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 70 դրամի չափով սուբսիդավորում։ Ընդ որում, նշված քանակության մեջ հաշվի չի առնվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողը, ինչպես նաև դրա համար սուբսիդավորում չի տրամադրվում.

7) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտի 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է օժանդակություն.

8) 2021 թվականին Վայոց ձորի մարզից առնվազն 600 տոննա քանակությունը նվազագույնը 230 դրամով Արենի տեսակի խաղող մթերող (գնող) տնտեսավարող սուբյեկտին դրա մասով մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 85 դրամի չափով սուբսիդավորում։ Ընդ որում՝ նշված քանակության մեջ հաշվի չի առնվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողը, ինչպես նաև դրա համար սուբսիդավորում չի տրամադրվում:

(4-րդ կետը լրաց. 16.09.20 N 1526-Լ, 16.10.20 N 1690-Լ, փոփ. 29.10.20 N 1744-Լ, 25.11.20 N 1824-Լ, լրաց. 11.02.21 N 170-Լ, փոփ., լրաց. 30.09.21 N 1614-Լ)

5. Օժանդակության գործիքի շրջանակներում 2020 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներն ապահովում են մթերման գործընթացի թափանցիկությունը, սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների ազատ մուտքը մթերման կետեր և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

 

3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(գլուխը լրաց. 30.09.21 N 1614-Լ)

 

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը։

(հավելվածը լրաց. 16.09.20 N 1526-Լ, 08.10.20 N 1654-Լ, 16.10.20 N 1690-Լ, փոփ. 29.10.20 N 1744-Լ, 19.11.20 N 1814-Լ, 25.11.20 N 1824-Լ, լրաց. 11.02.21 N 170-Լ, փոփ., լրաց. 30.09.21 N 1614-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ