Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.09.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 սեպտեմբերի 2021 թվականի
ք. Երևան

N 354-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իէ» ենթակետը և նպատակ ունենալով հնարավորինս բացառել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցով շարժական կապի բաժանորդներին Օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ՝ Ծառայություններ մատուցող) կողմից կարճ հաղորդագրություններն ուղարկվում են Օպերատորի կողմից նախապես գրանցված (համաձայնեցված) և հաստատված՝ կարճ հաղորդագրություն պատվիրողի կարճ անվանումներով (այսուհետ՝ ալիասներ (sender name))։

2. Պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրությունները Օպերատորի կողմից ուղարկվում են՝

1) բացառապես վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղով,

2) համապատասխան պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկվող, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address), և

3) տեղեկատվության անվտանգության ISO/IEC27001 միջազգային ստանդարտի հավաստագրի առկայության դեպքում։

3. Ծառայություններ մատուցողի կողմից պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրությունների ուղարկումն Օպերատորն ապահովում է Ծառայություններ մատուցողի կողմից անվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունների (հիմնավորումներով) ներկայացման դեպքում.

1) Ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի միջև վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղու առկայության մասին,

2) կարճ հաղորդագրությունները Ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի կողմից նախապես ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկված, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address) ուղարկելու մասին,

3) սերվերները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված լինելու վերաբերյալ,

4) տեղեկատվության անվտանգության ISO/IEC27001 միջազգային ստանդարտի հավաստագրի առկայության մասին։

4. Օպերատորը սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկությունները Ծառայություններ մատուցողի կողմից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը տրամադրելու նպատակով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 3-րդ կետի 4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2021 թվական: