Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2021-08.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1530-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, ինչպես նաև 421-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին» բառերը փոխարինել «և մաքսային պահեստներին» բառերով.

2) նախաբանից հանել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերը.

3) հավելվածի 1.1-ին կետում «Ազատ պահեստների և բաց» բառերը փոխարինել «Բաց» բառով:

3. Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևը և դրա վարման կարգը, ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու, հաշվառումից հանելու, փոփոխություններ կատարելու, ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է մաքսային մարմինը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1530-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական անձին ռեեստրում հաշվառելու պայմանների, հաշվառման կարգի, ռեեստրում փոփոխություններ կատարելու, ռեեստրից իրավաբանական անձին հանելու կարգի ու հիմքերի, ինչպես նաև ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ մաքսային մարմին)՝ էլեկտրոնային եղանակով:

3. Ռեեստրը ձևավորվում է մաքսային մարմինն իրավաբանական անձանց ռեեստրում հաշվառելու, փոփոխություններ կատարելու և հանելու մասին որոշումների, ինչպես նաև ռեեստրում հաշվառված ազատ պահեստի տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման մասին որոշումների հիման վրա։ Ռեեստրում փոփոխությունները կատարվում են մաքսային մարմնի կողմից դրա մասին որոշումն ընդունվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում։

4. Ռեեստրը հրապարակվում է մաքսային մարմնի պաշտոնական կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-րդ օրը ներառյալ:

5. Իրավաբանական անձին ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ միության մաքսային օրենսգիրք) 422-րդ հոդվածով։

6. Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածին համապատասխան՝ ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու պայման հանդիսացող՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմինը:

7. Ռեեստրում հաշվառվելու համար իրավաբանական անձը թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում է մաքսային մարմին՝ կցելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

8. Ռեեստրում հաշվառման մասին դիմումը պետք է պարունակի՝

1) ազատ պահեստների կազմակերպիչների անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ.

2) ազատ պահեստների կազմակերպիչների տիրապետման տակ գտնվող և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների, տարածքների և (կամ) բաց հրապարակների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.

3) զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների մակերեսների վերաբերյալ տեղեկություններ:

9. Ռեեստրում հաշվառման համար ներկայացվող դիմումին կցվում են սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Պատճենները ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կարող է ստուգել դրանց համապատասխանությունը բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին:

10. Մաքսային մարմինը ռեեստրում հաշվառելու համար ներկայացված դիմումն ուսումնասիրում է այն ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքի), և որոշում է կայացնում ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին։

11. Մաքսային մարմիններն իրականացնում են որպես ազատ պահեստ օգտագործվող շինությունների և տարածքների զննում` սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին դրանց համապատասխանությունն ստուգելու նպատակով:

12. Իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերը սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը, նշելով այդ փաստաթղթերի՝ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքերը, իրավունք ունի պահանջել իրավաբանական անձի ներկայացրած տվյալները հաստատող այլ փաստաթղթեր:

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում ռեեստրում հաշվառելու մասին դիմումի ուսումնասիրությունը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած իրավաբանական անձի կողմից մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը ներկայացնելը: Դիմում ներկայացրած իրավաբանական անձը մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը կարող է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Ռեեստրում իրավաբանական անձի հաշվառումը հաստատվում է նրան ռեեստրում հաշվառելու մասին վկայական տալու միջոցով: Ռեեստրում հաշվառված լինելու վերաբերյալ վկայականն ստորագրում է մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը և վավերացնում է կնիքով։

15. Ռեեստրում հաշվառման մասին վկայականը պետք է պարունակի՝

1) ազատ պահեստի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) ազատ պահեստի շինությունների և (կամ) բաց հրապարակների գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսը.

3) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.

4) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։

16. Մաքսային մարմինները, ուսումնասիրելով ռեեստրում հաշվառելու մասին իրավաբանական անձի դիմումը, կարող են սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետը չգերազանցող ժամկետում դիմումը մերժելու մասին որոշում կայացնել: Ռեեստրում հաշվառումը մերժելու վերաբերյալ որոշման մասին իրավաբանական անձի ղեկավարը կամ այլ լիազոր ներկայացուցիչն իրազեկվում է գրավոր՝ նման որոշումն ընդունելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Մաքսային մարմինը ռեեստրում հաշվառելու դիմումը մերժում է, եթե՝

1) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ իրավաբանական անձը չի համապատասխանում միության մաքսային օրենսգրքով սահմանված պահանջներին.

2) չեն ներկայացվել սույն կարգով նախատեսված փաստաթղթերը.

3) իրավաբանական անձի կողմից դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանում նրա ներկայացրած տվյալներին:

18. Ռեեստրում հաշվառման մասին դիմումի ուսումնասիրության և հաշվառման համար վճար չի գանձվում։

19. Ռեեստրում հաշվառման մասին դիմումի հետ ներկայացված՝ սույն կարգով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում իրավաբանական անձը (իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում՝ նրա իրավահաջորդը) պարտավոր է մաքսային մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել այդ փոփոխությունների մասին՝ տվյալների փոփոխությունների օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, և ներկայացնել դրանք հաստատող փաստաթղթերը։

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ստուգում է նշված տվյալների համապատասխանությունը ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու համար սույն կարգով սահմանված պայմաններին և ռեեստրում համապատասխան փոփոխություններ է իրականացնում: Ռեեստրում անձանց հաշվառման մասին վկայականում նշված տվյալների փոփոխության դեպքում մաքսային մարմինը տրամադրում է նոր վկայական` 1 աշխատանքային օրվա ընթացքում:

21. Սույն կարգի 19-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը կցվում են համապատասխան ռեեստրում հաշվառման ժամանակ իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերի փաթեթին։

22. Ռեեստրներում հաշվառված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստի տիրապետողի գործունեությունը կասեցվում է՝

1) իրավաբանական անձի կողմից իր գործունեության կասեցման մասին դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

2) իրավաբանական անձի նկատմամբ սնանկության վարույթի հարուցման դեպքում իրավաբանական անձի կողմից դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

3) դատարանի կամ լիազոր մարմնի կողմից իրավաբանական անձի գործունեության կասեցման մասին որոշման ընդունման դեպքում` մաքսային մարմիններին կասեցման մասին որոշումը հայտնի դառնալու օրվանից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված փաստաթղթի գործողության կասեցման և (կամ) դադարեցման դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի փաստաթղթի առկայությունը նախատեսված է՝ մաքսային մարմիններին կասեցման կամ դադարեցման փաստը հայտնի դառնալու օրվանից:

23. Ռեեստրներում հաշվառված իրավաբանական անձի գործունեության կասեցման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին:

24. Ռեեստրում հաշվառված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստի տիրապետողի գործունեության կասեցման օրվանից մաքսային ձևակերպումների իրականացումը և ազատ պահեստներում պահպանման համար ապրանքների ընդունումը չեն թույլատրվում։

25. Ռեեստրում հաշվառված ազատ պահեստի տիրապետողի գործունեությունը վերսկսվում է այդ գործունեության կասեցման համար հիմք հանդիսացող՝ սույն կարգի 22-րդ կետում նշված հանգամանքների վերացումը հաստատող փաստաթղթերն իրավաբանական անձի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից, որի վերաբերյալ մաքսային մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին։

26. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը սահմանված են միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածով:

27. Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով իրավաբանական անձը չի հանվում ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմակերպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ մասերով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստ գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:

28. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ընդունում է մաքսային մարմինը գրավոր ձևով` պատճառաբանված հիմնավորմամբ և դրա ընդունման օրվան հաջորդող օրը ծանուցում է իրավաբանական անձին։ Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին` փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը։

29. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

30. Անկախ սույն կարգի 29-րդ կետով սահմանված դրույթից, ազատ պահեստի տիրապետողը կարող է մինչև ռեեստրից հանվելու օրն իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնել գործունեություն` սույն կարգի 29-րդ կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեեստրից հանելու հիմքը մաքսային կանոնների խախտում արձանագրելն է:

31. Լուծարման կամ վերակազմակերպման արդյունքում գործունեության դադարեցման (բացառությամբ իրավաբանական անձի վերակազմավորման) դեպքում մաքսային մարմիններն իրավաբանական անձանց ռեեստրից հանում են լուծարման կամ գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող օրը` դրա վերաբերյալ գրառում կատարելու միջոցով:

32. Ռեեստրից իրավաբանական անձին հանելը չի ազատում նրան (նրա իրավահաջորդին) մինչև ռեեստրից հանվելը կնքված պայմանագրերի հիման վրա մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման կամ պահպանման հետ կապված ձևակերպումներն ավարտելու կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված այլ գործողություններ կատարելու պարտականությունից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1530-Ն որոշման

 

ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ազատ պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր:

2. Ազատ պահեստների շինությունները, տարածքները (տարածքների մասերը) և (կամ) բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ապրանքների պահպանվածությունը, բացառվի կողմնակի անձանց մուտքը, ինչպես նաև ապահովվի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։

3. Ազատ պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) ազատ պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ազատ պահեստների տարածքի պաշտպանությունն իրականացնելու համար.

3) ազատ պահեստների համար նախատեսված շենքերի, տարածքների և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ազատ պահեստների կառուցումն այնպես, որ ապահովվի մաքսային մարմինների կողմից ազատ պահեստների տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մաքսային հսկողության իրականացումը, բացառվեն մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ազատ պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը.

4) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, տեխնիկական պահանջներին դրանց համապատասխանությունը.

5) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքների և պայմանների, ներառյալ համապատասխան սարքավորումների առկայությունը` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու նպատակով.

6) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.

7) ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.

8) հսկիչ-անցագրային կետերի առկայությունը:

4. Ազատ պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս.

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

5. Ազատ պահեստի բաց հրապարակները պետք է լինեն ասֆալտապատված կամ բետոնապատված:

6. Ազատ պահեստ համարվող շենքը կամ շենքի հատվածը պետք է արտաքինից լինի լուսավորված:

7. Ազատ պահեստ համարվող շենքում կամ շենքի այդ հատվածում պետք է տեղադրված լինեն տեսահսկողության միջոցներ, որոնց տեսանելիության ներքո գտնվի ամբողջ շենքը կամ դրա հատվածը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2023, N 1518-Ն 08.09.2023, N 1530-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան