ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0795/02/20 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0795/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1090/20 որոշումը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 13.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2020 թվականի որոշմամբ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ի պաշտոնե ներկայացուցիչ Արամ Խաչատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 340-րդ, 362-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումով.
Վերաքննիչ դատարանն իր կողմից 17.06.2020 թվականին կայացված «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման մեջ անհասկանալիորեն հղում է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ մասին՝ այն մեկնաբանելով այնպես, որ այդ հոդվածի համաձայն՝ անձը դատարանի որոշումը բողոքարկելու համար ունի յոթնօրյա ժամկետ՝ սկսած հրապարակման օրվանից, մինչդեռ իրականում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չէ որոշումը բողոքարկելու որևէ ժամկետ, և անձը պետք է առաջնորդվի նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 340-րդ հոդվածի 3-րդ մասի, 362-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 340-րդ, 362-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություններ քննելիս անհրաժեշտ պայմանների առկայությունը պարզելու հարցին, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կայացրած որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Վերը նշված նորմատիվ ակտերի և իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություններ քննելիս անհրաժեշտ պայմանների առկայությունը պարզելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` դատավարական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Ըստ այդմ էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատավարական ժամկետների սահմանման, հաշվարկման, ավարտի, ինչպես նաև դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը:
Միաժամանակ օրենսդիրը որպես կանոն նախատեսել է, որ գործին մասնակցող անձինք զրկվում են դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից այն դեպքում, երբ այդ գործողությունները կատարում են համապատասխան դատավարական ժամկետների ավարտից հետո։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երբ համապատասխան դատավարական գործողությունը կատարվում է օրենքով սահմանված դատավարական ժամկետում, ապա տվյալ դեպքում խոսք չի կարող լինել գործին մասնակցող անձին համապատասխան գործողությունը կատարելու իրավունքից զրկելու մասին։
Ընդ որում, որպեսզի դատարանը որոշում կայացնի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, անհրաժեշտ է, որ հաստատված համարի հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- գործին մասնակցող անձի կողմից բաց թողնված լինի համապատասխան դատավարական ժամկետը,
- դատավարական ժամկետը բաց թողնված լինի հարգելի պատճառով:
Այսինքն՝ այն դեպքում, երբ դատարանը հաստատված համարի, որ գործին մասնակցող անձը համապատասխան դատավարական գործողությունը կատարել է օրենքով սահմանված ժամկետում՝ բաց չթողնելով այն, նման միջնորդությունները պետք է թողնի առանց քննարկման՝ որպես առարկայազուրկ միջնորդություն։
Անդրադառնալով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կայացրած որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու (…) վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ] ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362–րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
Վկայակոչված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ օրենսդիրը նախատեսել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի դրույթներով: Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի դրույթներով սահմանվել է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համեմատ որևէ հատուկ այլ կանոն, ապա տվյալ դեպքում պահպանման են ենթակա այդ հատուկ կանոնները, իսկ այդպիսիք սահմանված չլինելու դեպքում՝ նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնները։
Տվյալ դեպքում նշված ենթաբաժնում ներառված դրույթով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ մասով, հատուկ կանոն է նախատեսվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կայացրած որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահը որոշելու առումով, որի համաձայն՝ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերը նշված ենթաբաժնով հատուկ կանոն չի սահմանել այդ որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների առումով, որի պայմաններում վերը նշված դիրքորոշման համաձայն՝ պահպանման են ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնները։
Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնի համաձայն, որը նախատեսված է նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Այսինքն՝ նշված ընդհանուր կանոնի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանի կայացրած որոշման, որպես նույն օրենսգրքով որպես բողոքարկման ենթակա դատական ակտ նախատեսվածի, դեմ ևս վերաքննիչ բողոք կարող է բերվել այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
Այլ կերպ ասած, պայմանավորված տվյալ վարույթի առանձնահատկությամբ, օրենսդրորեն սահմանվել է վերաքննիչ բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս գործին մասնակցող անձանց բողոքարկելու դատարանի որոշումն այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, անկախ այն հանգամանքից՝ թե տվյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, թե՝ ոչ: Հետևաբար, վերը նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը ենթակա է հաշվարկման այն պահից սկսած, երբ անձն ստացել է այդ որոշումը, նույնիսկ այն դեպքում, երբ այդ դատական ակտն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքում կայացրած դատարանի որոշումն ստանալուց հետո անձը պահպանել է յոթնօրյա ժամկետը, ապա նրա կողմից չպետք է ներկայացվի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ վերը նշված պատճառաբանությամբ այն արդեն իսկ դառնում է առարկայազուրկ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 13.05.2020 թվականին որոշում է կայացրել ֆինանսական համակարգի հաշտարարի 13.02.2020 թվականի թիվ 15-1090/20 որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Բանկի դիմումը մերժելու մասին: Նշված որոշումը Բանկն ստացել է 20.05.2020 թվականին (գ.թ. 54), իսկ այդ որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 26.05.2020 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով համապատասխան գործողությունը կատարելու համար սահմանված ժամկետում։ Չնայած դրան` Բանկը միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 13.05.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը Բանկում ստացվել է 20.05.2020 թվականին (գ.թ. 71-87):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն գործով բողոքարկված որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նշանակված օրը՝ 13.05.2020 թվականին, և բողոք բերած անձն էլ դեռևս 21.04.2020 թվականից նախապես իրազեկված է եղել այդ մասին և բողոքարկված որոշման բովանդակությանը բողոք բերած անձը կարող էր ծանոթանալ հենց դրա հրապարակման օրը, ուստի որոշման բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 14.05.2020 թվականից և ավարտվել է 22.05.2020 թվականին։ Այս պայմաններում բողոք բերած անձը կարող էր 14.05.2020 թվականից մինչև 22.05.2020 թվականն ընկած ժամանակահատվածում բողոքարկել որոշումը` անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից», «Սույն գործով վերաքննիչ բողոքը համապատասխան ժամկետի ավարտից հետո ներկայացրած դիմողն այդ ժամկետի վերականգնման մասին միջնորդության հիմքում դրել է սոսկ այն փաստը, որ որոշումն ստացել է 20.05.2020 թվականին: Միջնորդության հեղինակը չի ներկայացրել որևէ փաստարկ` որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակված չլինելու կամ 13.05.2020 թվականից ավելի ուշ հրապարակված լինելու կամ հրապարակման հաջորդ օրն իրեն առաքված չլինելու, դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված կամ այլ խնդիրներ ունեցած լինելու մասին, և չի վկայակոչել այնպիսի փաստեր, որպիսիք կարող էին ողջամտորեն գնահատվել որպես որոշման բողոքարկման ժամկետի բացթողման հարգելի պատճառներ, իսկ որոշումը 20.05.2020 թվականին ստացած լինելու մասին բողոք բերած անձի վկայակոչած միակ փաստն ինքնին բավարար չէ այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել օրենքով սահմանված եղանակով 13.05.2020 թվականից հրապարակված որոշումը 7-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից», 17.06.2020 թվականին որոշում է կայացրել որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հարուցված միջնորդությունը քննելիս անհրաժեշտ պայմանների առկայությունը, և առանց պարզելու, թե արդյոք վերաքննիչ բողոք ներկայացրած անձը համապատասխան գործողությունը կատարել է օրենքով սահմանված ժամկետում, թե՝ դրա ավարտից հետո՝ բաց թողնելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը, քննության է առել առարկայազուրկ միջնորդությունը, որը վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես առանց քննարկման թողնման ենթակա, և գործին մասնակցող անձ Բանկին անհիմն զրկել է համապատասխան դատավարական իրավունքից՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վկայակոչմամբ կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում այն դեպքում, երբ նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ պայմաններից է վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը, որպիսի պայմանը տվյալ դեպքում բացակայում է։
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 340-րդ, 362-րդ և 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Տ. պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Մկրտչյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: