Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2543/02/16

2021 թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2543/02/16

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ն. Կարապետյան

 

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Սեդրակյան

 

    

2021 թվականի մայիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ՝ Համայնք) ընդդեմ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Համայնքի վճռաբեկ բողոքը,

       

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.378.164 ՀՀ դրամ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները մինչև պարտավորության դադարման օրը, ինչպես նաև 28.600 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրք:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 27.04.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2017 թվականի որոշմամբ (նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան, դատավորներ՝ Ա. Հունանյան, Ա. Մկրտչյան) Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.12.2017 թվականի որոշմամբ Համայնքի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2017 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2019 թվականի որոշմամբ Դատարանի 27.04.2017 թվականի վճռի դեմ Համայնքի անունից նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2019 թվականի որոշմամբ Դատարանի 27.04.2017 թվականի վճռի դեմ Համայնքի անունից նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացել Ընկերության ներկայացուցիչ Ժենյա Ասատրյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի  22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու համար օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  421-րդ հոդվածի 3-րդ մասով չի նախատեսել բողոքաբերի կողմից պետական տուրք վճարելու պարտավորություն՝ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, որով սահմանված է պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույցը բողոքին կցելու պահանջ: Այսինքն՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելիս պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույց կցելու պահանջ օրենսդիրը չի նախատեսել, ինչից հետևում է, որ նշված դեպքերում դատական ակտերը բողոքարկելիս պետական տուրքի վճարման պարտավորություն բողոքաբերը չի կրում:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը նոր երևան եկած հանգամանքի հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը պետք է լուծեր ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 415-427-րդ հոդվածների սահմաններում, ինչը սակայն չի կատարել և արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ՝ Համայնքին զրկելով իր իրավունքների դատական պաշտպանության իրավունքից՝  խախտելով արդարադատության մատչելիության սկզբունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտը չի կարող վերանայվել, քանի որ Դատարանն ուսումնասիրել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Հետևաբար Դատարանի 27.04.2017 թվականի վճռի հիմքում ընկած են դատաքննության ընթացքում ներկայացված և բազմակողմանի հետազոտված բոլոր ապացույցները, իսկ վճռաբեկ բողոքի շրջանակներում հիմնավորված չէ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի   1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները Համայնքի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի բողոքարկման ժամանակ պետական տուրքի վճարման գծով արտոնություն չկիրառելու վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ տվյալ նորմի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետ խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտը բողոքարկելիս վարչական մարմնին կարող է տրամադրվել պետական տուրքից ազատման ձևով արտոնություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը, ի թիվս այլնի, սահմանում է նաև արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները սահմանվել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-ին հոդվածով, որոնցից է նաև պետական տուրքի վճարումից ազատումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում օրենսդիրը սպառիչ թվարկել է այն սուբյեկտների ցանկը, որոնք կոնկրետ հայցերով կամ դիմումներով ազատվում են դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից:

Այսպես, ի թիվս այլնի, նշված իրավանորմի «թ» կետի համաձայն՝ ոչ առևտրային կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հետևյալ դեպքերում.

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.

- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով.

- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.

- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով.

- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ բողոքներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների.

- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վերոգրյալ իրավանորմով սահմանված կարգով մեկնաբանելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենսդիրը, նշված իրավանորմում թվարկված դեպքերում, դատարաններում պետական տուրքի վճարումից ազատման ձևով արտոնությունն է սահմանել միայն ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար: Բացի վերջիններից՝ վկայակոչված իրավանորմում թվարկված դեպքերում որևէ այլ սուբյեկտի արտոնություն չի տրամադրվել: Ընդ որում, ոչ առևտրային կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից բացի, այլ սուբյեկտների համար ևս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետում թվարկված դեպքերում արտոնություն սահմանելու նպատակ ունենալու պարագայում օրենսդիրը որևէ կաշկանդվածություն չուներ և կարող էր օրենքով ամրագրել այդ կարգավորումը: Մինչդեռ, ինչպես վերը նշվեց,  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետում ոչ առևտրային կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից բացի, այլ սուբյեկտների, այդ թվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համար, արտոնություն չի սահմանվել: Ավելին, օրենսդրական զարգացումն ընթացել է այն ուղղությամբ, որ պետական մարմինների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի  22-րդ հոդվածի «զ», «ը», «ժա»  կետերով նախկինում սահմանված արտոնությունները դեռևս 13.12.2000 թվականի թիվ ՀՕ-123 օրենքով վերացվել են: Այսինքն՝ օրենսդիրը բնավ չի հետապնդել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պետական տուրքից ազատման ձևով արտոնություն տրամադրելու նպատակ։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում թվարկված են կոնկրետ սուբյեկտների համար նախատեսված պետական տուրքից ազատման ձևով արտոնություններ, միաժամանակ օրենսդիրը նշված հոդվածում չնշված սուբյեկտների համար նույն օրենքի 31-րդ հոդվածում ամրագրել է առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ սահմանելու հնարավորություն։ Մասնավորապես «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները՝ նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատման ձևով արտոնությունը կիրառելի է միայն նշված հոդվածում թվարկված սուբյեկտների համար, այսինքն՝ ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար, իսկ այդ հոդվածում չթվարկված սուբյեկտները պետական տուրքի գծով արտոնությունից կարող են օգտվել միայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նշված մարմինների կողմից համապատասխան որոշումների հիման վրա։

Սույն գործով Դատարանի 27.04.2017 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 161-169):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2017 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 46-51):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.12.2017 թվականի որոշմամբ Համայնքի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2017 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 75-78):

Համայնքը Դատարանի 27.04.2017 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով՝ փոստային ծառայության միջոցով 07.02.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 3-13):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.02.2019 թվականի որոշմամբ Համայնքի անունից նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքը վերադարձրել է, և ի թիվս այլ խախտման, նշել է, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը, չի ներկայացվել միջնորդություն՝ պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 15-16):

Համայնքը Դատարանի 27.04.2017 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով՝ փոստային ծառայության միջոցով 12.03.2019 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 41-55):

Վերաքննիչ դատարանի 20.03.2019 թվականի որոշմամբ Համայնքի անունից նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում ոչ ամբողջությամբ են վերացվել 20.02.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները, մասնավորապես՝ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը, չի ներկայացվել միջնորդություն՝ պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու մասին։

Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետին, Վերաքննիչ դատարանը նշել է, որ երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են միայն ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք (հատոր 3-րդ, գ.թ. 56):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են, քանի որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով սպառիչ սահմանել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու բողոքներով օրենքի ուժով դատարաններում պետական տուրքից ազատված սուբյեկտների շրջանակը, մինչդեռ տվյալ դեպքում Համայնքը չի հանդիսանում ոչ առևտրային կազմակերպություն և ոչ էլ ֆիզիկական անձ, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու բողոքներով օրենքի ուժով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատված չէ։

 

Անդրադառնալով բողոքի այն հիմքին, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու համար օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  421-րդ հոդվածի 3-րդ մասով չի նախատեսել բողոքաբերի կողմից պետական տուրք վճարելու պարտավորություն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ բաժնի 58-րդ գլխով օրենսդիրը սահմանել է «Դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերանայելու վարույթը»՝ որպես առանձնահատուկ վարույթի տեսակ՝ միաժամանակ կարգավորելով այդ վարույթի շրջանակներում վերանայման ենթակա հնարավոր դատական ակտերը, բողոք բերելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, բողոքը ներկայացնելու ձևն և բովանդակությունը, բողոքի քննության կարգը և այլ վերաբերելի հարցեր: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Բողոքը պետք է լինի ընթեռնելի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն`

1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է,

2) բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները,

3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,

4) դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար,

5) բողոք բերող անձի պահանջը,

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են`

1) ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթուղթ, եթե այն առկա չէ դատական գործում, և բողոքը ստորագրել է ներկայացուցիչը.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույցներ.

3) իրավահաջորդության փաստը հավաստող փաստաթուղթ, եթե բողոքը ներկայացվում է գործին մասնակցող անձի իրավահաջորդի կողմից.

4) բողոք ներկայացնելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, եթե բողոքը ներկայացվել է նույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի խախտմամբ.

5) բողոքը դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույց, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքը բերվում է Վճռաբեկ դատարանի դատական ակտի դեմ.

6) բողոքը և կից փաստաթղթերը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու կամ նրանց հանձնելու մասին ապացույցներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար նույն օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (․․․) ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (․․․)

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածով սպառիչ սահմանել է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է կցվեն դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին վերաքննիչ բողոքին: Ընդ որում, օրենսդիրը թեև նշված ցանկում չի ներառել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց կցելու պայման, սակայն միաժամանակ նախատեսել է, որ դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոքը կարող է վերադարձվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված հիմքով, որն էլ հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին, նախատեսում է բողոք բերած անձի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց կցելու կամ պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն կցելու կամ ներառելու պայման:

Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով սպառիչ սահմանել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու բողոքներով օրենքի ուժով դատարաններում պետական տուրքից ազատված սուբյեկտների շրջանակը (ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք), իսկ այն սուբյեկտները, որոնք չեն մտնում նշված շրջանակի մեջ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է բողոք բերած անձի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց կցելու կամ պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն կցելու կամ ներառելու պայման։

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Դատարանի 27.04.2017 թվականի վճռի հիմքում ընկած են դատաքննության ընթացքում ներկայացված և բազմակողմանի հետազոտված բոլոր ապացույցները և ներկայացված վճռաբեկ բողոքով հիմնավորված չէ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը, ապա Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքը բերվել է վերաքննիչ բողոքի ընդունելության փուլի խախտումների դեմ, իսկ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները վերաբերում են բողոքի ըստ էության քննությանը, հնարավոր չի համարում անդրադառնալու վճռաբեկ բողոքի պատասխանում բերված վերը նշված փաստարկներին:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը կայացնելիս թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով նախատեսված Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական: