ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2011 թվականի N 1745-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 30-րդ, 36-րդ կետերին, ինչպես նաև 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին».
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 15 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը։
2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովը (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով) և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովը (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով և այլ իրավական ակտերով:
3. Ատեստավորման հանձնաժողովի գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով ատեստավորում իրականացնելն է։
4. Հանրապետական հանձնաժողովի գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, շնորհման գործընթացի իրականացումն է։
5. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովները երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմիններ են, որոնց անհատական կազմը, ինչպես նաև նախագահը և քարտուղարը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) համապատասխան հրամանով:
(5-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
6. Ատեստավորման հանձնաժողովը բաղկացած է 5, հանրապետական հանձնաժողովը` 7 անդամից:
7. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովներին ուղղված հայտերի ընդունումը և միջանկյալ աշխատանքները կազմակերպում է համապատասխան լիազոր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) համապատասխան ստորաբաժանումը:
(7-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
8. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների որոշումները ենթակա են բողոքարկման՝ օրենքի 26-րդ հոդվածի 18-րդ և 34-րդ մասերով սահմանված կարգով։
9. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են նախարարի հրամանով` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ու հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով սահմանված գործողությունները կատարելուց հետո:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
10. Ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկության հիման վրա, իսկ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով:
(10-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)
11. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների կազմում կարող են լինել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչները, կրթության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների մանկավարժության մասնագետները, լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ՝ համայնք)` Երևանի քաղաքապետի ներկայացնելու դեպքում համապատասխան վարչական շրջանի և նախարարության աշխատողները։
(11-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
12. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ, իսկ անհատների դեպքում՝ իրենց դիմումով։
13. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)
14. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)
15. Ատեստավորման հանձնաժողովը կազմվում է նախարարի երեք և լիազոր մարմնի երկու, իսկ հանրապետական հանձնաժողովը` նախարարի յոթ ներկայացուցիչներից:
(15-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
16. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)
17. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի կազմը համալրվում է նախարարի հրամանով` սույն կարգի համաձայն:
18. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների աշխատանքներին նախագահի և (կամ) քարտուղարի հետագա մասնակցության անհնարինության դեպքում նախարարի համապատասխան հրամանով նշանակվում է նոր նախագահ կամ քարտուղար:
19. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների լիազորությունները սահմանվում են օրենքով, սույն կարգով և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ու հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով և այլ իրավական ակտերով։
IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
21. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովներն իրենց աշխատանքը կազմակերպում են նիստերի (անհնարինության դեպքում՝ նաև հեռավար) միջոցով:
(21-րդ կետը լրաց. 16.09.21 N 1476-Ն)
22. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
23. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների նախագահը`
1) ղեկավարում է տվյալ հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է տվյալ հանձնաժողովի նիստերը.
3) որոշում է աշխատանքների հետ կապված հարցերի, դիմումների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով տվյալ հանձնաժողովի անդամների հետ.
4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
25. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների քարտուղարը`
1) արձանագրում է տվյալ հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄԸ
26. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների անդամը`
1) կարող է վարել նիստը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը.
3) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
4) մասնակցում է յուրաքանչյուր ուսուցչի համար անցկացվող քվեարկություններին.
5) ստորագրում է ատեստավորման կամ տարակարգի շնորհման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` կցում է կարծիքը և գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
27. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովները կարող են դիմել նախարարին հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը՝
1) երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայել է նիստից.
2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.09.21 N 1476-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն), անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, ուսուցչի ատեստավորման կարգը:
2. Ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:
3. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանած կարգով:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` ուսումնական հաստատության տնօրենի (այսուհետ` տնօրեն) հաստատած ժամանակացույցին համապատասխան:
5. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է պարզ ընթացակարգով, նախարարության կողմից սահմանված` ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
6. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում, նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար` նախարարությունում փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով):
7. Տնօրենը, մինչև մայիսի 1-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, կատարում է «ենթակա է ատեստավորման» նշում և ներբեռնում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համակարգում պահվում են մինչև ուսուցչի հաջորդ ատեստավորումը:
(7-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)
8. Ատեստավորման ենթակա ուսուցչին հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենն ատեստավորումից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցում է փաստաթղթային ատեստավորման, սույն կարգի և անցկացման ժամկետի մասին:
9. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)
10. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը կրթության կառավարման տեղեկատվական համակարգից վերբեռնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:
(10-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)
11. Լիազոր մարմինն առնվազն հինգ օր առաջ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի միջոցով ատեստավորման ենթակա ուսուցչին տեղեկացնում է ատեստավորման օրվա, ժամի և վայրի մասին։
(11-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
12. Ատեստավորման հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության արդյունքում նկատված անորոշությունների կամ վիճահարույց հարցերի առկայության դեպքում ատեստավորվող ուսուցչին հրավիրում է քննարկմանը։
13. Յուրաքանչյուր ուսուցչի վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն անհատական քվեարկության միջոցով, ձայների մեծամասնությամբ, ընդունում է օրենքով սահմանված որոշումներից մեկը:
14. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման ընդունմանը։
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
15. Ատեստավորման ավարտից հետո ատեստավորման հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր ուսուցչի համար կազմում է ատեստավորման թերթ, որի ձևը սահմանում է նախարարությունը:
16. Ատեստավորման թերթը ստորագրում են ատեստավորման հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:
17. Հատուկ կարծիք ներկայացրած ատեստավորման հանձնաժողովի անդամը կցում է հատուկ կարծիքը` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
18. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմին, որն ապահովում է դրա հրապարակումը նախարարության կայքում:
(18-րդ կետը խմբ. 16.09.21 N 1476-Ն)
19. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով` նախարարություն, կամ դատական կարգով:
20. Ատեստավորման արդյունքները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեքհոգանոց բողոքարկման հանձնաժողով: Բողոքարկման հանձնաժողովում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած ատեստավորման հանձնաժողովի անդամները։
21. Ատեստավորման արդյունքները բողոքարկելու դեպքում ուսուցչի կողմից նախարարություն է ներկայացվում`
1) դիմում` նախարարի անունով.
2) ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.
3) տվյալ ուսուցչի ատեստավորմանը ներկայացված փաստաթղթերի փաթեթի պատճենը:
22. Բողոքարկման հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:
23. Կրթության կառավարման պետական լիազոր մարմինն ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություն՝ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
24. (կետի գործողությունը դադարեցվել է 16.09.21 N 1476-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 16.09.21 N 1476-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը:
2. Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:
3. Ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի (այսուհետ՝ տարակարգ) շնորհումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
II. ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ
4. Ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ է մասնակցում տարակարգի շնորհմանը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ՝ նախարար) ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը:
(4-րդ կետը փոփ. 16.09.21 N 1476-Ն)
5. Տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսումնական հաստատության ուսուցիչն իրավասու է դիմելու նախարարին` հիմնվելով օրենքով սահմանված համաչափությունների վրա:
6. Ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) կողմից՝ հիմք ընդունելով նախարարության կողմից սահմանված տարակարգի բնութագրիչները:
7. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է օրենքի 26-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված որոշումներից մեկը:
8. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է հանդիսանում ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու մասին նախարարի հրամանի համար:
9. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել նախարարությանը կամ դատական կարգով:
10. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև նախարարի կամ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշումն ընդունվելը:
(10-րդ կետը լրաց. 16.09.21 N 1476-Ն)
11. Հանրապետական հանձնաժողովի որոշումները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեքհոգանոց բողոքարկման հանձնաժողով, որի կազմում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած ատեստավորման հանձնաժողովի անդամները:
12. Բողոքարկման հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:
13. Նախարարը ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը:
14. Ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած ուսուցչին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով հավելավճար:
15. Ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:
16. Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ տվյալ ուսուցիչն ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանում:
17. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխված ուսուցչի տարակարգը պահպանվում է այն դեպքում, երբ տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորման արդյունքում ուսուցիչը ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող: Տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:
(հավելվածը փոփ., լրաց. 16.09.21 N 1476-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին, ըստ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների, հավելավճար տալու կարգը:
2. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝
1) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 50 տոկոսի չափով.
2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.
3) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.
4) առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով:
3. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:
4. Սույն կարգով սահմանված հավելավճարները տրվում են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2023, N 167-Ն | 11.02.2023, N 1745-Ն | |
29.09.2022, N 1509-Ն | 30.09.2022, N 1745-Ն | |
16.09.2021, N 1476-Ն | 17.09.2021, N 1745-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|