Գլխավոր տեղեկություն
Համար
N 1407-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2021 թվականի N 1407-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատ համայնքի Բաղրամյան փողոց 110 հասցեում գտնվող անշարժ գույքի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան անշարժ գույքի քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցական շենքի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպությանը: Սահմանված քանդման (ներառյալ շենքի հիմքի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցույթով ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 2-ամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 237/0017 պայմանագիրը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և առաջարկել Հովտաշատ համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցի հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ անշարժ գույքի) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցի փոխարեն նոր դպրոցի կառուցման ավարտը։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ մինչև նոր դպրոցի կառուցման աշխատանքների ավարտն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտների հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման երկրորդ հերթով կազմակերպումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայ համայնքի Խաչատրյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենքում։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ