Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1612
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 հոկտեմբերի 2021 թ.

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հանրապետության նախագահի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի և Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 73-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք, նախագծի համարը - Պ-665-19.06.2020-ՊԻ-011) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 24.03.2021թ.:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի 10871-ին հոդվածում՝

1) 7-րդ մասի 3-րդ կետի «1000» թիվը փոխարինել «3000» թվով

2) 8-րդ մասի 2-րդ կետի «2000» թիվը փոխարինել «6000» թվով։

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի 2021 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով Օրենքի վիճարկվող դրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հանրապետության նախագահը (այսուհետ՝ Դիմող) գտնում է, որ թեպետ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված են կարծիքի արտահայտման ազատությունը և դրա սահմանափակման շրջանակները, միևնույն ժամանակ, Սահմանադրությամբ նախատեսված են որոշ լրացուցիչ պարտադիր կումուլյատիվ պայմաններ կարծիքի արտահայտման ազատության իրավունքի սահմանափակումներ նախատեսելու մասով: Մասնավորապես, կարծիքի արտահայտման ազատության օրենքով նախատեսված յուրաքանչյուր իրավաչափ սահմանափակում պետք է համապատասխանի Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին և 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին:

Դիմողն ընդգծում է, որ յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք ունիվերսալ և տարա-ծաշրջանային միջազգային փաստաթղթերում՝ մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող օրենքի հիմնավորումը որևէ կերպ չի անդրադառնում այն հարցին, թե ինչու գործող կարգավորմամբ սահմանված դրամական փոխհատուցման չափը բավարար չէ Սահմանադրությամբ սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար, հիմնավորման մեջ համապատասխան դատական գործերի ելքերի վերաբերյալ որևէ վերլուծություն իրականացված չէ: Մինչդեռ, իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման առավելագույն չափը, որպես կանոն, չի կիրառվում:

Բացի դրանից, Դիմողը հավելում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ 1577(2007) բանաձևի կարևոր շեշտադրումներից էր այն, որ զրպարտության և վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման չափերը պետք է լինեն համաչափ, որպեսզի դրա կիրառման արդյունքում չվտանգեն զանգվածային լրատվության միջոցի բնականոն գործունեությունը, քանի որ արդյունքում կարող է լրջորեն վտանգվել արտահայտվելու ազատությունը:

Արդյունքում, Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող օրենքով նախատեսված փոխհատուցման չափն անհամաչափ բարձր է և առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 42 և 78-րդ հոդվածներին: Միևնույն ժամանակ, ըստ Դիմողի, փոխհատուցման սահմանված չափն առերևույթ չի համապատասխանում նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին: Այդ առնչությամբ, դիմողը նշում է, որ դրամական փոխհատուցման պարագայում դատավորի համար Օրենքով նախատեսված է ոչ ողջամիտ հայեցողություն համապատասխան դրույթի կիրառման ընթացքում՝ 0 ՀՀ դրամից մինչև 3000000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դեպքում, և 0 ՀՀ դրամից մինչև 6000000 ՀՀ դրամ՝ զրպարտության դեպքում՝ առանց դատական հայեցողության շրջանակներում փոխհատուցման չափը որոշող չափանիշների օրենսդրական հստակեցման:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող՜, վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները, գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանվել են վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման չափի և անձի համբավին ու արժանապատվությանը պատճառված վնասի միջև համաչափության ապահովմանն ուղղված համապատասխան օրենսդրական երաշխիքներ: Մասնավորապես, ըստ Պատասխանողի՝ վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը չպետք է նույնացնել գույքային վնասի հետ, սակայն այն չի հանդիսանում նաև տույժ կամ տուգանքի ձևով սահմանվող պատիժ. օրենսդիրը հստակորեն տարբերակել է մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց սահմանվող փոխհատուցումը՝ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասից: Բացի դրանից, օրենսդիրը սահմանել է, որ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանները պետք է հաշվի առնեն կոնկրետ գործի առանձնահատկությունները, այդ թվում՝ վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Պատասխանողը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով հետապնդվող նպատակ է համարում այն, որ նորմը կոչված է երաշխավորելու խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսևորումների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես նաև՝ այն դատարաններին պարտավորեցնում է դատական քննության շրջանակներում հաշվի առնել արարքի կատարման հանգամանքները, եղանակը, վիրավորող անձի գույքային դրությունը, արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը:

Անդրադառնալով վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանված փոխհատուցման առավելագույն չափի փոփոխությանը՝ Պատասխանողը վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումն առ այն, որ փոխհատուցման չափը դիտարկվել էր Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հարա-բերակցության տեսանկյունից, ապա՝ արձանագրել, որ նշված հարաբերակցությունը փոփոխության է ենթարկվել 2020 թվականի դրությամբ:

Բացի դրանից, ըստ Պատասխանողի՝ գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի՝ տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Ներկայումս որպես տեղեկատվության տարածման, ինչպես նաև՝ հաղորդակցության հիմնական միջոց օգտագործվում է համացանցը, որի միջոցով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է և հասանելի մեծ թվով անձանց համար, որպիսի պարագայում ենթադրվում է փոխհատուցման ենթակա գումարի ավելի բարձր չափ:

Անդրադառնալով փոխհատուցման ենթակա գումարի որոշման վերաբերյալ դատավորի ոչ ողջամիտ հայեցողությանն առնչվող Դիմողի փաստարկներին՝ Պատասխանողն արձանագրել է, որ ՍԴՈ-997 որոշմամբ Սահմանադրական դատարանն այն համարել է ոչ բացարձակ և սահմանափակման ենթակա՝ թվարկելով որոշակի նախապայմաններ:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սահմանադրական դատարանը կարևորում է անդրադարձ կատարել, մասնավորապես, հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում մարդու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման առավելագույն չափի բարձրացումը կարծիքի ազատ արտահայտման իրավունքին միջամտության առումով համապատասխանում է որոշակիության և համաչափության սահմանադրական պահանջներին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության կարգավորումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը, մարդուն ճանաչելով բարձրագույն արժեք՝ կանխորոշել է պետության պարտականությունը՝ հարգել, ապահովել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները (հոդվ. 3): Այս հիմնարար սկզբունքի հետ անխզելիորեն կապված է մարդու արժանապատվության անօտարելի լինելու սկզբունքը:

Սահմանադրության 3, 23 և 42-րդ հոդվածների կարգավորումների բովանդակությունից բխում է, որ մարդու արժանապատվությունը, լինելով բոլոր իրավունքների և ազատությունների հիմք, կանխորոշում է իրավունքների և ազատությունների թե՜ բովանդակությունը, թե՜ իրացման սահմանները: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման շրջանակը որոշելու նպատակով որոշիչ նշանակություն ունի նաև անձի պատվի և համբավի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը (Սահմանադրության հոդվ. 31, մաս 1): Այսինքն, մարդու արժանապատվության, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտությունը՝ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բովանդակային սահման է։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կարգավորումների բովանդակությունից հետևում է, որ՝ երաշխավորելով կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, միևնույն ժամանակ, նույն կոնվենցիան նախատեսում է այս իրավունքին միջամտելու հնարավորություն, հստակ ամրագրելով թե՜ միջամտության ձևերը` «ձևականություններ, պայմաններ, սահմանափակումներ կամ պատժամիջոցներ», թե՜ իրավաչափ նպատակը՝ «պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելը», թե՜ պայմանները՝ «նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» ի շահ վերոգրյալ իրավաչափ նպատակի:

4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող դրույթը վերաբերում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքի վկայակոչված միջամտության ձևերից մեկի՝ դատարանների կողմից նշանակվող փոխհատուցման չափին: Օրենքի վիճարկվող դրույթը սահմանում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում այլ անձանց արժանապատվության, պատվի և բարի համբավի նկատմամբ ոտնձգության հետևանքով վրա հասնող հետևանքները, մասնավորապես՝ վիրավորանքի համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով դատարանի կողմից փոխհատուցում նշանակելու առավելագույն սահման, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 6000-ապատիկի չափով:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասը, իր հերթին, սահմանում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրությունը, երաշխավորելով կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, այն չի դիտարկում բացարձակ և թույլ է տալիս դրան միջամտություն, որի արտացոլումն էլ հանդիսանում է վիճարկվող օրենքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Սահմանադրական դատարանն իրենց նախադեպային իրավունքում զարգացրել և բազմիցս կիրառել են իրավունքի միջամտության իրավաչափության ստուգման եռատարր թեստը: Այն պահանջում է ցանկացած միջամտություն գնահատել հետևյալ չափանիշների համատեքստում. 1) նախատեսված է արդյո՞ք միջամտությունն օրենքով, 2) հետապնդում է այն արդյո՞ք իրավաչափ նպատակ, 3) ընտրված միջոցը բավարար և անհրաժեշտ է արդյո՞ք ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:

Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Իսկ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի անձիք ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

4.3. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի ոչ իրավաչափ իրացման արդյունքում վրա հասնող փոխհատուցման վերաբերյալ արտահայտված մոտեցումները: Մասնավորապես.

1) «Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Նման ձևով արտահայտվելու ազատությանը միջամտության և այդ միջամտությամբ հետապնդվող իրավաչափ նպատակի (տվյալ դեպքում` անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակի) միջև արդարացի հավասարակշռությունը պայմանավորող գործոն է, ի թիվս այլնի, վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող պատասխանատվության համաչափությունն անձի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասին: Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ»,

2) «փոխհատուցման պահանջն անձի՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից դատական կարգով պաշտպանվելու՝ օրենքով նախատեսված միջոց է»,

3) «գույքային վնասը՝ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի կրած նյութական բնույթի զրկանքներն են, կորուստը, այդ թվում՝ դատական ծախսերը, խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ողջամիտ ծախսերը, որոնք համապատասխան փաստերով դատարանում ենթակա են հիմնավորման և վերականգնման»,

4) «փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում՝ վիրավորանքի կամ զրպարտության եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից»,

5) «փոխհատուցման, ինչպես և՝ գույքային վնասի հատուցման հարց դատարանը քննում է բացառապես այն անձի պահանջով, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է»,

6) «փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի չի առնում վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձին պատճառված գույքային վնասը»,

7) «Իրավակարգավորման հստակ տրամաբանությունն է, որ, մի կողմից, մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց փոխհատուցումն իրավակիրառական պրակտիկայում չպետք է շփոթել գույքային վնասի հետ, մյուս կողմից` այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես տույժի կամ տուգանքի ձևով սահմանվող պատիժ: Հակառակ պարագայում, ինչպես նշվեց, կիմաստազրկվի զրպարտության ապաքրեականացման ամբողջ գաղափարը»,

8) «Վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցման չափի և անձի համբավին ու արժանապատվությանը պատճառված վնասի միջև համաչափության պահանջը հավասարապես ուղղված է և՛ օրենսդրին, և՛ իրավակիրառողին: Օրենսդրին այս պահանջն առաջադրում է համաչափության ապահովմանն ուղղված համապատասխան օրենսդրական երաշխիքներ սահմանելու խնդիր: (...) Օրենսդիրը ... իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը»,

9) «(...) գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.

- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,

- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:

Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը»,

10) «Սահմանադրական դատարանը փոխհատուցման չափի համաչափությունն ապահովելու կարևոր երաշխիք է համարում նաև վիճարկվող հոդվածում փոխհատուցման նվազագույն չափի օրենսդրական ամրագրման բացակայության և առավելագույն չափի ամրագրման առկայության հանգամանքը»:

4.4. Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, ըստ որի, «վիճարկվող օրենքի հիմնավորումը որևէ կերպ չի անդրադառնում այն հարցին, թե ինչու գործող կարգավորմամբ սահմանված դրամական փոխհատուցման չափը բավարար չէ Սահմանադրությամբ սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար, հիմնավորման մեջ համապատասխան դատական գործերի ելքերի վերաբերյալ որևէ վերլուծություն իրականացված չէ», Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն վերաբերելի չէ վիճարկվող օրենքի սահմանադրականության քննությանն այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է բացառապես Ազգային ժողովը, և Սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել Ազգային ժողովի այս կամ այն օրենքի ընդունման համար հիմք ծառայած քաղաքական նկատառումները, եթե ընդունված իրավական ակտը խնդրահարույց չէ սահմանադրականության տեսանկյունից, ինչը նշանակում է, որ Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձնում ընդունված օրենքների սահմանադրականությունը, ոչ թե օրենսդրի շարժառիթներն ու հիմնավորումները:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ դիմողի այն փաստարկներին, համաձայն որոնց՝ վիճարկվող օրենքով նախատեսված պատասխանատվության չափն անհամաչափ բարձր է, այն չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև՝ «Դրամական փոխհատուցման պարագայում դատավորի համար Օրենքով նախատեսված է ոչ ողջամիտ հայեցողություն համապատասխան դրույթի կիրառման ընթացքում՝ 0 ՀՀ դրամից մինչև 3000000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դեպքում, և 0 ՀՀ դրամից մինչև 6000000 ՀՀ դրամ՝ զրպարտության դեպքում՝ առանց դատական հայեցողության շրջանակներում փոխհատուցման չափը որոշող չափանիշների օրենսդրական հստակեցման»:

Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արձանագրել է. «1) «.… օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),

2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»:

2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ արձանագրել է. «.... օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել։ Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում»: Այս առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես արձանագրել է, որ զրպարտությանն առնչվող օրենքները` պատվի և արժանապատվության իրենց շեշտադրմամբ, թեև անխուսափելիորեն ներառում են անորոշության որոշակի աստիճան, այնուամենայնիվ, դրանց չի զրկում «իրավական բնույթից»` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի նպատակների համար: Ներպետական մարմինների խնդիրն է կիրառել և մեկնաբանել ներպետական օրենքները:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ ներպետական դատական ատյանները բազմիցս կիրառել են վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվություն նախատեսող քաղաքացիաիրավական նորմերը և արտահայտել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի բովանդակության որոշակիացմանն ուղղված մի շարք հիմնարար իրավական գաղափարներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ (տեԲս Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012թ. որոշումը, թիվ ԵԿԴ/3246/02/11 քաղաքացիական գործով 05.04.2013թ. որոշումը):

Այսպիսով, արձանագրելով, որ սույն գործով վիրավորանքի և զրպարտության միջոցով պատճառված վնասի հատուցման համաչափության խնդրի լուծման համար կարևոր նշանակություն ունեն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց որոշումներով ու վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները, մոտեցումներն ու չափանիշները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ փոխհատուցման առավելագույն չափի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովելու այդ փոխհատուցման որոշակիությունը, ինչպես նաև իրավաչափ հայեցողություն է ապահովում դատարանի համար յուրաքանչյուր կոնկրետ գործով՝ ելնելով գործի փաստական հանգամանքներից որոշելու փոխհատուցման չափը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 73-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

 5 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴՈ-1612

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան