Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

  Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0177/02/19

2021 թ.     

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0177/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

          

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Արամ Դավթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,

      

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Դավթյանից հօգուտ իրեն բռնագանձել 456.715,70 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի և 9.134,31 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև պահանջել է վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ վարկային պայմանագրի 1.1. կետով նախատեսված 15%-ը հաշվարկը շարունակել 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել քան 06.02.2019 թվականը, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.1%-ով՝ հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.1 կետը, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերը կիրառել օրական 0.3% տույժ (յուրաքանչյուր ուշացրած օրվա համար) 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.2 կետը: Ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 14.02.2019 թվականից մինչև վարկի փաստացի մարումը:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Արամ Դավթյանից հօգուտ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել` 456,715,70 ՀՀ դրամ, որից` վարկի գումարը` 264.649,00 ՀՀ դրամ՝ որից ժամկետանց գումար՝ 264.649,00 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 30.092,70 ՀՀ դրամ՝ որից ժամկետանց տոկոս 30.092,70 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 27.722,90 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ՝ 58.031,90 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ 7.6219,20 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 9.134,30 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Պատասխանող Արամ Արմենի Դավթյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` 14.02.2019 թվականից`մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, հաշվարկել և բռնագանձել տույժ` 264.649,00 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ օրական 0.1 տոկոսի չափով, իսկ 30.092.70 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի նկատմամբ օրական 0.3 տոկոսի չափով:

Պատասխանող Արամ Արմենի Դավթյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` 14.02.2019 թվականից` մինչև 06.02.2019 թվականը ոչ ժամկետանց վարկի մնացորդի գումարի նկատմամբ տարեկան 15 տոկոսադրույքով տոկոսի գումարներ և 06.02.2019 թվականից` մինչև վարկի փաստացի մարումը վարկային պայմանագրի 2.5 կետով ամսական վարկի մնացորդից 1.80 տոկոս սպասարկման վճարը բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) 06.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2019 թվականի որոշմամբ Բանկի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով 17.07.2019 թվականին փոստային առաքմամբ Բանկը ներկայացնելով վերաքննիչ բողոք` միջնորդել է բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի` պատճառաբանելով, որ Դատարանի 21.06.2019 թվականի դատական ակտը ստացել է 29.06.2019 թվականին:

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 23.09.2019 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի 21.06.2019 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճիռը 29.06.2019 թվականին ստացած լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը, հանգել է այն հետևության, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 21.06.2019 թվականին հրապարակված լինելու պայմաններում, բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը  հաջորդած 15 օրյա ժամկետում  բողաքարկել այն՝ անկախ վճռի թղթային օրինակը ստացած չլինելուց:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջնորդության քննության համար էական են քաղաքացիական գործով կայացված վճիռը կողմին ուղարկած լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և՛ վճռի հանձնումը, և՛ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի կողմից ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, վերջինիս զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքից: 

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի  խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, ուստի սույն որոշմամբ կրկին այդ հարցին չի անդրադառնում (տե´ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ընդդեմ Վահե Սաֆարյանի և Սմբատ Շահինյանի թիվ ԵԴ/11999/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2019 թվականի որոշումը, Տիգրան Մարգարյանն ընդդեմ Մելիք Մակարյանի թիվ ԿԴ/0887/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը նաև նշել է, որ հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է  խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են «Գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով» վերտառությամբ ՀՀ  քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի դրույթներով:

Դատարանում գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը: Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Դատարանում գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով:

Դատարանում գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: (…)

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 30.04.2019 թվականին կայացրել է որոշում՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 21.06.2019 թվականը (գ.թ. 32):

Դատարանի 21.06.2019 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.06.2019 թվականին (հիմք` «court.am» պաշտոնական կայք):

Գործում առկա են Դատարանի 24.06.2019 թվականի թիվ ԴԴ-31-ե-14023 ելքային գրությունը և 24.06.2019 թվականի փոստային անդորրագիրը Դատարանի վճիռը Բանկին ուղարկելու վերաբերյալ (գ.թ. 53-54): Ըստ գործում առկա ստացման/հանձնման ծանուցագրի՝ Բանկը Դատարանի վճիռը ստացել է 27.06.2019 թվականին (գ.թ. 55):

Բանկը վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 17.07.2019 թվականին՝ միաժամանակ միջնորդելով հետաձգել պետական տուրքի պակաս վճարված մասի վճարումը (գ.թ. 63-70):

Վերաքննիչ դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բանկի միջնորդությունը պետական տուրքի պակաս վճարված մասը հետաձգելու վերաբերյալ մերժվել է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող վճիռը կայացվել է 21.06.2019 թվականին, իսկ բողոքը ներկայացվել է 17.07.2019 թվականին՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողմամբ, սակայն բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել միջնորդություն՝ դատական ակտի բողոքարկման ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Բանկը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կցելով դրան պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև միջնորդություն՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Դատարանի վճիռը ստացել է «29.06.2019» թվականին (գ.թ. 84-90, 91-92, 93): 

Վերաքննիչ դատարանի, 23.09.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «(…) վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարկվել է 24.06.2019 թվականին, ուստի այդ վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 25.06.2019 թվականին և ավարտվել 16.07.2019 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոքն առաջին անգամ ներկայացվել է 17.07.2019 թվականին: Նման պայմաններում բողոք բերած անձը կարող էր 25.06.2019 թվականից մինչև 16.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածում բողոքարկել վճիռը՝ անկախ դրա թղթային օրինակը 27.06.2019 թվականին ստացած լինելուց:

Սույն գործի փաստերը համադրելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի պատճառաբանությունների հետ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

  Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորել է դատավարական ժամկետների սահմանման, հաշվարկման, ավարտի, ինչպես նաև դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Ըստ այդմ էլ՝ բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ  ժամկետը բաց թողնելու պատճառի հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Մասնավորապես,  ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները, ինչպիսիք են օրինակ՝ ֆորսմաժորային դեպքերը (տարերային աղետները, արտակարգ իրավիճակը) (…), իսկ սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (տես՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին  ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13  ՀՀ վճռաբեկ դատարանի03.12.2014  թվականի որոշումը):

Փաստորեն՝ օրենսդիրը, սահմանելով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատարանի եզրափակիչ դատական ակտերը հրապարակելու կանոնը, միևնույն ժամանակ սահմանել է այդ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է նաև դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:

Վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրական դատարանը իր 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը, իսկ նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում»:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան՝ «դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման կարգը, նպատակամղված լինելով նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական վարույթի հրապարակայնության, դատական ակտի՝ ոչ միայն գործին մասնակցող անձանց, այլև հանրային հասանելիության և անձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման իրական երաշխիքների ապահովմանը, այդուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի բացառում դատական ակտի թղթային տարբերակը դատական ակտի բողոքարկման՝ Օրենսգրքով սահմանված ժամկետի կեսերին կամ ավարտին կամ ժամկետից հետո գործին մասնակցող անձին հասանելիության հնարավորությունն, անգամ այն պայմաններում, երբ Օրենսգրքով դատարանի՝ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, սահմանված է նաև դատարանի՝ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը:(…): :

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ (…) Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը: Բացի դրանից, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն»:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, կայացնելով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում, վճռի հրապարակման օր է նշանակել 21.06.2019 թվականը, և այդ որոշումն ուղարկել է նաև վերաքննիչ բողոք բերած անձին: Դատարանի 21.06.2019 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակել է` 24.06.2019 թվականին և նույն օրը վճռի օրինակը ուղարկվել է Բանկին, որն այն ստացել է 27.06.2019 թվականին:

      

Բանկի վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացվել է 17.07.2019 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռը ստացել է «29.06.2019 թվականին»:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են քաղաքացիական գործով կայացված դատական ակտը կողմին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ թե´ դատական ակտի հանձնումը, և թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը: 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի կողմից պահպանվել է հրապարակված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում Բանկին ուղարկելու կարգը, սակայն վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հետևանքով, որպիսի պայմաններում  վերաքննիչ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ պետք է բավարարեր ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով: 

Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի  կողմից  թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

    

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:  

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍԴ/0177/02/19 քաղաքացիական գործով 21.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

   

21.07.2021 թվական

      

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 21-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Արամ Դավթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի  մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Դավթյանից հօգուտ իրեն բռնագանձել 456.715,70 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի և 9.134,31 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև պահանջել է վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ վարկային պայմանագրի 1.1. կետով նախատեսված 15%-ը հաշվարկը շարունակել 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել քան 06.02.2019 թվականը, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.1%-ով՝ հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.1 կետը, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերը կիրառել օրական 0.3% տույժ (յուրաքանչյուր ուշացրած օրվա համար) 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.2 կետը: Ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 14.02.2019 թվականից մինչև վարկի փաստացի մարումը:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. Արամ Արմենի Դավթյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 456,715.70 ՀՀ դրամ, որից վարկի գումարը` 264,649.00 ՀՀ դրամ (որից ժամկետանց գումար՝ 264.649.00 ՀՀ դրամ), վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 30,092.70 ՀՀ դրամ (որից ժամկետանց տոկոս 30,092.70 ՀՀ դրամ), ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 27,722.90 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ՝ 58,031.90 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ 76219.20 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 9134.30 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Պատասխանող Արամ Արմենի Դավթյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` 14.02.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, հաշվարկել և բռնագանձել տույժ` 264,649.00 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ օրական 0.1 տոկոսի չափով, իսկ 30.092.70 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի նկատմամբ օրական 0.3 տոկոսի չափով:

Պատասխանող Արամ Արմենի Դավթյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` 14.02.2019 թվականից մինչև 06.02.2019 թվականը ոչ ժամկետանց վարկի մնացորդի գումարի նկատմամբ տարեկան 15 տոկոսադրույքով տոկոսի գումարներ և 06.02.2019 թվականից մինչև վարկի փաստացի մարումը վարկային պայմանագրի 2.5 կետով ամսական վարկի մնացորդից 1.80 տոկոս սպասարկման վճարը բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժել:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) 06.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2019 թվականի որոշմամբ Բանկի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   119-րդ հոդվածի 4-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով 17.07.2019 թվականին փոստային առաքմամբ Բանկը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի` պատճառաբանելով, որ Դատարանի 21.06.2019 թվականի դատական ակտը ստացել է 29.06.2019 թվականին:

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 23.09.2019 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի 21.06.2019 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճիռը 29.06.2019 թվականին ստացած լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը, հանգել է այն հետևության, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 21.06.2019 թվականին հրապարակված լինելու պայմաններում, բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը  հաջորդած 15 օրյա ժամկետում  բողաքարկել այն՝ անկախ վճռի թղթային օրինակը ստացած չլինելուց:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջնորդության քննության համար էական են քաղաքացիական գործով կայացված վճիռը կողմին ուղարկած լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և՛ վճռի հանձնումը, և՛ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի կողմից ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, վերջինիս զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքից: 

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սահմանադրական դատարանը, իր բազմաթիվ որոշումներում (թիվ ՍԴՈ-690, թիվ 719, թիվ 733, թիվ 765, թիվ 780, թիվ 849, թիվ 873, թիվ 890, թիվ 918, թիվ 922, թիվ 936, թիվ 1037, թիվ 1052, թիվ 1062, թիվ 1114, թիվ 1115, թիվ 1190, թիվ 1191, թիվ 1192, թիվ 1196, թիվ 1197, թիվ 1220, թիվ 1222, թիվ 1231, թիվ 1249, թիվ 1254, թիվ 1257, թիվ 1263, թիվ 1265, թիվ 1268, թիվ 1275, թիվ 1289, թիվ 1290, թիվ 1293, թիվ 1395) անդրադառնալով արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, ընդգծել է դրա կարևորությունը Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար:

Սահմանադրական դատարանը 19.06.2018 թվականի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ ընդհանրացրել և վերահաստատել է վերը վկայակոչված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ: Մասնավորապես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ.

- «(...) ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

-  դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման»:

Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.

- «Դատարանի մատչելիության իրավունքը ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները: Այս համատեքստում կարգավորումներ սահմանելու հարցում պետություններն ունեն որոշակի հայեցողություն» (տե՛ս, Mamikonyan v. Armenia, 16.03.2010 թ. վճիռ, գանգատ թիվ 25083/05,  25-րդ կետ, Scholz AG v. Armenia, 24.01.2019 թ. վճիռ, գանգատ թիվ 16528/10, 57-րդ կետ),

- «Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Հակառակ պարագայում այդպիսի սահմանափակումները չեն համապատասխանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին» (Khalfaoui v. France, 14.12.1999 թ. վճիռ, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania, 26.07.2007 թ. վճիռ, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ),

- «Անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան լինեն, որ վնաս հասցնեն այդ իրավունքի բուն էությանը» (Luordo v. Italy, 17.10.2003 թ. վճիռ, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland, 09.07.2007 թ. վճիռ, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria, 17.01.2012 թ. վճիռ, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ),

- «Ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը» (Walchli v. France, 26.07.2007 թ. վճիռ, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ, Peca v. Greece (no. 2), 10.06.2010 թ. վճիռ, գանգատ թիվ 33067/08, 30-րդ կետ),

- «Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի» (Efstathiou and others v. Greece, 27.07.2006 թ. վճիռ, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ, Vamvakas v. Greece, 16.10.2008 թ. վճիռ, գանգատ թիվ 36970/06, 26-րդ կետ, Louli-Georgopoulou v. Greece, 16.03.2017 թ. վճիռ, գանգատ թիվ 22756/09, 39-րդ կետ):

Անդրադառնալով ժամկետային սահմանափակումներին՝ Սահմանադրական դատարանն իր 18.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-652 որոշմամբ արձանագրել է, որ «Ժամկետային սահմանափակման նպատակն է պահպանել իրավական որոշակիությունը և ապահովել, որպեսզի գործերը վերանայվեն ողջամիտ ժամկետներում»:

Վերոգրյալ դիրքորոշումը Սահմանադրական դատարանը վերահաստատել է 16.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1052 որոշման մեջ՝ արձանագրելով, որ «(...) ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման համար որոշակի ժամկետի սահմանումը հետապնդում է իրավաչափ նպատակ՝ երաշխավորելու իրավական որոշակիությունը (...)»:

Համանման դիրքորոշում որդեգրել է նաև Եվրոպական դատարանը, որը, անդրադառնալով բողոքարկման իրավունքի ժամկետներով սահմանափակման հարցին, նշել է. «Բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետների կարգավորումը, անկասկած, նպատակ ունի ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը, հատկապես իրավական որոշակիության սկզբունքը։ Շահագրգիռ անձինք պետք է հաշվի առնեն, որ այդ կանոնները պետք է կիրառվեն» (Perez de Rada Cavanilles v. Spain, 28.10.1998 թ., Societe anonyme "Sotiris et Nikos Kouras ATTEE" v. Greece (16.11.2000 թ.), 16.02.2001 թ.):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի 7-րդ  մասի  համաձայն՝  դատարանի`  եզրափակիչ,  իսկ  նույն  օրենսգրքով  կամ  Բարձրագույն  դատական  խորհրդի  որոշմամբ  նախատեսված  դեպքերում  նաև  այլ  դատական  ակտերը  հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված իրավանորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և անդրադառնալով դատական ակտի բողոքարկման ժամկետը հրապարակման պահից հաշվարկելու հարցին, իր 26.04.2016 թվականի թիվ ՍԴՈ-1268 որոշմամբ արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուժով իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն ընկալմամբ, որ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից` այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում: (...) «առնվազն 27 օր ժամանակը» չի կարող դիտարկվել բողոք ներկայացնելու համար հաշվարկման ենթակա ինքնուրույն և առավելագույն ժամկետ: Միայն այն դեպքում, երբ դատական ակտի հրապարակման պահից օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) պետք է ունենա առնվազն 27 օր ժամանակ, որպես նվազագույն ժամկետ, հիմնավոր բողոք ներկայացնելու համար...»:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Օրենսգրքին համապատասխան՝ դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման կարգը, նպատակամղված լինելով նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական վարույթի հրապարակայնության, դատական ակտի՝ ոչ միայն գործին մասնակցող անձանց, այլև հանրային հասանելիության և անձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման իրական երաշխիքների ապահովմանը, այդուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի բացառում դատական ակտի թղթային տարբերակը դատական ակտի բողոքարկման՝ Օրենսգրքով սահմանված ժամկետի կեսերին կամ ավարտին կամ ժամկետից հետո գործին մասնակցող անձին հասանելիության հնարավորությունն, անգամ այն պայմաններում, երբ Օրենսգրքով դատարանի՝ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, սահմանված է նաև դատարանի՝ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1062, թիվ ՍԴՈ-1249, թիվ ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա սույն գործի քննության շրջանակներում վերահաստատում է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար»:

Վերոգրյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու հատուկ ժամկետ օրենքով նախատեսված չէ, փոխարենն օրենքով հատուկ ժամկետ է նախատեսված դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար, այն է՝ ուղարկվում է ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատավարական ժամկետի վերականգնման հարցը քննարկելիս որոշիչ նշանակություն է ստանում օրենքով սահմանված ժամկետում դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու հանգամանքը։

Այսպիսով, վերոգրյալ իրավանորմերի վերլուծության, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում, որ վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված է մեկամսյա, իսկ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռների պարագայում 15 օրյա ժամկետ՝ այդ ժամկետի հաշվարկման սկիզբ դիտարկելով դատական ակտի հրապարակման պահը: Միևնույն ժամանակ, դատական ակտի՝ ոչ միայն գործին մասնակցող անձանց, այլև հանրային հասանելիության և անձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման իրական երաշխիքների ապահովման նպատակով օրենսդիրը սահմանել է դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությունը, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այդուհանդերձ, դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության պատշաճ կատարման պարագայում անգամ հաճախ ամբողջ ծավալով չի երաշխավորում անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը, քանի որ դատական ակտը վերջինիս հասու դառնալու պահից հաշվված չի ապահովվում բավարար ժամանակ հիմնավոր բողոք ներկայացնելու համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրավական որոշակիության սկզբունքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց ուշ հասու լինելու ոչ բոլոր դեպքերում կարող է արդարացված լինել դատավարական ժամկետի խախտմամբ բողոք ներկայացնելը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա կհակասի իրավական որոշակիության սկզբունքին և կհանգեցնի նաև բողոք բերող անձի հակառակ կողմի իրավունքների խախտմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու փաստերի առկայության պարագայում, դատավարական ժամկետների հարցը լուծելիս պետք է հաշվի առնվեն դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: Մասնավորապես, եթե առկա չէ որոշակի ժամանակային խզում դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից փաստացի ստանալու միջև և դատական ակտը փաստացի ստանալու պահից հաշված ապահովված է հիմնավոր բողոք ներկայացնելու անձի իրավունքը, ապա բողոք բերելու դատավարական ժամկետը պետք է հաշվարկվի օրենքով նախատեսված կարգով, այն է՝ հրապարակման պահից: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից փաստացի ստանալու միջև ժամանակային էական խզում արձանագրելու պարագայում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդության առկայության պայմաններում բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը 30.04.2019 թվականին կայացրել է որոշում՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 21.06.2019 թվականը (գ.թ. 32):

Դատարանի 21.06.2019 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.06.2019 թվականին (հիմք` «court.am» պաշտոնական կայք):

Գործում առկա են Դատարանի 24.06.2019 թվականի թիվ ԴԴ-31-ե-14023 ելքային գրությունը և 24.06.2019 թվականի փոստային անդորրագիրը Դատարանի վճիռը Բանկին ուղարկելու վերաբերյալ (գ.թ. 53-54): Ըստ գործում առկա ստացման/հանձնման ծանուցագրի՝ Բանկը Դատարանի վճիռը ստացել է 27.06.2019 թվականին (գ.թ. 55):

Բանկը վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 17.07.2019 թվականին՝ միաժամանակ միջնորդելով հետաձգել պետական տուրքի պակաս վճարված մասի վճարումը (գ.թ. 63-70):

Վերաքննիչ դատարանի 06.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բանկի միջնորդությունը պետական տուրքի պակաս վճարված մասը հետաձգելու վերաբերյալ մերժվել է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող վճիռը կայացվել է 21.06.2019 թվականին, իսկ բողոքը ներկայացվել է 17.07.2019 թվականին՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողմամբ, սակայն բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել միջնորդություն՝ դատական ակտի բողոքարկման ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Բանկը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կցելով դրան պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև միջնորդություն՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Դատարանի վճիռը ստացել է «29.06.2019» թվականին (գ.թ. 84-90, 91-92, 93): 

Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «(…) վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.06.2019 թվականին, ուստի այդ վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 25.06.2019 թվականին և ավարտվել 16.07.2019 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոքն առաջին անգամ ներկայացվել է 17.07.2019 թվականին: Նման պայմաններում բողոք բերած անձը կարող էր 25.06.2019 թվականից մինչև 16.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածում բողոքարկել վճիռը՝ անկախ դրա թղթային օրինակը 27.06.2019 թվականին ստացած լինելուց:

Սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով Դատարանը պատշաճ կատարել է դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, դրա հետ մեկտեղ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը և վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 24.06.2019 թվականին հրապարակելու հետ միաժամանակ,  նույն օրը՝  24.06.2019 թվականին վճռի օրինակն ուղարկվել է Բանկին: Վերջինս Դատարանի վճիռն ստացել է 27.06.2019 թվականին: Այսինքն՝ Դատարանի կողմից ապահովվել է օրենքով սահմանված ժամկետում վճռի օրինակը Բանկին հասու դարձնելու օրենսդրական պահանջը: Նկատի ունենալով, որ սույն  գործով վճիռը կայացվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում և այն կարող էր բողոքարկվել հրապարակման պահից 15 օրյա ժամկետում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 24.06.2019 թվականին հրապարակված վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացնելու վերջնաժամկետն է հանդիսացել 16.07.2019 թվականը ներառյալ: Մինչդեռ Բանկի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է 17.07.2019 թվականին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն Բանկի կողմից փաստացի ստանալու միջև առկա չէ խիստ էական ժամանակային խզում և դատական ակտի հրապարակման, այն Բանկին ուղարկելու և վերջինս կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնով պայմանավորված դատական ակտը փաստացի ստանալու պահից հաշված Բանկի համար ապահովված է եղել հիմնավոր բողոք ներկայացնելու իրավունքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի վճռի  բողոքարկման 15 օրյա ժամկետը հաշվարկման է ենթակա այդ ակտի հրապարակման պահից, քանի որ Դատարանի վճիռը Բանկին է ուղարկվել օրենքով սահմանված ժամկետում, վերջինս այն ստացել է եռօրյա ժամկետում և վճռի օրինակն ստանալուց հետո նրա համար ապահովված է եղել առնվազն 13 օր ժամանակ հիմնավոր բողոք ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են քաղաքացիական գործով կայացված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում, այն է՝ ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը կողմին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, որոնց համադրմամբ և դատական ակտի հրապարակման, այն Բանկին ուղարկելու և վերջինս կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնի հաշվառմամբ հնարավոր կլինի պարզել բողոք բերող անձի համար դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովված լինելու հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի կողմից պահպանվել է հրապարակված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում Բանկին ուղարկելու կարգը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը, 27.06.2019 թվականին ստանալով Դատարանի վճիռը, ունեցել է օրենքով սահմանված՝  դատական ակտի հրապարակման պահից հաշված 15 օրյա ժամկետում վերաքննության կարգով վճիռը բողոքարկելու իրական հնարավորություն, ուստի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Բանկի միջնորդությունը ենթակա չի եղել բավարարման, ինչն իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 09.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով նախատեսված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի  365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում: Այսինքն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս Վճռաբեկ դատարանը բավարարվել է միայն այն փաստը հաստատված համարելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտումը: Ավելին՝ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը հերքել է «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի» առկայությունը:

 

Նախ ցանկանում եմ նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածում օրենսդիրը «առերևույթ» եզրույթն օգտագործել է ոչ թե նույն հոդվածի 3-րդ մասի  1-ին կետում, այլ՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հետ համադրմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի համար պարտականություն է նախատեսում վճռաբեկ բողոքն ընդունելու քննության ոչ թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից առերևույթ նյութական կամ դատավարական իրավունքի որևէ նորմի խախտում թույլ տրված լինելու հիմքով, այլ այն հիմքով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն արդեն հաստատապես դրսևորվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում թույլ տրված լինելով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում, կարծում եմ, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը, ի տարբերություն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացվածների, չի կարող վարույթ ընդունվել, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը չունի եզրահանգում այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս հաստատապես թույլ է տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ավելին՝ նման եզրահանգումը չի կարող լինել կասկածանքի մակարդակով: Նշված դիրքորոշումս բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ, 365-րդ, 390-րդ և 394-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից, որի արդյունքում եկել եմ եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում որևիցե պարագայում ստորադաս դատարանի դատական ակտը չի կարող թողնվել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքը վարույթ ընդունելիս ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է հաստատապես համոզված լինի, որ առկա է կա՛մ գործի սխալ լուծմանը հանգեցրած նյութական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, կա՛մ գործի սխալ լուծմանը հանգեցրած (կամ որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը) դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում:

 

Միևնույն ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշման հիմքում դրված պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ նման դատական ակտ կայացնելու համար։

Այսպես՝

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝

1) Դատարանը պատշաճ կատարել է դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, դրա հետ մեկտեղ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը և վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 24.06.2019 թվականին հրապարակելու հետ միաժամանակ, նույն օրը՝ 24.06.2019 թվականին վճռի օրինակն ուղարկել է Բանկին: Վերջինս Դատարանի վճիռն ստացել է 27.06.2019 թվականին, այսինքն՝ Դատարանի կողմից ապահովվել է օրենքով սահմանված ժամկետում վճռի օրինակը Բանկին հասու դարձնելու օրենսդրական պահանջը.

2) 24.06.2019 թվականին հրապարակված վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացնելու վերջնաժամկետն է հանդիսացել 16.07.2019 թվականը ներառյալ, մինչդեռ Բանկի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է 17.07.2019 թվականին.

3) սույն գործով դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն Բանկի կողմից փաստացի ստանալու միջև առկա չէ խիստ էական ժամանակային խզում ու դատական ակտի հրապարակման, այն Բանկին ուղարկելու և վերջինս կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնով պայմանավորված՝ դատական ակտը փաստացի ստանալու պահից հաշված Բանկի համար ապահովված է եղել հիմնավոր բողոք ներկայացնելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով Դատարանի վճռի  բողոքարկման 15 օրյա ժամկետը հաշվարկման է ենթակա այդ ակտի հրապարակման պահից, քանի որ Դատարանի վճիռը Բանկին է ուղարկվել օրենքով սահմանված ժամկետում, վերջինս այն ստացել է եռօրյա ժամկետում և վճռի օրինակն ստանալուց հետո նրա համար ապահովված է եղել առնվազն 13 օր ժամանակ հիմնավոր բողոք ներկայացնելու համար:

 

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

Ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից հաստատված այն փաստերը, որ՝

- Դատարանը պատշաճ կատարել է դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում 24.06.2019 թվականին հրապարակելու, և ակտի օրինակը նույն օրը՝  24.06.2019 թվականին նաև գործին մասնակցող անձ Բանկին ուղարկելու պարտականությունը,

- Դատարանի վճիռը Բանկն ստացել է 27.06.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը մինչև 16.07.2019 թվականը ներառյալ (դատարանը գործը քննել է պարզեցված վարույթի կարգով) ներկայացնելու փոխարեն այն ներկայացրել է 17.07.2019 թվականին,

այնուամենայնիվ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մյուս շարժառիթների առումով հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վճռաբեկ դատարանը որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու շարժառիթ է նշել այն, որ «սույն գործով դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն Բանկի կողմից փաստացի ստանալու միջև առկա չէ խիստ էական ժամանակային խզում ու դատական ակտի հրապարակման, այն Բանկին ուղարկելու և վերջինս կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնով պայմանավորված՝ դատական ակտը փաստացի ստանալու պահից հաշված Բանկի համար ապահովված է եղել հիմնավոր բողոք ներկայացնելու իրավունքը»: Վճռաբեկ դատարանը նման հետևությունը պայմանավորել է նրանով, որ «Դատարանի վճռի  բողոքարկման 15 օրյա ժամկետը հաշվարկման է ենթակա այդ ակտի հրապարակման պահից, քանի որ Դատարանի վճիռը Բանկին է ուղարկվել օրենքով սահմանված ժամկետում, վերջինս այն ստացել է եռօրյա ժամկետում և վճռի օրինակն ստանալուց հետո նրա համար ապահովված է եղել առնվազն 13 օր ժամանակ հիմնավոր բողոք ներկայացնելու համար»:

ՀՀ սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

ՀՀ սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Տվյալ դեպքում ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում:

Միևնույն  ժամանակ նույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:

Շարունակելով իր միտքը՝ նույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «Նման մոտեցում Սահմանադրական դատարանը որդեգրել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268 և այլն)՝ առանձնակի կարևորելով այդ առումով բողոքարկվող դատական ակտի՝ կողմի համար հասանելիության երաշխավորման հարցը»:

Դրանից հետո ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչել է իր 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (…), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:

Տվյալ դեպքում, ճիշտ է, Դատարանը պատշաճ կատարել է դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում 24.06.2019 թվականին հրապարակելու, և ակտի օրինակը նույն օրը՝  24.06.2019 թվականին նաև գործին մասնակցող անձ Բանկին ուղարկելու պարտականությունը, սակայն Դատարանի վճիռը Բանկն ստացել է 27.06.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է 17.07.2019 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի մեկօրյա խախտմամբ, բայց բողոքարկվող դատական ակտն ստանալու (դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալու) օրվանից հաշված՝ օրենսդրի կողմից տվյալ դատական ակտի բողոքարկման համար՝ ելնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունից, բավարար համարված 15 օրյա ժամկետում:

ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման համատեքստում գնահատելով բողոքարկվող դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը Վճռաբեկ դատարանի կողմից հրապարակման պահից հաշվելու իրավաչափության հարցը՝ գտնում եմ, որ այդ դեպքում չեն ապահովվում վերը նշված երաշխիքները, քանի որ Բանկից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի է դարձել միայն 27.06.2019 թվականին, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անտեսելով, որ օրենսդիրը տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել հրապարակելու պահից տասնհինգօրյա ժամկետը, որի պայմաններում նշված ժամկետը պետք է մեկնարկի բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքի սկիզբ է համարել հենց այն հրապարակելու օրը՝ 24.06.2019 թվականը, և ստացվում է, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է Բանկի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ վերացման, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և դրա արդյունքում կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

   

Դատավոր`

Գ. Հակոբյան

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: