Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0223/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0223/02/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան  

Դատավորներ՝

Ա. Սմբատյան

 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան
Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի ընդդեմ Սվետլանա Եփրեմյանի և երրորդ անձ ՀՀ գլխավոր դատախազության` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը (այսուհետ նաև` Կառավարիչ) պահանջել է հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի 25-րդ բնակարանը, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցներ Պավել Սարգսյանի և Սվետլանա Եփրեմյանի միջև` նրանց բաժիններին համաչափ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.10.2018 թվականի որոշմամբ Կառավարչի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Եփրեմյանը (ներկայացուցիչ Լուսինե Մարտիրոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հայցի ու վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել են այն հանգամանքը, որ Կառավարչի կողմից չեն ներկայացվել Պավել Սարգսյանի մոտ այլ գույքի անբավարարության մասին ապացույցներ: Մինչդեռ դատարանների կողմից անտեսվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի իմաստով բաժնային սեփականատերը բաժինն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու պարագայում օրենքի ուժով չի կրում գույքային անբավարարությունն ապացուցելու պարտականություն:

Դատարանները չպետք է կիրառեին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը և Կառավարչի վրա չպետք է դնեին Պավել Սարգսյանի մոտ գույքային անբավարարությունն ապացուցելու պարտականություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սվետլանա Եփրեմյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշվել է, որ Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչը չի ապացուցել օրենքով սահմանված այլ գույքի անբավարարության փաստը, հետևաբար Դատարանն ու Վերաքննիչ դատարանը կայացրել են իրավաչափ որոշում:

 

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) թիվ ԵԱԴԴ/2780/02/16 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.12.2016 թվականին կայացված վճռով հաստատվել է, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի 25-րդ բնակարանը հանդիսանում է Սվետլանա Եփրեմյանի և Պավել Սարգսյանի համատեղ ամուսնական գույքը (հատոր 1-ին, գ.թ. 11-13).

2) Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը սույն գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումի իրավական հիմքում դրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները (հատոր 1-ին, գ.թ. 3-7, 62-65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի հիմքով գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության պարտադիր պայմանի առկայության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի և Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի հիմքով գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության պարտադիր պայմանի առկայությանը, ինչպես նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելուն:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը: Մասնավորապես` վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նշվածից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը ևս իրացնում է կառավարիչը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ տվյալ դեպքում ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Այդ գույքը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները որպես կանոն համարվում են հավասար, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Ընդ որում, համատեղ սեփականության ներքո գտնվող ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերի և կարգի նկատմամբ հավասարապես կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու կանոնները: Նշված հոդվածով սահմանված կանոնի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Այն դեպքում, երբ ընդհանուր գույքը բաժանելը կամ դրանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելն ակնհայտ աննպատակահարմար է, ապա դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սնանկության գործով կառավարչի լիազորություններին, նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ կառավարիչը սնանկ ճանաչված պարտապանի անունից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարան դիմելու իրավունք չունի այն դեպքում, երբ պահանջում է առանձնացնել սնանկ ճանաչված պարտապանի` ընդհանուր գույքում ունեցած բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել սնանկության վարույթում գրանցված պարտատիրոջ պահանջը բավարարելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը նախևառաջ պայմանավորել է այն հանգամանքով, որ կառավարիչը հայցը հարուցում է բացառապես սնանկ ճանաչված պարտապանի անունից, որը տվյալ պարագայում սնանկության վարույթում գրանցված պահանջատերերի հետ փոխհարաբերություններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իմաստով ևս հանդիսանում է պարտապան, մինչդեռ, նման հայցապահանջով դատարան կարող է դիմել պարտատերն ընդդեմ պարտապանի:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության գործով կառավարիչը, իրականացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունները, պարտավոր է գրանցված պահանջատերերի պահանջները բավարարելու համար հավաքագրել և իրացնել պարտապանին պատկանող ակտիվներն ու գույքը: Ընդհանուր սեփականությունում պարտապանի մասնակցության պայմաններում օգտվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված իրավունքից` սնանկության գործով կառավարիչը, ելնելով նպատակահարմարությունից, կարող է ընդհանուր սեփականությունում պարտապանի բաժինն օտարել բնեղենով` առանց այդ բաժինն առանձնացնելու կամ բաժինն առանձնացնելուն միտված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործողությունները կատարելուց հետո, բայց բոլոր դեպքերում հանդես գալով որպես սնանկ ճանաչված պարտապանի ներկայացուցիչ (տե'ս, Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանն ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կառավարիչը, նպատակ ունենալով գրանցված պահանջատերերի պահանջները բավարարելու համար հավաքագրելու և իրացնելու պարտապանին պատկանող ակտիվներն ու գույքը, օգտվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից, հայցադիմումի իրավական հիմքում դնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները, պարտապան Պավել Սարգսյանի անունից հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով հրապարակային սակարկություններով վաճառել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Պավել Սարգսյանին և Սվետլանա Եփրեմյանին պատկանող Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի 25-րդ բնակարանը, և ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Դատարանը, պատճառաբանելով, որ «հայցվորի կողմից դատարան չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջվել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը, և, որ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը», հայցը մերժել է։

Վերաքննիչ դատարանը, իր հերթին պատճառաբանելով, որ «բողոքարկվող վճռի բովանդակությունից հետևում է, որ Դատարանը հայցը մերժել է հայցվորի կողմից վկայակոչած փաստը՝ Պավել Սագսյանի մոտ այլ ակտիվների առկայությունը հավաստող ապացույց ներկայացված չլինելու պատճառաբանությամբ։ 16.11.2017 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Դատարանը որոշել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, կատարել է ապացուցման բեռի բաշխում:
Քննարկվող պարագայում, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կողմերը մասնակցել են տվյալ դատական նիստին, ավելին` հայցվորը նշել է, որ իր ձեռքի տակ առկա բոլոր ապացույցները ներկայացրել է հայցադիմումին կից», հետևություն է արել այն մասին, որ «Վերոգրյալ պատճառաբանության լույսի ներքո հերքվում են բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ Դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն, չի գնահատել հայցվորի կողմից ներկայացված գրավոր ապացույցները, ինչով էլ թույլ է տվել 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտում և չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը»:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «անհիմն են նաև բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ Դատարանը չի պահպանել 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջներն ու ճիշտ չի ընկալել հայցի առարկան, քանի որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, 20.04.2018 թվականին կայացնելով թիվ ԵԱԴԴ/0223/02/17 վճիռը, վճռի պատճառաբանական մասում նշել է Դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքներն ու իրավական ակտերը, որոնցով Դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս»:

Արդունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «քննարկվող պարագայում թիվ ԵԱԴԴ/0223/02/17 քաղաքացիական գործի նյութերում առկա են եղել բավարար ապացույցներ գործի քննության և ելքի որոշման համար, հետևաբար առկա չէ բողոքաբերի կողմից Դատարանին վերագրվող դատավարական և նյութական իրավունքի նորմերի որևէ խախտում»։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել սույն գործով ձեռք բերված ապացույցները, սխալ է որոշել կիրառման ենթակա իրավունքը՝ անտեսելով, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Դատարան հայցադիմում է ներկայացրել ոչ թե սնանկ ճանաչված Պավել Սարգսյանի պարտատերը, այլ՝ վերջինիս սնանկության գործով կառավարիչը՝ օգտվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից, ով հայցադիմումի իրավական հիմքում ճիշտ կերպով դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հենց 197-րդ և 199-րդ հոդվածները, որոնց վկայակոչմամբ հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցվորը, ի տարբերություն նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորման, չունի որևէ պարտականություն՝ ապացուցելու, որ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է։ Նշված փաստն ապացուցելու պարտականությունը ծագում է բացառապես պարտապանի պարտատիրոջ համար, ով, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված իրավունքից, հայց է ներկայացնում դատարան՝ ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջով։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի պատճառաբանությունների հետ, իր հերթին սխալ է որոշել կիրառման ենթակա իրավունքը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետը կիրառելու փոխարեն կիրառել է նույն օրենսգրքի 200-րդ հոդվածը, ինչի արդյունքում Կառավարչի վրա անհիմն կերպով դրվել է Պավել Սարգսյանի պարտավորությունները մարելու համար վերջինիս մոտ այլ գույքի անբավարարությունն ապացուցելու պարտականություն:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի դիսպոզիցիայի վավերապայմանները գործի փաստերի հետ համադրելու ու դրանք գնահատելու համար գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան

Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան