Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ2/0055/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ2/0055/05/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան  

Դատավորներ՝

Ա. Թովմասյան

  Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լյովա Քյալոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ Լյովա Քյալոյանի հայցի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավարի (այսուհետ` Համայնքի ղեկավար), ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստր) և Ռուբեն Գոքոյանի` որոշումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու ու որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լյովա Քյալոյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 27.10.2016 թվականի թիվ 14/1 և 25.11.2016 թվականի թիվ 23 որոշումները, որպես հետևանքներ` անվավեր ճանաչել անշարժ գույքի նկատմամբ 08.11.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 05.12.2016 թվականին Ռուբեն Գոքոյանի ու Համայնքի ղեկավարի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 08.12.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև Ռուբեն Գոքոյանին պարտավորեցնել քանդել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում կառուցված թիթեղյա ավտոտնակն ու դրա տակի վերգետնյա քարեբետոնյա հիմքը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 11.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2020 թվականի որոշմամբ Լյովա Քյալոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյովա Քյալոյանը (ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուբեն Գոքոյանը (ներկայացուցիչ Դավիթ Ասատրյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացի ժառանգությունն ընդունելու մասին նոտարին սահմանված կարգով դիմելուց, ժառանգության մասին վկայական ունենալուց, կամ նոտարական կամ դատական կարգով ժառանգությունն ընդունած լինելու իրավաբանական փաստի հաստատումից, գոյություն ունի նաև փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգությունն ընդունելու օրենսդրական հիմք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա է Համայնքի ղեկավարի 15.10.2018 թվականի թիվ Տ18/534 տեղեկանքն այն մասին, որ Լյովա Քյալոյանը մոր մահվանից հետո մինչ օրս իր ընտանիքի անդամների հետ միասին փաստացի տիրապետում և կառավարում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տունը, տնամերձ հողամասը և 6 կտոր առանձին հողամասեր, ինչպես նաև հողի հարկի ու գույքահարկի գծով պարտքեր չունի: Նշված ապացույցով հաստատվում է, որ Լյովա Քյալոյանն ընդունել է հանգուցյալ մոր ժառանգությունը:

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ չի հիմնավորել, որ Լյովա Քյալոյանը կարող է պատշաճ հայցվոր լինել միայն այն դեպքում, երբ պարտադիր հանդիսանա տան սեփականատեր:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ Լյովա Քյալոյանին զրկել է դատարանի մատչելիության իրավունքի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի գործնական իրացումից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքն ինքնին չի հանդիսանում ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունված լինելու փաստը հաստատող ապացույց, քանի որ այդ տեղեկանքը կարող է միայն օգտագործվել կա՛մ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81.1-րդ հոդվածով, կա՛մ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով սահմանված վարույթներով այդ փաստը հաստատելու միջոցով: Ժառանգությունը փաստացի տիրապետման ուժով ընդունված լինելու փաստը հաստատող ապացույցը նշված իրավաբանական փաստը հաստատող ժառանգության վկայականը կամ դատական ակտն է:

Ստորադաս վարչական դատարաններն իրավասու չեն վիճարկման հայցի շրջանակներում անդրադառնալ քաղաքացիական շրջանառության իրավունք հանդիսացող փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած համարելու փաստին, քանի որ այդ փաստը ենթակա չէ հաստատման վիճարկման պահանջների շրջանակներում, ինչպես նաև առանց շահագրգիռ անձանց ներգրավմամբ:

Համայնքի ղեկավարը չի հանդիսանում այն իրավասու անձը, որի կողմից տրված փաստաթղթով կարող է հաստատվել անձի կողմից ժառանգությունն ընդունված լինելու փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետում նշված «եթե այլ բան ապացուցված չէ» իրավական ձևակերպումը չի կարող իրականացվել սույն գործի շրջանակներում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է գրանցում, որի հիման վրա Փոփոլ Քալոյանին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում գտնվող 0,062հա մակերեսով հողամասի և 315,9քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 2-րդ, գ.թ. 79, 80).

2) Համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի 27.10.2016 թվականի թիվ 14/1 որոշմամբ Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում` Ռուբեն Գոքոյանի կողմից ինքնակամ կառուցած 41,2քմ մակերեսով ավտոլվացման կետը (ներքին մակերեսը 40,15քմ) և 0,00412հա մակերեսով զբաղեցրած հողատարածքը ճանաչվել են համայնքային սեփականություն, ու համայնքային սեփականություն ճանաչված Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում Ռուբեն Գոքոյանի կողմից ինքնակամ կառուցած 41,2քմ մակերեսով ավտոլվացման կետը (ներքին մակերեսը 40,15քմ) և 0,00412հա մակերեսով զբաղեցրած հողամասը ճանաչվել են օրինական` հողամասի գործառական նշանակությունը համապատասխանեցնելով շինության նպատակային նշանակությանը, և տրամադրվել է Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 20).

3) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 08.11.2016 թվականին կատարվել է գրանցում, որի հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքին նույն համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 0,00412հա մակերեսով հողամասի նկատմամբ տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 23).

4) Համայնքի ղեկավար Հ. Չիչոյանի 25.11.2016 թվականի թիվ 23 որոշմամբ գյուղ Սարուխան, Կարեն Դեմիրճյան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00412հա մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված ավտոլվացման կետը որոշվել է ուղղակի վաճառքով վաճառել այդ հողամասի վրա ինքնակամ կառույցն իրականացրած Ռուբեն Գոքոյանին (հատոր 1-ին, գ.թ. 21).

5) Ռուբեն Գոքոյանի` որպես գնորդի (մի կողմից), և Հ. Չիչոյանի` որպես վաճառողի (մյուս կողմից), միջև 05.12.2016 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ վաճառողը գնորդի սեփականությանն է հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 08.11.2016 թվականին տրված թիվ 08112016-05-0040 գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորն ամբողջությամբ (ավտոլվացման կետ) (հատոր 1-ին, գ.թ. 22).

6) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 08.12.2016 թվականին կատարվել է գրանցում, որի հիման վրա Ռուբեն Գոքոյանին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 0,00412հա մակերեսով հողամասի նկատմամբ տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 24).

7) Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ. Աբրահամյանի կողմից 10.11.2017 թվականին տրվել է թիվ 407 գրությունն այն մասին, որ Ռուբեն Գոքոյանին պատկանող ավտոլվացման կետի տարածքը նախկինում եղել է անօգտագործելի և լցված տարբեր ջրաբերուկներով, որը մաքրվել և բարեկարգվել է նրա կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 19).

8) Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ. Աբրահամյանի կողմից 15.10.2018 թվականին տրվել է թիվ տ18/534 տեղեկանքն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի, ինչպես նաև համայնքի տարածքում գտնվող թվով 6 կտոր առանձին հողամասերի սեփականատեր է հանդիսացել համայնքի բնակիչ Փոփոլ Քյալոյանը, ով մահացել է 28.03.2004 թվականին: Հանգուցյալ Փոփոլ Քյալոյանի մահվանից հետո նշված բնակելի տունը և տնամերձը, ինչպես նաև 6 կտոր առանձին հողամասերը փաստացի տիրապետում և կառավարում է նրա առաջին հերթի ժառանգ Լյովա Քյալոյանն իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին`

-կինը` Վարդանուշ Քյալոյան,

-որդին` Անդրանիկ Քյալոյան,

-հարսը` Արփինե Սիմոնյան,

-թոռը` Արեստ Քյալոյան,

-թոռը` Անի Քյալոյան:

Միաժամանակ նույն տեղեկանքում նշվել է, որ վերոնշյալ անշարժ գույքերի հետ կապված գույքահարկի և հողի հարկի գումարները միշտ վճարվել է Լյովա Քյալոյանի կողմից, և այդ հարկատեսակների գծով ներկա դրությամբ նա որևէ պարտք չունի (հատոր 2-րդ, գ.թ. 75).

9) Համայնքի ղեկավար Լ. Աբրահամյանի կողմից 21.01.2019 թվականին տրվել է թիվ Տ19/19 տեղեկանքն այն մասին, որ 2017 թվականի հունվարին խմելու ջրագիծը վնասվելու հետևանքով ջուրը լցվել է Սարուխան համայնքի բնակիչ Լյովա Քյալոյանի կարտոֆիլի հորը (բնակարանին կից)` փչացնելով հորում պահվող կարտոֆիլը (հատոր 3-րդ, գ.թ. 24).

10) Համայնքի ղեկավար Լ. Աբրահամյանի կողմից 22.11.2018 թվականին տրված թիվ Տ18/571 տեղեկանքի համաձայն՝ Ռուբեն Գոքոյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի բնակիչ է և նրա կողմից կառուցված ավտոլվացման կետից մինչև մոտակա պարիսպը 6,05մ է, իսկ մինչև Ա. Խաչիկյանի բնակարանը` 9,65մ է (հատոր 3-րդ, գ.թ. 26).

11) Համայնքի ղեկավար Լ. Աբրահամյանի կողմից 18.01.2019 թվականին տրվել է թիվ Տ19/12 տեղեկանքն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի անդամ Լյովա Քյալոյանի մոտով անցնող ջրի խցանված խողովակները մաքրելու նպատակով 2017 թվականին նրան տրամադրվել է ֆինանսական օգնություն (հատոր 3-րդ, գ.թ. 25).

12) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 09.06.2020 թվականին կատարվել է գրանցում, որի հիման վրա Լյովա Քյալոյանին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան և 0,062քմ մակերեսով հողամասի նկատմամբ տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական, որի համար հիմք է հանդիսացել 04.06.2020 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ներկայացվել է 24.06.2020 թվականին Վճռաբեկ դատարան մուտքագրված դիմումին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ժառանգության իրավահարաբերություններից բխող վեճերով սույն գործի փաստերի հաշվառմամբ անձին «շահագրգիռ անձ» համարելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգության իրավահարաբերություններից բխող վեճերով սույն գործի փաստերի հաշվառմամբ անձին «շահագրգիռ անձ» համարելու հարցին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ու վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն ու ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

Հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ անձանց՝ իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ: Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել (տե´ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի 27.10.2016 թվականի թիվ 14/1 որոշմամբ Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում Ռուբեն Գոքոյանի կողմից ինքնակամ կառուցած 41,2քմ մակերեսով ավտոլվացման կետը (ներքին մակերեսը 40,15քմ) և 0,00412հա մակերեսով զբաղեցրած հողատարածքը ճանաչվել են համայնքային սեփականություն, որից հետո՝ օրինական՝ հողամասի գործառական նշանակությունը համապատասխանեցնելով շինության նպատակային նշանակությանը։ Նշված գույքին տրամադրվել է Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյանի փողոց թիվ 1/1 հասցեն:

Վերը նշվածի հիման վրա 08.11.2016 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքին նույն համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 0,00412հա մակերեսով հողամասի նկատմամբ տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական, որից հետո Համայնքի ղեկավար Հ. Չիչոյանի 25.11.2016 թվականի թիվ 23 որոշմամբ Սարուխան գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0,00412հա մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված ավտոլվացման կետը որոշվել է ուղղակի վաճառքով վաճառել այդ հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձ Ռուբեն Գոքոյանին։ Արդյունքում Ռուբեն Գոքոյանի` որպես գնորդի (մի կողմից), և Հ. Չիչոյանի` որպես վաճառողի (մյուս կողմից), միջև 05.12.2016 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ վաճառողը գնորդի սեփականությանն է հանձնել Կադաստրի կողմից 08.11.2016 թվականին տրված թիվ 08112016-05-0040 գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորն ամբողջությամբ (ավտոլվացման կետ): 08.12.2016 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 0,00412հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Ռուբեն Գոքոյանի սեփականության իրավունքը:

Այժմ, Լյովա Քյալոյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 27.10.2016 թվականի թիվ 14/1 և 25.11.2016 թվականի թիվ 23 որոշումները, որպես հետևանք` անվավեր ճանաչել անշարժ գույքի նկատմամբ 08.11.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 05.12.2016 թվականին Ռուբեն Գոքոյանի ու Համայնքի ղեկավարի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 08.12.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև Ռուբեն Գոքոյանին պարտավորեցնել քանդել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1/1 հասցեում կառուցված թիթեղյա ավտոտնակն ու դրա տակի վերգետնյա քարեբետոնյա հիմքը:

Ներկայացված հայցի հիմքում Լյովա Քյալոյանը, ըստ էության, դրել է այն հանգամանքները, որ վիճարկվող վարչական ակտերով օրինական ճանաչված ավտոլվացման կետի շահագործման հետևանքով հեղեղների ժամանակ դրա գտնվելու վայրում ջուրը, դուրս գալով ափերից, թափանցում է իրեն պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տուն և տնամերձ հողամաս, ինչի հետևանքով վնասվում են ինչպես բնահողը, այնպես էլ՝ բնակելի տան պատերը:

Դատարանը, պատճառաբանելով, որ «Դատարանին չներկայացրեց որևէ ապացույց, որով կհաստատվեր Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ որևէ իրավունքի ծագման փաստը», և անդրադառնալով Համայնքի ղեկավարի կողմից 15.10.2018 թվականին տրված թիվ Տ18/534 տեղեկանքին, որը տեղեկություն է պարունակում, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի, ինչպես նաև համայնքի տարածքում գտնվող թվով 6 կտոր հողամասի սեփականատեր է հանդիսացել Փոփոլ Քյալոյանը, որի մահից հետո (մահացել է 28.03.2004 թվականին) նշված անշարժ գույքը փաստացի տիրապետում է Լյովա Քյալոյանը՝ իր ընտանիքի անդամների հետ միասին, գտել է, որ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով այն ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող ապացույց սույն գործով չի կարող հանդիսանալ, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված որևէ եղանակով ժառանգությունն ընդունելու փաստը կարող է հաստատվել օրենքով նախատեսված փաստաթղթերով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ, 1245-րդ հոդվածների, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81.1-ին հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդպիսիք կարող են հանդիսանալ ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու փաստը հաստատող ապացույցը, ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաև ժառանգությունն ընդունելու փաստի վերաբերյալ նոտարական կամ դատական ակտը»: Արդյունքում Դատարանն արձանագրել է, որ «սույն գործով ձեռնարկված միջոցների արդյունքում ձեռք չեն բերվել, իսկ հայցվորը՝ կրելով իր պահանջները հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, չի ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ունի իրական (ռեալ) իրավունքներ, որոնք ցանկանում է պաշտպանել: Նշվածից էլ ուղղակիորեն հետևում է, որ ներկայացված պահանջներով Հայցվորը չի հանդիսանում վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող պատշաճ սուբյեկտ»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Լյովա Քյալոյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ Դատարանի արտահայտած վերը նշված դիրքորոշումները համարելով իրավաչափ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս վեր է լուծել վկայակոչված հոդվածները: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը դրա արդյունքում արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։ Ուստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր uտանալու մաuին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր: Ընդ որում, ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ժառանգը գույքը տիրապետել և կառավարել է նաև մինչև ժառանգատուի մահը: Ժառանգման իրավահարաբ­երությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ ժառանգության զանգվածի մեջ մտնող որևէ գույք ժառանգման իրավունք ունեցող անձի փաստացի տիրապետման և կառավարման ներքո կարող է գտնվել նաև մինչև ժառանգության բացումը: Նման պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո՝ վեցամսյա ժամկետում (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի, ըստ էության, եզրահանգումն այն մասին, որ ժառանգությունն ընդունելու փաստը բացառապես կարող է հաստատվել ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, ժառանգության իրավունքի վկայագրով, ինչպես նաև ժառանգությունն ընդունելու փաստի վերաբերյալ նոտարական կամ դատական ակտով։

Ինչ վերաբերում է Լյովա Քյալոյանի կողմից Փոփոլ Քալոյանի ժառանգությունը փաստացի տիրապետելու եղանակով այն ընդունած լինելու փաստը Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ. Աբրահամյանի կողմից 15.10.2018 թվականին տրված թիվ տ18/534 տեղեկանքով հաստատված համարելու հնարավորությանը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում գտնվող 0,062հա մակերեսով հողամասի և 315,9քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցված է եղել Փոփոլ Քալոյանի սեփականության իրավունքը: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ. Աբրահամյանի կողմից 15.10.2018 թվականին տրվել է թիվ տ18/534 տեղեկանքն այն մասին, որ վերը նշված բնակելի տան և տնամերձ հողամասի, ինչպես նաև համայնքի տարածքում գտնվող թվով 6 կտոր առանձին հողամասերի սեփականատեր է հանդիսացել համայնքի բնակիչ Փոփոլ Քյալոյանը, ով մահացել է 28.03.2004 թվականին: Միաժամանակ հայտնվել է, որ հանգուցյալ Փոփոլ Քյալոյանի մահվանից հետո նշված բնակելի տունը և տնամերձը, ինչպես նաև 6 կտոր առանձին հողամասերը փաստացի տիրապետում և կառավարում է նրա առաջին հերթի ժառանգ Լյովա Քյալոյանն իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին: Բացի այդ, նույն տեղեկանքում նշվել է, որ վերոնշյալ անշարժ գույքի հետ կապված գույքահարկի և հողի հարկի գումարները միշտ վճարվել է Լյովա Քյալոյանի կողմից ու այդ հարկատեսակների գծով ներկա դրությամբ նա որևէ պարտք չունի:

Վերոգրյալի հիման վրա և վերը նշված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի իմաստով գրավոր ապացույց հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմնի` Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ. Աբրահամյանի կողմից 15.10.2018 թվականին տրված թիվ տ18/534 տեղեկանքով ուղղակի հաստատվում է (ապացուցվում է) այն փաստը, որ Փոփոլ Քալոյանի մահվանից հետո որպես վերջինիս առաջին հերթի ժառանգ հանդիսացող (նշված փաստը չի վիճարկվել) Լյովա Քյալոյանը, կատարելով ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանն ուղղված՝ վերը նշված տեղեկանքում թվարկված ակտիվ գործողությունները, Փոփոլ Քալոյանին պատկանած ժառանգական գույքն ընդունել է ժառանգությունն ընդունելու հետևյալ եղանակով՝ այն վերը նշված համապատասխան ժամանակահատվածից սկսելով փաստացի տիրապետել։

Ավելին` վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելուց հետո Լյովա Քյալոյանի կողմից Վճռաբեկ դատարան է ներկայացվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական, որով հավաստվում է, որ 09.06.2020 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Լյովա Արեստի Քյալոյանի անվամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, որի համար հիմք է հանդիսացել 04.06.2020 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հետազոտման արդյունքում պատշաճ չգնահատելով՝ իրավաբանական որակման չարժանացնելով Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ. Աբրահամյանի կողմից 15.10.2018 թվականին տրված թիվ տ18/534 տեղեկանքը, և արդյունքում կատարելով սխալ եզրահանգում և հետևություն՝ հերքել է այդ ապացույցը, որի հետևանքով նաև սխալ եզրահանգում է արել հայցվոր Լյովա Քյալոյանի՝ սույն գործով շահագրգիռ անձ չհանդիսանալու մասին։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան