Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

  Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0771/17/18

2021 թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0771/17/18

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

          

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. պետրոսյան

Ն. Տավարացյան

       

 2021 թվականի  մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հաջիկ Գելիջիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ միջնորդության «Վե-Կա-Էս Տեքստիլֆերէդելունգս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` թիվ ԴԻՍ-ՍՎ-ԿՌ-687/16 գործով` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հաջիկ Գելիջիի` գումարի բռնագանձման և պայմանագրային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, արբիտրաժային ընդդատության գերմանական ինստիտուտի 12.09.2017 թվականի վճիռը ճանաչելու և կատարումը թույլատրելու մասին,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

  

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել թիվ ԴԻՍ-ՍՎ-ԿՌ-687/16 գործով` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հաջիկ Գելիջիի` գումարի բռնագանձման և պայմանագրային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, արբիտրաժային ընդդատության գերմանական ինստիտուտի 12.09.2017 թվականի վճիռը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2019 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.05.2019 թվականի «Օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելու և կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը բեկանվել և փոփոխվել է` միջնորդությունը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Հաջիկ Գելիջին (ներկայացուցիչներ Դավիթ Դանելյան և Գնել Նազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

     

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ և 13-րդ հոդվածները, 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 95-րդ հոդվածի 5-րդ մասը, 99-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 369-րդ և 374-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, առանց հաշվի առնելու ներկայացուցչի լիազորագրում ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորության առկայությունը, դատավարական փաստաթղթերը, այն է՝ 09.08.2019 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը և 11.09.2019 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը ուղարկել է Հաջիկ Գելիջին` «ք. Երևան, Բրյուսովի 26» հասցեով։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաջիկ Գելիջիի ներկայացուցիչ Գնել Նազարյանն առանձին դիմումի տեսքով տեղեկացրել էր դատարանին իրեն ծանուցելու անհրաժեշտության և Հաջիկ Գելիջիի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու մասին։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաջիկ Գելիջիին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է իրականացներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները: Մինչդեռ, Հաջիկ Գելիջին, օրենքով սահմանված կարգով չծանուցվելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման մասին, փաստացի զրկվել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքից, քանի որ չունենալով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումը՝ փաստացի չի իրացրել բողոքի պատասխան ներկայացնելու իր իրավունքը:

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունքը ինչպես դատավարության մասնակցի առանցքային և հիմնական պաշտպանության եղանակներից է, այնպես էլ՝ արդյունավետ պաշտպանության միջոց է վերաքննիչ ատյանում։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնելու բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում, քանի որ ինչպես Հաջիկ Գելիջիին, այնպես էլ նրա ներկայացուցչին սահմանված կարգով չի ուղարկվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, որպիսի պարագայում վերաքննիչ բողոքի պատասխանի ներկայացման ժամկետը չի սկսել հոսել։ Հետևաբար, ժամկետի հոսքը սկսած չլինելու պայմաններում չէր կարող լրացած համարվել նաև բողոքի պատասխանի ներկայացման վերջնաժամկետը:

   

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.09.2019 թվականի որոշումը և «գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության»:

       

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1)  07.03.2018 թվականին Ընկերության կողմից դատարան ներկայացված միջնորդության ներածական մասում որպես պատասխանող Հաջիկ Գելիջիի ծանուցման հասցե նշված է` ««ՎԿՍ Արմենիա», ՍՊԸ, ք. Երևան, Գաջեգործների փողոց 1/1 և ք. Երևան, Բրյուսովի փող. 26» (հատոր 1-ին, գ.թ. 3):

2)  Գործով պատասխանող Հաջիկ Գելիջիի ներկայացուցիչ Գնել Նազարյանը 17.04.2018 թվականին դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ Հաջիկ Գելիջին հիմնականում գտնվում է արտերկրում և կարող է դատական ծանուցումներն օբյեկտիվ պատճառներով չստանալ, ուստի խնդրել է ծանուցումներն ուղարկել իրեն` «ք. Երևան, Բաղրամյան 3, 3-րդ հարկ, 24 սենյակ հասցեով» (հատոր 2-րդ, գ.թ. 9):

3)  Հաջիկ Գելիջիի կողմից փաստաբան Գնել Նազարյանին 09.04.2018 թվականին տրված լիազորագրի համաձայն` վերջինս լիազորվել է Հաջիկ Գելիջիի անունից ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով (հատոր 2-րդ, գ.թ. 10):

4)  Ընկերությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 27.06.2019 թվականի փոստային անդորրագիրը, որի համաձայն` վերաքննիչ բողոքի պատճենը Հաջիկ Գելիջիին ուղարկվել է «ԵՐԵՎԱՆ, ԲՐՅՈՒՍՈՎ 26» հասցեով (հատոր 3-րդ, գ.թ. 4):

5)  Վերաքննիչ դատարանը 09.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը Հաջիկ Գելիջիին ուղարկել է «Երևան, Բրյուսով 26» հասցեով: Հաջիկ Գելիջիին ուղարկված ծրարը վերադարձվել է Վերաքննիչ դատարան՝ «Տեղափոխված» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 32, 33):

6)   Վերաքննիչ դատարանը 11.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ» որոշումը Հաջիկ Գելիջիին կրկին ուղարկել է «Երևան, Բրյուսով 26» հասցեով: Հաջիկ Գելիջիին ուղարկված ծրարը վերադարձվել է Վերաքննիչ դատարան՝ «Տեղափոխված» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 43, 44):

            

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի, 99-րդ հոդվածի 3-րդ մասի, 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 374-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ ատյանում դատավարական փաստաթղթերը գործին մասնակցող անձանց պատշաճ ուղարկելու (հանձնելու), և ըստ այդմ՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման իրավական հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն.

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրն ուղարկում է` 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով. 2) (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ, նույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման հարցին (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Հունանյանի, Զորիկ Ալեքսանյանի և մյուսների թիվ ԿԴ2/0481/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.07.2020 թվականի որոշումները):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները, դրանց համակցության լույսի ներքո անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` (1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը, (2) որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններին, նշել է, որ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում (տե'ս, ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Հայկ Ջավախյանն ընդդեմ Վարդան Աբրահամյանի թիվ ԵԿԴ/0612/04/16 սնանկության գործով 16.04.2019 թվականի որոշմամբ անդրադարձել է վերաքննության փուլում դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների իրավահավասարության սկզբունքների պահպանությանն այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ նաև փաստել է, որ օրենսդիրն ապահովել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտ նախադրյալներ դատավարության մասնակցի համար` սահմանելով, որ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ի տարբերություն վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշման, որպիսի եզրահանգման վերաքննիչ դատարանը կարող է գալ նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները որպես կանոն քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ  այն դեպքերի երբ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ վերաքննիչ դատարանը եկել է համապատասխան եզրահանգման բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտության մասին։ Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի  պատասխանում, իսկ որպես վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետ՝ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ կամ 5-րդ օրը` կախված բողոքարկվող դատական ակտի տեսակից:

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: (…) (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ  օրենսդիրը կարևորելով քաղաքացիական դատավարության բոլոր փուլերում մրցակցության և իրավահավասարության սկզբունքների իրականացումը, վերաքննիչ վարույթի հարուցման փուլում (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը) գործին մասնակցող անձանց ընձեռել է հավասար հնարավորություն իրականացնելու իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ, մի կողմին հնարավորություն տալով վերաքննիչ բողոքի միջոցով օրենքով սահմանված ժամկետում և կարգով բողոքարկելու դատական ակտը, մյուս կողմին՝ համապատասխանաբար, իրավունք է վերապահել ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան: Միաժամանակ, օրենսդիրը վերաքննիչ ատյանի համար սահմանել է պարտականություն վերաքննիչ վարույթը հարուցելիս, այն է՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս և այն գործին մասնակցող անձանց ուղարկելիս, վերջիններիս նաև տեղեկացնել օրենքով սահմանված ժամկետում և կարգով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին: Ընդ որում, վերաքննիչ դատարանն իրավասու է վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշում կայացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, իսկ  գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնել միայն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման կարգավորումն ինքնանպատակ չէ, այն կոչված է վերաքննիչ վարույթի հարուցման փուլում ապահովելու վերը նշված սկզբունքների լիարժեք իրականացումը: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից գործին մասնակցող անձանց դատավարական համապատասխան փաստաթղթերի (օր.՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը) հանձնման (ուղարկման) ընթացակարգի պահպանումը և դրա պատշաճ իրականացումն ունեն էական նշանակություն:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե′ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0351/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը): Այլ կերպ ասած, քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչ վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում կայացնելը` վերաքննիչ դատարանը պետք է համոզվի, որ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել են հավասար հնարավորություններ` իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար: Այսինքն` պետք է լրացած լինի վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը, որի համար անհրաժեշտ նախապայման է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատշաճ ուղարկումը (հանձնումը) գործին մասնակցող անձին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու իրավունքը կարող է ծագել ինչպես վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, մինչդեռ վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու իրավունքը ծագում է միայն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է միայն օրենքով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը գործին մասնակցող անձանց պատշաճ ուղարկելուց (հանձնելուց) հետո:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնող անձի կողմից փաստացի չստանալու դեպքում վերաքննիչ դատարանը պետք է ապահովի այդ որոշման ուղարկումը (հանձնումը) գործին մասնակցող անձին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը:

  Սույն գործի փաստերի համաձայն` 07.03.2018 թվականին Ընկերության կողմից դատարան ներկայացված միջնորդության ներածական մասում որպես պատասխանող Հաջիկ Գելիջիի ծանուցման հասցե նշված է` ««ՎԿՍ Արմենիա», ՍՊԸ, ք. Երևան, Գաջեգործների փողոց 1/1 և ք. Երևան, Բրյուսովի փող. 26»:

  Գործում առկա 17.04.2018 թվականի դիմումով Հաջիկ Գելիջիի ներկայացուցիչ Գնել Նազարյանը Դատարանին հայտնել է, որ Հաջիկ Գելիջին հիմնականում գտնվում է արտերկրում և կարող է դատական ծանուցումներն օբյեկտիվ պատճառներով չստանալ, ուստի խնդրել է ծանուցումներն ուղարկել իրեն`«ք. Երևան, Բաղրամյան 3, 3-րդ հարկ, 24 սենյակ» հասցեով:

  Հաջիկ Գելիջիի կողմից փաստաբան Գնել Նազարյանին 09.04.2019 թվականին տրված լիազորագրով, վերջինս լիազորվել է Հաջիկ Գելիջիի անունից ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը:

  Վերաքննիչ դատարանը 09.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը Հաջիկ Գելիջիին ուղարկել է «Երևան, Բրյուսով 26» հասցեով, ուղարկված ծրարը վերադարձվել է Վերաքննիչ դատարան՝ «Տեղափոխված» նշումով:

  Վերաքննիչ դատարանը 11.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ» որոշումը Հաջիկ Գելիջիին կրկին ուղարկել է «Երևան, Բրյուսով 26» հասցեով, ուղարկված ծրարը կրկին վերադարձվել է Վերաքննիչ դատարան «Տեղափոխված» նշումով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի պահպանել վերը նշված դատավարական փաստաթղթերը Հաջիկ Գելիջիին պատշաճ ուղարկելու (հանձնելու) կարգը: Մասնավորապես, Հաջիկ Գելիջիին «Երևան, Բրյուսով 26» հասցեով ուղարկված` «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ ծրարը «Տեղափոխված» նշումով վերադարձվելուց հետո Վերաքննիչ դատարանը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունները, այն է`«Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը չի ուղարկել Հաջիկ Գելիջիի վերջին հայտնի բնակության վայրի` Երևան քաղաքի Բրյուսով 26 հասցեի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում չի տեղադրել հրապարակային ծանուցում, որ վերոհիշյալ դատավարական փաստաթուղթը դեպոնացված է դատարանում` դրան ծանոթանալու նպատակով: Արդյունքում, Հաջիկ Գելիջին չի տեղեկացվել վերաքննիչ վարույթում իր գործի քննության մասին:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ միայն վերոհիշյալ գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրը «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը Հաջիկ Գելիջիին կհամարվեր հանձնված, որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը Հաջիկ Գելիջիին հանձնված համարվելուն հաջորդող 5-րդ օրը կլրանար վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը և Վերաքննիչ դատարանն իրավունք կունենար կայացնելու վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է Հաջիկ Գելիջիի կողմից փաստաբան Գնել Նազարյանին 09.04.2019 թվականին տրված լիազորագիրը, համաձայն որի`վերջինս լիազորվել է Հաջիկ Գելիջիի անունից ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթեր, ուստի Վերաքննիչ դատարանը բավարար հիմք է ունեցել 09.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումն ուղարկել նաև Հաջիկ Գելիջիի ներկայացուցիչ Գնել Նազարյանին` վերջինիս նշած «ք. Երևան, Բաղրամյան 3, 3-րդ հարկ, 24 սենյակ» հասցեով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ Հաջիկ Գելիջին տեղյակ է եղել իր գործի վերաքննության մասին, որպիսի պայմաններում վերջինս զրկվել է նաև օրենքով վերապահված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր իրավունքից:

Բացի այդ, Հաջիկ Գելիջիին ուղարկված ծրարները վերադարձվելուց հետո Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները չկատարելու պայմաններում, սույն գործով չի ապահովվել նաև Հաջիկ Գելիջիի վերաքննիչ վարույթում լսված լինելու իրավունքը, որը սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացված լինելու հանգամանքի հաշվառմամբ պետք է ապահովվեր վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի երաշխավորմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Հաջիկ Գելիջիի լսված լինելու իրավունքի խախտումն իր հերթին հանգեցրել է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության և մրցակցության սկզբունքների խախտման:

 Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասը, 99-րդ հոդվածի 3-րդ մասը, 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 374-րդ հոդվածի 3-րդ մասը 371-րդ հոդվածի 3-րդ մասը, թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ սահմանափակելով Հաջիկ Գելիջիի` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:  

         

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

              

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

  Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

        

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

      

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

          

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. պետրոսյան

Ն. Տավարացյան

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: