Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-141-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.12/62(586) Հոդ.973
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների կեսից ավելին: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները սկսվում են փաստաբանների գրանցմամբ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները մեկ օրից ավելի տևելու դեպքում փաստաբանների գրանցումը կատարվում է յուրաքանչյուր օր:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել գաղտնի քվեարկության իրականացման այլ դեպքեր:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատի խորհրդի անդամն ընտրվում է փաստաբանների կազմից վարկանիշային կարգով գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի: Փաստաբանների պալատի խորհուրդը կազմված է տասնմեկ անդամից և խորհրդի նախագահից:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը «փաստաբանների կազմից» բառերից հետո լրացնել «վարկանիշային կարգով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը «ստաժ ունեցող» բառերից հետո լրացնել «վարկանիշային կարգով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:

Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ:

Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131-րդ հոդվածով.

«Հոդված 131. Վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը

 

Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում:

Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:»:

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ընտրվում է փաստաբանների պալատի նախագահի ընտրության՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։».

2) հինգերորդ մասի «երկու երրորդի» բառերը փոխարինել «կեսի» բառով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  Նախագահ
 

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 3
Երևան
ՀՕ-141-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան