ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1563-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-01324.08.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-013-24.08.2021-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, համաձայն որի՝ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման պահանջների համաձայն՝ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում են գերատեսչական հոսպիտալային և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովները, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունները նման փորձաքննություն չեն իրականացնում: Բացի այդ, օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում, իսկ քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման հիմքը սահմանված է օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում, բժշկական օգնության և սպասարկման պայմանները և չափորոշիչները, սոցիալական փաթեթի առողջապահական ուղղությունը սահմանված են ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի N 318-Ն, 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն և 2013 թ. հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներով, դրանց շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացվում է հրապարակային օֆերտայի պայմանագրով սահմանված կարգով՝ պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով՝ ֆինանսական փոխհատուցումն իրականացնելով փաստացի մատուցված ծառայությունների ծավալին համապատասխան, որի պարագայում համապատասխան շահառուներին բժշկական օգնությունը և սպասարկումը փաստացի իրականացվում է դիմելու կամ ուղեգրման հիմքով՝ առանց հերթագրման:
Միաժամանակ օրենքի նախագծով առաջարկվող լրացման բովանդակությունը չի համապատասխանում օրենքի նախագծի հիմնավորմամբ ներկայացված օրենքի նախագծի ընդունման նպատակին, քանի որ փաստացի սահմանում է այլ հարաբերություններ, քան օրենքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կարգավորումներն են, որի արդյունքում օրենքի նախագծի ընդունման պարագայում կստեղծվի իրավիճակ, երբ զինծառայողները, առանց առաջնային կարգով ռազմաբժշկական հաստատություններում հետազոտում և (կամ) բուժում անցնելու, կդիմեն քաղաքացիական բուժհաստատություններ՝ դրանով իսկ խաթարելով թե օրենքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ու դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի պահանջների իրացումը, և թե զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման գործընթացը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով լրացվող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|