Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-114-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2005-21.04.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.761
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների պետական հաշվառման, շահագործման և վարման իրավունքի տրամադրման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

Հոդված 2. Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների մասին օրենսդրությունը

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտորներ, հացահատիկահավաք և կերահավաք կոմբայններ և ինքնագնաց խոտհնձիչներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար.

տրակտորներ՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ (որոնց հետ ագրեգատավորվում են մեքենաներ ու գործիքներ՝ համապատասխան աշխատանքներ կատարելու համար), ինչպես նաև ընդհանուր նշանակության տրակտորներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության բոլոր տեսակի մեքենայացված աշխատանքներ կատարելու համար (վար, ցանք, կուլտիվացիա, սրսկում, հարթեցում և այլն).

ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաներ՝ հացահատիկահավաք կոմբայններ, կերահավաք մեքենաներ, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչով և կարող են ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաև մելիորատիվ մեքենաներ, որոնք օգտագործվում են հողերի մակերեսային ու արմատական բարելավման և հիդրոմելիորատիվ աշխատանքներում.

տեխնիկական զննում՝ տեխնիկական միջոցառում, որով ստուգվում են գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության վիճակը և անվտանգ շահագործման պատրաստականությունը։


Գ Լ ՈՒ Խ  2

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ


Հոդված 4. Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների պետական հաշվառման պայմանները, գյուղատնտեսական տեխնիկայի պետական միասնական համարանիշների տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկան ենթակա է պարտադիր պետական հաշվառման (այսուհետ՝ հաշվառում)։

2. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերը պարտավոր են տեխնիկան ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` 15-օրյա ժամկետում, դիմել գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը` այն հաշվառման վերցնելու համար:

3. Հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ և տեխնիկական վկայագիր, որի ձևը հաստատում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)։

4. Առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը և հաշվառումից հանելը

1. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին ներկայացնել`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.

դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.

ե) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.

զ) ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝ պետական գրանցման վկայագիր։

Տեխնիկական վկայագիրն ստորագրում և կնքում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:

2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից տեխնիկական վիճակի զննում անցկացնելուց հետո:

Տեխնիկական զննումն իրականացվում է տեխնիկայի գրանցման կամ շահագործման վայրում:

Տեխնիկական զննման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի՝ պետական կառավարման լիազորված մարմնում։

4. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է՝

ա) գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման դեպքում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման դեպքում.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի խոտանման դեպքում:

Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը վերադարձվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:

Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը։

Հոդված 6. Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրումը

1. Գյուղատնտեսական տեխնիկան ըստ տեսակների, նշանակության, ղեկավարման և շահագործման առանձնահատկությունների ու ճարմանդային հզորությունների դասակարգվում է՝ «A», «B», «C», «D», «E» և «F» խմբերի՝

«A» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչև 14 կիլոնյուտոն (մինչև 80 ձիաուժ շարժիչի հզորություն).

«B» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (80 ձիաուժ շարժիչից) բարձր հզորություն.

«C» խումբ` ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ.

«D» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են մեխանիկական շարժահաղորդումով.

«E» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ շարժահաղորդումով.

«F» խումբ` մելիորատիվ մեքենաներ, այդ թվում` մինչև 0,65 խմ շերեփի տարողությամբ էքսկավատորներ: 

2. Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգեր։

Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի դասակարգվում են՝

երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» և «C» խմբերին դասվող տրակտորները.

երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» և «D» խմբերին դասվող տրակտորները և գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.

առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին պատկանող տրակտորները, ինքնագնաց, մելիորատիվ մեքենաները։

3. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն տրակտորների ու ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը։

4. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 7. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական տալու ընթացակարգը

1. Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել 18 տարին լրացած անձանց։

2. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը մինչև քննության օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր). 

գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.

դ) երկու լուսանկար 3 x 4 սմ չափի.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը՝ վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում։

Դիմումի ձևը հաստատում է լիազորված մարմինը։

3. Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում անձը զրկվում է որակավորման քննություններին մասնակցելու իրավունքից:

4. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված խմբի գյուղատնտեսական տեխնիկա։

5. Տրակտորիստ-մեքենավարի դասընթացներն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթուղթն իրավունք չի տալիս վարելու գյուղատնտեսական տեխնիկա։

6. Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական՝ հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը։

7. Տրակտորիստ - մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա և վկայականների գրանցամատյանում ստորագրելուց հետո։

8. 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի իրավունք ձեռք բերելու նպատակով դիմող վարորդական վկայական ունեցող անձինք ազատվում են ճանապարհային երթևեկության կանոնների քննություն հանձնելուց:

9. Առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է:

Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի զննումը և շահագործումը

1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման տեխնիկական անսարքությունների հայտնաբերման և կանխման նպատակով տարին մեկ անգամ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունն իրականացնում է հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննում:

2. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության տարածքային մարմին ներկայացնել՝

ա) գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագիրը.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննում կատարելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի և բնապահպանական վճարների անդորրագրերը:

3. Տեխնիկական զննման ժամանակ ճշտվում է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին։

4. Տեխնիկական զննման ժամանակ պարտադիր ստուգման է ենթարկվում արգելակների, ղեկային մեխանիզմի, լուսավորման և ազդանշանային համակարգերի սարքինությունը, անիվների և թրթուրների տեխնիկական վիճակը:

5. Տեխնիկական զննման ենթարկված գյուղատնտեսական տեխնիկայի համար տրվում է լիազորված մարմնի հաստատած ձևի կտրոն՝ տեխնիկական զննում անցնելու ժամկետի գրանցումով, որն ամրացվում է խցիկի դիմային ապակու ներքևի աջ անկյունում ներսի կողմից և չի հանվում մինչև նոր կտրոն ստանալը:

6. Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումը թույլատրվում է միայն տեխնիկական զննումից հետո:

7. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար։


Գ Լ ՈՒ Խ  3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի պահանջները խախտելու կամ չկատարելու դեպքում անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-114-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.11.2017, ՀՕ-203-Ն 23.12.2017, ՀՕ-114-Ն
19.03.2012, ՀՕ-32-Ն 21.04.2012, ՀՕ-114-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան