Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/9375/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/9375/05/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան  

Դատավորներ՝

Ա. Առաքելյան

 

Կ. Մաթևոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալվինա Գյուլումյանի ներկայացուցիչ Անժելա Ենգիբարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալվինա Գյուլումյանի ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հայցվորին հավելավճար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալվինա Գյուլումյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի (646.000 դրամ) 130 տոկոսի չափով, այն է՝ 840.047 ՀՀ դրամ՝ սկսած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 18.01.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.01.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվինա Գյուլումյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-ի մասին համապատասխան 01.07.2014 թվականի դրությամբ հայցվորն արդեն իսկ ունեցել է 29 տարվա դատավորի փորձառություն (ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի 11 տարվա փորձառությունը), ուստի վերջինիս աշխատավարձի հավելավճարի չափը պետք է կազմեր մինչ այդ պահը սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված հիմնական աշխատավարձի 130 տոկոսը, քանի որ հավելավճարն այդ ժամանակ դատավորի փորձառության առաջին 5 տարվա համար կազմել է 10 տոկոս, իսկ հետագա յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոս: 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը, 01.07.2014 թվականի դրությամբ զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսացել է պետական պաշտոն զբաղեցնող անձ, ուստի վերը նշված անցումային դրույթը կիրառելի է հայցվորի նկատմամբ, որպիսի պայմաններում նրա աշխատավարձի նկատմամբ հավելավճարի չափը ենթակա է հաշվարկման ոչ թե «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, այլ՝ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.01.2019 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ալվինա Գյուլումյանի թիվ 1488809 աշխատանքային գրքույկի համաձայն` Ալվինա Գյուլումյանը 1985-1996 թվականներին պաշտոնավարել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես ՀՀ գերագույն դատարանի անդամ, 05.02.1996 թվականին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, 10.06.2003 թվականին դադարեցվել են նրա՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

2) ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացության համաձայն՝ Ալվինա Գյուլումյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 02.04.2003 թվականին ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդդելի 05.09.2018 թվականի գրության համաձայն` 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն Ալվինա Գյուլումյանն աշխատել է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր (հատոր 1-ին, գ.թ. 19-21, 36):

3) Ալվինա Գյուլումյանի թիվ 1488809 աշխատանքային գրքույկի համաձայն` 02.08.2014 թվականին Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

4) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 08.10.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Ալվինա Գյուլումյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր նշանակվելուց, նրա պաշտոնն ստանձնելուց հետո, 01.11.2014 թվականից հաստիքային աշխատավարձը կազմել է 793.680 ՀՀ դրամ, հավելումը ստաժի համար՝ 238.104 ՀՀ դրամ՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով (հատոր 1-ին, գ.թ. 54):

5) Ալվինա Գյուլումյանը 18.04.2018 թվականի գրությամբ (դիմումը ստացվել է 21.05.2018 թվականին) դիմել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին՝ աշխատավարձի հավելավճարը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 18):

6) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 14.08.2018 թվականի գրությամբ Ալվինա Գյուլումյանի դիմումը մերժվել է` հղում կատարելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 12.06.2018 թվականի գրությանը, ըստ որի՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը հայցվորի նկատմամբ կիրառելի չէ (հատոր 1-ին, գ.թ. 24):

7) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 12.06.2018 թվականի գրությամբ վերոգրյալ դիրքորոշումը պատճառաբանվել է նրանով, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը վերաբերում է 01.07.2014 թվականի դրությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց, մինչդեռ 01.07.2014 թվականի դրությամբ Ալվինա Գյուլումյանի զբաղեցրած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, պետական պաշտոն չի համարվում (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահին անձի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքն ինքնին բացառում է այդ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառումը նրա նկատմամբ՝ հետագայում (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո) Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ աշխատավարձի իրավունք ենթադրող պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 04.11.1950 թվականին և ուժի մեջ մտել 03.09.1953 թվականին: 21.01.1959 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդատվական ժողովի կողմից ընտրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) առաջին անդամները, 18.09.1959 թվականին ընդունվել է դատարանի Կանոնակարգը, իսկ 01.11.1998 թվականին ուժի մեջ է մտել Կոնվենցիայի թիվ 11 արձանագրությունը՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հիմնելով «նոր դատարանը»1: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 25.01.2001 թվականին և վավերացրել 26.04.2002 թվականին:

Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի դատավորների թիվը հավասար է Բարձր պայմանավորվող կողմերի թվին։

Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (...)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվել է Եվրոպական դատարանը (Կոնվենցիայի 19-րդ հոդված), որի գործառույթների իրականացմանն են մասնակցում Կոնվենցիայի անդամների թվին հավասար թվով դատավորներ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր թիվ 2009 (2014) բանաձևում հաստատել է, որ Եվրոպական դատարանի հեղինակությունն ու արդյունավետությունը կախված են նաև դրա դատավորների իրական անկախությունից ու անաչառությունից2։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր թիվ 1914 (2013) բանաձևում նշել է, որ Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարումը պետք է ներառվի ազգային աշխատանքային փորձառության մեջ՝ որպես դատական կամ այլ աշխատանքային գործունեություն3։ Ընդ որում, ազգային աշխատանքային փորձառության մեջ Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ճանաչման կարևորությունն ընդգծել է նաև Եվրոպական դատարանը: Բացի այդ, վերջինիս դիրքորոշման համաձայն՝ սկզբունքային հարց է այն, որ Եվրոպական դատարանի նախկին դատավորներին պետք է վերաբերվել ոչ պակաս բարենպաստ, քան ազգային դատավորներին: Անհրաժեշտ է, որ Եվրոպական դատարանի նախկին դատավորներին տրվեն ողջամիտ և գործնական հնարավորություններ՝ շարունակելու իրենց կարիերան ազգային մակարդակում՝ պատշաճ կերպով հաշվի առնելով Եվրոպական դատարանում նրանց ծառայությունը4։

Եվրոպական դատարանն ընդգծել է, որ ամենաբարձր մասնագիտական որակական հատկանիշներով թեկնածուների համար Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի գրավչությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է երաշխավորել մասնագիտական հեռանկարների ապահովությունը՝ նրանց լիազորությունների ժամկետի ավարտից հետո5։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր հերթին Կոնվենցիայի անդամ պետություններին կոչ է արել պատշաճ կերպով անդրադառնալ Եվրոպական դատարանի դատավորների կարգավիճակին նրանց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո՝ ձգտելով ապահովել նախկին դատավորների զբաղեցրած պաշտոնին համապատասխանող մակարդակում կարիերայի հեռանկարները, որքանով դա հնարավոր է կիրառելի ազգային օրենսդրության շրջանակներում6:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի գործառույթների պատշաճ իրականացումն առաջին հերթին պայմանավորված է դատավորների անկախությամբ, անաչառությամբ և բարձր մասնագիտական ունակություններով։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այս տեսանկյունից առանցքային նշանակություն ունի կենսաթոշակի տարիքի չհասած, Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորների համար մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու կանխատեսելի և բարենպաստ պայմանների ապահովումը։ Նշվածը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ Եվրոպական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ զբաղեցնում է գործունեության բարձր երաշխիքներ ենթադրող պետական պաշտոն։ Հետագայում՝ Եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո, մասնագիտական աշխատանքային գործունեությունն ազգային մակարդակում շարունակելու հարցում անորոշությունը և հնարավոր անբարենպաստ պայմանները կարող են էապես նվազեցնել Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի գրավչությունը, ինչը չի բխում այդ դատարանի կազմում բարձր մասնագիտական ունակություններով դատավորների ներգրավումը, նրանց անկախությունը և անաչառությունն ապահովելու անհրաժեշտությունից։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակի տարիքի չհասած, Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորների համար պետք է ապահովվեն նրանց մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու կանխատեսելի և բարենպաստ պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ ազգային ժողովի կողմից 12.12.2013 թվականին ընդունվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը (օրենքի վերնագիրը փոփոխվել է 23.03.2018 թվականի ՀՕ-209-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին), նախկինում՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք), որն ուժի մեջ է մտել 01.07.2014 թվականին։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հետևյալ անձանց վրա.

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. վարչական պաշտոն զբաղեցնող,

գ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

դ. ինքնավար պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի անդամների,

ե. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներից են պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը, հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է նույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև նույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

Համանման կարգավորում առկա էր նաև մինչև 09.04.2018 թվականն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, այն է՝ վերը նշված օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հստակեցնում է, որ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերնագրով 11-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Նույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրացուցիչ աշխատավարձի աճի և մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված լրավճարների հետ կապված հարաբերությունների վրա: Ընդ որում, նույն մասով նախատեսված լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ներդրել է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ։ Մասնավորապես՝ այն ենթադրում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի հետևյալ կառուցվածքը. աշխատավարձը կազմված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Ընդ որում, լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները, որոնք չեն կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

Օրենսդիրը վերը նշված օրենքի առանձին հոդվածով անդրադարձել է նաև սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին (նախկինում՝ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին) վճարվող հավելավճարին՝ ամրագրելով, որ վերջիններիս դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Ընդ որում, նրանց վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը, այն է՝ հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:

Միաժամանակ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատավարձի հաշվարկմանն առնչվող՝ վերը նշված իրավակարգավորումները կարող են հանգեցնել առանձին անձանց սոցիալական ապահովության երաշխիքների վատթարացման, օրենսդիրը սահմանել է անցումային դրույթ, համաձայն որի՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը։ Ընդ որում, այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահին անձը զբաղեցրել է Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը և Հայաստանի Հանրապետությունում չի ստացել լրացուցիչ աշխատավարձ, դեռևս չի նշանակում, որ այդ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասն այդ անձի նկատմամբ չի կարող կիրառվել հետագայում Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ աշխատավարձի իրավունք ենթադրող պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավանորմի կիրառելիության հարցը պարզելիս անհրաժեշտ է նաև կոնկրետ գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ գնահատել, թե արդյոք Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորի նկատմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը կլիներ կիրառելի, եթե նա չզբաղեցներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը։ Այս իրավանորմի միայն նման մեկնաբանությունը կարող է ապահովել, որ Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորը մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու պայմանների հարցում չհայտնվի ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չզբաղեցնելու դեպքում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ալվինա Գյուլումյանը 1985-1996 թվականներին պաշտոնավարել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես ՀՀ գերագույն դատարանի անդամ, 05.02.1996 թվականին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, իսկ 10.06.2003 թվականին դադարեցվել են նրա՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացության համաձայն՝ Ալվինա Գյուլումյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 02.04.2003 թվականին ընտրվել է Եվրոպական դատարանի դատավոր, իսկ Եվրոպական դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդդելի 05.09.2018 թվականի գրության համաձայն` 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն Ալվինա Գյուլումյանն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր։ Այդ ընթացքում Ալվինա Գյուլումյանը 02.08.2014 թվականին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, իսկ Եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, և ըստ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 08.10.2018 թվականի տեղեկանքի, 01.11.2014 թվականից հետո նրա հաստիքային աշխատավարձը կազմել է 793.680 ՀՀ դրամ, հավելումը ստաժի համար՝ 238.104 ՀՀ դրամ՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։

Ալվինա Գյուլումյանը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի (646.000 դրամ) 130 տոկոսի չափով, այն է՝ 840.047 ՀՀ դրամ՝ սկսած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից:

Դատարանը բավարարել է Ալվինա Գյուլումյանի հայցը` պատճառաբանելով, որ հայցվորը, 01.07.2014 թվականի դրությամբ զբաղեցնելով Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսացել է պետական պաշտոն զբաղեցնող անձ, ուստի անցումային դրույթը կիրառելի է հայցվորի նկատմամբ, որպիսի պայմաններում նրա աշխատավարձի նկատմամբ հավելավճարի չափը ենթակա է հաշվարկման ոչ թե «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, այլ՝ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Միաժամանակ Դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից հայցվորին հիմնական աշխատավարձի նկատմամբ հավելավճար հաշվարկելիս պետք է հաշվի առնվի այն փաստական հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-ի մասին համապատասխան 01.07.2014 թվականի դրությամբ հայցվորն արդեն իսկ ունեցել է 29 տարվա դատավորի փորձառություն (ներառյալ Եվրոպական դատարանում դատավորի 11 տարվա փորձառությունը), ուստի վերջինիս աշխատավարձի հավելավճարի չափը պետք է կազմեր մինչ այդ պահը սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված հիմնական աշխատավարձի 130 տոկոսը, քանի որ հավելավճարն այդ ժամանակ դատավորի փորձառության առաջին 5 տարվա համար կազմել է 10 տոկոս, իսկ հետագա յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոս:

Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` ամբողջությամբ մերժել է Ալվինա Գյուլումյանի հայցը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը հայցվորի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ 01.07.2014 թվականի դրությամբ Ալվինա Գյուլումյանը, հանդիսանալով Եվրոպական դատարանի դատավոր, չի ունեցել և չէր կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ նշանակված լրացուցիչ աշխատավարձ, որը պահպանվեր նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանում դատավորի լիազորությունները դադարելուց հետո Ալվինա Գյուլումյանը զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, և նրա հավելավճարը հաշվարկվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հնարավոր առավելագույն՝ 30 տոկոսի չափով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը կարող էր կիրառվել Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, թե՝ ոչ։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ալվինա Գյուլումյանը 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվականը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, իսկ 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր։ Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուն անմիջապես հաջորդել է Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում։ Ընդ որում, թեև Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ նախագահի 10.06.2003 թվականի թիվ ՆՀ-45-Ա հրամանագրում նշված է Ալվինա Գյուլումյանի լիազորությունները միայն իր դիմումի համաձայն դադարեցնելու մասին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել էր դեռ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացությունում ուղղակիորեն նշվել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները Եվրոպական դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի համաձայն կարող են դադարեցվել։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքները, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամներն ինչպես 1995 թվականի, այնպես էլ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության համաձայն անփոփոխելի են (96-րդ հոդված), և 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության գործողության պայմաններում նշանակված ՀՀ սահմանադրական դատարանի անդամները, համաձայն նախկինում գործող իրավակարգավորումների, պետք է պաշտոնավարեին մինչև 70 տարին լրանալը (1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդված և 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չստանձնելու դեպքում այլ հավասար պայմաններում Ալվինա Գյուլումյանը (ծնվել է 20.01.1956 թվականին՝ հատոր 1-ին, գ.թ. 14) կպաշտոնավարեր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում (դրա իրական հնարավորություն կունենար) նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 01.07.2014 թվականի դրությամբ։

Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 01.06.2006 թվականին ընդունված և 01.07.2006 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 12-րդ հոդվածի համաձայն՝ (…) սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվում է նաև հավելավճար՝ սահմանադրական դատարանի անդամի, դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժից ելնելով՝ դատավորների համար նախատեսված կարգով։

17.06.1998 թվականին ընդունված և 12.01.1999 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 18.05.2007 թվականին) «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար՝ առաջին հինգ տարիների համար՝ յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը՝ տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ հինգական տոկոսի չափով։

21.02.2007 թվականին ընդունված և 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) ՀՀ դատական օրենսգրքի՝ մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 75-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար. առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով։

Միաժամանակ, ինչպես նշվեց, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին (նախկինում՝ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին) դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, որը, սակայն, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։ Իսկ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:

Վերոգրյալ իրավակարգավորումների հիման վրա, սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալվինա Գյուլումյանը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չստանձնելու դեպքում մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելն այլ հավասար պայմաններում կունենար հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցող, հաշվարկված լրացուցիչ աշխատավարձ (այն է՝ հավելավճար), ընդ որում, նույնիսկ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածն այդ հաշվարկում չներառելու դեպքում (դատավորի և սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում աշխատանքի 18 տարվա (Գերագույն դատարանի անդամ՝ 1985-1996 թվականներ, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ՝ 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվական) ստաժ)։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Ալվինա Գյուլումյանի՝ ոչ թե որևէ այլ գործունեությամբ զբաղվելու, այլ Եվրոպական դատարանի դատավոր հանդիսանալու հանգամանքը։ Ընդ որում, Եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, որում նշանակվել էր դեռ այն ժամանակ, երբ Եվրոպական դատարանի դատավոր էր։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողի կողմից «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը հայցվորի նկատմամբ չկիրառելու հիմքում ըստ էության միայն դրվել է այդ օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Ալվինա Գյուլումյանի՝ Եվրոպական դատարանի դատավոր հանդիսանալու հանգամանքը, ինչը համահունչ չէ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, քանի որ Ալվինա Գյուլումյանին՝ որպես Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորի, չի տալիս իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու լիարժեք հնարավորություն, մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու պայմանների հարցում Ալվինա Գյուլումյանը հայտնվում է ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ, եթե չստանձներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը։

Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական օրենքը «Սահմանադրական դատարանի մասին» (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) 88-րդ հոդվածի 5.2-րդ մասի համաձայն` մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:

ՀՀ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:

ՀՀ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 26-ին և նշված օրվանից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (դատավոր) Ալվինա Գյուլումյանի լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված, և պաշտոնավարումը դադարել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվականը, 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր, այնուհետև 02.08.2014 թվականին Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ` մինչև 26.06.2020 թվականը:

Տվյալ դեպքում մինչև Եվրոպական դատարանի դատավոր նշանակվելը Ալվինա Գյուլումյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում պաշտոնավարել է ընդհանուր 7 տարի 4 ամիս տևողությամբ, որից հետո 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր, վերջինս կրկին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 02.08.2014 թվականին և նրա լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված ու պաշտոնավարումը դադարել է 26.06.2020 թվականին, այսինքն՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարումը դադարեցվելուց հետո, որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Ալվիա Գյուլումյանը պաշտոնավարել է ևս 5 տարի 10 ամիս ժամկետով:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասը` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամ (դատավոր) Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման տևողությունը հաշվարկվել է ոչ պակաս 12 տարի և վերջինիս լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված, իսկ պաշտոնավարումը` դադարած, տվյալ դեպքում հաշվարկվել է մինչև Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում վերջինիս պաշտոնավարումը և Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարումից հետո ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման տարիների հանրագումարը, որն ավել է 12 տարուց, ինչից հետևում է, որ օրենսդիր մարմնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածը որպես պետական պաշտոնի ստաժի ընդհատում չի գնահատվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է միայն իրավական նորմում «պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից», մինչդեռ՝ պահանջվում է, որպեսզի իրավական ակտն ընդունող մարմնի նպատակը բացահայտվի օրենսդրությամբ ամրագրված անհրաժեշտ բաղադրիչների համալիր վերլուծությամբ, հաշվի առնելով ոչ միայն բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը, այլև իրավական ակտով սահմանված սկզբունքները, իսկ դրանց բացակայության դեպքում, իրավունքի անալոգիայի հենքով տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքները։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներ» վերտառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով օրենսդիրն իր կամքն արտահայտել է նաև ամրագրելով համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրության սկզբունքը։ Նշված օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը հայցվորի նկատմամբ չկիրառելու դեպքում հայցվորը ՀՀ սահմանադրական դատարանի համարժեք աշխատանք և փորձառություն ունեցող մյուս դատավորներից պակաս վարձատրություն է ստանում։ Մինչդեռ, քննարկվող դեպքում, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի պահանջներին համահունչ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքը պարտավորեցնում է զերծ մնալ տարբերակված մոտեցումներից։ 

Վերաքննիչ դատարանն այդ համատեքստում հաշվի չի առել նաև այն փաստական հանգամանքը, որ 01072014 թվականի դրությամբ հայցվորը զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնին համարժեք պաշտոն՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոն։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները (խոսքը վերաբերում է կենսաթոշակի իրավունքին) տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի վրա: Նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով որդեգրել է մոտեցում, ըստ որի՝ ներպետական դատավորի համար սահմանված սոցիալական երաշխիքները mutatis mutandis տարածվում են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի վրա:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով օրենսդրի մոտեցման տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի կարգավիճակը՝ սոցիալական իրավունքների և սոցիալական երաշխիքների առումով հավասարեցվել է ներպետական դատավորի կարգավիճակին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2014 թվականի հունիսի 27-ի 2051 /2014/ հանձնարարականով անդամ պետություններին հորդորել է պատշաճ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Եվրոպական դատարանի նախկին դատավորները հնարավորություն ունենան պահպանելու իրենց պաշտոնեական կարգավիճակն այն մակարդակով, որը համապատասխանում է նախկինում նրանց զբաղեցրած պաշտոնին: Նշված հանձնարարականի տրամաբանությունից բխում է, որ ներպետական դատավորի պաշտոն զբաղեցնող անձի ընտրությունը Եվրոպական դատարանի պաշտոնում չի ընդհատում այդ անձի՝ դատավորի փորձառության ընթացքը: Ավելին, նշված հանձարարականում խոսքը վերաբերում է նախկինում ունեցած կարգավիճակին համարժեք «կարգավիճակի» պահպանմանը, ինչը վերաբերում է ոչ միայն պաշտոնին, այլ նաև նախկինում ունեցած սոցիալական երաշխիքներին և դրանց պահպանմանն ու շարունակականության ապահովմանը: Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի փորձառության երկու ժամանակահատվածների՝ 1996-2003 թվականների և 2014-2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելը չի կարող հայցվորի նկատմամբ տարբերակված մոտեցման հիմք հանդիսանալ։

Նշվածն արդեն իսկ բավարար է արձանագրելու համար, որ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը ենթակա էր կիրառման։

Ինչ վերաբերում է լրացուցիչ աշխատավարձի (այն է՝ հավելավճարի) հաշվարկմանը, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ տվյալ դեպքում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում փորձառությունը նույնպես պետք է համարվի դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժ, հետևաբար ներառվի Ալվինա Գյուլումյանի լրացուցիչ աշխատավարձի (այն է՝ հավելավճարի) հաշվարկում։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հենց այս մոտեցումն է ընկած նաև 07.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքում, որի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի (…) պաշտոնում պաշտոնավարումը։

Փաստորեն, Ալվինա Գյուլումյանը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 01.07.2014 թվականի դրությամբ ունեցել է դատավորի և սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում աշխատանքի 29 տարվա ստաժ։

Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուն անմիջապես հաջորդել է Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում։ Ընդ որում, թեև Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ նախագահի 10.06.2003 թվականի թիվ ՆՀ-45-Ա հրամանագրում նշված է Ալվինա Գյուլումյանի լիազորությունները միայն իր դիմումի համաձայն դադարեցնելու մասին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել էր դեռ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացությունում ուղղակիորեն նշվել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները Եվրոպական դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի համաձայն կարող են դադարեցվել։

Նման պայմաններում հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (01.07.2014 թվական) ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը կազմել է 646.190 ՀՀ դրամ («Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 26.12.2002 թվականին, ուժի մեջ է մտել 01.07.2003 թվականին, ուժը կորցրել է 01.07.2014 թվականին) 2.1-րդ հոդված), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ալվինա Գյուլումյանի լրացուցիչ աշխատավարձի (այն է՝ հավելավճարի) հաշվարկը պետք է կատարվի՝ հիմք ընդունելով այդ դրույքաչափի 130 տոկոսը (առաջին 5 տարիների համար 2-ական տոկոս (ընդամենը՝ 10 տոկոս) + 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոս), այն է՝ 840.047 ՀՀ դրամ։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ալվինա Գյուլումյանը պահանջել է իրեն վճարել հավելավճար 840.047 ՀՀ դրամի չափով՝ սկսած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում, ինչպես նշվեց, Ալվինա Գյուլումյանի՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի և մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորումների կիրառմամբ հաշվարկված և վճարված հավելավճարի ամսական ընդհանուր չափը պետք է կազմի 840.047 ՀՀ դրամ: Մինչդեռ Ալվինա Գյուլումյանի համար արդեն իսկ հաշվարկվել և նրան վճարվել է հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առավելագույն հնարավոր չափով, այն է՝ նրա աշխատավարձի 30 տոկոսի չափով (238.104 ՀՀ դրամ): Դա նշանակում է, որ հայցադիմումում նշված պահից՝ 09.04.2018 թվականից, Ալվինա Գյուլումյանին պետք է լրացուցիչ վճարվի հավելավճար ոչ թե ամսական 840.047 ՀՀ դրամի չափով (ինչպես պահանջում է հայցվորը), այլ՝ ամսական 840.047 ՀՀ դրամի և արդեն իսկ վճարված հավելավճարի (238.104 ՀՀ դրամ) տարբերության չափով, այն է՝ 601.943 ՀՀ դրամ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալվինա Գյուլումյանի հայցը հիմնավոր է մասնակի, այն է՝ 09.04.2018 թվականից 840.047 ՀՀ դրամի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով վճարված հավելավճարի տարբերությունը, այն է՝ 601.943 ՀՀ դրամը վճարելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով։ Մնացած՝ 09.04.2018 թվականից 840.047 ՀՀ դրամի՝ հայցվորին արդեն իսկ վճարված 238.104 ՀՀ դրամի չափով հավելավճար վճարելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով, հայցն անհիմն է և ենթակա է մերժման։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերը նրանց միջև։ Իսկ նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ` դատավարական) հետևանքով առաջացել են դատական ծախսեր։

Հաշվի առնելով, որ Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, ինչի արդյունքում հայցը բավարարվում է մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ.

Ալվինա Գյուլումյանը հայցադիմում ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունը պետք է համաչափորեն դրվի միաժամանակ թե՛ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի և թե՛ Ալվինա Գյուլումյանի վրա: Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով համաչափորեն բաշխել նշված դատական ծախսը, եզրակացնում է, որ պատասխանող ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է հայցվոր Ալվինա Գյուլումյանին հատուցել հայցադիմումի համար վերջինիս կողմից արդեն իսկ վճարված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի կեսը՝ 2.000 ՀՀ դրամը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք։ Նշված դատական ծախսը կրելու պարտականությունը պետք է համաչափորեն դրվի միաժամանակ թե՛ Ալվինա Գյուլումյանի և թե՛ ՀՀ ֆինանսների նախարարության վրա։ Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով համաչափորեն բաշխել նշված դատական ծախսը, եզրակացնում է, որ հայցվոր Ալվինա Գյուլումյանը պետք է երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարությանը հատուցեր վերաքննիչ բողոքի համար վերջինիս կողմից արդեն իսկ վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի կեսը՝ 5.000 ՀՀ դրամը։

Մյուս կողմից, Ալվինա Գյուլումյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու միջոցով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու անհրաժեշտությունն Ալվինա Գյուլումյանի համար առաջացել է երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվելու, դրա արդյունքում հայցը բավարարելու մասին Դատարանի վճիռը բեկանվելու, այն փոփոխվելու և հայցը մերժվելու հետևանքով, ուստի վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գծով դատական ծախսն առաջացել է երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության դատավարական գործողության հետևանքով։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով համաչափորեն բաշխել նշված դատական ծախսը, եզրակացնում է, որ երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է հայցվոր Ալվինա Գյուլումյանին հատուցեր վճռաբեկ բողոքի համար վերջինիս կողմից արդեն իսկ վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի կեսը՝ 10.000 ՀՀ դրամը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով անհրաժեշտ է Ալվինա Գյուլումյանին ազատել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի կեսի (5.000 ՀՀ դրամ) հատուցումից, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությանն ազատել Ալվինա Գյուլումյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի մասի հատուցումից՝ միևնույն՝ 5.000 ՀՀ դրամի չափով։ Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով նշված մասով պետական տուրքերի հատուցման հարցը պետք է համարել լուծված, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Ալվինա Գյուլումյանի բռնագանձել 5.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում հատուցման ենթակա, չհաշվանցված գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել մասնակիորեն՝ պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 840.047 ՀՀ դրամի և արդեն իսկ վճարված հավելավճարի տարբերության, այն է՝ 601.943 ՀՀ դրամի չափով, իսկ հայցը՝ մնացած մասով, մերժել։

2. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարից հօգուտ Ալվինա Գյուլումյանի բռնագանձել 2.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում հատուցման ենթակա գումար:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Ալվինա Գյուլումյանի բռնագանձել 5.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում հատուցման ենթակա, չհաշվանցված գումար։

Վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և Ալվինա Գյուլումյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի բաշխման հարցը՝ մնացած մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

_________________________

1 https://www.coe.int/hy/web/yerevan/european-court-of-human-rights

2 http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=21086&lang=en

3 https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=19396&lang=en

4 DH-SYSC-I(2017)011 (https://rm.coe.int/steering-committee-for-human-rights-cddh-committee-of-experts-on-the-s/168071442e)

5 DH-SYSC-I(2017)011 (https://rm.coe.int/steering-committee-for-human-rights-cddh-committee-of-experts-on-the-s/168071442e)

6 CM/Del/Dec(2014)1195/4.3 (https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016805c6113#globalcontainer)

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

1106.2021թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/9375/05/18 վարչական գործով 11.06.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.06.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Ալվինա Գյուլումյանի (ներկայացուցիչ Անժելա Ենգիբարյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալվինա Գյուլումյանի ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հայցվորին հավելավճար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել մասնակիորեն՝ պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 840.047 ՀՀ դրամի և արդեն իսկ վճարված հավելավճարի տարբերության, այն է՝ 601.943 ՀՀ դրամի չափով, իսկ հայցը՝ մնացած մասով, մերժել։

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Արտակ Բարսեղյանս, Սուրեն Անտոնյանս և Էդգար Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Ալվինա Գյուլումյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի (646.000 դրամ) 130 տոկոսի չափով, այն է՝ 840.047 ՀՀ դրամ՝ սկսած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից:

Դատարանը բավարարել է Ալվինա Գյուլումյանի հայցը` պատճառաբանելով, որ հայցվորը, 01.07.2014 թվականի դրությամբ զբաղեցնելով Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսացել է պետական պաշտոն զբաղեցնող անձ, ուստի անցումային դրույթը կիրառելի է հայցվորի նկատմամբ, որպիսի պայմաններում նրա աշխատավարձի նկատմամբ հավելավճարի չափը ենթակա է հաշվարկման ոչ թե «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, այլ՝ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Միաժամանակ Դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից հայցվորին հիմնական աշխատավարձի նկատմամբ հավելավճար հաշվարկելիս պետք է հաշվի առնվի այն փաստական հանգամանքը, որ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան 01.07.2014 թվականի դրությամբ հայցվորն արդեն իսկ ունեցել է 29 տարվա դատավորի փորձառություն (ներառյալ Եվրոպական դատարանում դատավորի 11 տարվա փորձառությունը), ուստի վերջինիս աշխատավարձի հավելավճարի չափը պետք է կազմեր մինչ այդ պահը սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված հիմնական աշխատավարձի 130 տոկոսը, քանի որ հավելավճարն այդ ժամանակ դատավորի փորձառության առաջին 5 տարվա համար կազմել է 10 տոկոս, իսկ հետագա յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոս:

Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և, բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` ամբողջությամբ մերժել է Ալվինա Գյուլումյանի հայցը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը հայցվորի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ 01.07.2014 թվականի դրությամբ Ալվինա Գյուլումյանը, հանդիսանալով Եվրոպական դատարանի դատավոր, չի ունեցել և չէր կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ նշանակված լրացուցիչ աշխատավարձ, որը պահպանվեր նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը:

 

Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը կարող էր կիրառվել Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, թե՝ ոչ, մասնավորապես արձանագրել է հետևյալը

«(․․․) Ալվինա Գյուլումյանը 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվականը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, իսկ 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր։ Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուն անմիջապես հաջորդել է Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում։ Ընդ որում, թեև Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ նախագահի 10.06.2003 թվականի թիվ ՆՀ-45-Ա հրամանագրում նշված է Ալվինա Գյուլումյանի լիազորությունները միայն իր դիմումի համաձայն դադարեցնելու մասին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել էր դեռ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացությունում ուղղակիորեն նշվել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները Եվրոպական դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի համաձայն կարող են դադարեցվել։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքները, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամներն ինչպես 1995 թվականի, այնպես էլ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության համաձայն անփոփոխելի են (96-րդ հոդված), և 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության գործողության պայմաններում նշանակված ՀՀ սահմանադրական դատարանի անդամները, համաձայն նախկինում գործող իրավակարգավորումների, պետք է պաշտոնավարեին մինչև 70 տարին լրանալը (1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդված և 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չստանձնելու դեպքում այլ հավասար պայմաններում Ալվինա Գյուլումյանը (ծնվել է 20.01.1956 թվականին՝ հատոր 1-ին, գ.թ. 14) կպաշտոնավարեր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում (դրա իրական հնարավորություն կունենար) նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 01.07.2014 թվականի դրությամբ։

(․․․) 01.06.2006 թվականին ընդունված և 01.07.2006 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 12-րդ հոդվածի համաձայն՝ (…) սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվում է նաև հավելավճար՝ սահմանադրական դատարանի անդամի, դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժից ելնելով՝ դատավորների համար նախատեսված կարգով։

17.06.1998 թվականին ընդունված և 12.01.1999 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 18.05.2007 թվականին) «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար՝ առաջին հինգ տարիների համար՝ յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը՝ տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ հինգական տոկոսի չափով։

21.02.2007 թվականին ընդունված և 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) ՀՀ դատական օրենսգրքի՝ մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 75-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար. առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով։

Միաժամանակ, ինչպես նշվեց, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին (նախկինում՝ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին) դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, որը, սակայն, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։ Իսկ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:

(․․․) Ալվինա Գյուլումյանը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չստանձնելու դեպքում մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելն այլ հավասար պայմաններում կունենար հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցող, հաշվարկված լրացուցիչ աշխատավարձ (այն է՝ հավելավճար), ընդ որում, նույնիսկ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածն այդ հաշվարկում չներառելու դեպքում (դատավորի և սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում աշխատանքի 18 տարվա (Գերագույն դատարանի անդամ՝ 1985-1996 թվականներ, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ՝ 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվական) ստաժ)։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Ալվինա Գյուլումյանի՝ ոչ թե որևէ այլ գործունեությամբ զբաղվելու, այլ Եվրոպական դատարանի դատավոր հանդիսանալու հանգամանքը։ Ընդ որում, Եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, որում նշանակվել էր դեռ այն ժամանակ, երբ Եվրոպական դատարանի դատավոր էր։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողի կողմից «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը հայցվորի նկատմամբ չկիրառելու հիմքում ըստ էության միայն դրվել է այդ օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Ալվինա Գյուլումյանի՝ Եվրոպական դատարանի դատավոր հանդիսանալու հանգամանքը, ինչը համահունչ չէ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, քանի որ Ալվինա Գյուլումյանին՝ որպես Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորի, չի տալիս իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու լիարժեք հնարավորություն, մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու պայմանների հարցում Ալվինա Գյուլումյանը հայտնվում է ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ, եթե չստանձներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը։

Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական օրենքը «Սահմանադրական դատարանի մասին» (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) 88-րդ հոդվածի 5.2-րդ մասի համաձայն` մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:

ՀՀ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:

ՀՀ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 26-ին և նշված օրվանից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (դատավոր) Ալվինա Գյուլումյանի լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված, և պաշտոնավարումը դադարել է:

(․․․) ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվականը, 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր, այնուհետև 02.08.2014 թվականին Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ` մինչև 26.06.2020 թվականը:

Տվյալ դեպքում մինչև Եվրոպական դատարանի դատավոր նշանակվելը Ալվինա Գյուլումյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում պաշտոնավարել է ընդհանուր 7 տարի 4 ամիս տևողությամբ, որից հետո 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր, վերջինս կրկին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 02.08.2014 թվականին և նրա լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված ու պաշտոնավարումը դադարել է 26.06.2020 թվականին, այսինքն՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարումը դադարեցվելուց հետո, որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Ալվիա Գյուլումյանը պաշտոնավարել է ևս 5 տարի 10 ամիս ժամկետով:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասը` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամ (դատավոր) Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման տևողությունը հաշվարկվել է ոչ պակաս 12 տարի և վերջինիս լիազորությունների ժամկետը համարվել է ավարտված, իսկ պաշտոնավարումը` դադարած, տվյալ դեպքում հաշվարկվել է մինչև Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում վերջինիս պաշտոնավարումը և Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարումից հետո ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման տարիների հանրագումարը, որն ավել է 12 տարուց, ինչից հետևում է, որ օրենսդիր մարմնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածը որպես պետական պաշտոնի ստաժի ընդհատում չի գնահատվել:

(․․․) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է միայն իրավական նորմում «պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից», մինչդեռ՝ պահանջվում է, որպեսզի իրավական ակտն ընդունող մարմնի նպատակը բացահայտվի օրենսդրությամբ ամրագրված անհրաժեշտ բաղադրիչների համալիր վերլուծությամբ, հաշվի առնելով ոչ միայն բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը, այլև իրավական ակտով սահմանված սկզբունքները, իսկ դրանց բացակայության դեպքում, իրավունքի անալոգիայի հենքով տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքները։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներ» վերտառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով օրենսդիրն իր կամքն արտահայտել է նաև ամրագրելով համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրության սկզբունքը։ Նշված օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը հայցվորի նկատմամբ չկիրառելու դեպքում հայցվորը ՀՀ սահմանադրական դատարանի համարժեք աշխատանք և փորձառություն ունեցող մյուս դատավորներից պակաս վարձատրություն է ստանում։ Մինչդեռ, քննարկվող դեպքում, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի պահանջներին համահունչ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքը պարտավորեցնում է զերծ մնալ տարբերակված մոտեցումներից։ 

Վերաքննիչ դատարանն այդ համատեքստում հաշվի չի առել նաև այն փաստական հանգամանքը, որ 01072014 թվականի դրությամբ հայցվորը զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնին համարժեք պաշտոն՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոն։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները (խոսքը վերաբերում է կենսաթոշակի իրավունքին) տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի վրա: Նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով որդեգրել է մոտեցում, ըստ որի՝ ներպետական դատավորի համար սահմանված սոցիալական երաշխիքները mutatis mutandis տարածվում են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի վրա:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով օրենսդրի մոտեցման տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի կարգավիճակը՝ սոցիալական իրավունքների և սոցիալական երաշխիքների առումով հավասարեցվել է ներպետական դատավորի կարգավիճակին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2014 թվականի հունիսի 27-ի 2051 /2014/ հանձնարարականով անդամ պետություններին հորդորել է պատշաճ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Եվրոպական դատարանի նախկին դատավորները հնարավորություն ունենան պահպանելու իրենց պաշտոնեական կարգավիճակն այն մակարդակով, որը համապատասխանում է նախկինում նրանց զբաղեցրած պաշտոնին: Նշված հանձնարարականի տրամաբանությունից բխում է, որ ներպետական դատավորի պաշտոն զբաղեցնող անձի ընտրությունը Եվրոպական դատարանի պաշտոնում չի ընդհատում այդ անձի՝ դատավորի փորձառության ընթացքը: Ավելին, նշված հանձարարականում խոսքը վերաբերում է նախկինում ունեցած կարգավիճակին համարժեք «կարգավիճակի» պահպանմանը, ինչը վերաբերում է ոչ միայն պաշտոնին, այլ նաև նախկինում ունեցած սոցիալական երաշխիքներին և դրանց պահպանմանն ու շարունակականության ապահովմանը: Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի փորձառության երկու ժամանակահատվածների՝ 1996-2003 թվականների և 2014-2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելը չի կարող հայցվորի նկատմամբ տարբերակված մոտեցման հիմք հանդիսանալ։

Նշվածն արդեն իսկ բավարար է արձանագրելու համար, որ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը ենթակա էր կիրառման։

Ինչ վերաբերում է լրացուցիչ աշխատավարձի (այն է՝ հավելավճարի) հաշվարկմանը, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ տվյալ դեպքում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում փորձառությունը նույնպես պետք է համարվի դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժ, հետևաբար ներառվի Ալվինա Գյուլումյանի լրացուցիչ աշխատավարձի (այն է՝ հավելավճարի) հաշվարկում։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հենց այս մոտեցումն է ընկած նաև 07.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքում, որի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի (…) պաշտոնում պաշտոնավարումը։

Փաստորեն, Ալվինա Գյուլումյանը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 01.07.2014 թվականի դրությամբ ունեցել է դատավորի և սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում աշխատանքի 29 տարվա ստաժ։

Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուն անմիջապես հաջորդել է Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում։ Ընդ որում, թեև Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ նախագահի 10.06.2003 թվականի թիվ ՆՀ-45-Ա հրամանագրում նշված է Ալվինա Գյուլումյանի լիազորությունները միայն իր դիմումի համաձայն դադարեցնելու մասին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել էր դեռ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացությունում ուղղակիորեն նշվել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները Եվրոպական դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի համաձայն կարող են դադարեցվել։

Նման պայմաններում հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (01.07.2014 թվական) ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը կազմել է 646.190 ՀՀ դրամ («Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 26.12.2002 թվականին, ուժի մեջ է մտել 01.07.2003 թվականին, ուժը կորցրել է 01.07.2014 թվականին) 2.1-րդ հոդված), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ալվինա Գյուլումյանի լրացուցիչ աշխատավարձի (այն է՝ հավելավճարի) հաշվարկը պետք է կատարվի՝ հիմք ընդունելով այդ դրույքաչափի 130 տոկոսը (առաջին 5 տարիների համար 2-ական տոկոս (ընդամենը՝ 10 տոկոս) + 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոս), այն է՝ 840.047 ՀՀ դրամ։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ալվինա Գյուլումյանը պահանջել է իրեն վճարել հավելավճար 840.047 ՀՀ դրամի չափով՝ սկսած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում, ինչպես նշվեց, Ալվինա Գյուլումյանի՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի և մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորումների կիրառմամբ հաշվարկված և վճարված հավելավճարի ամսական ընդհանուր չափը պետք է կազմի 840.047 ՀՀ դրամ: Մինչդեռ Ալվինա Գյուլումյանի համար արդեն իսկ հաշվարկվել և նրան վճարվել է հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առավելագույն հնարավոր չափով, այն է՝ նրա աշխատավարձի 30 տոկոսի չափով (238.104 ՀՀ դրամ): Դա նշանակում է, որ հայցադիմումում նշված պահից՝ 09.04.2018 թվականից, Ալվինա Գյուլումյանին պետք է լրացուցիչ վճարվի հավելավճար ոչ թե ամսական 840.047 ՀՀ դրամի չափով (ինչպես պահանջում է հայցվորը), այլ՝ ամսական 840.047 ՀՀ դրամի և արդեն իսկ վճարված հավելավճարի (238.104 ՀՀ դրամ) տարբերության չափով, այն է՝ 601.943 ՀՀ դրամ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալվինա Գյուլումյանի հայցը հիմնավոր է մասնակի, այն է՝ 09.04.2018 թվականից 840.047 ՀՀ դրամի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով վճարված հավելավճարի տարբերությունը, այն է՝ 601.943 ՀՀ դրամը վճարելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով։ Մնացած՝ 09.04.2018 թվականից 840.047 ՀՀ դրամի՝ հայցվորին արդեն իսկ վճարված 238.104 ՀՀ դրամի չափով հավելավճար վճարելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով, հայցն անհիմն է և ենթակա է մերժման»։

 

Համաձայն չենք Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման հետ և գտնում ենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը տվյալ դեպքում չի կարող կիրառվել Ալվինա Գյուլումյանի նկատմամբ հետևյալ պատճառաբանությամբ

ՀՀ ազգային ժողովի կողմից 12.12.2013 թվականին ընդունվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը (օրենքի վերնագիրը փոփոխվել է 23.03.2018 թվականի ՀՕ-209-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին), նախկինում՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք), որն ուժի մեջ է մտել 01.07.2014 թվականին։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հետևյալ անձանց վրա.

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. վարչական պաշտոն զբաղեցնող,

գ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

դ. ինքնավար պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի անդամների,

ե. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներից են պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը, հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է նույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերնագրով 11-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: (…):

07.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորն ունի իր 65 տարին լրանալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք: Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային ծառայության անցնելու դեպքերի: (...)

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի վրա:

Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը:

Գտնում ենք, որ օրենսդիրը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ներդրել է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ։ Մասնավորապես՝ այն ենթադրում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետևյալ կառուցվածքը. աշխատավարձը կազմված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Ընդ որում, լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները, որոնք չեն կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

Օրենսդիրը վերը նշված օրենքի առանձին հոդվածով անդրադարձել է նաև սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին (նախկինում՝ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին) վճարվող հավելավճարին՝ ամրագրելով, որ վերջիններիս դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Ընդ որում, նրանց վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը, այն է՝ հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:

Միաժամանակ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատավարձի հաշվարկմանն առնչվող՝ վերը նշված իրավակարգավորումները կարող են հանգեցնել առանձին անձանց սոցիալական ապահովության երաշխիքների վատթարացման, օրենսդիրը սահմանել է անցումային դրույթ, համաձայն որի՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը։ Ընդ որում, այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:

Գտնում ենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը գործում է այն պարագայում, երբ այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին անձը զբաղեցրել է պետական ծառայության պաշտոն և Հայաստանի Հանրապետությունում ստացել է լրացուցիչ աշխատավարձ, հակառակ պարագայում նշված օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասն այդ անձի նկատմամբ չի կարող կիրառվել, հետևաբար չի կարող կիրառվել նաև հետագայում Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ աշխատավարձի իրավունք ենթադրող պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում։

Այսինքն` օրենսդրի կողմից սահմանված վերոնշյալ անցումային նորմի նպատակն է կարգավորել այն հարաբերությունները, որոնք արդեն իսկ ծագած են եղել պետական պաշտոն զբաղեցնող անձի համար մինչև լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգի փոփոխությունը (մինչև 01.07.2014 թվականը) և այդ պահին գործել են։ Այն կոչված է իրավական վիճակի վատթարացումից պաշտպանելու այն անձանց, ովքեր լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգի փոփոխության ժամանակ ստացել են որոշակի չափով լրացուցիչ աշխատավարձ։ Հետևաբար այն անձինք, ովքեր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին ստանում էին որոշակի չափով լրացուցիչ աշխատավարձ, քննարկվող նորմի ուժով պետք է շարունակեին ստանալ առնվազն նույն չափով լրացուցիչ աշխատավարձ։ Փաստորեն, այս նորմը չի կարգավորում արդեն կամ դեռևս գոյություն չունեցող հարաբերություններ, որոնք վերաբերում են արդեն կամ դեռևս չվճարվող/վճարման ոչ ենթակա լրացուցիչ աշխատավարձին։

Անդրադառնալով Դատական օրենսգրքով սահմանված դատավորի աշխատավարձի և սոցիալական երաշխիքների վերաբերյալ նորմերին, հարկ ենք համարում արձանագրել, որ

ա) դատավորի աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար

բ) ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի, ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը համարվում է դատավորի փորձառություն,

բ) ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորն ունի 65 տարին լրանալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով կենսաթոշակ ստանալու նույն իրավունքը, որպիսին նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորի համար:

Վերը նշված կարգավորումներից հետևում է, որ ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորը չի կարող օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորի համար սահմանված բոլոր սոցիալական իրավունքներից և երաշխիքներից: Մասնավորապես` ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորն իրավունք ունի օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորի համար սահմանված` կենսաթոշակային` 65 տարին լրանալիս, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով, կենսաթոշակ ստանալու իրավունքից:

Գտնում ենք, որ Դատական օրենսգիրքն ուղղակիորեն սահմանել է այն կոնկրետ դեպքը, երբ որ ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի սոցիալական երաշխիքը և իրավունքը նույնացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորի կարգավիճակի հետ: Այսինքն` Դատական օրենսգրքով նախատեսված սոցիալական իրավունքներն ու երաշխիքները, ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի նկատմամբ հավասարեցված են բացառապես կենսաթոշակ ստանալու իրավունքի համար: Հակառակ դեպքում օրենսդիրը Դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 7-րդ մասում հղում չէր կատարի նույն հոդվածի միայն 3-րդ մասին, որը բացառապես վերաբերում է կենսաթոշակի իրավունքին և տարիքին: Նման պայմաններում գտնում ենք, որ օրենսդրի կողմից ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի համար հիմնական կամ լրացուցիչ աշխատավարձ ստանալու հնարավորություն չի սահմանվել, որից էլ հետևում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթով սահմանված իրավակարգավորումը կարող է կիրառվել միայն նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ աշխատավարձի իրավունք ենթադրող պետական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ։

Տվյալ դեպքում Եվրոպական դատարանում դատավորի լիազորությունները դադարելուց հետո Ալվինա Գյուլումյանը զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, և նրա հավելավճարը հաշվարկվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հնարավոր առավելագույն՝ 30 տոկոսի չափով։

Հարկ ենք համարում փաստել, որ Ալվինա Գյուլումյանը 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվականը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, իսկ 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր։ Փաստորեն ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուն անմիջապես հաջորդել է Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում։

Գտնում ենք, որ Ալվինա Գյուլումյանը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո այլևս չի կարող համարվել Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձ, հետևաբար վերջինիս նկատմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորումը կիրառելի չէ, քանի որ անցումային այս դրույթի ուժի մեջ մտնելու պահին Ալվինա Գյուլումյանին Հայաստանի Հանրապետությունում չի վճարվել աշխատավարձ, ուստիև դրա նկատմամբ չէր կարող հաշվարկվել նաև լրացուցիչ աշխատավարձ:

Հարկ ենք համարում արձանագրել, որ հենց այս մոտեցումն է ընկած նաև Դատական օրենսգրքի օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքում, որով սահմանվել է, որ նույն օրենսգրքի իմաստով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարումը համարվում է դատավորի փորձառություն, մինչդեռ նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 7-րդ մասով ուղղակիորեն հղում է կատարվել նույն հոդվածի 3-րդ մասին, որից էլ ակնհայտ է դառնում, որ ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի սոցիալական երաշխիքը և իրավունքը նույնացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորի կարգավիճակի հետ բացառապես կենսաթոշակի իրավունքի և տարիքի հարցում: Գտնում ենք, որ նման տարանջատման (կենսաթոշակ և աշխատավարձ) հիմքում ընկած է այն օբյեկտիվ իրողությունը, որ ի տարբերություն կենսաթոշակի, որը թե՛ ՀՀ դատավորին, և թե՛ ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորին վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի աշխատավարձը չի վճարվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության դատավորի և ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի համար նույն հիմնական և լրացուցիչ աշխատավարձի չափը։

Փաստորեն Ալվինա Գյուլումյանը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 01.07.2014 թվականի դրությամբ զբաղեցրել է Եվրոպական դատարանի դատավորի պաշտոն, ուստիև վերջինիս նկատմամբ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառելի չէ: Ալվինա Գյուլումյանի նկատմամբ կիրառելի է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որպիսի հիմնավոր եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելու մասին Դատարանի վճիռը բեկանելով, այն փոփոխելով՝ հայցը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավորներ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս ԱՆՏՈՆՅԱՆ

 

Է ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան