ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/2703/05/20
Վարչական գործ թիվ ՎԴ/2703/05/20
Նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի հուլիսի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Մխիթար և Անուշ Անտոնյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Մխիթար և Անուշ Անտոնյանների բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան` Մխիթար և Անուշ Անտոնյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվությունը։ Միաժամանակ ներկայացվել է վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված երկամսյա դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 11.05.2020 թվականի որոշմամբ Մխիթար և Անուշ Անտոնյանների բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 11.05.2020 թվականի որոշմամբ Արտակ Առաքելյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ երրորդ անձ Արտակ Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը վերացվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մխիթար և Անուշ Անտոնյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Առաքելյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը․
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փաստաբանի հարցման արդյունքում տրամադրված վարչական ակտը և դրան կից փաստաթղթերը 09.04.2020 թվականին ստանալուց հետո են միայն հայցվորներն իմացել Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության գոյության մասին, այսինքն՝ այն փաստի մասին, որ Անտառային թիվ 36 հասցեի ճարտարապետական նախագծման աշխատանքների իրականացման արդյունքում Մխիթար և Անուշ Անտոնյանների սեփականությունը հանդիսացող Անտառային թիվ 38 հասցեի մի մասը ըստ 03.07.2017 թվականի գլխավոր հատակագծի՝ ներառվել է Անտառային թիվ 36 հասցեի սահմանային գծագրում՝ հիմք հանդիսանալով հիշյալ փաստաթղթի հիման վրա 24.07.2017 թվականի շինարարության թույլտվության տրամադրմանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մխիթար Անտոնյանը և Անուշ Անտոնյանը վիճարկման ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով, այն է՝ չեն իմացել նշված վարչական ակտի և կից փաստաթղթերի գոյության մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ուժի մեջ թողնել Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» 11.05.2020 թվականի որոշումը։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Մխիթար և Անուշ Անտոնյանները Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության մասին տեղեկացել են հայցադիմում ներկայացնելուց երկու ամիսը գերազանցող ժամանակահատվածում` 2019 թվականին շինարարության վերաբերյալ ոստիկանությունում նյութերի նախապատրաստման, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան ներկայացված բողոքների քննության ընթացքում, բացի այդ, վիճարկվող շինարարական թույլտվությունը փակցված է եղել 2017 թվականից, ուստի Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը վերացնելու հիմքերը բացակայում են:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մխիթար և Անուշ Անտոնյանները 04.05.2020 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվությունը (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 3-10):
Միաժամանակ Մխիթար և Անուշ Անտոնյանները հայցադիմումին կից ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել են, որ Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության մասին տեղեկացել են 09.04.2020 թվականին՝ Երևանի քաղաքապետարանին իրենց փաստաբանի կողմից հարցում կատարելու արդյունքում (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 9)։
Դատարանի 11.05.2020 թվականի որոշմամբ Մխիթար և Անուշ Անտոնյանների ներկայացրած միջնորդությունը բավարարվել է՝ հարգելի է համարվել և վերականգնվել է հայցվորների կողմից Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 82-84)։
Վերաքննիչ դատարանը 08.07.2020 թվականի որոշմամբ բավարարել է Արտակ Առաքելյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասով, վերացրել է` այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից ներկայացվել է հայցվորների դիմումների հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերի պատճենները, որոնց ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Մխիթար Անտոնյանը, դեռևս 2017 թվականից տեղյակ լինելով իրականացվող շինարարության մասին, միայն 2020 թվականին է քայլեր ձեռնարկել շինարարության հիմքում ընկած փաստաթուղթը` շինարարության թույլտվությունը ձեռք բերելու և վիճարկելու ուղղությամբ: Բացի այդ, առնվազն 2019 թվականի նոյեմբերից Մխիթար Անտոնյանը պետք է տեղյակ լիներ նաև վիճարկվող շինարարության թույլտվության մասին, սակայն դատարան դիմելու գործողությունները ձեռնարկել է միայն 04.05.2020 թվականին:
Անդրադառնալով հայցվոր Անուշ Անտոնյանին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առնվազն ՎԴ/8097/05/19 գործով երրորդ անձ ներգրավվելու ժամանակ` 03.10.2019 թվականին, պետք է տեղյակ լիներ Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության և ըստ այդմ՝ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին: Բացի այդ, հայցվորների և երրորդ անձի հողամասերն իրար կից են և ողջամտորեն հայցվորները չէին կարող 2017 թվականից տեղյակ չլինել իրենց հարևանությամբ իրականացվող շինարարության մասին այն պայմաններում, երբ համարում են, որ այդ շինարարության իրականացմամբ խախտվում է իրենց իրավունքը (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 154-162):
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարության թույլտվությամբ Արտակ Առաքելյանին Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի թիվ 36 բնակելի տան շինարարության թույլտվություն է տրամադրվել (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 25-26):
Սույն վարչական գործը հարուցվել է Մխիթար և Անուշ Անտոնյանների կողմից 04.05.2020 թվականին ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 24.07.2017 թվականին Արտակ Առաքելյանին տրված թիվ 01/18-Ա-5090-648 շինարարության թույլտվությունը: Այսինքն` հայցվորները բաց են թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 3-10):
Մխիթար Անտոնյանը 15.11.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին, որով հայտնել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Անտառային 38 հասցեին կից Երևան քաղաքի Անտառային 36 հասցեում Արտակ Առաքելյանը փորձել է «կատարել անօրինական շինություններ» (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 114): Մխիթար Անտոնյանից բացատրություն վերցնելու մասին 19.11.2019 թվականի արձանագրության համաձայն՝ Մխիթար Անտոնյանը հայտնել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Անտառային 38 հասցեին կից Երևան քաղաքի Անտառային 36 հասցեում 2017 թվականից Արտակ Առաքելյանի կողմից իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 117):
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետը 03.06.2020 թվականին գրությամբ Արտակ Առաքելյանին է տրամադրել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերի պատճենները, որոնց շարքում է նաև վիճարկվող 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարության թույլտվությունը (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 113-139):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ հայցվորներին երբևէ որևէ ձևով հասանելի են դարձել իրենց դիմումների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը, որոնց շարքում է նաև վիճարկվող 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարության թույլտվությունը: Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ Մխիթար Անտոնյանը դեռևս 2017 թվականից, իսկ Անուշ Անտոնյանը՝ 03.10.2019 թվականից պետք է տեղյակ լինեին Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության և իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին, անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած փաստերով հիմնավորվում է, որ Մխիթար Անտոնյանն ու Անուշ Անտոնյանը տեղյակ են եղել միայն Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության, այլ ոչ թե 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա5090-648 շինարարության թույլտվության մասին։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Անուշ Առաքելյանը առնվազն ՎԴ/8097/05/19 գործով երրորդ անձ ներգրավվելու ժամանակ` 03.10.2019 թվականին պետք է տեղյակ լիներ Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության և իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի 10.10.2019 թվականի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշմամբ որոշվել է ըստ հայցի Արտակ Առաքելյանի ընդդեմ Երևան համայնքի՝ Երևանի քաղաքապետի կողմից 06.11.2009 թվականին կայացված թիվ 9002 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) և որպես հետևանք՝ Մխիթար Շահվալդի Անտոնյանի, Անուշ Շահվալդի Անտոնյանի՝ որոշման հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ/8097/05/19 վարչական գործով ՀՀ կադաստրի կոմիտեին, Մխիթար Անտոնյանին և Անուշ Անտոնյանին դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձինք, իսկ վիճարկվող շինարարության թույլտվության մասին վերոնշյալ գործի շրջանակներում Անուշ Առաքելյանի իրազեկման վերաբերյալ որևէ ապացույց ևս առկա չէ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Մխիթար և Անուշ Անտոնյանների և երրորդ անձ Արտակ Առաքելյանի հողամասերն իրար կից են, և ողջամտորեն հայցվորները չէին կարող 2017 թվականից տեղյակ չլինել իրենց հարևանությամբ իրականացվող շինարարության մասին, նույնպես անհիմն է, քանի որ նշված փաստը չի կարող հիմնավորել 2017 թվականից շինարարության թույլտվության մասին իրազեկված լինելու հանգամանքը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության մասին Մխիթար և Անուշ Անտոնյանները տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ վերջիններիս փաստաբան Լուսինե Օհանյանի 01.04.2020 թվականի դիմումին ի պատասխան ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 09.04.2020 թվականի թիվ 23/33-34781 գրությանը կից տրամադրվել են Երևանի քաղաքապետի կողմից համաձայնեցված թիվ 01/18-05/1-Ա-5090-547 աշխատանքային նախագծի ճարտարապետական մասի փաթեթի և 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա5090-648 շինարարության թույլտվության պատճենները, այլ ապացույց գործում առկա չէ, որպիսի հանգամանքը չի կարող բավարար հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը մերժելու և դատարանի մատչելիության նրանց իրավունքը սահմանափակելու համար:
Այսինքն՝ Մխիթար և Անուշ Անտոնյանները վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով, այն է՝ չեն իմացել նշված վարչական ակտի գոյության մասին և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում՝ 04.05.2020 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
23.07.2021 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/2703/05/20 վարչական գործով 23.07.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 23.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Մխիթար և Անուշ Անտոնյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Մխիթար և Անուշ Անտոնյանների բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մխիթար և Անուշ Անտոնյանները 04.05.2020 թվականին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվությունը (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 3-10):
Միաժամանակ Մխիթար և Անուշ Անտոնյանները հայցադիմումին կից ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել են, որ Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության մասին տեղեկացել են 09.04.2020 թվականին՝ Երևանի քաղաքապետարան իրենց փաստաբանի կողմից հարցում կատարելու արդյունքում (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 9)։
Դատարանի 11.05.2020 թվականի որոշմամբ Մխիթար և Անուշ Անտոնյանների ներկայացրած միջնորդությունը բավարարվել է՝ հարգելի է համարվել և վերականգնվել է հայցվորների կողմից Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 82-84)։
Վերաքննիչ դատարանը 08.07.2020 թվականի որոշմամբ բավարարել է Արտակ Առաքելյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասով, վերացրել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից ներկայացվել է հայցվորների դիմումների հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերի պատճենները, որոնց ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Մխիթար Անտոնյանը, դեռևս 2017 թվականից տեղյակ լինելով իրականացվող շինարարության մասին, միայն 2020 թվականին է քայլեր ձեռնարկել շինարարության հիմքում ընկած փաստաթուղթը` շինարարության թույլտվությունը ձեռք բերելու և վիճարկելու ուղղությամբ: Բացի այդ, առնվազն 2019 թվականի նոյեմբերից Մխիթար Անտոնյանը պետք է տեղյակ լիներ նաև վիճարկվող շինարարության թույլտվության մասին, սակայն դատարան դիմելու գործողությունները ձեռնարկել է միայն 04.05.2020 թվականին:
Անդրադառնալով հայցվոր Անուշ Անտոնյանին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առնվազն ՎԴ/8097/05/19 գործով երրորդ անձ ներգրավվելու ժամանակ` 03.10.2019 թվականին, նա պետք է տեղյակ լիներ Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության և ըստ այդմ՝ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին: Բացի այդ, հայցվորների և երրորդ անձի հողամասերն իրար կից են և ողջամտորեն հայցվորները չէին կարող 2017 թվականից տեղյակ չլինել իրենց հարևանությամբ իրականացվող շինարարության մասին այն պայմաններում, երբ համարում են, որ այդ շինարարության իրականացմամբ խախտվում է իրենց իրավունքը (հավելված, 1-ին հատոր, գ.թ. 154-162):
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և Դատարանի 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով՝ 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով՝ 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով՝ 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով՝ 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով՝ 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները՝ եզրահանգելով, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը և գտնելով, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերի, ինչպես նաև անձանց կողմից իրենց դատական պաշտպանության իրավունքն օրենքով սահմանված ժամկետներում իրացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրել հետևյալը.
«(...) սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ հայցվորներին երբևէ որևէ ձևով հասանելի են դարձել իրենց դիմումների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը, որոնց շարքում է նաև վիճարկվող 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարության թույլտվությունը: Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ Մխիթար Անտոնյանը դեռևս 2017 թվականից, իսկ Անուշ Անտոնյանը՝ 03.10.2019 թվականից պետք է տեղյակ լինեին Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության և իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին, անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած փաստերով հիմնավորվում է, որ Մխիթար Անտոնյանն ու Անուշ Անտոնյանը տեղյակ են եղել միայն Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության, այլ ոչ թե 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա5090-648 շինարարության թույլտվության մասին։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Անուշ Առաքելյանը առնվազն ՎԴ/8097/05/19 գործով երրորդ անձ ներգրավվելու ժամանակ` 03.10.2019 թվականին պետք է տեղյակ լիներ Արտակ Առաքելյանի կողմից իրականացվող շինարարության և իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի 10.10.2019 թվականի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշմամբ որոշվել է ըստ հայցի Արտակ Առաքելյանի ընդդեմ Երևան համայնքի՝ Երևանի քաղաքապետի կողմից 06.11.2009 թվականին կայացված թիվ 9002 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) և որպես հետևանք՝ Մխիթար Շահվալդի Անտոնյանի, Անուշ Շահվալդի Անտոնյանի՝ որոշման հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ/8097/05/19 վարչական գործով ՀՀ կադաստրի կոմիտեին, Մխիթար Անտոնյանին և Անուշ Անտոնյանին դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձինք, իսկ վիճարկվող շինարարության թույլտվության մասին վերոնշյալ գործի շրջանակներում Անուշ Առաքելյանի իրազեկման վերաբերյալ որևէ ապացույց ևս առկա չէ:
(…) Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Մխիթար և Անուշ Անտոնյանների և երրորդ անձ Արտակ Առաքելյանի հողամասերն իրար կից են, և ողջամտորեն հայցվորները չէին կարող 2017 թվականից տեղյակ չլինել իրենց հարևանությամբ իրականացվող շինարարության մասին, նույնպես անհիմն է, քանի որ նշված փաստը չի կարող հիմնավորել 2017 թվականից շինարարության թույլտվության մասին իրազեկված լինելու հանգամանքը։
(…) Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության մասին Մխիթար և Անուշ Անտոնյանները տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ վերջիններիս փաստաբան Լուսինե Օհանյանի 01.04.2020 թվականի դիմումին ի պատասխան ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 09.04.2020 թվականի թիվ 23/33-34781 գրությանը կից տրամադրվել են Երևանի քաղաքապետի կողմից համաձայնեցված թիվ 01/18-05/1-Ա-5090-547 աշխատանքային նախագծի ճարտարապետական մասի փաթեթի և 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա5090-648 շինարարության թույլտվության պատճենները, այլ ապացույց գործում առկա չէ, որպիսի հանգամանքը չի կարող բավարար հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը մերժելու և դատարանի մատչելիության նրանց իրավունքը սահմանափակելու համար:
Այսինքն՝ Մխիթար և Անուշ Անտոնյանները վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով, այն է՝ չեն իմացել նշված վարչական ակտի գոյության մասին և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում՝ 04.05.2020 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:
Գտնում եմ, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկման և այն հարգելի ճանաչելու առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Գտնում եմ, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե oրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
Ինչպես վերը նշվեց, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված է, թե ում և ինչպես պետք է վարչական մարմինն իրազեկի վարչական ակտի ընդունման մասին: Ըստ այդմ, վարչական մարմինը պարտավոր է իրազեկել վարչական վարույթի մասնակիցներին՝ իրազեկումն իրականացնելով հանձնման կամ հրապարակման եղանակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Գտնում եմ, որ վարչական վարույթի մասնակիցների՝ վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել այդ վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հաջորդ օրվանից: Ընդ որում, վարչական վարույթի մասնակիցների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքը պայմանավորված է նրանցից յուրաքանչյուրի իրազեկմամբ:
Հարկ եմ համարում ընդգծել, որ օրենքով նախատեսված հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելն առանձնակի բարդություն չի ներկայացնում այն դեպքերում, երբ վարչական վարույթի մասնակիցների կազմը հայտնի է: Այլ է իրավիճակը, սակայն, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Այլ կերպ ասած, վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձանց հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը գործնականում անհնար է, եթե վարչական մարմինը չի տիրապետում բավարար տեղեկատվության այն անձանց մասին, ում իրավունքներն ուղղակիորեն կարող են շոշափվել վարչական ակտով: Նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման այլ եղանակ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով վարչական ակտի հրապարակման պարտադիր կանոն:
Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ բարենպաստ վարչական ակտի ուժի մեջ մտնելը կարևորվում է այդ ակտի կատարման ենթակա լինելու առումով միայն, մինչդեռ միջամտող վարչական ակտի պարագայում դրա ուժի մեջ մտնելը կարևորվում է այն վիճարկելու ժամկետների հաշվարկման առումով, հետևաբար որևէ նշանակություն չի կարող ունենալ ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ հանդիսացող վարչական ակտի մասին վերջինիս իրազեկվելու, այսինքն՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքն այն պարագայում, երբ վարչական ակտը վիճարկվում է երրորդ անձի կողմից՝ իր իրավունքներին միջամտելու հիմքով: Վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման համար էական նշանակություն ունի միայն այն հարցը, թե երբ է վարչական ակտն ուժի մեջ մտել ակտը վիճարկողի, այսինքն՝ հայցվորի համար: Հետևաբար անկախ այն հանգամանքից, վարչական ակտը վիճարկվում է դրա հասցեատիրոջ, թե վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձի կողմից, հայցվորը պետք է հայցադիմումը դատարան ներկայացնի երկամսյա ժամկետում՝ սկսած այն օրվան հաջորդող օրվանից, երբ ինքն է իրազեկվել վարչական ակտի ընդունման մասին:
Այսպիսով, գտնում եմ, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է այդ ակտի ընդունման մասին հայցվորի (և ոչ թե որևէ այլ անձի) իրազեկման հանգամանքով, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել այդ ակտի ընդունման մասին հենց հայցվորի իրազեկվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու դեպքում նաև հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն՝ վիճարկման հայցի ժամկետի հաշվարկը պայմանավորելով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մնացած մասնակիցների (այդ թվում ակտի հասցեատիրոջ կամ հասցեատերերի, երրորդ անձանց) իրազեկման հանգամանքով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է կրել միայն իր համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու բոլոր իրավական հետևանքները:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ վիճարկման հայցադիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե այն ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նշված դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Հայցվորը պարտավոր չէ սակայն ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն այն դեպքում, երբ հայցադիմումը դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իր իրազեկվելու հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, սակայն վարչական վարույթի մյուս մասնակիցների իրազեկվելու հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Սույն գործով փաստելով, որ Երևանի քաղաքապետի 24.07.2017 թվականի թիվ 01/18-Ա-5090-648 շինարարական թույլտվության մասին Մխիթար և Անուշ Անտոնյանները տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 09.04.2020 թվականի թիվ 23/33-34781 գրությունից, Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ գտել է, որ մոտ մեկ ամսվա ընթացքում, այն է՝ 04.05.2020 թվականին ՀՀ վարչական դատարան վիճարկման հայցը ներկայացվել է երկամսյա ժամկետի խախտմամբ: Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանի որոշումից պարզ չէ, թե որ օրն է դիտարկվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը կամ մինչև երբ կարող էին հայցվորները հայցը ներկայացնել ՀՀ վարչական դատարան, որով էլ պայմանավորված 04.05.2020 թվականին ներկայացված հարցը համարվել է ժամկետի խախտումով բերված:
Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա են ներքին հակասություններ:
Այսպես. եթե Վճռաբեկ դատարանը սույն գործով վիճարկվող շինարարական թույլտվության մասին հայցվորների իրազեկման օր է համարում 09.04.2020 թվականը, ապա այդ պայմաններում 04.05.2020 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումը որևէ ձևով չի կարող դիտարկվել երկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված, հետևաբար խոսք չի կարող լինել նաև դատավարական ժամկետ բաց թողնված լինելու մասին, որպիսի պայմաններում չի կարող քննարկվել նաև «հարգելի պատճառների» մասին ինչ-որ փաստարկներ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ մինչև 09.04.2020 թվականը հայցվորները չեն իմացել վիճարկվող շինարարական թույլտվության գոյության մասին, այդուհանդերձ եզրահանգում է արել այն մասին, որ Մխիթար և Անուշ Անտոնյանները վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում՝ 04.05.2020 թվականին, վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Հարց է առաջանում, եթե մինչև 09.04.2020 թվականը հայցվորները չեն իմացել վիճարկվող շինարարական թույլտվության գոյության մասին, ապա ինչ ժամկետ են նրանք բաց թողել, այն էլ հարգելի պատճառով:
Գտնում եմ, որ դատավարական ժամկետը հայցվորների կողմից բաց թողնելու փաստն արձանագրելու համար Վճռաբեկ դատարանը նախ պետք է հստակ ամրագրեր վիճարկվող շինարարության թույլտվության ուժի մեջ մտնելու օրը, որից հետո միայն եզրահանգում կատարեր այդ ժամկետի բաց թողնված լինելու մասին։
Գտնում եմ նաև, որ սույն գործով չի հիմնավորվում վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետի խախտմամբ, մասնավորապես վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորների իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված լինելու հանգամանքը, ուստի վերջիններիս վրա չի կարող դրվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն:
Սույն հատուկ կարծիքում շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում եմ, որ որպես վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորների իրազեկման օր 09.04.2020 թվականը դիտարկելու (հայցվորների ավելի վաղ իրազեկված լինելու փաստ գործում առկա չէ) պարագայում 04.05.2020 թվականիններկայացված հայցադիմումը չի կարող համարվել վիճարկման հայց ներկայացնելու օրենքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված, ուստի դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու և այն քննարկելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում բացակայում է: Նկարագրված իրավիճակում հայցվորների վրա դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պարտականություն դնելով՝ վերջիններս ոչ միայն ծանրաբեռնվում են անհամաչափ պարտականությամբ, այլ նաև նրանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը կախվածության մեջ է դրվում փաստացի բաց չթողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքերը գնահատելու դատարանի հայեցողությունից:
Այսպիսով, գտնում եմ, որ տվյալ դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորների միջնորդությունը, որպես առարկայազուրկ, ենթակա չի եղել քննարկման:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և Դատարանի 11.05.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասով ենթակա են վերացման՝ առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված լինելու պատճառաբանությամբ:
Գտնում եմ նաև, որ տվյալ դեպքում հայցվորներին պետք է տրամադրվի դատական պաշտպանություն՝ վերջիններիս վրա չդնելով դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, քանի որ սույն գործով հայցադիմումը հայցվորների կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի պահպանմամբ:
Դատավոր |
Ռ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|