Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2220/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2220/02/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարապետ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արուսյակ Լալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Կարապետ Հովհաննիսյանի ընդդեմ Աշոտ Ստեփանյանի՝ անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարապետ Հովհաննիսյանը պահանջել է Աշոտ Ստեփանյանից հօգուտ իրեն բռնագանձել 7.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվեգրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 13.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Սմբատյան, Ն. Մարգարյան, Ա. Մկրտչյան) 02.10.2018 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի անունից բերված միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարապետ Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.03.2019 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի կողմից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոքը կրկին բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Հովհաննիսյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 198-րդ, 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 02.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ ատյանի կողմից տրամադրված բողոքը կրկին ներկայացնելու 15 օրյա ժամկետը ուժի մեջ է մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման կայացման պահից:

Մասնավորապես,Վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով և վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի ՍԴՈ-1344 որոշմամբ վկայակոչած իրավական դիրքորոշումները, հանգել է այն հետևության, որ միայն վճռաբեկ բողոքը մերժելու վերաբերյալ որոշման դեպքում է գործում կրկին 15 օրյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը, իսկ Կարապետ Հովհաննիսյանի պարագայում վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, ինչն անհիմն է:

Մինչդեռ, ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի ՍԴՈ-1344 որոշման բովանդակությունից հետևում է, որ «վճռաբեկ բողոքը մերժելու վերաբերյալ» եզրույթը ավելի լայն կարգավորման շրջանակ է ներառում, որի մեջ պետք է հասկանալ նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը, որպեսզի հանգամանքը հիմնավորվում է նաև այն փաստով, որ ՍԴՈ-1344 որոշմամբ դիմում ներկայացրած անձի նկատմամբ ևս կայացվել է վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

Բացի այդ, մեկ այլ՝ թիվ ԵԿԴ/1285/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ, «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 28.02.2019 թվականի որոշմամբ, որոշել էր վարույթ ընդունել վերաքննիչ բողոք բերած անձի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոք բերած անձը ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 21.11.2018 թվականի որոշումը ստանալուց հետո՝ պահպանելով առաջին անգամ վերաքննիչ ատյանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ սահմանված ժամկետը, կրկին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերը նշված գործի նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ, իր կայացրած որոշմամբ բողոքաբերին զրկել է սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 01.03.2019 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու համար՝ պայմանավորված առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման փաստով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կրկին ներկայացված վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը կարող է մերժվել, եթե ժամկետի բացթողումը պայմանավորված է առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու փաստով:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով նաև փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain, application, թիվ 116/1997/900/1112 գանգատով ՄԻԵԴ, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով նաև նշել է, որ կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան` նույն օրենսգրքով սահմանված կարգով։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

 Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորել է դատավարական ժամկետների սահմանման, հաշվարկման, ավարտի, ինչպես նաև դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Ըստ այդմ էլ բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը:

Ընդ որում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից:

 

 Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Կարապետ Հովհաննիսյանը, փոստային ծառայության միջոցով, 09.08.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 13.08.2018 թվականի վճռի դեմ, միաժամանակ միջնորդելով հետաձգել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը (գ.թ. 89-100):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 02.10.2018 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Միաժամանակ սահմանվել է 15-օրյա ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (գ.թ. 102-103):

Վերը նշված որոշման դեմ Կարապետ Հովհաննիսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունումը մերժվել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 07.11.2018 թվականի որոշմամբ (գ.թ. 124-128):

20.12.2018 թվականին Կարապետ Հովհաննիսյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը: Միաժամանակ, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով Կարապետ Հովհաննիսյանը միջնորդել է վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողումը համարել հարգելի և այն վերականգնել, պատճառաբանելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 07.11.2018 թվականի որոշումը ստացել է 14.12.2018 թվականին (գ.թ. 137, 138-142, 143):

Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 01.03.2019 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը կրկին բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «(…) բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ: Մասնավորապես Վերաքննիչ դատարանի 02.10.2018 թվականի որոշումը 06.10.2018 թվականին (գ.թ. 105, 108) ստացած հայցվորը վերաքննիչ բողոքը կրկին կարող էր ներկայացնել մինչև 26.10.2018 թվականը ներառյալ, մինչդեռ այն կրկին ներկայացվել է 20.12.2018 թվականին (…)»:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմանը, նշել է, որ «այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումը կիրառելի է միայն այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը վերանայել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը (դա հնարավոր չէ իրականացնել առանց վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու) և մերժել է վճռաբեկ բողոքը, իսկ սույն գործով այդպիսի փաստեր առկա չեն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այսինքն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի վերանայվել, և վճռաբեկ բողոքը չի մերժվել»: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ բողոք բերող անձը խախտել է օրենքով նախատեսված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենսդրի պահանջը (գ.թ. 144-145)։

Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ սահմանադրական դատարանը, 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու դատավարական իրավակարգավորմանն, արձանագրել է, որ տվյալ որոշման բողոքարկումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է. «(…) վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են»:

Միաժամանակ, տվյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործով բարձրացված սահմանադրականության հարցով առկա է իրավակարգավորման բաց: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «(…) իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը»:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը հանգել է այն հետևության, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմանը, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու կարգը, դրանում չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա որոշելու վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Ըստ այդմ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է, նշել է, որ վերը նշված դեպքում էական է, թե կոնկրետ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ստանալուց հետո արդյո՞ք բողոքաբերը երկշաբաթյա ժամկետում է վերացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մատնանշված առաջին անգամ ներկայացրած և վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և կրկին վերաքննիչ բողոք ներկայացրել է (տե՛ս, «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկն ընդդեմ Կարինե Ստեփանյանի թիվ ԼԴ/3377/02/14 ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.11.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Կարապետ Ստեփանյանին ուղարկելու համար, փոստային ծառայությանն է հանձնվել 13.12.2018 թվականին (հիմք՝ փոստային անդորրագիր, գ.թ. 130), որը վերջինս ստացել է 14.12.2018 թվականին (հիմք՝ փոստային ծրար, գ.թ. 143):

Այնուհետև, 20.12.2018թվականին, վերացնելով Վերաքննիչ դատարանի 02.10.2018 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը, Կարապետ Ստեփանյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կցելով օրենքով սահմանված չափով և կարգով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև միջնորդել է վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողումը համարել հարգելի և այն վերականգնել, հաշվի առնելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 07.11.2018 թվականի որոշումը ստացել է 14.12.2018 թվականին:

 Այսինքն, Կարապետ Հովհաննիսյանը, 14.12.2018 թվականին ստանալով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 07.11.2018 թվականի որոշումը, վերացրել է վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 15-օրյա ժամկետում՝ պահպանելով օրենքով սահմանված ժամկետը:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարապետ Հովհաննիսյանի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ հիմնավոր էր և ենթակա էր բավարարման:

 Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սահմանափակ մեկնաբանելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշումը, և համապատասխան միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, Կարապետ Հովհաննիսյանին զրկել է Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԷԴ/2220/02/17 քաղաքացիական գործով 13072021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Կարապետ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արուսյակ Լալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Կարապետ Հովհաննիսյանի ընդդեմ Աշոտ Ստեփանյանի՝ անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջի մասին, 13072021 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Էդ Սեդրակյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 13072021 թվականին թիվ ԵԷԴ/2220/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարապետ Հովհաննիսյանը պահանջել է Աշոտ Ստեփանյանից հօգուտ իրեն բռնագանձել 7.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվեգրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 13.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Սմբատյան, Ն. Մարգարյան, Ա. Մկրտչյան) 02.10.2018 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի անունից բերված միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարապետ Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.03.2019 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի կողմից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոքը կրկին բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Հովհաննիսյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 198-րդ, 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 02.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ ատյանի կողմից տրամադրված բողոքը կրկին ներկայացնելու 15 օրյա ժամկետը ուժի մեջ է մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման կայացման պահից:

Մասնավորապես,Վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով և վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի ՍԴՈ-1344 որոշմամբ վկայակոչած իրավական դիրքորոշումները, հանգել է այն հետևության, որ միայն վճռաբեկ բողոքը մերժելու վերաբերյալ որոշման դեպքում է գործում կրկին 15 օրյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը, իսկ Կարապետ Հովհաննիսյանի պարագայում վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, ինչն անհիմն է:

Մինչդեռ, ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի ՍԴՈ-1344 որոշման բովանդակությունից հետևում է, որ «վճռաբեկ բողոքը մերժելու վերաբերյալ» եզրույթը ավելի լայն կարգավորման շրջանակ է ներառում, որի մեջ պետք է հասկանալ նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը, որպեսզի հանգամանքը հիմնավորվում է նաև այն փաստով, որ ՍԴՈ-1344 որոշմամբ դիմում ներկայացրած անձի նկատմամբ ևս կայացվել է վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

Բացի այդ, մեկ այլ՝ թիվ ԵԿԴ/1285/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ, «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 28.02.2019 թվականի որոշմամբ, որոշել էր վարույթ ընդունել վերաքննիչ բողոք բերած անձի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոք բերած անձը ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 21.11.2018 թվականի որոշումը ստանալուց հետո՝ պահպանելով առաջին անգամ վերաքննիչ ատյանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ սահմանված ժամկետը, կրկին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերը նշված գործի նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ, իր կայացրած որոշմամբ բողոքաբերին զրկել է սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 01.03.2019 թվականի որոշումը:

 

3 Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները:

Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում դրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1344 որոշման պատճառաբանությունները դատավարական ժամկետի վերականգնման հարցում այն դեպքի համար, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանը սահմանափակ մեկնաբանելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշումը, և համապատասխան միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, Կարապետ Հովհաննիսյանին զրկել է Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ արձանագրել էր իրավական բաց, քանի որ վճռաբեկ բողոքի ներկայացումը չէր խոչընդոտում վերաքննիչ դատարանի դատական ակտի ուժ ստանալուն և փաստացի դատարանի կողմից տրված դատավարական ժամկետի հոսքը շարունակվում էր։ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով նշված իրավական խնդրին ձևավորել էր համապատասխան իրավական դիրքորոշում տվյալ իրավիճակի համար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.03.2019 թվականի որոշմամբ Կարապետ Հովհաննիսյանի կողմից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոքը կրկին բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Վերաքննիչ դատարանն անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմանը, նշել է, որ «այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումը կիրառելի է միայն այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը վերանայել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը (դա հնարավոր չէ իրականացնել առանց վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու) և մերժել է վճռաբեկ բողոքը, իսկ սույն գործով այդպիսի փաստեր առկա չեն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այսինքն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի վերանայվել, և վճռաբեկ բողոքը չի մերժվել»: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ բողոք բերող անձը խախտել է օրենքով նախատեսված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենսդրի պահանջը (գ.թ. 144-145)։

ՀՀ սահմանադրական դատարանը, 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու դատավարական իրավակարգավորմանն, արձանագրել է, որ տվյալ որոշման բողոքարկումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է. «(…) վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են»:

Միաժամանակ, տվյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործով բարձրացված սահմանադրականության հարցով առկա է իրավակարգավորման բաց: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «(…) իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը»:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը հանգել է այն հետևության, որ մինչև ՀՀ ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

Գտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներն արտահայտվել են այն դեպքի համար, երբ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ և բնականաբար չի կարող նույնացվել վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվելու դեպքի հետ, քանի որ մի դեպքում տեղի է ունենում բողոքարկված դատական ակտի քննություն վերադաս դատական ատյանում, և նման հանգամանքը բացակայում է երկրորդ դեպքում։

Բնականաբար իրավական հարցադրումներն էլ չեն կարող նույնացվել, քանի որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելը պետք է անդրադառնար բողոքարկված դատական ակտով սահմանված դատավարական ժամկետների հոսքի վրա, որպիսի իրավական ռեժիմ չի կարող կիրառվել վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու դեպքի համար։

Բողոք բերող անձի պատճառաբանություններն այն մասին, որ կողմն ըստ էության պատժվել է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար, ընդամենը կողմի զգայական ընկալումն է հարցի վերաբերյալ և չունի որևէ իրավական ու փաստական հիմք, իսկ արդար դատաքննության վերաբերյալ վկայակոչված իրավական ակտերն ու միջազգային պայմանագրերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հավասարապես վերաբերում են նաև դատական ակտը չբողոքարկած կողմին։ Դատավարության մեկ կողմը չի կարող չսահմանափակված ժամկետով սպասել, մինչև որ մյուս կողմը հերթականությամբ սպառի օրենքով իրեն վերապահված բողոքարկման բոլոր հնարավորությունները, քանի որ այդ վիճակը ևս կհակասի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և իրավական որոշակիության սկզբունքներին։ Այսինքն՝ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն օգտվում է դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությունից, կրում է նաև նույն օրենքով ներկայացված բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ չընդունելու բացասական հետևանքը, ինչն արտահայտվում է նրանում, որ բողոքարկման մեկ հնարավորությունից օգտվելու դեպքում բողոքարկման մյուս հնարավորության օրենքով սահմանված ժամկետի հոսքը չի դադարում։

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: