Գլխավոր տեղեկություն
Համար
N 1591-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1591-Ա

   

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600 - ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 - կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1591-Ա որոշման

 

ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600 - ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   

18 օգոստոսի 2021 թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի թիվ 988-2021-Ա հրամանով ձևավորվել է միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողով:

2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման սկզբնական մանրամասն նախագծի վերաբերյալ հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 869-Ա որոշմամբ ստացել է հավանություն:

3. Փոփոխված նախագծային փաստաթղթերում սկզբնական մանրամասն նախագծի համեմատ կատարվել է փոփոխություն, որը վերաբերում է միայն նախկինում նախագծված ցեմենտբետոնե պատվածքն ասֆալտբետոնե պատվածքով փոխարինելուն, իսկ սկզբնական մանրամասն նախագծի մնացած տարրերը մնացել են անփոփոխ:

4. Փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը 2021 թվականի հունիսի 30-ին թիվ ՔՂ/34/16430-2021 գրությամբ տրամադրվել է հանձնաժողովի անդամներին:

5. Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ՝ 13.07.2021 թ.-ին և 18.08.2021 թ.-ին:

6. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա փոփոխված նախագծահաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները, որոնց ամփոփման արդյունքներով կազմվել է հանձնաժողովի սույն եզրակացությունը։

7. Սկզբնական մանրամասն նախագծի, ինչպես նաև փոփոխված նախագծային փաստաթղթերի կազմման համար հիմք են ընդունվել հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները`

1) ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ.

2) AASHTO, Պետական մայրուղիների և տրանսպորտային պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիա.

3) RAS Richtlinie for die Anlage von Strasen (Գերմանիա).

4) RAA Richtlinie for die Anlage von Autobahnen (Գերմանիա):

   

2. ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

   

8. Սկզբնական մանրամասն նախագծի, ինչպես նաև փոփոխված նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսացել հետևյալ իրավական ակտերն ու փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին կնքված թիվ 2729-ARM վարկային համաձայնագիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 508-Ա որոշումը.

3) 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի թիվ ՓՎ/02-2020 արձանագրությունը.

4) 2020 թվականի դեկտեմբերի 24-ին կայացած՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90+191 հատված) վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի թիվ ՓՎ/204-2020 արձանագրությունը.

5) 2021 թվականի փետրվարի 26-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և «EGIS International և Kocks Consult GMBH» Հ/Ձ միջև կնքված թիվ ADB/T2/CS/SSS/01-T1 պայմանագիրը:

    

3. ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

   

9. Սկզբնական մանրամասն նախագծի մշակման փուլում ինժեներաերկրաբանական հետազոտությունները կատարվել են ակնադիտարկման և հորատանցքերի հորատման եղանակով:

10. Սկզբնական մանրամասն նախագծի մշակման համար իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհային հատվածի գոտու գրունտային շերտավորումները, հիդրոերկրաբանական պայմանները, իսկ լաբորատոր փորձարկումներով` գրունտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները:

11. Ճանապարհահատվածի նախագծման համար ընդունվել է I տեխնիկական կարգը, 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ:

12. Երկայնական կտրվածքը նախագծված է ՀՀՇՆ IV-11.05.02-99 նորմատիվի պահանջներին համապատասխան: Երկայնական կտրվածքի նիշերը կապված են պետական միկրոեռանկյունավորման կետերի հետ:

13. Ճանապարհահատվածի լայնական կտրվածքի հիմնական պարամետրերն են՝

1) երթևեկելի գոտիների քանակը՝ 2.

2) երթևեկելի շերտերի քանակը՝ 4.

3) երթևեկելի մեկ շերտի լայնությունը՝ 3.6 մ.

4) կողնակի լայնությունը՝ 3.75 մ.

5) բաժանիչ գոտու լայնությունը՝ 4.8 մ.

6) հողային պաստառի լայնությունը՝ 26.7 մ.

7) ճանապարհի պատվածքը (փոփոխված)՝ ասֆալտբետոնե պատվածք:

14. Ճանապարհի փոփոխված պատվածքի (ընդհանուր հաստությունը՝ 770 մմ) կառուցվածքն է՝

1) ասֆալտի մակերեսային (Asphalt surface course) շերտ (հաստությունը՝ 50 մմ).

2) ասֆալտի կապակցող (Asphalt binder course) շերտ (հաստությունը՝ 70 մմ).

3) բիտումով մշակված հիմքի (Bituminous treated base course) շերտ (հաստությունը՝ 80 մմ).

4) հիմքի (Base course) շերտ (հաստությունը՝ 270 մմ).

5) ենթահիմքի (Subbase course) շերտ (հաստությունը՝ 300 մմ):

15. Տրանսպորտային հանգույցներում, անցումային արագացման-դանդաղեցման գոտիներում, T-աձև հատումներում ճանապարհային պատվածքը նույնպես ասֆալտաբետոն է:

16. Անցումային արագացման գոտու լայնությունն ընդունված է ճանապարհի հիմնական շերտին հավասար, ինչպես նշվում է նորմերում: Անցումային-արագացման գոտիները շարժման հիմնական շերտից առանձնացված են բաժանիչ շերտով:

17. Նախագծված է տրանսպորտային հանգույց Ագարակ-Ոսկեվազ հատման կետում (կմ 31+967): Ուղեանցը նախագծված է 2x18մ սխեմայով և ունի 8մ գաբարիտ: Ուղեանցի ձախ կողմի թևը ապահովում է անվտանգ կապ բնակավայրերի և Երևան-Գյումրի մայրուղու միջև:

18. Անվտանգությունը բարելավելու նպատակով նախատեսված է ճանապարհային նշանների և արգելափակոցների տեղադրում, ճանապարհային նշագծում: Նախատեսված է համապատասխան արհեստական կառույցների (ուղեանց, գյուղտեխնիկայի անցումներ, խողովակներ, ստորգետնյա անասնանցումներ) կառուցումը:

19. Նախատեսված է շինարարությանը խոչընդոտ հանդիսացող հաղորդակցուղիների (գազատարներ, էլեկտրամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման համակարգեր) տեղափոխում և նորերի կառուցում:

    

4. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    

20. Հանձնաժողովը, քննության առնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման փոփոխված նախագծային փաստաթղթերը, կազմակերպել է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև հանձնաժողովի երկու նիստ, որոնց արդյունքում փաստվեց, որ՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացվել են տեխնիկական բնույթի հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հարցադրում, որը կապված էր լրացուցիչ պետական փորձաքննության անցկացման անհրաժեշտության հետ: Նշված խնդիրը քննարկվել է հանձնաժողովի նիստում, ինչպես նաև աշխատանքային կարգով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեում.

3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայումս իրականացվում են ներկայացված նախագծային փաստաթղթերի ՇՄԱԳ-ի հաշվետվության փորձաքննական գործընթացներ:

21. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվել են որոշ դիտարկումներ: Մասնավորապես՝

1) նշվել է, որ Տրանշ 2-ի Ագարակ համայնքի սահմաններում` անցնող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի նախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ փորձաքննության եզրակացության մեջ նշված մետաղական D=720 մմ և D=1020 մմ տրամագծերով խողովակների ուղեգծերի վերաբերյալ նյութերը նախարարություն չի ներկայացվել և դրանց տեղադրման համար նախատեսվող տարածքներում հնագիտական հուշարձանների առկայության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել.

2) նշվել է, որ արգելոցի սահմաններում ընկած հատվածում հնագիտական հետախուզական ստուգողական պեղումների իրականացումը խիստ անհրաժեշտ է:

22. Նշված դիտարկումներին տրամադրվել են հետևյալ պարզաբանումները՝

1) D=720 մմ և D=1020 մմ տրամագծերով խողովակները հանդիսանում եմ պատյան խողովակներ ճանապարհի հատումների համար և գտնվում են կառուցվող ճանապարհի լիցքի տակ՝ նշված ճանապարհահատվածի համար ուսումնասիրված և հաստատված միջանցքի սահմաններում.

2) կապալի պայմանագրում (ծավալների ամփոփագիր N 1, աշխատանքի տեսակ 101.3-2), ինչպես նաև տեխնիկական մասնագրերում (բաժիններ 101.6, 101.9, 101.10, 101.16.12) հստակ նշված է, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու ժամանակ կապալառու կազմակերպությունը պետք է ապահովի համապատասխան միջոցառումների (անհրաժեշտության դեպքում նաև ստուգողական պեղումներ) իրականացումը, որոնք կապահովեն հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը: Ավելին, կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:

23. Կոմունալ ցանցերի (էլեկտրական ցանցեր, ջրամատակարարման համակարգեր և այլն) ներկայացուցիչները լրացուցիչ դիտարկել են կոմունալ ցանցերի տեղափոխման հետ կապված նախագծային լուծումները:

24. Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով՝

1) նախագծված ճանապարհային մասի և հաղորդակցուղիների տեղափոխման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 17/ՓՊ-323Փ դրական եզրակացությունը.

2) սկզբնական մանրամասն նախագծի վերաբերյալ հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 869-Ա որոշումը.

3) Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի նախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 2021 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17/ՓՊ-223 դրական եզրակացությունը՝

հանձնաժողովը երաշխավորում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման փոփոխված նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

         

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ