Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0077/06/19

Գործ թիվ ԵԴ/0077/06/19

Նախագահող դատավոր՝  Ռ. Մխիթարյան 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հուլիսի 22-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Արմեն Սամվելի Գաբրիելյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հունվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 12101019 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2019 թվականի փետրվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Սամվելի Գաբրիելյանը:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Ա.Գաբրիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Ա.Գաբրիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

3. Դատախազ Է.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Գաբրիելյանի պաշտպան Ա.Թամրազյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Արմեն Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) [Ն]ա 2019 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի 5-րդ հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց քննությամբ դեռևս չպարզված անձանց և Գևորգ Հովհանեսի Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 21/1-րդ հասցեում գործող բիլիարդի ակումբում խմբի կազմում, եղբոր՝ Արսեն Սամվելի Գաբրիելյանի, ընկերոջ՝ Ալբերտ Արշավիրի Ժամհարյանի և մի խումբ այլ անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերը բացահայտ անտեսելով, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման պահանջով, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, ապակյա շշերով, սուր կտրող-ծակող գործիքներով հարվածներ են հասցրել Գևորգ Հովհանեսի Հովհաննիսյանի և Սարգիս Արամայիսի Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Գևորգ Հարությունյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «ձախ սրունքի զույգ ոսկրերի դիստալ մետաեպիֆիզի փակ կոտրվածք տեղաշարժով, գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ պատռած վերք, ստորին վերջույթների սալջարդ վերքեր, աջ բազկի կտրած-ծակած վերքեր»-ի ձևով, իսկ Սարգիս Սարգսյանի առողջությանը «ճակատային շրջանի դեմքի և մարմնի տարբեր շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ բազմաթիվ քերծվածքներ»-ի ձևով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Արմեն Գաբրիելյանն ու Ալբերտ Ժամհարյանը, նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և փոխադրել են 1 հատ «AKM» տեսակի, «ԳԿ 6338» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող, կրակելու համար պիտանի ինքնաձիգ, 1 հատ «ՊՄ» (մակարով) տեսակի «ԻՎ 5063» համարի 9մմ տրամաչափի, կրակոցների համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, կրակվելու համար պիտանի և ռազմամթերք հանդիսացող 52 հատ տարբեր տրամաչափի, որոնցից 27 հատը 7,62 մմ, 1 հատը 5,45 մմ, 24 հատը 9մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2018թ. փետրվարի 8-ին Արմեն Գաբրիելյանի կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի, 35 VA 641 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ, մասնավորապես՝ ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերվել է Ալբերտ Ժամհարյանի նստատեղի տակ՝ ոտքերի համար նախատեսված վայրում, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է Արմեն Գաբրիելյանի նստատեղի տակ՝ ոտքերի համար նախատեսված վայրում, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները հայտնաբերվել են ավտոմեքենայի պահախցիկներում (...)»1:

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Բացակայում են մեղադրյալ Արմեն Սամվելի Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքի` խուլիգանությունը խմբի կազմում բռնության գործադրմամբ կատարելու հանգամանքը հավաստող բավարար փաստական տվյալները, այլ խոսքով` վերոհիշյալ մեղսագրվող արարքում դեպքի կատարմանը վերջինիս առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող բավարար ապացույցները, քանի որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքը Արմեն Սամվելի Գաբրիելյանին մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքին համընկնելու վերաբերյալ բավարար տվյալներ չներկայացվեցին:

(...)

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը Արմեն Գաբրիելյանի առնչության (հիմնավոր կասկածի) հարցին, դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդության մեջ հիշատակված` «Տոյոտա Քեմրի» մակնիշի 35 VA 641 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության թույլտվություն ստանալու մասին որոշումը և արձանագրությունը ներկայացված են ոչ ամբողջական տեսքով, մասնավորապես առաջինի դեպքում բացակայում է եզրափակիչ մասը, իսկ երկրորդի դեպքում ինչպես սկզբնական, այնպես էլ եզրափակիչ մասերը, որպիսի պայմաններում դատարանը զրկված է դրանք լիարժեք հետազոտելու և քրեական դատավարության օրենսդրության ընթացակարգով կազմված լինելու, ինչպես նաև նույն ընթացակարգով` խուզարկությամբ առգրաված առարկաները ձեռք բերված լինելու հանգամանքը փաստելու հնարավորությունից, և նման պայմաններում իրավական տեսանկյունից դրանք չեն կարող դիտվել որպես Արմեն Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը վերջինիս առնչությունը (հիմնավոր կասկածը) հավաստող փաստական տվյալ, իսկ դատաձգաբանական փորձաքննության թիվ 366-19 եզրակացությունն ինքնին չի կարող բավարար լինել հիմնավոր կասկածի առկայությունը փաստելու համար: Դեռ ավելին, դատական նիստի ընթացքում ավագ քննիչ Ս.Նավասարդյանը հրաժարվեց դատարանի պահանջով ամբողջությամբ ներկայացնելու ինչպես «Տոյոտա Քեմրի» մակնիշի 35 VA 641 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության թույլտվություն ստանալու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2019թ. որոշման, այնպես էլ այդ որոշման հիման վրա կատարված խուզարկության արձանագրության պատճենները և հայտարարեց, որ դատարանը պետք է բավարարվի ներկայացված փաստական տվյալներով` հրաժարվելով հիմնավոր կասկածին առնչվող այլ ապացույցներ ներկայացնելուց:

Բացի այդ, դատարանն անդրադառնալով քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված` մեղադրյալ Արմեն Գաբրիելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների առնչությունը (հիմնավոր կասկած) հավաստող` Գևորգ Հովհաննիսյանի հիվանդասենյակում իրականացված «Ներքին դիտում» ՕՀ միջոցառմամբ ձեռք բերված լազերային սկավառակի զննության արձանագրությանը փաստում է հետևյալը. (...) [Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի] 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: () [Ը]ստ էության «Ներքին դիտում» ՕՀ միջոցառումն իրականացվել է տուժող Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ, որպիսի պայմաններում վերոհիշյալ իրավակարգավորումների ուժով դատարանը գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` մեղադրյալ Արմեն Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը վերջինիս առնչությունը (հիմնավոր կասկածը) հիմնավորող փաստական տվյալ վկայակոչված` տուժող Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում» ՕՀ միջոցառմամբ ձեռք բերված լազերային սկավառակի զննության արձանագրությունն իրավական տեսանկյունից որպես ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը մեղադրյալ Արմեն Գաբրիելյանի առնչությունը հավաստող փաստական տվյալ չի կարող դիտարկվել:

(...) [Դ]ատարանը փաստում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալ Արմեն Սամվելի Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը վերջինիս առնչության (հիմնավոր կասկածի) վերաբերյալ դատարանին բավարար փաստական տվյալ չներկայացրեց, այսինքն քրեական հետապնդման մարմնին չհաջողվեց դատարանի համար համոզիչ հիմնավորել Արմեն Սամվելի Գաբրիելյանին մեղսագրվող ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը նրա առնչությունը (հիմնավոր կասկածը), որպիսի պայմաններում բացակայում է մեղադրյալ Արմեն Սամվելի Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու պայմանը (...)։ Դատարանը մեղադրյալ Արմեն Սամվելի Գաբրիելյանի նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված կալանավորման հիմքերին չի անդրադառնում և վերը նշված հիմնավորումներով գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Վերոհիշյալ պատճառաբանությամբ դատարանը չի անդրադառնում նաև պաշտպան Ա.Թամրազյանի` իր պաշտպանյալի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությանը»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը փաստացի անիրավաչափ է համարել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի թիվ 1 հիվանդասենյակում Գևորգ Հովհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող որոշումը, ինչն առավել քան անթույլատրելի է: Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննության առարկա է դարձրել և մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան նյութն անտեսելու մասին իր հետևությունը պատճառաբանել է այնպիսի հարցերի վերաբերյալ գնահատականներ տալով, որպիսիք ոչ միայն հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր և դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից, այլև ընդհանրապես դուրս են տվյալ դատարանի լիազորությունների շրջանակներից:

Ինչ վերաբերում է խուզարկության թույլտվության մասին դատարանի որոշումը և ավտոմեքենայի խուզարկության մասին արձանագրությունը ոչ ամբողջական ներկայացված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիտարկմանը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված երևույթն ընդհանուր առմամբ պետք է մտահոգի համապատասխան քննիչի վերադասին և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, սակայն այդ հանգամանքն ինքնին հիմք չի տալիս (…) անտեսելու համար [այն, որ խուզարկության արձանագրության ձևաթղթի երկրորդ էջի լուսապատճենի տակ դրված են թվով երեք ստորագրություններ և այն պարունակում է հետևյալ ձեռագիր գրառումները. «(…) Խուզարկության ենթարկեցի Տոյոտա Քեմրի մակնիշի 35 VA 641 հ/հ ավտոմեքենան: Խուզարկության մասնակից Արմեն Գաբրիելյանը ավտոմեքենայի դռները բացելուց հետո մատնացույց արեց վարորդի կողքի նստատեղի` ոտքերը դնելու համար նախատեսված վայրում փողը դեպի առաջ, նստատեղին ուղղահայաց դիրքով դրված 1 ինքնաձիգ, որի անմիջապես կողքին նույն դիրքով առկա է «Այֆոն» ֆիրմայի բջջային հեռախոս: Հետազոտելու նպատակով ինքնաձիգը փորձագետի կողմից վերցվեց և ենթարկվեց զննության: Ինքնաձիգի վրայից հանվեց պահունակը, որում առկա են 27 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվեցին պահունակը լիցքաթափելու արդյունքում: 27 հատ փամփուշտները փաթեթավորվեցին (…) և կնքվեցին «փորձագետ 43» կնիքով: Դրանից հետո մասնակից Արմեն Գաբրիելյանը հայտարարեց, որ ավտոմեքենայում իրեն ներկայացված որոշմամբ պահանջված այլ իրեր և առարկաներ առկա չեն, որից հետո սկսվեց խուզարկությունը: Խուզարկության արդյունքում ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղի առջևի պահախցում (բառդաչոկ) հայտնաբերվեց 13.5x10.5 սմ չափերի սև գույնի կաշվե կտորի տուփ, որը բացելուց հետո դրանում առկա է 5.45 տրամաչափի 1 հատ փամփուշտ և քննությանը չհետաքրքրող կենցաղային նշանակության իրեր: Փամփուշտը փորձագետի կողմից վերցվեց 1 փաթեթում, կնքվեց «փորձագետ 43» կնիքով: Վարորդի կողքի միջանցիկ արանքում հայտնաբերվեց 1 հատ»]։

(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին մեղադրյալ Արմեն Գաբրիելյանի առնչությունը հիմնավորված չլինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն անհիմն է, վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով Արմեն Գաբրիելյանի առնչությունը` մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած), բավարար չափով հիմնավորվում է:

(...) Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը, որն էության մեջ դրսևորվել է մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին մեղադրյալ Արմեն Գաբրիելյանի առնչությունը բացակայելու վերաբերյալ անհիմն հետևության հանգելով և կալանավորման մյուս պայմանների ու կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության (կալանավորումը կիրառման ենթակա լինելու դեպքում` նաև գրավի կիրառելիության) հարցերը փաստացի քննության առարկա չդարձնելով, Վերաքննիչ դատարանին զրկում է այդ հարցերն ըստ էության քննելու իրավաչափ հնարավորությունից (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը, ներկայացրած բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 12-րդ, 135-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա։

8.1. Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, գնահատելով Ա.Գաբրիելյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցագործությանը, որևէ կերպ չի վկայակոչել այն փաստական տվյալները, որոնք նրան հիմք են տվել նման հետևություններ անել, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի որոշումն այդ մասով անհիմն է և չպատճառաբանված։

8.2. Անդրադառնալով Ա.Գաբրիելյանի առնչությանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարմանը՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանին չի ներկայացվել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը և խուզարկության արձանագրությունը, որպիսի պայմաններում դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ չի կարող գնահատել Ա.Գաբրիելյանի առնչությունը մեղսագրված հանցագործությանը։

8.3. Արդյունքում բողոքաբերը հանգել է հետևության, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, քանի որ չունենալով խուզարկության օրինականության մասին վկայող թույլտվությունը՝ գտել է, որ միայն խուզարկության արձանագրության 2-րդ թերթի առկայությունը մյուս փաստական տվյալների հետ բավարար է՝ գնահատելու համար Ա.Գաբրիելյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին։

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմանը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ Ա.Գաբրիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և գործը ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք։

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով։

(…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:

(…)

4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:

(…)»:

12. Հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Վահրամ Գևորգյանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (…):

(…) [Յ]ուրաքանչյուր դեպքում [հանցանք կատարած լինելու կասկածը] պետք է լինի ողջամիտ:

(…) «[Հ]անցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (…) [Կ]ասկածը հիմնավոր կհամարվի (…) ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

(…) [Այսպիսով] (…) ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»4:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ, հանցանքի կատարման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժելով Ա.Գաբրիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը՝ արձանագրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ ավտոմեքենայի խուզարկության թույլտվություն ստանալու մասին որոշումը և արձանագրությունը ներկայացված են ոչ ամբողջական տեսքով, որպիսի պայմաններում զրկված է դրանք օրենքով սահմանված կարգով ձեռք բերված լինելու հանգամանքը փաստելու հնարավորությունից, և նման պայմաններում իրավական տեսանկյունից դրանք չեն կարող դիտվել որպես հիմնավոր կասկածը հավաստող փաստական տվյալ, իսկ դատաձգաբանական փորձաքննության թիվ 366-19 եզրակացությունն ինքնին չի կարող բավարար լինել հիմնավոր կասկածի առկայությունը փաստելու համար: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ քննիչը հրաժարվել է դատարանի պահանջով ամբողջությամբ ներկայացնելու ինչպես խուզարկության թույլտվություն ստանալու մասին դատարանի որոշումը, այնպես էլ այդ որոշման հիման վրա կատարված խուզարկության արձանագրությունը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով քրեական վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած` մեղադրյալ Ա.Գաբրիելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներին առնչությունը (հիմնավոր կասկած) հավաստող` տուժող Գ.Հովհաննիսյանի հիվանդասենյակում իրականացված «Ներքին դիտում» ՕՀ միջոցառմամբ ձեռք բերված լազերային սկավառակի զննության արձանագրությանը, փաստել է, որ այն իրականացվել է տուժող Գ.Հովհաննիսյանի նկատմամբ, որպիսի պայմաններում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների ուժով իրավական տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը մեղադրյալ Ա.Գաբրիելյանի առնչությունը հավաստող փաստական տվյալ5:

- Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելով փաստել է, որ մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին մեղադրյալ Ա.Գաբրիելյանի առնչությունը հիմնավորված չլինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն անհիմն է, վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով վերջինիս առնչությունը մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած) բավարար չափով հիմնավորվում է։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննության առարկա է դարձրել և մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան նյութն անտեսելու մասին իր հետևությունը պատճառաբանել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող որոշման վերաբերյալ գնահատականներ տալով, որպիսիք ոչ միայն արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր են և դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից, այլև ընդհանրապես դուրս են տվյալ դատարանի լիազորությունների շրջանակներից: 

Անդրադառնալով խուզարկության թույլտվության մասին դատարանի որոշումը և ավտոմեքենայի խուզարկության մասին արձանագրությունը ոչ ամբողջական ներկայացված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիտարկմանը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նշված հանգամանքն ինքնին հիմք չի տալիս Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերի համակցության մեջ անտեսելու խուզարկության արձանագրության ձևաթղթի երկրորդ էջի լուսապատճենի վրա առկա ձեռագիր գրառումները6:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ Ա.Գաբրիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելիս դատարանը քննարկման առարկա է դարձրել այնպիսի հարցեր, որոնք դուրս են գտնվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից, հիմնավոր է։

Մասնավորապես, տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը, գնահատման ենթարկելով վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրած նյութերում պարունակվող տեղեկությունները, փաստերը, ապացույցները, պետք է հանգեր համապատասխան հետևության՝ ներկայացված միջնորդության հիմնավորվածության վերաբերյալ։ Դատարանն իրավասու չէր այնպիսի գնահատականներ տալ այդ տեղեկություններին, փաստերին կամ ապացույցներին, որոնք ակնհայտորեն դուրս են գտնվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից, խնդրո առարկա միջնորդությունը քննության առնելիս դատարանի առջև դրված խնդիրներից և հանդիսանում են գործի հետագա քննության առարկա։ Այսպես, այս առումով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանի կողմից «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման լազերային սկավառակի զննության արձանագրության վերաբերյալ գնահատականներ տալիս դատարանը քննարկման առարկա է դարձրել այնպիսի հարցեր, որոնք ակնհայտորեն դուրս են գտնվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից, խնդրո առարկա միջնորդությունը քննության առնելիս դատարանի առջև դրված խնդիրներից և հանդիսանում են գործի հետագա քննության առարկա։ Ուստի, այս առումով Առաջին ատյանի դատարանի կողմից տրված գնահատականների անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի դատողությունները միանգամայն ընդունելի են նաև Վճռաբեկ դատարանի համար։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առաջնորդվելով նախաքննական գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությամբ՝ վարույթն իրականացնող քննիչն իրավասու է դատարանին ներկայացնել իր միջնորդությունը հիմնավորող անհրաժեշտ տվյալների վերաբերելի հատվածները, որոնց բովանդակային գնահատման հիման վրա դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը։ Մինչդեռ, տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրելով, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ավտոմեքենայի խուզարկության թույլտվություն ստանալու մասին որոշումը և արձանագրությունը ներկայացված են ոչ ամբողջական տեսքով, քննարկման առարկա չի դարձրել դրանք՝ որպես Ա.Գաբրիելյանի՝ հանցանքի կատարման հիմնավոր կասկածի հնարավոր առկայությունը հիմնավորող տվյալներ։ Ուստի, տվյալ դեպքում ևս Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ գնահատական է տվել: Այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ոչ ամբողջական տվյալների առկայությունն ինքնին հիմք չէր տալիս Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերի համակցության մեջ անտեսելու խուզարկության արձանագրության ներկայացված հատվածը։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը որևէ գնահատական չի տվել և բովանդակային վերլուծության չի ենթարկել Վերաքննիչ դատարանի կողմից նշված՝ ներկայացված նյութերի համակցության մասը կազմող՝ կասկածյալ Արմեն Գաբրիելյանի ցուցմունքը և դատաձգաբանական փորձաքննության թիվ 366-19 եզրակացությունը։

15. Հետևաբար, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Ա.Գաբրիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և գործը ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են։

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ, Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշումն օրինական է և հիմնավորված։ Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ և 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Արմեն Սամվելի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

______________________

1 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 40-41:

2 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 55- 57:

3 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 142-143:

4 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը:

5 Տե'ս սույն որոշման 5-րդկետը:

6 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան