Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2005-05.04.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.769
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի պահպանման հետ կապված հարաբերությունները:


Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.

տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.

տոհմային կենդանի` փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի.

տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.

բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.

հավաստագիր (վկայական)` տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և այլ որակական ցուցանիշները, ինչպես նաև սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ.

նշադրում` տոհմային կենդանու նշադրում, հաշվեպիտակի ամրացում, դաջում, խարանում, որոնք ապահովում են տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը և հաշվառումը.

տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.

տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայություն մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձ.

տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.

մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.

տրամախաչում` տարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում.

տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում` «պետական տոհմային գրքում».

գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որևէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.

գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ` գենետիկասելեկցիոն առանձնահատկություններով օժտված հազվադեպ հանդիպող և անհետացման վտանգի տակ գտնվող որևէ ցեղի կենդանիների խումբ:

Հոդված 2. Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները

Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետևյալ հիմնական սկզբունքների վրա`

ա) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում.

բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի և ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:

Հոդված 3. Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

Գ Լ ՈՒ Խ  2

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են`

ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.

բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը.

գ) տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգի սահմանումը.

դ) տոհմանյութի ներկրման և արտահանման կարգի հաստատումը.

ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների. նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը.

զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.

է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը.

ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

թ) տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատումը.

ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Հոդված 5. Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները

Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`

 ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի և տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.

բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) և գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը և իրականացումը.

գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու և այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների և կարգի հաստատումը.

դ) տոհմային անասնաբուծության գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրամադրումը.

ե) տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման հսկողության իրականացումը.

զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի և տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 6. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները

1. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը և դրա գործունեության իրականացման համար տրվող լիցենզիայի ձևը հաստատում է կառավարությունը:

 2. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

բ) հայտին կցվում են`

կանոնադրության պատճենները,

պետական գրանցման վկայականի պատճենը,

լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

տվյալներ կազմակերպությունում ընդգրկված մասնագետների մասին (այդ թվում` նրանց բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները),

առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտությունների և հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:

3. Ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

բ) հայտին կցվում են`

հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը (անհատ ձեռնարկատերերի համար),

լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

անձի բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,

առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտությունների և հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:

4. Լիցենզավորված իրավաբանական անձի կողմից իրականացվող աշխատանքներում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում իրավաբանական անձին տրված լիցենզիան համարվում է կասեցված:

5. Լիցենզավորված գործունեության իրականացման ժամանակ պահպանվում են օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տեխնիկական պահանջներն ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Հոդված 7. Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը

Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու և նրա շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Գ Լ ՈՒ Խ  3

ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 8. Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները

Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանին օգտագործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված և ունի տոհմային վկայական:

Հոդված 9. Տոհմային կենդանիների բոնիտավորումը

Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։

Հոդված 10. Տոհմային կենդանիների գնահատումը

Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման` ըստ սերնդի որակի և մթերատվության:

Տոհմային կենդանիների հետազոտումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:

Տոհմային կենդանիները գնահատվում և հետազոտվում են կառավարության սահմանած կարգով:

Գ Լ ՈՒ Խ  4

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 11. Սույն օրենքի պահանջները խախտելը

Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում ծագած վեճերի լուծումը

Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջև ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Գ Լ ՈՒ Խ  5

 ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 13. Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը

Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Գ Լ ՈՒ Խ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-122-Ն