Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-001-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 106-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 112-րդ հոդվածի 1-ին մասը՝ սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է տասներկու մշտական հանձնաժողով` հետևյալ անվանումներով, գործունեության ոլորտներով և անդամների ընդհանուր թվով.

ա․ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, արհեստակցական միություններ, ժողովրդագրություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).

բ․ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում և անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).

գ․ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր և կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ).

դ․ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (9 անդամ).

ե․ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).

զ. մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).

է. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմաարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ).

ը․ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաև քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք (12 անդամ).

թ․ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).

ժ․ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն և կայուն զարգացում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ).

ժա․ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ).

ժբ․ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ)․

2) գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունն պատկանում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին․

3) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին.

4) Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և Խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին.

5) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին.

6) Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին.

7) Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները կարգավորող օրենքների, ինչպես նաև այդ ոլորտներին վերաբերող հարցերով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:

 

Ազգային ժողովի նախագահ

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

2021 թվական, օգոստոսի 6

Երևան

ԱԺՈ-001-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան