ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0002/04/17
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0002/04/17
Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող | Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հուլիսի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը։
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) 11.07.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) 21.08.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) 23.11.2017 թվականի որոշմամբ հաստատվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի պահանջների վերջնական ցուցակը` ըստ համապատասխան առաջնահերթության:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) 20.12.2017 թվականի որոշումներով սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի նկատմամբ սկսվել է գործունեության դադարեցման վարույթ և կասեցվել են վերջինիս գործունեությունն ու գույքը կառավարելու և տնօրինելու բոլոր իրավունքները:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 18.09.2019 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ սնանկության գործով կառավարչի գործողությունները և սնանկության գործի վարույթը կասեցնելու մասին մերժվել են։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2019 թվականի որոշմամբ Դատարանի 18.09.2019 թվականի որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.11.2019 թվականի որոշմամբ Դատարանի 18.09.2019 թվականի որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանը (ներկայացուցիչ Մարո Խաչատուրյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 370-րդ հոդվածի 2-րդ կետը, 371-րդ հոդվածի 5-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքը՝ բողոքաբերի վրա պարտականություն դնելով վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս վերաքննիչ բողոքը կրկին ուղարկել դատավարության մասնակիցներին:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առաջին անգամ վերադարձված և վերաքննիչ բողոքում մատնանշած թերությունը վերաբերում էր բողոքին կից ներկայացվող փաստաթղթին, ոչ թե բովանդակությանը։ Մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանն իր 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ նշել է, որ դատավարության մասնակցին բողոքի օրինակը չուղարկելը, այն դեպքում, երբ բողոքի բովանդակության փոփոխություն չի եղել, սահմանափակել է բողոքաբերի դատարանի մատչելիության իրավունքը:
Վերաքննիչ բողոքի բովանդակության փոփոխության մասին իրազեկման պարտականություն կրկին ներկայացմամբ օրենքով նախատեսված չէ, իսկ ինչ վերաբերվում է ժամկետների անորոշությանը և կրճատմանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:
Նշված հոդվածը հստակ սահմանում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում պատասխան ներկայացնողը կարող է իրականացնել իրավունքը: Մասնավորապես, պատասխան ներկայացնելու ժամկետը սկսում է հոսել վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից, ավարտվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշումը ստանալուն հաջորդող 5-րդ օրը: Այսինքն ժամկետի սկիզբը պայմանավորված է բողոքաբերի գործողությամբ։
Փաստորեն Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումն ուղղակիորեն հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմանը, ինչի արդյունքում բողոքաբերը զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, հետևաբար առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում բողոքի բովանդակությանը, արդյո՞ք խախտումը շտկելուց հետո նոր բողոք ներկայացնելիս վերջինս պարտավոր է բողոքի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ նորմերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին [ի թիվս այլնի] կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրն ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:
Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանի 18.09.2019 թվականի «Միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ՝ «Գևորգ Հայրապետյան» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցչի միջնորդությունը՝ սնանկության գործով կառավարչի գործողությունները և սնանկության վարույթը կասեցնելու մասին, մերժվել է:
Նշված որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանն առաջին անգամ՝ փոստային առաքման եղանակով, ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից բողոքաբերը ներկայացրել է վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց՝ Կոմիտեին, սնանկության կառավարիչ Արայիկ Սարգսյանին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, ինչպես նաև Դատարանին ուղարկելու փաստը հաստատող 07.10.2019 թվականի փոստային անդորրագրերի պատճենները (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 3, 4-11, 13-15):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքն անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի անունից ստորագրել է Մարո Խաչատուրյանը, սակայն սույն գործի նյութերում և վերաքննիչ բողոքի փաթեթում բացակայում է վերջինիս՝ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար լիազորված լինելու փաստը հաստատող ապացույցը՝ լիազորագիրը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն անձի կողմից, որն իրավասու չէ ներկայացնել վերաքննիչ բողոք։ Նշված որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ` որոշումն ստանալուց հետո վերաքննիչ բողոքի խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 17):
Անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչը սահմանված ժամկետում կրկին՝ 04.11.2019 թվականին փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կցելով ներկայացուցչի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար լիազորված լինելու փաստը հաստատող ապացույցը՝ լիազորագիրը և փոստային ծրարի լուսապատճենը: Բացի այդ, վերաքննիչ բողոքին կցվել են նաև բողոքը (բողոքի պատճենը) կողմերին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ 07.10.2019 թվականի փոստային անդորրագրերը (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 32-35, 36, 38):
Վերաքննիչ դատարանը, 18.11.2019 թվականի որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ «(…) բողոքաբերը, վերացնելով Վերաքննիչ դատարանի 23.10.2019թ. որոշմամբ արձանագրված խախտումը (մասնավորապես Վերաքննիչ դատարանը նշված որոշմամբ` որպես վերաքննիչ բողոքի խախտում, արձանագրել էր, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որն իրավասու չէ այն ներկայացնել, քանի որ բողոքին և գործի նյութերում բացակայել է Մարո Խաչատուրյանին տրված լիազորագիրը), թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի նոր խախտում` ըստ որի բողոքին կցվում են բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: (...) վերաքննիչ բողոքին կցված չէ կրկին ներկայացված բողոքի օրինակը սույն գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույց: Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված 07.10.2019թ. թիվ RR268928774AM և թիվ RR268849997AM, RR268849983AM, RR268850006AM փոստային անդորրագրերին, ապա դրանք չեն կարող կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ համարվել, այն պարզ պատճառով, որ դրանք կցված են եղել 09.10.2019թ. ներկայացված վերաքննիչ բողոքին և հավաստում են առաջին անգամ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու փաստը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` վերաքննիչ բողոքը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջը (այդ թվում` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի մասին է խոսքը) ինքնանպատակ չէ և հետապնդում է գործին մասնակցող բոլոր անձանց մրցակցության հիման վրա քաղաքացիական դատավարությունն իրականացնելու նպատակ (…)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին, մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմքով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն անձի կողմից, ով իրավասու չէ ներկայացնելու վերաքննիչ բողոք։ Հետագայում, վերաքննիչ բողոք բերած անձը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից սահմանված ժամկետում վերացրել է վերը նշված խախտումը և կրկին ներկայացրել վերաքննիչ բողոք: Միաժամանակ, ի թիվս այլնի, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կցել է նաև բողոքը (բողոքի պատճենը) հայցվորին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ 07.10.2019 թվականի փոստային անդորրագրերը:
Սույն գործում առկա ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք նույնաբովանդակ են: Ավելին, սկզբնական բողոքի կապակցությամբ արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը և հետագայում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերացվել է: Ընդ որում, վերաքննիչ բողոք բերած անձն առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը (բողոքի պատճենը) 07.10.2019 թվականին փոստային առաքման եղանակով ուղարկել է գործին մասնակցող անձանց՝ Կոմիտեին, սնանկության կառավարիչ Արայիկ Սարգսյանին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին և Դատարանին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ վերլուծելով նշված իրավանորմը, արձանագրել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…)»: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչը, ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելու պարտականությունը, հետևաբար գործին մասնակցող անձանց այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով վերադարձրել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Հայրապետյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 18.11.2019 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Զեկուցող
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: