Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0986/17/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0986/17/16

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

 

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդ «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել միանձնյա արբիտրաժային տրիբունալի 30.05.2016 թվականի թիվ 18-03/02/16 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2016 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է և որոշվել է 30.05.2016 թվականի թիվ 18-03/02/16 վճիռը ճանաչել պարտադիր և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել կատարողական թերթ:

Բանկի կողմից 27.04.2018 թվականին ներկայացվել է դիմում՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Դատարանի 11.02.2019 թվականի որոշմամբ՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2019 թվականի որոշմամբ երրորդ անձ Ենոք Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 11.02.2019 թվականի որոշումը վերացվել է և նույն որոշման պատճառաբանությունների հիմքով կայացվել է նոր դատական ակտ՝ Բանկի դիմումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ենոք Ղազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ հիմք չի ընդունել Բանկի կողմից ներկայացված այն տեղեկությունը, որ Դատարանի 19.12.2016 թվականի որոշումը Բանկը ստացել է 11.04.2018 թվականին և այդ առումով վերջինս չէր կարող պարտավորություն կրել ապացուցելու իր կողմից որոշումը ստանալու ժամկետը հաստատելու փաստը և այն չիրականացնելու հիմքով կրեր բացասական հետևանքներ։

Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման համար հիմք է ընդունել միայն այն հանգամանքը, որ Բանկի կողմից չի ներկայացվել ապացույց 19.12.2016 թվականի որոշումը ստանալու վերաբերյալ։ Մինչդեռ Բանկը չի կարող բացասական հետևանքներ կրել Դատարանի կողմից իրականացված թերի գործողությունների կամ անգործության համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.06.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքը մերժել։

 

 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը գնահատելով գործում առկա ապացույցները, հանգել է ճիշտ հետևության։ Սույն գործով փաստերի ապացուցման նշանակություն ունենալու հարցը լուծելիս Դատարանը ղեկավարվել է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական ու դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող բոլոր գործոնները։

Բացի այդ, դատավարության կողմերի ձևական ձգձգումների արդյունքում խախտվում են գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու Կոնվենցիայի պահանջը, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, միաժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի համարելու առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...)։

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1­ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարության դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/1329/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե´ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23­րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի իրավակարգավորմանը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վկայակոչված հոդվածի 1-ին մասում առկա «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է նաև վերջիններիս նկատմամբ:

Ավելին, հարկ է նշել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «Քաղաքացի-պահանջատիրոջ» բառերը այլևս փոխարինվել են «Պահանջատիրոջ» բառով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.07.2019 թվականի թիվ ՀՕ-126-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 04.08.2019 թվականին):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության պայմաններում դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից` միաժամանակ բացառելով պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման որևէ հնարավորությունն առանց վարչական հարկադրանքի։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,

2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթը կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործով դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել միանձնյա արբիտրաժային տրիբունալի 30.05.2016 թվականի թիվ 18-03/02/16 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ (գ.թ. 3, 4-12)։

Դատարանի 19.12.2016 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է և որոշվել է 30.05.2016 թվականի թիվ 18-03/02/16 վճիռը ճանաչել պարտադիր և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել կատարողական թերթ (գ.թ. 35-37, 38-41):

Այնուհետև Բանկը դատարան է ներկայացրել «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» վերաբերյալ դիմում` խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը՝ նկատի ունենալով, որ Բանկը կատարողական թերթերի բնօրինակները ստացել է 11.04.2018 թվականին (գ.թ. 42-44):

Դատարանի 11.02.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է: Նույն որոշմամբ արձանագրվել է. «(…) Սույն պարագայում դիմումատուն բաց է թողել կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը, այն է՝ 30.05.2016 թվականին արբիտրաժի կայացրած և մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու համար նախատեսված վճիռը հայցվորը ստացել է այդ ժամկետի անցմամբ՝ իր կամքից անկախ բաց թողնելով կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար նախատեսված ժամկետը» (գ.թ. 72-74):

Վերաքննիչ դատարանը, բավարարելով երրորդ անձ Ենոք Ղազարյանի վերաքննիչ բողոքը, նշել է. «Դատարանի կողմից 19.12.2016 թվականին տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն այդ կատարողական թերթերը կատարման ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն այդ կատարողական թերթերը պարունակած առաքանին Բանկում 11.04.2018 թվականին ստացված լինելու պատճառով բաց թողնված լինելու վերաբերյալ փաստ վկայակոչած Բանկը, իր վկայակոչած այդ փաստն ապացուցելու պարտականությունը (…) այդ փաստի հաստատմանը ծառայող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց Դատարանին չի ներկայացրել (այդպիսին առկա չէ նաև գործում) (գ.թ. 110-112)»։

 

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Դատարանի 19.12.2016 թվականի որոշման հիման վրա Բանկին տրվել է կատարողական թերթ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը բաց է թողել կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը: Բանկը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումով հայտնել է, որ կատարողական թերթերի բնօրինակները ստացել է 11.04.2018 թվականին: Բանկը նշված դիմումին կից չի ներկայացրել կատարողական թերթերը 11.04.2018 թվականին ստանալը հավաստող որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ դեպքում առկա չէ ապացույց առ այն, թե Բանկը երբ է ստացել կատարողական թերթերը պարունակած առաքանին (գործում առկա չեն կատարողական թերթերը Բանկի կողմից ստանալը հավաստող ծանուցագրերը): Նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած Բանկը չի կարող կրել կատարողական թերթերը իր կողմից ստանալը հավաստող ծանուցագրերը գործի նյութերում առկա չլինելու բացասական հետևանքը (Դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման բացասական հետևանքը), այնուամենայնիվ Բանկի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի լուծման համար անհրաժեշտ է պարզել Բանկի կողմից ներկայացված փաստերի առկայությունը։ Դատարանի թիվ ԴԴ-17 ուղեկցող գրությամբ որոշման և կատարողական թերթերի բնօրինակները փոստային առաքմամբ Բանկում 11.04.2018 թվականի մուտքագրման հանգամանքները։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, Բանկի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.06.2019 թվականի որոշումը բեկանելու համար, և գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան