Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.07.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հուլիսի 2021 թվականի
ք. Երևան

N 271-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնների 35-րդ կետում «(բացառությամբ բնակչության)» բառերից հետո լրացնել «, ինքնավար էներգաարտադրողը» բառերը.

2) Կանոնների 58-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով: Առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում արձանագրվել է հաշվիչի լուսատախտակի վրա ինֆորմացիայի արտապատկերման խափանում, հաշվիչը աշխատում է ճշտության դասում, և հնարավոր է եղել արտածել հաշվիչի հիշողության տվյալները, ապա էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ գրանցված համապատասխան տվյալները։».

3) Կանոնների 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2 ենթակետով․

«2.2) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա`

ա. ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վէք.ինք1 = (Տօր1 * Մօծ3 + Տօր2 * Մօծ4) – ՀԱէք3,

 

որտեղ՝

Մօծ3-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ4-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք3-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով ինքնավար էներգաարտադրողի վրա որպես սպառում հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում՝ գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից:

բ. Ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վէք.ինք2 = (Տօր1 * Մօծ5 + Տօր2 * Մօծ6) – ՀԱէք4,

 

որտեղ՝

Մօծ5-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ6-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք4-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում՝ գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից:

Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը՝ 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար։

Եթե առևտրային հաշվիչի խախտումը տեղի է ունեցել Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող) պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ինքնավար էներգաարտադրողի ցանց և էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած միջին օրական էլեկտրական էներգիայի քանակները հաշվարկվում են հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ծախս և (կամ) առաքված էլեկտրաէներգիա ունեցած 7 օրվա համապատասխան արդյունքներով:».

4) Կանոնների 59.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Եթե էլեկտրաէներգիայի՝ տարանջատումն ըստ ցերեկային ու գիշերային քանակների հնարավոր չէ, ապա վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է հաշվառքի սարքի խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով։».

5) Կանոնների 77-րդ կետի 11-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 77-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.

«12) հաշվարկային փաստաթղթում սպառողի փաստացի սպառած էլեկտրաէներգիայի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման դեպքում։»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը hաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: