ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 790-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5.1-ին մասը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ հանրակրթության ոլորտում սահմանված ծրագրային 1-ին, 2-րդ և 3-րդ նպատակներով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթահամալիրներ ձևավորելու և առանձին գործող կրթական հաստատություններում կրթության որակի բարելավման առաջարկն ու չափորոշիչները՝ ապահովելով հանրակրթական և նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը.
2) կազմել կրթահամալիրներն ու առանձին գործող հաստատությունները գույքով և սարքավորումներով համալրելու առաջարկ՝ ներառյալ սարքավորումների և գույքի ցանկերն ու տեխնիկական բնութագրերը.
3) սույն որոշման 1-ին, 3-րդ և 4-րդ կետերն ամփոփելով՝ կազմել ծրագրային գործողությունների իրականացման նախահաշիվն ու ներկայացնել անհրաժեշտ միջոցների վերաբաշխման առաջարկ.
4) Քաղաքաշինության կոմիտե ներկայացնել Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնավայրերում գործող և շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների ցանկը՝ ըստ անհրաժեշտության:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Սյունիքի մարզպետարանի հետ համատեղ կազմել անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների նկարագիրն ու նախահաշիվը։
4. Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված՝ ցանկում ներառված կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների շենքային պայմանները և ներկայացնել առաջարկություններ՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 790-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Երկրի զարգացման կարևորագույն գրավականը մարդկային կապիտալի զարգացումն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու լիարժեք օգտագործելու իր ներուժն ու կարողությունները` դրանով նպաստելով երկրի զարգացմանը։
2. Համաձայն 2020 թվականին հրապարակված մարդկային կապիտալի ինդեքսի՝ տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Սա շատ ավելի բարձր է տարածաշրջանի համեմատ՝ 11%, չնայած ավելի ցածր է, քան համանման տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշը՝ 38%։ Այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։
3. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր ծնված երեխան, երկրում գործող կրթության համակարգի միջով ամբողջությամբ անցնելով և լիովին առողջ լինելով, իր հնարավոր կարողությունները կիրացնի 57 տոկոսով։ Սա նշանակում է, որ մասնավորապես, ներկայիս կրթական համակարգն ընդամենը 57 տոկոսով է կարողանում բացահայտել և զարգացնել քաղաքացու ներուժն ու կարողությունները։ Այս հանգամանքն էապես ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Համընդհանուր հիմնական հմտությունների 2015 թ. զեկույցի համաձայն՝ եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա, ըստ զեկույցի, Հայաստանի համախառն ներքին արդյունքն այլ հավասար պայմաններում 2015 թվականի համեմատ կաճի 293%-ով:
4. Գրանցվող կրթական արդյունքն էապես տարբեր է գյուղական և քաղաքային բնակավայրերում, ինչը գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումը դարձնում է առաջնահերթ։
Գյուղական և քաղաքային բնակավայրերի սովորողների գրանցած արդյունքների տարբերությունը ներկայացված է ստորև տրվող աղյուսակում, որից երևում է, որ հատկապես խնդրահարույց է 9-րդ դասարանում գրանցված տարբերությունը՝ 15 միավորի չափով։
5. Կրթական արդյունքի վրա ազդող և հետագայում գյուղական և քաղաքային բնակավայրերի սովորողների ուսումնառության տարբերությունները խորացնող մեկ այլ գործոն է նախադպրոցական ծառայությունների հասանելիությունը։ Նախադպրոցական ծառայություններում ընդգրկված լինելը, ինչպես ցույց են տալիս TIMSS-ի արդյունքները, դրական կապ ունի դպրոցում երեխայի կրթական արդյունքների հետ։ Ինչքան ավելի երկար ժամանակով է երեխան ընդգրկված եղել նախադպրոցական ծառայության մեջ, այնքան ավելի բարձր կրթական արդյունք է ցույց տվել հետագայում տարրական դպրոցի ավարտին։ Սա վկայում է այն մասին, որ կրթական արդյունքի շեշտակի աճի համար անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել ու բարելավել նախադպրոցական ծառայությունների հասանելիությունն ու որակը։ 2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում 0-5 տարեկան բնակչության թվաքանակից կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%։ Նկատելի է գյուղական բնակավայրերում անհրաժեշտ ծառայությունների բացակայության խնդիրը։ Նախադպրոցական տարիքի երեխաները կազմում են շուրջ 236 հազար հոգի, որոնցից չհաճախող երեխաները կազմում են շուրջ 154 հազար, այդ թվում՝ գյուղական համայնքներում՝ շուրջ 62 հազար հոգի։
6. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանություն ստացած ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանել են հետևյալ ծրագրային նպատակները՝
1) բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.
2) ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.
3) ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։
7. Այս նպատակներն ամբողջությամբ համահունչ են նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերին ընդունված՝ կայուն զարգացման նպատակ 4-ի հետ, որով սահմանվում է պետության պարտավորությունը՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ուսման հնարավորությունները ողջ կյանքի ընթացքում։
8. Իրավիճակի մեկ այլ առանձնահատկություն է այն, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ թիվ են կազմում փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող գյուղական դպրոցները. մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները կազմում են դպրոցների ընդհանուր թվի շուրջ 31,5 տոկոսը, դպրոցների ևս շուրջ 35 տոկոսը ունի 101-300 սովորող։ Նման դեպքերում հաստատությունը պետք է ընդլայնի իր նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Բացի այդ, նման դեպքերում կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ հանրակրթական ծրագրերից զատ, կարող են իրականացվել նաև նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում՝ արհեստագործական, լրացուցիչ կրթական ծրագրեր։
9. Այս խնդիրները հատկապես զգալի են Սյունիքի մարզում, որտեղ գործել է ընդամենը 51 նախադպրոցական հաստատություն, որտեղ ընդգրկված է շուրջ 4621 երեխա կամ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների շուրջ 5,6 տոկոսը։ Սյունիքի մարզում գործող 117 հանրակրթական ուսումնական հաստատությունից 78-ը կամ հաստատությունների 66,7 տոկոսը մինչև 100 աշակերտ ունի, ինչը հանրապետության ամենաբարձր ցուցանիշն է։ Մյուս կողմից, Սյունիքի մարզում ամբողջությամբ իրացվել է համայնքների խոշորացման տարածքային ռեֆորմը, ինչը լավ հիմքեր է ստեղծում կրթության կազմակերպման տեսանկյունից արդյունավետ լուծումներ գտնելու առումով։ Հետևաբար նպատակահարմար է վերոնշյալ խնդիրների մոդելային կարգավորումը ծրագրել Սյունիքի մարզում՝ թե՛ կրթական ծառայությունների որակի շեշտակի բարձրացման խնդիրը առաջնահերթ ապահովելու, թե՛ նկարագրված միտումներն առավել տեսանելի դարձնելու և դրանց լուծումներն առավել հստակ ուրվագծելու հիմքով։
10. Միաժամանակ, հաշվի առնելով ծրագրի փորձնական բնույթը, առաջարկվում է մեկնարկել դրա նախագծումը Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար։ Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրում գործում է 18 հանրակրթական ուսումնական հաստատություն. մյուս բնակավայրերի դպրոցահասակ երեխաները հաճախում են մոտակա բնակավայրի դպրոցներ։ 31 բնակավայրից միայն 6-ում են առկա նախադպրոցական ծառայություններ։ 31 բնակավայրում ներկայումս շահառու երեխաների թիվը շուրջ 1000 է՝ ներառյալ դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան երեխաները:
11. Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ 31 բնակավայրից 7-ում անհրաժեշտ է ունենալ առանձին գործող հաստատություն՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը։ Մնացյալ բնակավայրերը կարող են միավորվել 7 կլաստերներում՝ ձևավորելով կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ հանրակրթական, թե՛ նախադպրոցական, թե՛ այլ կրթական ծրագրեր՝ ըստ անհրաժեշտության։ Կրթահամալիրների գործունեության համար անհրաժեշտ է նախագծել և ծրագրել տրանսպորտային ծառայությունների ցանց՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր։ Ե՛վ առանձին գործող հաստատությունները, և՛ կրթահամալիրները պետք է ունենան վերանորոգված շենքային պայմաններ, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գույքային և լաբորատոր հագեցվածություն։ Բոլոր հաստատությունները պետք է ունենան նաև որակյալ աշխատակազմ՝ ապահովված համարժեք աշխատանքային պայմաններով։
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. Փորձնական ծրագրի (այսուհետև՝ ծրագիր) նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում։
13. Ծրագրի խնդիրներն են՝
1) ուսումնասիրել և դրա արդյունքում սահմանել կրթահամալիրների ձևավորման և առանձին հաստատությունների գործունեության նպատակահարմարության վերջնական առաջարկ.
1) ուսումնասիրել և կազմել կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների վերանորոգման, գույքով և սարքավորումներով համալրման առաջարկ.
2) կազմել կրթահամալիրներում անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների նկարագիրը.
3) կազմել հաստատություններում անհրաժեշտ աշխատակազմի նկարագիրը, գնահատել առկա մարդկային ռեսուրսները և կազմել աշխատակազմի համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման առաջարկ՝ ըստ անհրաժեշտության.
4) կազմել ծրագրի նախահաշիվն ու իրականացման ժամանակացույցը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
5) ապահովել ծրագրի իրականացումը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական կոմիտեի, Սյունիքի մարզպետարանի սերտ համագործակցությամբ։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ստեղծել համակարգող խումբ՝ նշված մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Ծրագիրը համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
15. Ծրագրի մշտադիտարկման նպատակով առանձին ուղղություններով գործողությունների մշակմանը զուգընթաց մշակվում են համապատասխան կատարողականի ցուցիչները։ Ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում է համակարգող խմբի կողմից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2021 թվական: