Գլխավոր տեղեկություն
Համար
N 1349-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1349-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱԿՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1349-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱԿՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն տարբերակի թարգմանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ թարգմանությունների կենտրոն):

2. Թարգմանությունների կենտրոնը «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրի 110-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կնքում է թարգմանական ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ թարգմանությունն իրականացնելու նպատակով: Պայմանագրի պայմաններն ու դրանցով նախատեսվող դրույթները սահմանվում են թարգմանությունների կենտրոնի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով ողջամիտ ժամկետներում արդյունավետ թարգմանություն իրականացնելու անհրաժեշտությունը:

3. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի պաշտոնական հրապարակումն իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ պաշտոնական տեղեկագիր) միջոցով:

4. Թարգմանությունների կենտրոնը պայմանագրով սահմանված ձևով համապատասխան թարգմանությունն իրականացնելուց հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակը կից գրությամբ ուղարկում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ արդարադատության նախարարություն)՝ դրա պաշտոնական հրապարակումն ապահովելու նպատակով: Կից գրության մեջ նշվում է տեղեկություն` պաշտոնական հրապարակման ներկայացվող հայերեն թարգմանված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտն ուժի մեջ մտնելու մասին:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի էլեկտրոնային խմբագրվող տարբերակները հրապարակման են ուղարկվում 12 տառաչափով, տեղեկատվական նյութերի արտացոլման Յունիկոդ (Սnicode) կոդով:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի պաշտոնական հրապարակումն իրականացվում է ԱՐԼԻՍ (http://www.arlis.am/) միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:

7. Պաշտոնական տեղեկագիրը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն կարգով սահմանված ձևով ներկայացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի՝ միասնական կայքում հրապարակումը:

8. Պաշտոնական հրապարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման: Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ պաշտոնական հրապարակման ներկայացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված վերջնական խմբագրությամբ տարբերակում՝ բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում:

9. Եթե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա թարգմանությունների կենտրոնի դիմումով արդարադատության նախարարության ցուցումով պաշտոնական տեղեկագիրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի ինկորպորացիան կատարվում է արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի «Նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը սահմանելու մասին» N 180-Ն հրամանով սահմանված կարգով` այնքանով, որքանով չի հակասում սույն կարգի դրույթներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան