«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2176-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 11-րդ և 13-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 08.09.21 N 1448-Ն)
1. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
4. Սահմանել, որ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
5. Թույլատրել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց), միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
դ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
զ) կինո և տեսաֆիլմերի արտադրություն.
է) կինո և տեսաֆիլմերի տարածում.
ը) թատերական գործունեություն.
թ) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ:
(5-րդ կետը լրաց. 25.09.03 N 1283-Ն, 19.05.05 N 603-Ն, 12.04.07 N 550-Ն, փոփ. 27.01.11 N 59-Ն)
6. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)
7. Սահմանել, որ`
ա) մինչև վերակազմակերպումը` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
Նշված հատկացումները «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպումից հետո ներառվում են «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.
բ) «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) կրթական, գիտական, մշակութային պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացմանը:
2. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի N 346 որոշմամբ:
3. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3.1. (կետն ուժը կորցրել է 10.07.13 N 725-Ն)
4. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ և պարտականություններ:
5. Ինստիտուտը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել ուսումնական, հետազոտական, փորձագիտական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
6. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:
7. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
8. Ինստիտուտի անվանումն է`
հայերեն լրիվ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
հայերեն կրճատ` «ԵԹԿՊԻ» ՊՈԱԿ.
ռուսերեն լրիվ` “Ереванский государственный институт театра и кино” государственная некоммерческая организация.
ռուսերեն կրճատ` ЕГИТК ГНО.
անգլերեն լրիվ` "Yerevan State Institute of Theatre and Cinematography" state non-commercial organization.
անգլերեն կրճատ` YSITC SNCO:
9. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ամիրյան 26:
II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
10. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:
11. Ինստիտուտի խնդիրներն են`
ա) բեմարվեստի, թատերագիտության, կինոգիտության և կինոարվեստի բարձր որակավորմամբ մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումն ու մասնագիտական որակավորման բարձրացումը.
բ) բեմարվեստի, թատերագիտության, կինոգիտության և կինոարվեստի բնագավառներում գիտական-ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.
գ) թատերական և կինոարվեստի պրոպագանդումը, թատերական ու կինոարվեստի տեսական, ուսումնամեթոդական և գիտական մշակումների տարածումը.
դ) սփյուռքի հետ կապերի զարգացումը:
12. Ինստիտուտն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`
ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.
բ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով.
գ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, մշակութային կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.
դ) սահմանված կարգով կազմակերպելու ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունն ինստիտուտ.
ե) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:
13. Ինստիտուտը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց), միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
դ) հրատարակչական գործունեության ծավալում.
ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
զ) կինո և տեսաֆիլմերի արտադրություն.
է) կինո և տեսաֆիլմերի տարածում.
ը) թատերական գործունեություն.
թ) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ:
(13-րդ կետը լրաց. 25.09.03 N 1283-Ն, 19.05.05 N 603-Ն, 12.04.07 N 550-Ն, փոփ. 27.01.11 N 59-Ն)
14. Ինստիտուտում արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:
III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:
(15-րդ կետը խմբ. 15.09.05 N 1724-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 15.09.05 N 1724-Ն)
17. Լիազոր պետական մարմինը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 N 1724-Ն)
բ) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտի գործունեության նկատմամբ.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.
դ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.
ե) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս ինստիտուտի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 N 1724-Ն).
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(17-րդ կետը փոփ., լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18. Ինստիտուտի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 20 է:
(18-րդ կետը խմբ. 15.09.05 N 1724-Ն, փոփ. 08.09.21 N 1448-Ն)
18.1. Խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) ինստիտուտի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
(18.1-ին կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18.2. Ինստիտուտի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) ինստիտուտի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
(18.2-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(18.3-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն, խմբ. 08.09.21 N 1448-Ն)
18.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(18.4-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն, խմբ. 08.09.21 N 1448-Ն)
18.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(18.5-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
(18.6-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
(18.7-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
(18.8-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
18.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 18.1-18.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:
(18.9-րդ կետը լրաց. 15.09.05 N 1724-Ն)
19. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր՝ խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ:
(19-րդ կետը խմբ. 15.09.05 N 1724-Ն)
20. Խորհուրդը՝
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.
դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են ինստիտուտի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ինստիտուտի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև ինստիտուտի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնելը:
(20-րդ կետը խմբ. 15.09.05 N 1724-Ն)
21. Ինստիտուտի գիտական խորհուրդն ինստիտուտի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
22. Գիտական խորհուրդը`
ա) հաստատում է իր կանոնակարգը.
բ) հատկացված ընդհանուր չափաքանակների սահմաններում, ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով, ըստ մասնագիտությունների, ընդունելության տեղերը.
գ) քննարկում է ինստիտուտի` օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և ինստիտուտի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.
դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծերը և դրանք ներկայացնում նախարարություն.
ե) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.
զ) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը, ներքին կարգապահական կանոնները.
է) քննարկում է ինստիտուտի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.
ը) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.
թ) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.
ժ) հաստատում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունները.
ժա) շնորհում է ինստիտուտի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում ինստիտուտի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.
ժբ) իրականացնում է ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից.
ժգ) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը:
(22-րդ կետը փոփ., լրաց. 15.09.05 N 1724-Ն)
23. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:
24. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև ինստիտուտի ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):
25. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:
26. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
(26-րդ կետը փոփ. 15.09.05 N 1724-Ն)
27. Ռեկտորատն ինստիտուտի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որն ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է ինստիտուտի գործունեությանը վերաբերող հարցեր:
28. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը, պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները:
(28-րդ կետը փոփ. 15.09.05 N 1724-Ն)
29. Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ռեկտորը:
Ինստիտուտի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
(29-րդ կետը լրաց. 13.03.03 N 250-Ն, խմբ. 15.09.05 N 1724-Ն, լրաց. 27.01.11 N 59-Ն, փոփ. 29.07.21 N 1248-Ն)
30. Ինստիտուտի ռեկտորը`
ա) ղեկավարում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.
բ) ներկայացնում է ինստիտուտը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում.
գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստումը և գիտահետազոտական աշխատանքների կատարումը.
դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.
ե) սահմանում է ինստիտուտի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.
է) հրավիրում է ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի ու ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.
ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.
թ) ինստիտուտի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է աշխատողների աշխատավարձի ու հավելավճարի չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.
ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.
ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.
ժբ) իր բացակայության ժամանակ ինստիտուտի ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներն են` ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները և գիտական գրադարանը:
Ինստիտուտի տարածքային առանձնացված ստորաբաժանումներն են` մասնաճյուղերը:
Ինստիտուտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով:
(31-րդ կետը խմբ. 25.09.03 N 1283-Ն)
32. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
33. Ինստիտուտի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:
Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ինստիտուտի ռեկտորի կողմից:
Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:
34. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանը, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:
(34-րդ կետը փոփ. 15.09.05 N 1724-Ն)
35. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
36. Ֆակուլտետի խորհուրդը`
ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ինստիտուտի ռեկտորին.
բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.
գ) ինստիտուտի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար.
դ) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.
ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:
37. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:
Դեկանն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդի սահմանած կարգով` 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով՝ դեկանի ընտրությունների արդյունքների հիման վրա:
Ինստիտուտի ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` դեկանի ընտրությունների արդյունքների հիման վրա:
(37-րդ կետը խմբ. 15.09.05 N 1724-Ն)
38. Ֆակուլտետի դեկանը`
ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, միջազգային և այլ գործունեություն.
բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.
գ) ինստիտուտի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.
դ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու և համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
39. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնադրության հիման վրա:
Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից և դասախոսներից:
40. Ինստիտուտի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով, պայմանագրային հիմունքներով:
V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
41. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
42. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկություն (էքստեռն) ձևերով:
43. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
44. Ինստիտուտում սահմանվում է ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, արտադրական պրակտիկա, խորհրդատվություն, ստուգողական աշխատանքներ:
45. ՈՒսումնառության ընթացքում ինստիտուտն ուսանողներին ապահովում է ուսման համար անհրաժեշտ պայմաններով (ուսումնական և այլ գրականություն, լսատեսողական և այլ տեխնիկական միջոցներ, արվեստանոցներ, լաբորատորիաներ, լսարաններ):
46. Ինստիտուտում կիրառվում է բարձրագույն կրթության հնգամյա՝ դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան կրթական ծրագրերով ուսուցման համակարգ: Ինստիտուտի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(46-րդ կետը փոփ. 15.09.05 N 1724-Ն)
47. Ինստիտուտում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, որոնք համակարգվում և կազմակերպվում են գիտահետազոտական բաժնի կողմից, որը նաև հեղինակային հսկողություն է իրականացնում գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների արդյունքների նկատմամբ:
48. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
49. Ինստիտուտի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողները:
50. Ինստիտուտի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:
51. Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ինստիտուտի այլ ակտերով:
52. Ինստիտուտի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`
ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.
բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.
գ) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.
դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:
53. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
54. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման ու տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:
55. Ինստիտուտի աշխատողները և սովորողները պարտավոր են`
ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականներ.
բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.
գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.
ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը.
զ) հոգալ ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:
56. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
57. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`
ա) մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.
բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.
գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.
դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.
ե) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.
զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:
Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:
58. Ինստիտուտի ուսանողներ են համարվում հնգամյա ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ինստիտուտի ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:
59. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք վճարովի կամ անվճար հիմունքներով կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն:
60. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`
ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
բ) հաճախելու դասախոսություններին.
գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.
ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.
զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.
է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.
ը) սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.
թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ 2 արձակուրդ:
61. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական և նյութական խթանման այլ ձևեր:
62. Արգելվում է ուսանողներին ներգրավել ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:
63. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`
ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.
բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
գ) պահպանել ինստիտուտի կանոնադրությունը և ներքին կանոնները.
դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.
ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը.
զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:
64. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: ՈՒսանողները ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում կարող են հեռացվել ինստիտուտից:
65. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ինստիտուտի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:
66. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
67. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:
68. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
69. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում ու նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
70. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
71. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:
72. Ինստիտուտի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
73. Հիմնադիրը ինստիտուտի կրթական, գիտական և այլ գործունեություն ապահովելու նպատակով ինստիտուտին ամրացնում է հիմնադրման պահին նրա ունեցած շենքերը, շինությունները, կառույցները, հողամասերը և այլ անշարժ գույք, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական և մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ` անժամկետ և անհատույց` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:
74. Ինստիտուտի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`
ա) պետական գույք, որը հանձնվել է ինստիտուտին անհատույց օգտագործման համար.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներ.
գ) միջոցներ, որոնք գոյանում են ինստիտուտի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.
դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակած գույք.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
75. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է ինստիտուտի կանոնադրական խնդիրների իրականացմանը:
76. Ինստիտուտի բոլոր եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
77. Ինստիտուտն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը: Այդպիսի գործունեությունից ստացված վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
78. Ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, նախարարությունը, օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
79. Հաստատության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:
(79-րդ կետը խմբ. 15.09.05 N 1724-Ն)
80. Ինստիտուտը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
81. Ինստիտուտի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
82. Ինստիտուտի լուծարման հետևանքով գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը լրաց. 13.03.03 N 250-Ն, լրաց., խմբ. 25.09.03 N 1283-Ն, լրաց. 19.05.05 N 603-Ն, խմբ., փոփ., լրաց. 15.09.05 N 1724-Ն, լրաց. 12.04.07 N 550-Ն, փոփ., լրաց. 27.01.11 N 59-Ն, լրաց. 01.11.12 N 1425-Ն, փոփ. 10.07.13 N 725-Ն, 29.07.21 N 1248-Ն, փոփ., խմբ. 08.09.21 N 1448-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|