Գլխավոր տեղեկություն
Համար
N 1937-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.10/7 Հոդ.285
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1937-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբսիդիաները և դրամաշնորհները հատկացվում են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(2-րդ կետը փոփ. 16.04.15 N 413-Ն)

2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի 8.3-րդ կետի պահանջները չեն տարածվում կոնցեսիոն պայմանագրերով նախատեսված սուբսիդավորման գործընթացի վրա:

(2.1-ին կետը լրաց. 12.12.13 N 1400-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման վերաբերյալ սույն որոշման հավելվածի 2, 6, 7 և 8-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) միջոցների հաշվին իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն) սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Կազմակերպությանը սուբսիդիա կամ դրամաշնորհ տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

3. Սույն կարգի իմաստով սուբսիդիան` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ կազմակերպության համար կապիտալ ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը և կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է:

4. Սույն կարգի իմաստով դրամաշնորհը տնտեսության որևէ ճյուղի կամ գործունեության որևէ տեսակի խթանման նպատակով բյուջեից կազմակերպությանն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացումն է:

5. Սույն կարգի իմաստով նվազագույն շահավետ գինը տնտեսապես հիմնավորված այն նվազագույն գինն է, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում կազմակերպության կողմից կարտադրվեր, կարտահանվեր կամ կներմուծվեր տվյալ ապրանքը, կկատարվեր տվյալ աշխատանքը կամ կմատուցվեր տվյալ ծառայությունը:

 

II. ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերի կազմը, այդ ծախսերի, այդ թվում` նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվներն ըստ առանձին ոլորտների և գործունեության տեսակների սահմանում են համապատասխան ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, եթե ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտով դրանք սահմանված չեն:

(6-րդ կետը փոփ. 25.03.10 N 303-Ն, լրաց. 06.08.21 N 1290-Ն)

7. Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա, ընդ որում՝ պետական մարմնի անունից սուբսիդիայի պայմանագիրը կնքում է մարմնի գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը:

(7-րդ կետը խմբ. 06.08.21 N 1290-Ն)

8. Սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`

ա) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, որի շրջանակներում տրամադրվում է սուբսիդիան.

բ) պայմանագրի շրջանակներում արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների նկարագիրը` արտահայտված տվյալ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված համապատասխան ցուցանիշներով, (քանակական և ժամկետայնության).

գ) արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության մեկ միավորի սահմանված գինը.

դ) պայմանագրի շրջանակներում արտադրման, ներմուծման կամ արտահանման ենթակա ապրանքների, կատարման ենթակա աշխատանքների, մատուցման ենթակա ծառայությունների առավելագույն քանակը և դրա փոփոխման պայմանները.

ե) արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության նվազագույն շահավետ գինը.

զ) տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը.

է) պայմանագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.

ը) այլ դրույթներ, որոնք պայմանագրի կողմերը կգտնեն նպատակահարմար:

(8-րդ կետը լրաց. 12.12.13 N 1400-Ն)

8.1. Պայմանագրի շրջանակներում կազմակերպության և պայմանագիր կնքող պետական մարմնի գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

(8.1-ին կետը լրաց. 25.03.10 N 303-Ն, փոփ. 06.08.21 N 1290-Ն)

8.2. Սահմանել, որ 8.1-ին կետում նշված հանձնման-ընդունման ակտը կիրառվում է նաև սուբսիդիայի տրամադրման նպատակով նախկինում կնքված և գործող պայմանագրերի վրա:

(8.2-րդ կետը լրաց. 03.11.11 N 1561-Ն)

8.3. Պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն տրամադրված սուբսիդիաների մասին ըստ շահառուների՝ կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները, իսկ հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների մասով` նշված տեղեկատվությունը տրամադրում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը` կցելով հաշվետու տարում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները, եթե սուբսիդիան հատկացվել է ամենամյա ընթացիկ գործունեությունը ծավալելու նպատակով:

(8.3-րդ կետը լրաց. 12.12.13 N 1400-Ն, 04.05.17 N 496-Ն)

 

III. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Կազմակերպությունը, որին հատկացվում է դրամաշնորհ, որոշվում է սույն կարգի համաձայն կազմակերպվող և անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) արդյունքներով:

9.1. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում (այսուհետ՝ ցուցակ): Կազմակերպությունն ընդգրկվում է ցուցակում, եթե՝

1) որպես հաղթող հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:

(9.1-ին կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

9.2. Ցուցակը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ իր պաշտոնական ինտերնետային կայքում: Նախարարությունը կազմակերպությանը ներառում է ցուցակում պետական մարմնի ղեկավարի (այսուհետ՝ նաև ղեկավար) պատճառաբանված որոշման հիման վրա, այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված պատճառաբանված որոշումը պետական մարմնի ղեկավարը կայացնում և ներկայացնում է նախարարություն սույն կարգի 9.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի դեպքում՝ մրցույթը չկայացած հայտարարելու օրվան, իսկ 2-րդ ենթակետով սահմանված պայմանի դեպքում՝ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը հրապարակելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Կազմակերպությունը ցուցակում ներառվում է մեկ տարի ժամկետով:

(9.2-րդ կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

10. Դրամաշնորհի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի հիման վրա: Դրամաշնորհի հատկացման նպատակով՝ տվյալ պետական մարմնի ղեկավարը (այսուհետ՝ նաև ղեկավար) կազմավորում է մրցույթի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անդամը պետք է ունենա դրամաշնորհի տրամադրման առաջադրանքը, ինչպես նաև մրցույթի մասնակից կազմակերպությունների (այսուհետ` նաև մասնակից) որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է դրամաշնորհային ծրագրին համապատասխան: Եթե պետական մարմնի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրվում է համապատասխան փորձագետ(ներ) (մասնագետ(ներ)): Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող՝ սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ղեկավարի անհատական իրավական ակտով:

(10-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

10.1. Հանձնաժողովի`

1) կազմը բաղկացած է առնվազն հինգ անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար.

3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է ղեկավարին. վերջինս հետևյալ հաջորդականությամբ`

ա. սահմանում է նոր նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի զեկուցագիրը ներկայացնելու օրվանից հաշված երկու աշխատանքային օրից,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն նշանակում է հանձնաժողովի նոր անդամ.

4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը, որը պետք է պարունակի նաև տեղեկություններ հաջորդ նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Արձանագրությունը մրցույթի անցկացման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

7) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք։ Հայտի վերաբերյալ հանձնաժողովի անդամի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված: Ընդ որում՝ եզրակացությունը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

(10.1-ին կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

10.2. Եթե հանձնաժողովը չի ապահովում սույն կարգի պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է ղեկավարին, որը`

1) զեկուցագիրը ստանալու օրը`

ա. իր կողմից ընդունված իրավական ակտով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ ընդունված իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է երեք աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պետական մարմնի իրավաբանական ստորաբաժանմանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ստորաբաժանումը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ստորաբաժանման գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով՝ կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ ղեկավարի կողմից ընդունվում է իրավական ակտ.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո ընդունված իրավական ակտով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ՝

բ. առաջարկում է հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:

(10.2-րդ կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

11. Հանձնաժողովը`

1) գործում է մինչև պայմանագրով կողմերի համար սահմանված պարտավորությունների ամբողջական կատարումը.

2) հետևում է պայմանագրի կողմի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.

3) ղեկավարին ներկայացնում է եզրակացություն՝ պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունելու մասին: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, եթե կատարված ծրագիրը համապատասխանում է պայմանագրի պայմաններին:

(11-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 97-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 97-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 97-Ն)

15. Քարտուղարը` 

ա) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար. 

բ) հանձնաժողովին է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.

գ) հանձնաժողովի անդամներին և մրցույթի մասնակիցներին պետական մարմնի անունից` կից գրությամբ ուղարկում (տրամադրում) է հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը` այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

դ) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը, իսկ հանձնաժողովի գործունեության դադարեցումից հետո հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի պահպանման և սահմանված կարգով արխիվացման նպատակով ապահովում է այդ փաստաթղթերի հանձնումը պետական մարմնի ղեկավարին.

ե) հանձնաժողովի անդամ չէ.

զ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:

(15-րդ կետը փոփ. 27.01.21 N 97-Ն)

16. Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը պետական մարմնի պաշտոնատար անձանց, հանձնաժողովի անդամներին, քարտուղարին, հրավիրված փորձագետին (մասնագետին) արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած կամ հայտ ներկայացրած անձանց մասին, իսկ հայտերը բացվելուց հետո դրանց բովանդակության մասին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Սույն կետում նշված անձանց կողմից այլ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է պետական մարմնի ղեկավարի կողմից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

(16-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

17. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրը, վայրում և ժամին, որում`

ա) հաստատվում է հանձնաժողովի առաջին նիստի օրակարգը.

բ) հաստատվում է մրցույթի մասին հայտարարության տեքստը.

գ) հաստատվում է մրցույթի հրավերի տեքստը.

դ) հաստատվում են հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

18. Հանձնաժողովի կողմից մրցույթի հայտարարության և հրավերի տեքստերը հաստատվելուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը հայտարարության և հրավերի տեքստերը գրավոր ներկայացնում է ղեկավարին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակումը պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու մրցույթի առաջարկները (այսուհետ` հայտ) կազմելու և ներկայացնելու պայմանների մասին: Մրցույթի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է՝

1) առնվազն 15, իսկ առավելագույնը 20 օրացուցային օր, եթե հատկացվելիք դրամաշնորհի չափը չի գերազանցում 50 միլիոն դրամը.

2) առնվազն 21, իսկ առավելագույնը 30 օրացուցային օր, եթե հատկացվելիք դրամաշնորհի չափը ավել է 50 միլիոն դրամից, սակայն չի գերազանցում 100 միլիոն դրամը.

3) առնվազն 31, իսկ առավելագույնը 45 օրացուցային օր, եթե հատկացվելիք դրամաշնորհի չափը գերազանցում է 100 միլիոն դրամը:

Ընդ որում՝ հայտերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակման օրվանից: Հատկացվելիք դրամաշնորհի չափը հայտնի չլինելու դեպքում՝ մրցույթի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն 31, իսկ առավելագույնը 45 օրացուցային օր:

(18-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 97-Ն)

20. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

1) մրցույթը հայտարարած պետական մարմնի անվանումը.

2) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է մրցույթի հրավերը.

3) հայտերի պատրաստման մասին հրահանգները, այդ թվում` հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը: Ընդ որում՝ հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում նախատեսվում են այդ տեղեկության վավերապայմանները.

4) մասնակցության իրավունքի պահանջները, մասնակիցներին ներկայացվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը: Պահանջի դեպքում մասնակցի կողմից հաստատվող՝ հայտում ներառված փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային կրիչով: Ընդ որում եթե կազմակերպությունը ցուցակում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա հայտը ենթակա չէ մերժման.

5) դրամաշնորհի տրամադրման հիմնական պայմանները, այդ թվում՝ բյուջեն.

6) հայտը ներկայացնելու պայմանները` ներառյալ ձևը, տեղը, ժամկետը, հայտի լեզուն.

7) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ.

8) հայտերի բացման օրը, ժամը և վայրը, քննարկման կարգը և գնահատման չափանիշները.

9) հայտերը մերժելու պայմանները.

10) կնքվելիք պայմանագրի նախագիծը.

11) նշում այն մասին, որ մասնակիցը կարող է պահանջել և երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանալ իր հայտի գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն.

12) տեղեկատվություն կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին.

13) դրամաշնորհային ծրագիրը մասնակցի կողմից համաֆինանսավորման եղանակով իրականացնելու առաջարկության դեպքում կիրառվելիք նախապատվության տրամադրման պայմանները.

14) նշում այն մասին, որ մրցույթը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են ըստ առանձին չափաբաժինների.

15) հայտերի նախապատրաստման և ներկայացման վերաբերյալ այլ տեղեկատվություն` հանձնաժողովի հայեցողությամբ:

 (20-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

20.1. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև՝

1) որ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում՝ տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագիրը դրանով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն պետական մարմնի կողմից չընդունվելու, ինչպես նաև հաշվետվությունները պայմանագրով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքերում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ.

2) որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ մրցույթի գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս հաղթող կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պետական մարմինը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում՝ պետական մարմինը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պետական մարմնի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է.

3) դրամաշնորհի միջոցների հաշվին իրականացվող ծրագրի անվանումը և բովանդակությունը, դրա շրջանակներում կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները, հաշվետվությունների ներկայացման կարգն ու ժամկետները, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը.

4) որ կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտերի հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով.

5) որ համատեղ գործունեության (կոնսորցիումի) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում՝ կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.

6) որ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը պետական մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած կազմակերպությունը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը կայքում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը կայքում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև պայմանագիր կնքած կազմակերպության էլեկտրոնային փոստին:

(20.1-ին կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 97-Ն)

22. Մասնակիցը կարող է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն տասը օրացուցային օր առաջ հանձնաժողովից գրավոր պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը՝ առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն կետով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում՝ մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(22-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

23. Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Հրավերում փոփոխություն կատարվելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարությունը և փոփոխված հրավերը հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին հայտարարությունը և փոփոխված հրավերը սույն կետով նախատեսված կայքում հրապարակվելու օրվանից: Սույն կետի համաձայն՝ մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում պետական մարմինը չի կրում մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու հանգամանքով պայմանավորված` մասնակցի կողմից կրած վնասի ռիսկը:

(23-րդ կետը փոփ. 11.02.20 N 136-Ն, խմբ. 27.01.21 N 97-Ն)

24․ Մասնակիցները մրցույթին կարող են մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով մրցույթին մասնակցելու դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը.

2) հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Սույն ենթակետի պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.

3) եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

4) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:

(24-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

25. Հայտը ներկայացվում է փակ` սոսնձված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Սույն կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) պետական մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

(25-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

26. Հայտը ներկայացվում է քարտուղարին, և նրա կողմից այն ընդունվում է մինչև դրա համար մրցույթի մասին հայտարարությամբ և հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:

Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

(26-րդ կետը փոփ. 27.01.21 N 97-Ն)

27. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է սույն կարգով հայտ ներկայացնելու համար սահմանված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

28. Հանձնաժողովի նիստերը դռնփակ են: Հայտերի բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը պարունակում է՝

1) տեղեկություն՝ հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած ֆինանսական նախահաշվի ընդհանուր արժեքը.

7) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

8) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

9) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

10) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

(28-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

28.1 Հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ հայտ է ներկայացրել այնպիսի մասնակից, որին անդամակցում է տվյալ կամ վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ հայտ է ներկայացրել վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Սույն կետում նշված անձինք ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը կցվում է մրցույթի ընթացակարգի մասին արձանագրությանը: Այն անձինք, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն կետում նախատեսված հայտարարությունները:

(28.1-ին կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

29. Հայտերի բացման նիստում`

ա) նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված.

բ) քարտուղարը`

տեղեկատվություն է ներկայացնում հայտերի մասին, 

նախագահին է փոխանցում մրցույթի մասին հայտերը,

հանձնաժողովի անդամներին է տրամադրում պետական մարմնի կնիքով կնքված հայտերի գնահատման թերթիկների (այսուհետ` գնահատման թերթիկ) երկուական օրինակ` հայտերի բացման նիստի ավարտից հետո,

հայտերը ներկայացնելու կարգին համապատասխան գնահատված կամ ուղղված հայտերի (այսուհետ` մրցութային առաջարկ) պատճենների մեկական օրինակ:

Քարտուղարը գնահատման թերթիկների երկուական օրինակը տրամադրում է հայտերի բացման նիստին չներկայացած հանձնաժողովի անդամներին` հայտերի բացման նիստի օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

30. Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով մրցութային առաջարկների վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները: Սույն կետով նախատեսված ժամկետը չի կիրառվում, եթե հայտերի բացման նիստին ներկա հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հայտերի գնահատման համար սահմանվում է դրանից պակաս ժամկետ:

(30-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

30.1. Հայտերի գնահատումը պետք է իրականացվի հետևյալ չափանիշների հիման վրա՝

1) ներկայացված ծրագիրը հիմնավորված է, համապատասխանում է սահմանված նպատակներին և առաջնահերթություններին.

2) ծրագրի խնդիրները հասանելի, չափելի ու իրատեսական են և համապատասխանում են դրված նպատակներին, ծրագրի պլանավորումն իրատեսական է և հնարավոր է դարձնում դրված խնդիրների իրականացումը.

3) նախանշված է ծրագրի ազդեցությունը, իրատեսական շարունակելիության ձևը և (կամ) կայունության ապահովման մեխանիզմները.

4) ապահովված են ծրագրի առավելագույն տեսանելիության և արդյունքների տարածման մեխանիզմները.

5) ծրագիրը համահունչ է մասնակցի կանոնադրական նպատակներին և խնդիրներին.

6) ծրագրում ներգրավվող աշխատանքային ռեսուրսների մասնագիտական փորձառությունը բավարար է ծրագրի նպատակները և խնդիրներն իրականացնելու համար:

(30.1-ին կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

31. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի (որոնց) հետ չի կարող կնքվել նման պայմանագիր: Մրցույթի արդյունքների ամփոփման նիստին հաջորդող աշխատանքային օրը նիստի արձանագրության, սույն կարգի 28.1-ին կետով նախատեսված հայտարարությունների և այն կազմակերպության ներկայացրած հայտի պատճենները, որի հետ կարող է կնքվել պայմանագիր, հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում: Մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը.

2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած ֆինանսական նախահաշվի ընդհանուր արժեքը.

6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին, ինչպես նաև հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

7) հայտերի գնահատման արդյունքները.

8) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

9) հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

10) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

(31-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

32. Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`

ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

բ) ոչ մի հայտ չի ներկայացվել.

գ) սույն կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը.

դ) պայմանագիր չի կնքվում:

(32-րդ կետը լրաց. 27.01.21 N 97-Ն)

33. Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահը սույն կարգի 31-րդ կետում նշված հանձնաժողովի որոշումը ներկայացնում է պետական մարմնի ղեկավարին` հաստատման:

34. Պետական մարմնի ղեկավարը սույն կարգի 33-րդ կետում նշված որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է այն:

35. Սույն կարգի 34-րդ կետի համաձայն՝ ղեկավարի կողմից հանձնաժողովի որոշումը հաստատվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում ղեկավարը պայմանագրի նախագիծը տրամադրում է այն կազմակերպությանը (կազմակերպություններին), որի հետ պետք է կնքվի պայմանագիր: Կազմակերպությունը պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ղեկավարին է ներկայացնում իր կողմից հաստատված պայմանագրի երկու օրինակը, որը կազմակերպության կողմից հաստատված պայմանագրի օրինակները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է դրանք և մեկ օրինակը նույն օրը վերադարձնում պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությանը: Եթե կազմակերպությունը սույն կետով սահմանված ժամկետում չի հաստատում և ղեկավարին ներկայացնում պայմանագիրը, ապա նա զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից:

(35-րդ կետը խմբ. 27.01.21 N 97-Ն)

36. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 97-Ն)

36.1. Դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում պայմանագիր կնքած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության կողմից դրամաշնորհ ստանալու համար ներկայացված ծրագիրը հրապարակվում են դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

(36.1-ին կետը լրաց. 01.06.17 N 579-Ն)

36.2. Կազմակերպությունը, որի հետ կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր, պայմանագրով նախատեսված ժամկետներում դրամաշնորհ տրամադրած պետական մարմնին ներկայացնում է ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն, որը պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո 3-օրյա ժամկետում հրապարակվում է դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում` բացառությամբ անձի եկամուտներին վերաբերող դրամաշնորհային պայմանագրերի:

(36.2-րդ կետը լրաց. 01.06.17 N 579-Ն)

37. Դրամաշնորհի հատկացման պայմանագիրը կնքվելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը կազմում և ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի ընթացակարգի մասին արձանագրություն, որին կցվում են մրցույթի ընթացակարգին առնչվող բոլոր փաստաթղթերը և ձայնագրությունները: Ղեկավարն ապահովում է մրցույթի ընթացակարգի մասին արձանագրության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան պահպանումը և սահմանված կարգով արխիվացումը: Պետական մարմինը պարտավոր է մրցույթի ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ այն կազմակերպությունների ներկայացրած հայտերի, որոնց հետ չեն կնքվել պայմանագրեր, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(37-րդ կետը լրաց. 01.06.17 N 579-Ն, խմբ. 27.01.21 N 97-Ն)

38. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մրցութային հանձնաժողովների ստեղծման որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 10-րդ, 19-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերից տարբերվող կարգավորումներ:

(38-րդ կետը լրաց. 11.02.20 N 136-Ն, խմբ. 26.03.20 N 352-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 25.03.10 N 303-Ն, լրաց. 03.11.11 N 1561-Ն, 12.12.13 N 1400-Ն, 04.05.17 N 496-Ն, 01.06.17 N 579-Ն, փոփ., լրաց. 11.02.20 N 136-Ն, խմբ. 26.03.20 N 352-Ն, լրաց., խմբ., փոփ. 27.01.21 N 97-Ն, 06.08.21 N 1290-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան