Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/1487/07/19

Գործ թիվ ԵԴ/1487/07/19

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 քարտուղարությամբ՝

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազներ`

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Ն. ԱՇՐԱՖՅԱՆԻ

 

2020 թվականի հոկտեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2019 թվականի ապրիլի 25-ին հարուցվել է թիվ 58209519 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Միրզոյանի` 2019 թվականի մայիսի 6-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:

2. Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Ստեփանյան 1 հասցեի առաջին հարկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում (այդպիսիք առկա լինելու դեպքում) խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 19-ի որոշումը՝ թողել անփոփոխ` հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումները։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը 2019 թվականի հունիսի 19-ին միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան՝ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ1:

6. Առաջին ատյանի դատարանի` նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման համաձայն` «(...) [Քննիչը] միջնորդություն է հարուցել դատարան` խնդրելով թույլատրել (...) խուզարկություն կատարել «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում` Երևան քաղաքի Ստեփանյան 1 հասցեի առաջին հարկի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում (այդպիսիք առկա լինելու դեպքում) (...)»2:

7. Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն չտրամադրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքը3 մերժելով` Վերաքննիչ դատարանը նշել է. «[Ի]նչպես քննիչի կողմից (...) միջնորդություն հարուցելու մասին որոշմամբ, այնպես էլ դատարանի կողմից կայացված և սույն գործով վիճարկվող որոշմամբ առկա է որոշակի անճշտություն:

Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ հայցվող սահմանափակմանն առնչվող անձի և վերջինիս կողմից իրականացվող գործունեության վայրի (տեղի) գտնվելու առնչությամբ:

Այլ կերպ ասած, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ հայցվող սահմանափակումն առնչվում է Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս կողմից իրականացվող գործունեության վայրում, միջնորդությամբ մատնանշված համապատասխան հասցեի հատվածում խուզարկություն կատարելուն:

Մինչդեռ, սույն գործով վիճարկվող որոշմամբ արձանագրված է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող սահմանափակումն առնչվում է Կորյուն Աթոյանի որդուն` Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեություն իրականացնելու վայրում խուզարկություն կատարելուն:

Այսինքն, վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ միջնորդությունը հարուցելու որոշումն, ինչպես նաև դրա եզրափակիչ մասում տեղ գտած խնդրանքն առնչվում է Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հիշյալ միջնորդությամբ մատնանշված հասցեի համապատասխան հատվածում խուզարկություն կատարելուն:

Որպիսի պայմաններում, դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ հայցվող սահմանափակման առնչությամբ առկա անճշտությունը, քննարկվող դեպքում, ինքնին բացառում է հիշյալ միջնորդությունն առկա պայմաններում բավարարելու իրավական հնարավորությունը:

Բացի այդ, դատախազի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները թեև անհրաժեշտ, սակայն քննարկվող դեպքում, ինքնին բավարար չեն վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող սահմանափակումն արդարացված դիտարկելու առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար:

Վերոգրյալի հաշվառմամբ, վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա պայմաններում, դատախազի վերաքննիչ բողոքում տեղ գտած պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան (...)»4:

8. Նախաքննության մարմինը նույն քրեական գործով 2019 թվականի հունիսի 19-ի մեկ այլ որոշմամբ միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան նաև նույն հասցեում գտնվող, սակայն մեկ այլ սուբյեկտի` «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված թիվ ԵԴ/1488/07/19 գործում առկա են Ռուբեն Սահակյանին պատկանող վայրում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այդ որոշման դեմ դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքը5:

9. Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ թիվ 58209519 քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` արարքում հանցակազմի բացակայության հիմքով6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 12-րդ և 398-րդ հոդվածներով սահմանված պահանջները` թույլ տալով դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպես, բողոքաբերը փաստել է, որ 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ հայցվող սահմանափակումն առնչվում է Ռ.Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելուն, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշմամբ արձանագրված է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող սահմանափակումն առնչվում է Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության տարածքում խուզարկություն կատարելուն: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այս փաստարկին՝ բողոքաբերը նշել է, որ վերոնշյալ անճշտությունը պայմանավորված է նրանով, որ Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ քննիչի միջնորդությունը կցվել է Ռ.Սահակյանի գործունեության վայրում խուզարկություն կատարելու միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված թիվ ԵԴ/1488/07/19 գործին, իսկ Ռ.Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին քննիչի միջնորդությունը՝ Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված թիվ ԵԴ/1487/07/19 գործին:

10.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասում արձանագրված այն հանգամանքը, որ դատախազը բողոք է ներկայացրել Ռ.Սահակյանի գործունեության վայրում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատախազի կողմից վիճարկվող թիվ ԵԴ/1487/07/19 որոշումը և դրա դեմ բերված բողոքը, որն ըստ էության քննել է դատավոր Ա.Դանիելյանը, վերաբերում է Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելուն:

10.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի, խուզարկություն կատարելու մասին դատախազի հիմնավորումները բավարար չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը պատճառաբանված չէ, և հակասում է նույն վայրում միևնույն փաստական հանգամանքներով և պատճառաբանություններով ներկայացված միջնորդությունը թիվ ԵԴ/1488/07/19 գործով բավարարելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը։

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 19-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ի որոշումները և կայացնել գործն ըստ էության չլուծող նոր դատական ակտ՝ բավարարելով քննիչի միջնորդությունը և թույլատրելով խուզարկություն կատարել Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում՝ Երևան քաղաքի Ստեփանյան 1 հասցեի շենքի առաջին հարկի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելն այն դեպքում, երբ քննիչի միջնորդությունը վերաբերում էր Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալուն:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը քննում է քննչական (...) գործողություններ կատարելու (...) վերաբերյալ միջնորդությունները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:

2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Միջնորդության քննումն ավարտելուց հետո դատավորը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286-րդ հոդվածի համաձայն` «Դատարանի որոշման մեջ պետք է նշված լինեն որոշումը կազմելու օրը, ամիսը, տարին և տեղը, դատավորի ազգանունը, միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը, քննչական գործողություններ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու կամ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին նշում` ցույց տալով այդ գործողությունը կամ միջոցը և ում վրա է տարածվում, որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը, դատավորի կնիքով վավերացված ստորագրությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

14. Վճռաբեկ դատարանը, Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով անդրադառնալով բնակարանում խուզարկություն կատարելու իրավական հիմքերին, արձանագրել է, որ. «(...) Խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է։ Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը։

Ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։ Մասնավորապես, նախաքննական մարմնի որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել խուզարկություն, ինչպիսի առարկաներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված գործողության արդյունքում, դրա կատարման ժամկետը, այն բնակարանի նույնականացման տվյալները, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը, տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ փնտրվող առարկաները գտնվում են տվյալ բնակարանում, քննչական գործողության անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար։

Դրան համապատասխան` միջնորդության քննման արդյունքում դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը։ Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշումը պետք է պարունակի նշում խուզարկության կատարման փաստական հիմքերի առկայության մասին, դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության մասին հիմնավորումներ, փնտրվող առարկաների` գործի համար նշանակության վերաբերյալ հիմնավորումներ, ինչպես նաև հստակ նշում բնակարանի նույնականացման համար անհրաժեշտ տվյալների և փնտրվող առարկաների բնութագրի վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ որպես բնակարանի նույնականացման տվյալ պետք է նշվի դրա տեսակը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետ), գտնվելու վայրը` հասցեն, ինչպես նաև` ում է պատկանում կամ ում կողմից է մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում (սուբյեկտը, ում բնակարանի անձեռնմխելիության իրավունքը ենթակա է սահմանափակման)։ Դատարանին նշված տվյալների տրամադրումը և վերջինիս կողմից դրանց ստուգումը և դատական ակտում արտացոլումը երաշխիք է անձի` Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով նախատեսված` բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման համար (...)»7։

15. Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը հանդիսանալով դատարանում վարույթ սկսելու հիմք, դատարանի որոշման համար առիթ, կանխորոշում է դատարանի կողմից գործի քննության սահմաններն առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև վերադաս դատական ատյաններում` հաշվի առնելով նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը: Վերոնշյալը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը քննելիս դատարանները կաշկանդված են դրանում նշված քննչական գործողության կատարման տեղով (վայրով) և այն սուբյեկտների շրջանակով, ում իրավունքների սահմանափակման թույլտվություն է հայցվում:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ8,

- Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված է, որ քննիչը միջնորդություն է հարուցել` խնդրելով թույլատրել խուզարկություն կատարել «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում9,

- Դատախազ Ա.Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ10,

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը մերժել` նշելով, որ նախաքննության մարմնի միջնորդությամբ հայցվող սահմանափակումն առնչվում է Ռ.Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելուն, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող սահմանափակումն առնչվում է Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելուն: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դատախազի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ հայցվող սահմանափակման առնչությամբ առկա անճշտությունը բացառում է հիշյալ միջնորդությունն առկա պայմաններում բավարարելու իրավական հնարավորությունը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատախազի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները թեև անհրաժեշտ, սակայն քննարկվող դեպքում, ինքնին բավարար չեն վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող սահմանափակումն արդարացված դիտարկելու առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար: Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա պայմաններում, դատախազի վերաքննիչ բողոքում տեղ գտած պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան11:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով մի կողմից՝ նախաքննության մարմնի միջնորդության, մյուս կողմից՝ Առաջին ատյանի դատարանի որոշման և այդ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքի միջև առկա է անհամապատասխանություն, ինչը պայմանավորված է նրանով, որ միևնույն հասցեում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարան 2019 թվականի հունիսի 19-ին նախաքննության մարմնի կողմից ներկայացված երկու միջնորդություններից մեկը վերաբերում էր Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրին, իսկ մյուսը՝ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքին։ Սակայն Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված գործում առկա է Ռուբեն Սահակյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այդ որոշման դեմ բերված դատախազի վերաքննիչ բողոքը (թիվ ԵԴ/1488/07/19 գործ), իսկ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկության վերաբերյալ միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված գործում` Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այդ որոշման դեմ բերված դատախազի վերաքննիչ բողոքը (ԵԴ/1487/07/19 գործ)12:

18. Սույն որոշման 16-17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թեև իրավաչափորեն արձանագրել է, որ նման պայմաններում բացառվում է նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու իրավական հնարավորությունը, սակայն պատշաճ գնահատական չի տվել քննիչի միջնորդությանը չհամապատասխանող Առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դատախազի վերաքննիչ բողոքում տեղ գտած պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան՝ ըստ էության բովանդակային առումով քննարկման առարկա դարձնելով վերաքննիչ բողոքը և դուրս գալով նախաքննության մարմնի միջնորդության շրջանակից:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելն այն դեպքում, երբ քննիչի միջնորդությունը վերաբերում էր Ռուբեն Սահակյանին պատկանող վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալուն, իրավաչափ չէր:

20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ թիվ 58209519 քրեական գործի վարույթը կարճվել է13, ուստի բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_______________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-44:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 1-7:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 30-39:

5 Տե՛ս թիվ ԵԴ/1488/07/19 գործի նյութերը:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի արձանագրությունը:

7 Տե՛ս Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 24-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 5-8-րդ կետերը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: