Գլխավոր տեղեկություն
Համար
N 1324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2021-01.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1324-Ն

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


13.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 293.1-ին հոդվածի 2-րդ մասի` օրինապահ հարկ վճարողին հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` դիտարկվող ժամանակահատված) իրականացված փաստացի գործունեության արդյունքների համար, հետևյալ չափանիշներին միաժամանակ բավարարելու դեպքում՝

1) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և դիտարկվող ժամանակահատվածի բոլոր օրերին հարկ վճարողը հանդիսացել է ավելացված արժեքի հարկ վճարող.

2) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ԱԱՀ (այդ թվում՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ գումար).

3) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող), Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով հարկ վճարողի մոտ ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.

4) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողը պետք է ներկայացրած լինի դիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է.

5) դիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողի կողմից վճարված լինեն բոլոր հարկերը, տուրքերը և (կամ) վճարները (այդ թվում` կանխավճարները).

6) դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում օրենսգրքի 412-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որևէ մեկով մեկից ավելի անգամ խախտման բացակայություն.

7) հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ արձանագրած իրավախախտումների բացակայություն։ Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգման ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը և (կամ) ընդունված վարչական ակտերով (այդ թվում՝ ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից.

8) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված քրեական կամ վարչական (այդ թվում՝ ստուգման կամ արտագնա ուսումնասիրության) վարույթների բացակայություն:

2. Սույն կարգի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


13.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը դիտարկվող ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից իրականացված փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ՝ հարկային մարմնի պաշտոնական հավաստումն է։

3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշների հիման վրա:

4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն հավելվածի N 1 ձևի։

5. Հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է վերջինիս համապատասխանությունը սույն որոշման պահանջներին, որոնց բավարարելու դեպքում հարկ վճարողին տրամադրում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր՝ համաձայն սույն հավելվածի N 2 ձևի, կամ հայտնաբերված անճշտությունների (անհամապատասխանությունների) մասին հարկային մարմնի գրությամբ համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է հարկ վճարողին՝ նշելով մերժման պատճառները: Հարկ վճարողը գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ՝ նշված հիմնավորումների վերաբերյալ: Հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները հիմնավոր համարվելու դեպքում տրամադրվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ հիմնավոր չհամարվելու դեպքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկային մարմնի կողմից մերժվում է՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը հարկ վճարողի ցանկությամբ տրամադրվում է նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։

7. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

8. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:

9. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում հարկ վճարողը նոր հավաստագիր ստանալու համար կրկին կարող է դիմել գործող հավաստագրի ժամկետի 12-րդ ամսվա 1-ից, իսկ նշված ժամկետից շուտ ներկայացված դիմումները մերժվում են:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1.

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

2.

Հարկ վճարողի անվանումը (անունը, ազգանունը)

 

3․

Նախընտրած օտար լեզվով հարկ վճարողի

անվանումը*

Անգլերեն

Ռուսերեն

   

4.

Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

5․

Հարկ վճարողի հեռախոսահամարը

 

6․

Հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեն

 

7․

Հավաստագրի ստացման եղանակը

Փոստ

Առձեռն

Էլ․ եղանակով

     

 

8. Հարկ վճարողի գործունեության իրականացման հիմնական (20%-ից բարձր) ոլորտ(ներ)ը

 

Գործունեության տեսակը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի

Գործունեության ոլորտը

Տեսակարար կշիռը, (%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

   
               

 

Սույնով հավաստում եմ, որ դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարից մինչ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա ընթացքում փաստացի գործունեության արդյունքներով իրավախախտումներ թույլ չեմ տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորություններ չունեմ, հարկային մարմին ներկայացրած տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ուստի խնդրում եմ տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր և այն հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:

 

*լրացվում է ցանկության դեպքում լեզուներից որևէ մեկը

 

Ձև N 2

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_21390

 

TAX COMPLIANCE CERTIFICATE

 

FORM

Ներմուծեք նկարագրությունը_21391

 

ФОРМА СЕРТИФИКАТA ЗАКОНОПОСЛУШНОГО НАЛОГОПЛАТЕЛЬЩИКА

Ներմուծեք նկարագրությունը_21392

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


13.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2021 թվական: